Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԱԿԵ ...

12.04.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.04.2006  -ից մինչեւ   12.04.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 21.02.07 թիվ 88-Ն հրաման)

i

110.0040.210205

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»         02           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11005108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

7 փետրվարի 2005 թվականի N 40-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության առաջարկությունը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման» կարգը:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարության 2000թ. դեկտեմբերի 25-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգը հաստատելու մասին» թիվ 422-Մ հրամանը:

3. Հանրակրթության վարչությանը /Ն. Մանուկյան/, օրենսդրության և իրավաբանական վարչությանը /պետ` Մ. Գրիգորյան/, 10-օրյա ժամկետում, սահմանված կարգով փաստաթուղթը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ն. Ղուկասյանին:

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

ՀՀ կրթության և գիտության

նախարար Ս. Երիցյան

2005 թ. փետրվարի 7

 

ԿԱՐԳ

i

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

Սույն կարգը մշակվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 6-րդ, 15 հոդվածի 6-րդ, 16 հոդվածի 3-րդ, 4-րդ, 37 հոդվածի 10-րդ կետերի, ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 19-րդ, 28-րդ կետերի, ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կրթության և գիտության նախարարության /այսուհետ` նախարարություն/ կանոնադրության 2-րդ գլխի 10-րդ կետի «ժէ» և «ժթ» ենթակետերին համապատասխան:

 

. ԱՇԱԿԵՐՏԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼԸ.

 

1. Առաջին դասարանում բոլոր աշակերտները, որպես կանոն փոխադրվում են հաջորդ դասարան` գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով: Առանձին դեպքերում աշակերտը կարող է մնալ նույն դասարանում` դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ և ծնողի /նրա օրինական ներկայացուցչի/ համաձայնությամբ:

2. 2-րդ, 4-7-րդ և 9-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան դրական գնահատականներ ունեցող աշակերտները փոխադրվում են հաջորդ դասարան:

3. 3-րդ դասարանի /տարրական դպրոցի ավարտական դասարան/ բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և գիտելիքների ստուգումից դրական գնահատականներ ունեցող աշակերտները փոխադրվում են հաջորդ դասարան:

4. 8-րդ դասարանի /հիմնական դպրոցի ավարտական դասարան/ բոլոր ուսումնական առարկաներից տարեկան, ավարտական քննություններից դրական գնահատականներ ստացած աշակերտները ստանում են հիմնական /ութամյա/ կրթության ավարտական վկայական:

5. 10-րդ դասարանի /միջնակարգ դպրոցի ավարտական դասարան/ բոլոր ուսումնական առարկաներից տարեկան, պետական քննություններից դրական գնահատականներ ստացած շրջանավարտները ստանում են միջնակարգ կրթության ատեստատ:

Հանրակրթական ուսումնական հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող շրջանավարտն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է հանձնել քննություն էքստեռն կարգով: Այդ քննության արդյունքը հիմք է հանդիսանում միջնակարգ կրթության ատեստատում գնահատական նշանակելու համար:

6. 2-10-րդ դասարաններում մեկ կամ երկու առարկայից տարեկան կամ քննական, ինչպես նաև գիտելիքների ստուգումից անբավարար գնահատական ունեցող աշակերտների փոխադրման կամ ավարտման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում նրանց հանձնած վերաքննությունների արդյունքներով: Ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից անբավարար գնահատական ունեցող 2-9-րդ դասարանների աշակերտները մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու:

Աշակերտին ամառային առաջադրանք տալու, կամ նույն դասարանում մնալու դպրոցի մանկավարժական խորհրդի որոշումների մասին աշակերտի ծնողին տեղյակ է պահում դասղեկը, մանկխորհրդի նիստից հետո 3 /երեք/ օրվա ընթացքում` գրավոր ծանուցմամբ:

«Հայոց լեզուն» և «Հայ գրականությունը», «Հանրահաշիվը» և «Երկրաչափությունը», «Հայոց պատմությունը» և «Պատմությունը», «Հայաստանի աշխարհագրությունը» և «Աշխարհագրությունը» համարվում են առանձին առարկաներ:

7. 2-րդ, 4-7-րդ և 9-րդ դասարանների այն աշակերտները, ովքեր երեք և ավելի ուսումնական առարկաներից ստացել են տարեկան անբավարար գնահատականներ, մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու:

3-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող աշակերտներին գիտելիքների ստուգման, փոխադրական կամ ավարտական քննություններին մասնակցել չի թույլատրվում:

3-րդ դասարանի այդ աշակերտները մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու:

8. 16 տարին չլրացած, 8-րդ դասարանի այն աշակերտները, որոնց չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքները հանձնելուց հետո թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական, մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու:

16 տարին լրացած, 8-րդ դասարանի այն աշակերտները, որոնց չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական` ծնողի /որդեգրողների կամ հոգաբարձուի/ համաձայնությամբ կարող են դուրս մնալ հանրակրթական ուսումնական հաստատությունից:

9. 10-րդ դասարանի այն աշակերտները, որոնց չի թույլատրվում մասնակցել պետական ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական, դուրս են մնում հանրակրթական ուսումնական հաստատությունից:

8-րդ և 10-րդ դասարաններում հանրակրթական ուսումնական հաստատությունից դուրս մնացած աշակերտներին իրավունք է վերապահվում հաջորդ տարում, նույն հաստատությունում կրկին քննություններ հանձնել այն առարկաներից, որոնցից ունեն տարեկան կամ քննական անբավարար գնահատական:

Նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում նրան իրավունք է վերապահվում քննություններ հանձնել նոր բնակավայրի հանրակրթական հաստատություններից մեկում` ՀՀ կրթության և գիտության նախարարության ուղեգրով:

Հետագայում նրանց իրավունք է վերապահվում ընդհանուր հիմունքներով հանձնելու էքստեռն ավարտական քննություններ և ստանալ հիմնական կամ միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական վկայականներ:

10. 1-7-րդ և 9-րդ դասարաններում տարեկան գերազանց առաջադիմություն և «լավ» վարք ունեցող սովորողները պարգևատրվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության գովասանագրով:

8-րդ դասարանը տարեկան և քննական գերազանց գնահատականներով ավարտած և «լավ» վարք ունեցող սովորողները ստանում են «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական:

10-րդ դասարանը տարեկանում գերազանց գնահատականներով և «լավ» վարքով ավարտող շրջանավարտները ուսումնական հաստատության կողմից ներկայացվում են որպես գերազանցության մեդալի հավակնորդ, ըստ սույն կարգի 27 և 28 կետերի պահանջների:

11. ՈՒսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչներն ուսումնական տարվա վերջին շաբաթվա ընթացքում` հաշվի առնելով աշակերտի կիսամյակային գնահատականները: Աշխատանքի ուսուցում, ֆիզկուլտուրա, նախնական զինվորական պատրաստություն առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով աշակերտի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա հաջորդ դասարան փոխադրվելու կամ դպրոցն ավարտելու վրա:

i

12. Բոլոր դասարաններում աշակերտները գնահատվում են վարքից: Սահմանվում են վարքի հետևյալ գնահատականներ` «լավ», «բավարար», «անբավարար»: Վարքի գնահատական նշանակում է դասղեկը` հաշվի առնելով դասավանդող ուսուցիչների կարծիքը: Վարքից անբավարար գնահատական ունեցող աշակերտի դպրոցից հեռացման հարցը որոշում է մանկավարժական խորհուրդը` աշակերտի ծնողի /կամ նրա օրինական ներկայացուցչի/ ներկայությամբ:

ՈՒսումնական տարվա ընթացքում, մինչև 1-ը մայիսի, հիմնական դպրոցում 40 օրից կամ 240 ժամից ավելի դասերից բացակայած աշակերտները ուսումնական պլանով նախատեսված առնվազն 5 առարկաներից հանձնում են քննություններ: Ավագ դպրոցում ուսումնական տարվա ընթացքում 40 օրից կամ 240 ժամից ավելի դասերից անհարգելի բացակայած աշակերտները դուրս են մնում դպրոցից, մնացած դեպքերում նույն չափաքանակով բացակայածները քննություններ են հանձնում նույն կարգով, ինչ կարգով հիմնական դպրոցի աշակերտները: Քննական առարկաների ցանկը քննարկվում և հաստատվում է դպրոցի մանկավարժական խորհրդի նիստում: Քննությունները անց են կացվում մայիսի 20-ից հունիսի 5-ը ընկած ժամանակամիջոցում` գրավոր կամ բանավոր: Քննական առաջադրանքները կազմում են առարկայական մեթոդմիավորումները, հաստատում է տնօրենը: Քննությունները ընդունում են տվյալ առարկայի ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը: Քննությունների արդյունքների հիման վրա նշանակվում են կիսամյակային և տարեկան գնահատականներ: Տարեկանում տվյալ առարկայից դրական գնահատվել չեն կարող այն աշակերտները, ովքեր տվյալ առարկայի քննությունից ստացել են անբավարար գնահատական:

(12-րդ կետը փոփ. 15.03.06 թիվ 144-Ն հրաման)

 

. ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

13. 3-րդ դասարանում սովորողների գիտելիքների ստուգումը անցկացվում է «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից /գրավոր/, դպրոցի տնօրենի սահմանած աշխատակարգով, ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած միասնական օրերին` հունիսի 12-16-ը ժամանակահատվածում:

Ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում /դասարաններում/ քննություններ անց են կացվում նաև «Ռուսաց լեզվից»: Քննությունները ընդունում են տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը:

(13-րդ կետը փոփ. 15.03.06 թիվ 144-Ն հրաման)

14. 8-րդ դասարանում քննություններն անցկացվում են հայոց լեզվից, մաթեմատիկայից` գրավոր, օտար լեզվից /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն` աշակերտի ընտրությամբ/` բանավոր, ֆիզիկական կուլտուրայից: Ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում /դասարաններում/ հայոց լեզվից, մաթեմատիկայից, ռուսաց լեզվից գրավոր, ֆիզիկական կուլտուրայից:

Քննությունները անց են կացվում, ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած միասնական օրերին` հունիսի 12-20-ը ժամանակահատվածում:

Քննություններն ընդունվում են դպրոցի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից, հանձնաժողովի նախագահ, դասավանդող ուսուցիչ և հանձնաժողովի երկու անդամներ /անդամներից առնվազն մեկը տվյալ առարկայի մասնագետ/:

(14-րդ կետը փոփ. 15.03.06 թիվ 144-Ն հրաման)

15. 10-րդ դասարանում սահմանված են յոթ ավարտական /պետական/ քննություններ`

. «Հայոց լեզու» - գրավոր,

. «Մաթեմատիկա» - գրավոր,

. «Հայոց պատմություն» - բանավոր,

. «Հայ գրականություն» - բանավոր,

. «Բնագիտություն» /ֆիզիկա, քիմիա կամ կենսաբանություն` աշակերտի ընտրությամբ/ - գրավոր,

. «Օտար լեզու» /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն կամ իսպաներեն` աշակերտի ընտրությամբ/ - բանավոր,

. «Ֆիզիկական կուլտուրա»

Ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում /դասարաններում/ սահմանվում է ևս մեկ ավարտական քննություն «Ռուս գրականություն» առարկայից - բանավոր:

Գրավոր քննություններն անց են կացվում, ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած միասնական օրերին: Բանավոր քննությունները անց են կացվում դպրոցի սահմանած օրերին` հունիսի 12-28-ը ժամանակահատվածում:

Պետական քննությունները ընդունվում են հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից. հանձնաժողովի նախագահ, դասավանդող ուսուցիչ և հանձնաժողովի երկու անդամներ /անդամներից առնվազն մեկը տվյալ առարկայի մասնագետ/:

(15-րդ կետը փոփ. 15.03.06 թիվ 144-Ն հրաման)

16. 10-րդ դասարանի համար մաթեմատիկայի /գնահատումը 20 բալանոց համակարգով/, 8-րդ դասարանի համար հայոց լեզվի և մաթեմատիկայի /գնահատումը 5 բալանոց համակարգով/ քննական առաջադրանքները կազմվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից և հաղորդվում ռադիոյով` քննությունները սկսելուց 30 րոպե առաջ /այդ ընթացքում աշակերտները և քննական հանձնաժողովի անդամները պետք է գտնվեն քննասենյակում/:

10-րդ դասարանի համար հայոց լեզվի քննական առաջադրանքները /գնահատումը 20 բալանոց համակարգով/ կազմվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից և կնքված ծրարներով հասցվում դպրոցները: Ծրարները թույլատրվում է բացել քննության օրը ժամը 9.00-ին:

10-րդ դասարանում «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Օտար լեզու» առարկաների բանավոր քննությունները /գնահատումը 5 բալանոց համակարգով/ և «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների գրավոր քննությունները /գնահատումը 20 բալանոց համակարգով/ անցկացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված հարցատոմսերով:

8-րդ դասարանի «Օտար լեզվի» քննական առաջադրանքները /գնահատումը 5 բալանոց համակարգով/ կազմում են դպրոցների մեթոդմիավորումները ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված նմուշների:

3-րդ դասարանի համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գիտելիքների ստուգման առաջադրանքները /գնահատումը 5 բալանոց համակարգով/ կազմում են դպրոցների մեթոդմիավորումները` ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված նմուշների:

Ռուսերենով ուսուցմամբ 3-րդ, 8-րդ, 10-րդ դասարանների ռուսաց լեզվի և ռուս գրականության քննական առաջադրանքները /գնահատումը 5 բալանոց համակարգով/ կազմում են դպրոցների մեթոդմիավորումները` ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված նմուշների:

17. Աշակերտներին չի թույլատրվում իրենց հետ քննասենյակ բերել տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց ձեռնարկներ:

18. Գրավոր աշխատանքները կատարելու և բանավոր պատասխաններին պատրաստվելու համար քննվողներին տրվում է դպրոցի դրոշմակնիքով կնքված տետր /թուղթ/:

19. Սահմանված ժամանակամիջոցում գրավոր աշխատանքը չավարտած աշակերտներն այն հանձնում են անավարտ վիճակում:

20. Քննական աշխատանքների ստուգումն ավարտվում է քննության օրը: Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահվում են քննական հանձնաժողովի նախագահի մոտ:

21. Աշակերտի գրավոր աշխատանքը կամ բանավոր պատասխանը գնահատելիս, քննական հանձնաժողովի անդամների միջև տարաձայնություն առաջանալու դեպքում հարցը լուծվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում` 3-րդ դասարանում նշանակվում է դասավանդող ուսուցչի առաջարկած գնահատականը, 8-րդ և 10-րդ դասարաններում` հանձնաժողովի նախագահի առաջարկած գնահատականը: Նշանակված գնահատականի հետ չհամաձայնած հանձնաժողովի անդամը/ները/ արձանագրությունում կարող է /են/ կատարել հատուկ նշում:

i

22. Քննությունների ընթացքում հիվանդացած /համապատասխան փաստաթղթերի առկայություն/ և այդ ընթացքում ապաքինված, ինչպես նաև այլ հարգելի պատճառներով քննություններին չներկայացած աշակերտներին թույլատրվում է հանձնել դեռևս չհանձնած և բաց թողնված առարկաների քննությունները քննաշրջանի ընթացքում կամ վերջին քննությունից հետո եռօրյա ժամկետում:

Մինչև նշված ժամկետը չապաքինված աշակերտները քննություններ են հանձնում օգոստոսի 20-30-ը: Քննությունների նոր առաջադրանքները կազմում են դպրոցների առարկայական մեթոդմիավորումները, հաստատում է տնօրենը: Քննությունների անցկացման օրերը սահմանում են դպրոցները:

Տարեկան կամ քննական մեկ առարկայից անբավարար գնահատական ունեցող VIII և X դասարանների աշակերտներին թույլատրվում է այդ առարկայից վերաքննություն հանձնել վերջին քննությունից հետո եռօրյա ժամկետում:

(22-րդ կետը փոփ. 15.03.06 թիվ 144-Ն հրաման)

23. 8-րդ և 10-րդ դասարանների այն աշակերտները, ովքեր «Հանրահաշիվ և անալիզի հիմունքներ» /հանրահաշիվ/ կամ «Երկրաչափություն» առարկաներից ունեն տարեկան անբավարար գնահատական, մասնակցում են «Մաթեմատիկայի» քննությանը: Քննությունից դրական գնահատական ստանալու դեպքում աշակերտը ամառային առաջադրանք է հանձնում միայն այն առարկայից, որից տարեկանում ունեցել է անբավարար գնահատական:

24. 8-րդ և 10-րդ դասարանների այն աշակերտները, ովքեր և՛ «Հանրահաշիվ», և՛ «Երկրաչափություն» առարկաներից ունեն տարեկան անբավարար գնահատականներ, չեն թույլատրվում մասնակցելու «Մաթեմատիկայի» քննությանը: Նրանք օգոստոսին ամառային առաջադրանք են հանձնում «Հանրահաշիվ և անալիզի տարրեր» /հանրահաշիվ/ և «Երկրաչափություն» առարկաներից, ինչպես նաև քննություն մաթեմատիկայից:

25. Գնահատման 20 միավորանոց համակարգում` մինչև 7 միավորը ներառյալ և 5 միավորանոց համակարգում` մինչև 2 միավորը ներառյալ, համարվում են անբավարար գնահատական:

Տվյալ առարկայի տարեկան և քննական գնահատականները վկայականում գրանցվում են առանձին-առանձին, համապատասխան տողերում:

26. Եթե 10-րդ դասարանի շրջանավարտը հայոց լեզու ուսումնասիրել է միայն 9-րդ և 10-րդ դասարաններում, ապա նա իր ցանկությամբ կարող է ազատվել այդ առարկայի պետական քննությունից: Այդ դեպքում շրջանավարտի ատեստատում այդ առարկայի համապատասխան տողում գրվում է. «չի ուսումնասիրել»:

27. ՈՒսումնական հաստատությունների պետական ավարտական քննությունները կազմակերպելու և վերահսկելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվում է հանրապետական հանձնաժողով:

 

. ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

28. Մեդալի հավակնորդ են ներկայացվում այն շրջանավարտները, ովքեր 8-րդ դասարանը ավարտել են գերազանցությամբ /ստացել են գերազանցության վկայական/, 9-րդ և 10-րդ դասարաններում բոլոր առարկաներից տարեկանում գնահատվել են «5»:

29. ՈՒսումնական պլանով նախատեսված որևէ առարկայից /բացի առողջության պատճառով «Աշխատանքի ուսուցում», «Ֆիզիկական կուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելու դեպքերը/ չգնահատված շրջանավարտները, անկախ չգնահատման այլ պատճառներից, որպես մեդալի հավակնորդ չեն ներկայացվում:

30. Մեդալի հավակնորդ շրջանավարտների նախնական ցուցակները մինչև մարտի 21-ը ուսումնական հաստատությունները ներկայացնում են մարզպետարանի /Երևանի քաղաքապետարանի/ կրթության վարչություն: Նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները նախնական ցուցակները մինչև մարտի 31-ը ներկայացնում են նախարարության հանրակրթության վարչություն:

Մինչև մայիսի 1-ը համապատասխան վարչությունները ուսումնական հաստատություններում ստուգում են ներկայացումների օրինականությունը ու հիմնավորվածությունը և ճշգրտված ցուցակները ներկայացնում նախարարություն:

Մայիս ամսվա ընթացքում` ըստ անհրաժեշտության նախարարությունը ուսումնասիրում է մեդալի հավակնորդների ներկայացման հավաստիությունը:

Նախարարությունը` մինչև մայիսի 25-ը մարզպետարաններ /Երևանի քաղաքապետարան/ է ներկայացնում մեդալի հավակնորդների վերջնական ցուցակները /ներառյալ նախարարության ենթակայության դպրոցների մեդալի հավակնորդ շրջանավարտները/:

31. Մեդալի հավակնորդ շրջանավարտների կենտրոնացված քննությունները անցկացվում են ՀՀ մարզկենտրոններում /Երևան քաղաքում/:

 

. ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

i

32. Մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտները /անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից և անկախ հաստատությունում ուսուցման լեզվից/, կենտրոնացված կարգով, հանձնում են պետական քննություններ մարզկենտրոններում /Երևան քաղաքում/.

«Հայոց լեզու» առարկայից - հունիսի 12-ին,

«Մաթեմատիկա» առարկայից - հունիսի 15-ին,

մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/ կողմից նախօրոք որոշված հաստատությունում:

Քննությունների նախապատրաստման և անցկացման համար մարզպետի /Երևանի քաղաքապետի/ կարգադրությամբ ստեղծվում է հանձնաժողով: Քննությունների ընթացքը վերահսկում են նախարարության ներկայացուցիչները, նրանք քննությունները ավարտելուց հետո հանձնաժողովի նախագահից ստանում են զեթավորված, չստուգված, բոլոր էջերի վրա ստորագրված գրավոր աշխատանքները և դրանք հանձնում են առարկայական հանձնաժողովին:

Քննության համար մեդալի հավակնորդ շրջանավարտին նախարարության կողմից տրվում է հատուկ նմուշի ծածկագրված տետր:

Յուրաքանչյուր առարկայի քննական աշխատանքները ստուգվում են քննության օրը` ԿԳ նախարարի հրամանով ստեղծված համապատասխան առարկայական հանձնաժողովի կողմից:

Քննության արդյունքները հրապարակվում են յուրաքանչյուր առարկայի քննության հաջորդ օրը` մինչև ժամը 18.00-ն:

(32-րդ կետը փոփ. 15.03.06 թիվ 144-Ն հրաման)

33. «Հայոց պատմություն», «Հայ գրականություն», «Բնագիտություն» /ֆիզիկա, քիմիա կամ կենսաբանություն` մեդալի հավակնորդի ընտրությամբ/, «Օտար լեզու» /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն կամ իսպաներեն` մեդալի հավակնորդի ընտրությամբ/ առարկաներից ավարտական պետական քննությունները մեդալի հավակնորդ շրջանավարտները հանձնում են իրենց ուսումնական հաստատություններում նույն կարգով, ինչ կարգով մյուս շրջանավարտները:

Նշված առարկաների քննությունների անցկացումը վերահսկվում է նախարարության կողմից:

34. Մեդալի հավակնորդ շրջանավարտների, ինչպես և հանրակրթական ուսումնական հաստատությունների մյուս բոլոր շրջանավարտների համար քննական առաջադրանքները բովանդակությամբ ու կառուցվածքով նույնական են և սահմանվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

i

35. Մինչև հունիսի 30-ը հանրակրթական ուսումնական հաստատությունները մարզպետարանի /Երևանի քաղաքապետարանի/ կրթության վարչություն են ներկայացնում սահմանված ձևի տեղեկանք, հանրակրթական ուսումնական հաստատությունում մյուս չորս առարկաներից, մեդալի հավակնորդ շրջանավարտների հանձնած պետական քննությունների արդյունքների մասին: Ստացված արդյունքները ընդհանրացվում են մարզպետարանի /Երևանի քաղաքապետարանի/ կրթության վարչությունում և մինչև հուլիսի 2-ը ներկայացվում է նախարարության հանրակրթության վարչություն:

Նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները նման տեղեկանքը նույն ժամկետում ներկայացնում են նախարարության հանրակրթության վարչություն:

(35-րդ կետը փոփ. 15.03.06 թիվ 144-Ն հրաման)

 

. ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ

 

36. ա/ Մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, ովքեր բոլոր ավարտական քննություններից ստացել են 19-20 միավոր /20 միավորային համակարգում/ կամ 5 միավոր /5 միավորային համակարգում/` պարգևատրվում են մեդալով:

բ/ Մնացած դեպքերում մեդալի հավակնորդ շրջանավարտները մեդալով չեն պարգևատրվում:

37. Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները` բացառությամբ օժանդակ դպրոցների, առաջնորդվում են սույն կարգով` պահպանելով ավարտական դասարանների համապատասխանությունը:

38. Օժանդակ դպրոցների ավարտական և փոխադրական քննությունները սահմանվում են առանձին կարգով:

 

@Օ

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
07.02.2005
N 40-Ն
Հրաման