040.0500.210404
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 ապրիլի 2004 թվականի N 500-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1591-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Տիգրան Մեծ» շքանշանի նկարագրությունը և նմուշը հաստատելու մասին» N 1591-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հավելված
ՀՀ կառավարության
2002 թվականի հոկտեմբերի 3-ի
N 1591-Ն որոշման
«ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ՇՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
«Տիգրան Մեծ» շքանշանը (այսուհետ` շքանշան) ութաթև աստղ է (իրար վրա դրված 2 հավասարաչափ քառակուսի): Շքանշանի մեծությունը բոլոր անկյունագծերով 5,5 սմ է: Շքանշանը պատրաստված է 585 հարգի ոսկուց և 925 հարգի արծաթից: Շքանշանի վրա ագուցված են տարբեր չափերի 23 ադամանդ և 8 արհեստական սուտակ (ռուբին): Շքանշանի հակառակ երեսը մանրագլանվածքային է, կենտրոնում ամրացման կոճակն է, դրանից ներքև` շքանշանի թվահամարը: Շքանշանի հիմքը պատրաստված է 925 հարգի արծաթից: Շքանշանի դիմային կողմը մանրագլանվածքային է: Դիմային կողմից հիմքի եզրագծով 1,5 միլիմետր լայնությամբ եզրաշերտ է: Քառակուսիների համադրությունը պատրաստված է 585 հարգի ոսկուց, քառակուսիների 8 անկյուններում ագուցված է 0,1 կարատանոց մեկական ադամանդ: Քառակուսիների համադրումից առաջացած 8 եռանկյունաձև անկյուններում ագուցված է 8 եռանկյունաձև արհեստական սուտակ: Մեդալիոնի շրջանակը պատրաստված է 925 հարգի արծաթից, կենտրոնում տեղադրված է Տիգրան Մեծի դիմանկարը` դեմքի աջ ուղղվածությամբ: Դիմանկարը ոսկեզօծ է և եզերապատված 0,07 կարատանոց 15 ադամանդով: Շրջանակի ներքևի հատվածում արծնապատ կարմիր ֆոնի վրա 925 հարգի արծաթով գրված է «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ»: Շքանշանի շերտաձողիկն ունի 2,4x1,2 սմ չափեր: Շերտաձողիկի ֆոնը սպիտակ է, կենտրոնում 8 միլիմետրանոց կարմիր շերտ է, որի երկու կողմից մեկական միլիմետրանոց դեղին շերտեր են»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ