040.0345.020407
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 փետրվարի 2007 թվականի N 345-Ն
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տեխնիկական զննության ընթացքում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքներին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 11.08.2022 թիվ 1233-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (2006 թվականի նոյեմբերի 29-ի ՀՕ-230-Ն) ուժի մեջ մտնելու պահից:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 11.08.2022 թիվ 1233-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի փետրվարի 15-ի
N 345-Ն որոշման
ՊԱՀԱՆՋՆԵՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
(վերնագիրը փոփ. 11.08.2022 թիվ 1233-Ն որոշում)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության աշխատանքներին ներկայացվող սույն պահանջները (այսուհետ` պահանջներ) նախատեսվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) կողմից համապատասխան արատորոշման միջոցներով կահավորված արտադրական բազայում (այսուհետ` տեխնիկական զննության կայաններ) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների (այսուհետ` տրանսպորտային միջոցներ) պարտադիր տեխնիկական զննության ժամանակ դրանց տեխնիկական վիճակի ստուգման տեխնոլոգիական գործընթացի կազմակերպման և այդ նպատակով տեխնիկական սպասարկման կայանների արտադրական բազայի տեխնոլոգիական նախագծի մշակման համար:
2. Սույն պահանջներով պետք է ղեկավարվեն նաև տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության գործունեությունը լիցենզավորող հանձնաժողովները մրցույթին ներկայացված հայտերի գնահատման ժամանակ:
3. Տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության աշխատանքների տեխնոլոգիական գործընթացն իր մեջ ներառում է գործողությունների որոշակի հերթականություն, որի նպատակն է ստուգել տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի համապատասխանությունը ճանապարհային երթևեկության անվտանգության նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:
4. Սույն պահանջներում շարադրված դրույթները պետք է հաշվի առնվեն տեխնիկական զննության կայանների կողմից պարտադիր տեխնիկական զննության ժամանակ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման ժամանակ:
5. Ելնելով սույն պահանջներից` տեխնիկական զննության կայաններում պետք է մշակվի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համաձայնեցվի պարտադիր տեխնիկական զննության ժամանակ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների անհատական տեխնոլոգիական գործընթացը (այսուհետ` տեխնոլոգիա):
(5-րդ կետը փոփ. 06.06.2019 թիվ 733-Ն որոշում)
II. ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման անհատական տեխնոլոգիաները պետք է ապահովեն տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգով սահմանված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում գործող նորմատիվ իրավական ակտերի, կանոնների և տեխնիկական նորմերի պահանջներին տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի համապատասխանության ստուգումը: Տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգում պետք է իրականացնեն անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների տիրապետող, կազմակերպությունում սահմանված կարգով անվտանգության տեխնիկայի կանոնների գծով հրահանգավորում ստացած և աշխատանքի անվտանգ ձևերը սովորած տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչները:
8. Տեխնոլոգիաները պետք է մշակվեն այնպես, որ նույն տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ստուգման բոլոր գործողությունները հնարավոր լինի կատարել ինչպես մեկ հսկիչի, այնպես էլ տրանսպորտային միջոցի առանձին համակարգերի ստուգման որոշակի աշխատատեղերին կցված հսկիչների կողմից:
9. Օժանդակ և նախապատրաստական-եզրափակիչ գործողությունների (դողերի լրափչում, ամբարձիչների կառավարում, ըստ ստուգվող օբյեկտի, տեղի և փորձարկողի արատորոշման քարտի լրացում) կատարման համար կարող են նախատեսվել ավելի ցածր որակավորման աշխատողներ, որոնք նույնպես պետք է հրահանգավորված լինեն անվտանգության տեխնիկայի կանոնների մասին և ուսուցված լինեն անվտանգ աշխատանքի ձևերին: Վարորդի մասնակցությունը տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգմանը կարող է չնախատեսվել, սակայն ներկայությունը չի կարող արգելվել:
10. Կախված ստուգվող տրանսպորտային միջոցների տեսակներից` պետք է օգտագործվեն թեթև մարդատար ավտոմոբիլների, միկրոավտոբուսների և փոքրատոննաժ բեռնատար ավտոմոբիլների արգելակային համակարգի ստուգման և մեծ բեռնատար ավտոմոբիլների ու ավտոբուսների արգելակային համակարգի ստուգման մասնագիտացված հոլովակային վահանակներ կամ թեթև մարդատար ավտոմոբիլների, բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների արգելակային համակարգի ստուգման ունիվերսալ հոլովակային վահանակներ:
Որպես տեխնոլոգիական երթուղի պետք է օգտագործվի տրանսպորտային միջոցների ուղղագիծ տեղաշարժը` ըստ աշխատատեղերի:
11. Տեխնիկական զննության կայանում պետք է օգտագործվեն լիազոր մարմնի կողմից անցկացված մրցույթով ընտրված մատակարարող կազմակերպության կողմից տրամադրվող տեխնիկական արատորոշման միջոցներ:
12. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տեխնիկական զննության կայաններում օգտագործվող տեխնիկական արատորոշման միջոցները պարտադիր կարգով ենթակա են ստուգաչափման` սահմանված ժամկետներում:
13. Տեխնիկական զննության տեխնոլոգիայով նախատեսված տեխնիկական արատորոշման միջոցների բաշխումն ըստ աշխատատեղերի (գծերի), ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեղաշարժման տեխնոլոգիական երթուղին պետք է ապահովեն տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների աշխատատարության հավասարաչափ բաշխումն ըստ աշխատատեղերի:
14. Առանձին տեսակի տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման տեխնոլոգիական գործողությունների օրինակելի ցանկը նշված է սույն պահանջների ցանկում, իսկ տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների աշխատատարության նորմատիվները, որոնք պետք է հաշվի առնվեն տեխնիկական զննության սակագները սահմանելու ժամանակ` աղյուսակում:
15. Անցուղային աշխատատեղերը պետք է տեղաբաշխել արտադրական շենքի մուտքի և ելքի հետ մի գծի վրա:
Թույլատրվում է անցուղային աշխատատեղերի սարքավորումներով կահավորումը կատարել այնպես, որ նրա վրա կատարվեն տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ստուգման բոլոր աշխատանքները:
16. Տեխնիկական զննության տեխնոլոգիայի ձևավորման ժամանակ անհրաժեշտ է ընտրել հաջորդաբար կատարվող բոլոր այն գործողությունները, որոնք կատարվում են տվյալ տեխնիկական արատորոշման միջոցով (օրինակ` արգելակային համակարգերի ստուգման հոլովակային վահանակով, լուսավորման սարքերի ստուգման սարքով և այլն)` կահավորված միևնույն տեխնոլոգիական սարքավորման (օրինակ` էստակադի, ամբարձիչի զննման առվի և այլն) վրա:
17. Գործողությունների կազմը և կատարման հաջորդականությունը կարող են համակցվել, իսկ դրանց կատարման հաջորդականությունը պետք է համապատասխանի ըստ աշխատատեղերի սարքավորման տեղակայմանը և տրանսպորտային միջոցների տեղաշարժման երթուղուն:
18. Յուրաքանչյուր աշխատատեղում գործողությունների կատարման հերթականությունն անհրաժեշտ է նախատեսել այնպես, որպեսզի տրանսպորտային միջոցների հսկիչները նվազագույն թվով անցումներ կատարեն, այդ թվում` զննման առու իջնելը և դուրս գալը:
19. Տրանսպորտային միջոցների արգելակման արդյունավետության և արգելակման ժամանակ դրանց կայունության գնահատումն անհրաժեշտ է կատարել հոլովակային վահանակների վրա:
Ճանապարհային պայմաններում արգելակման միջոցով մեկ սռնու վրա 10 տոննայից ավելի բեռնվածք ունեցող բեռնատարների ու ավտոբուսների արգելակման արդյունավետության և կայունության գնահատման ժամանակ անհրաժեշտ է նախատեսել նաև զննման առվի կամ ամբարձիչի վրա արգելակային շարժաբերի զննության և աշխատունակության ստուգումների կատարումը:
20. Ղեկի վարման ստուգման համար տրանսպորտային միջոցի անիվների տակ անհրաժեշտ է օգտագործել շարժական հարթակներով վահանակ: Փոքր տրանսպորտային միջոցների տակից հանգույցների զննության համար անհրաժեշտ է օգտագործել անիվների տակից ամբարձիչի (օրինակ պանտոգրաֆային կամ պլունժերային տիպի, որոնք հնարավորության դեպքում կահավորված կլինեն ղեկի շարժաբերի ստուգման վահանակով), իսկ մեծ տրանսպորտային միջոցների համար` զննման առուներ:
21. Հաջորդաբար տեղաբաշխված 2 և ավելի աշխատատեղով հոսքային գծերի կահավորման դեպքում անհրաժեշտ է դրա սկզբում նախատեսել տրանսպորտային միջոցի համարակալված տվյալների ստուգման, դողերում ճնշման մեծությունը չափելու, անիվների և կախոցի վրայից խոնավությունը հեռացնելու գործողությունները:
22. Հոսքային գծի վերջում, որպես տեխնոլոգիայի ավարտական գործողություն, անհրաժեշտ է նախատեսել ստուգումների արդյունքով փաստաթղթերի, այդ թվում` տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի արատորոշման քարտի ձևակերպումը: Արատորոշման քարտի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
23. Արատորոշման քարտի տվյալները, այդ թվում` տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման արդյունքները, լրացվում են համակարգչի օգնությամբ:
24. Տեխնիկական զննության կայաններում, որոնք կահավորված են սարքավորումների 2 և ավելի լրակազմով (տեխնոլոգիական գծերով), արատորոշման քարտում նույնականացման բոլոր տվյալները նախնական լրացման գործողությունը կատարվում է դրա համար առանձնացված աշխատատեղում` առանձին աշխատողի կողմից` այդ աշխատանքներից ազատելով տրանսպորտային վիճակի ստուգման հսկիչներին:
25. Տեխնիկական զննության կայաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության արատորոշման քարտերի լրացման համակարգչային ծրագրային ապահովումը պետք է կանխի արատորոշման քարտի լրացումը դրա լիազորությունը չունեցող անձանց կողմից, ինչպես նաև կանխվի տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ստուգման արդյունքների արխիվացված թղթային կամ համակարգչային կրիչներին կողմնակի անձանց հասանելիությունը:
26. Աշխատող շարժիչով կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցի վրա աշխատանքներ կատարելու դեպքում արտածման խողովակը պետք է միացված լինի բանեցված գազերի հեռացման համակարգին:
27. Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների կատարման ժամանակ պետք է կատարվեն կազմակերպությունում գործող աշխատանքի պաշտպանության կանոնների պահանջները:
28. Տեխնիկական զննության կայաններում տեխնոլոգիաները պետք է ձևավորվեն Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության աշխատանքներին ներկայացվող սույն պահանջներին համապատասխան:
29. Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքները կատարելուց առաջ տեխնիկական զննության կայանի անձնակազմը պետք է ստուգի յուրաքանչյուր աշխատատեղում սարքավորումների ու գործիքների առկայությունն ու սարքինությունը:
Արգելվում է անսարք և սույն պահանջների 12-րդ կետի նորմերին համապատասխան մետրոլոգիական ստուգաչափում չանցած տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործումը:
30. Աշխատատեղերը պետք է ապահովված լինեն անվտանգության տեխնիկայի պահանջները և շահագործման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման մեթոդները կանոնակարգող նորմատիվ փաստաթղթերով (ստանդարտներ, հրահանգներ և այլն), աշխատատեղային տեխնոլոգիական քարտերով և անվտանգության տեխնիկայի կանոնների և անվտանգ աշխատանքի երաշխավորվող ձևերի նշումներ ունեցող պլակատներով:
Բացի այդ, աշխատատեղերը (հոսքային գծերը) պետք է ապահովվեն անհրաժեշտ տեղեկատվական և նորմատիվատեխնոլոգիական փաստաթղթերով` ներառյալ ստուգվող տրանսպորտային միջոցների շահագործման հրահանգները, ավտոմոբիլային տեղեկագրերը և այլն:
31. Տեխնիկական զննության կայաններում` տեսանելի վայրում անհրաժեշտ է ունենալ առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղամիջոցներով լրակազմված առնվազն 2 դեղատուփ:
32. Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ստուգման համար նախատեսված շարժական սարքերը պետք է աշխատեն 36 վոլտը չգերազանցող սնուցման լարմամբ: Զննման առուներում աշխատելու դեպքում օգտագործվող լուսավորման շարժական սարքերի սնուցման լարումը չպետք է գերազանցի 12 վոլտը:
33. Տեխնոլոգիաների մշակման ժամանակ պետք է հաշվի առնվեն «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հրդեհային անվտանգության կանոններով սահմանված պահանջները:
34. Տեխնիկական վիճակի ստուգման համար աշխատատեղ ուղարկվող տրանսպորտային միջոցները պետք է լվացված և մաքրված լինեն կեղտից և ձյունից:
35. Տեխնիկական զննության կայանի արտադրական շենք տրանսպորտային միջոցի մուտքը և դրա տեղակայումն աշխատատեղերի վրա պետք է իրականացվի պատասխանատու աշխատողի (տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության հսկիչի) ղեկավարությամբ կամ նրանց կողմից:
36. Տրանսպորտային միջոցն աշխատատեղի վրա տեղակայելուց հետո անհրաժեշտ է այն արգելակել կայանման արգելակով, անջատել վառոցքը (դադարեցնել դիզելային շարժիչով տրանսպորտային միջոցի վառելիքի մատուցումը), փոխանցումների փոխարկման (կոնտրոլերի) լծակը տեղադրել չեզոք դիրքում, անիվների տակ տեղադրել երկուսից ոչ պակաս հատուկ հենակ (կալունակ):
37. Արտադրական մասնաշենք տրանսպորտային միջոցի մուտք ու ելք կատարելու ժամանակ շարժման և ներսում շրջադարձեր կատարելու (մանևրելու) գոտիներում մարդկանց ներկայությունն արգելվում է:
38. Տրանսպորտային միջոցն ամբարձիչի (հիդրավլիկ, էլեկտրամեխանիկական) վրա ստուգելու ժամանակ ամբարձիչի կառավարման վահանակի վրա պետք է կախված լինի ցուցանակ` «Ձեռք չտալ. ավտոմոբիլի տակ մարդիկ կան» գրառմամբ:
39. Հիդրավլիկ ամբարձիչի աշխատանքային (բարձրացված) դիրքում պլունժերը պետք է հուսալիորեն սևեռված լինի` ամբարձիչի ինքնակամ իջեցումը կանխող հենարանով (ձողով):
40. Տեխնիկական զննության արտադրամասում տրանսպորտային միջոցի ուղղահոս շարժման դեպքում անհրաժեշտ է ունենալ ազդանշանման սարք (լուսային, ձայնային և այլն) զննության գծում (զննության առուներում, էստակադների և այլն)` աշխատողներին տրանսպորտային միջոցի տեղաշարժվելու պահի մասին նախազգուշացնելու համար:
41. Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ստուգման աշխատատեղերում շարժիչի գործարկումը թույլատրվում է միայն տեխնիկական վիճակի հսկիչին:
42. Արգելվում է`
1) կարդանային լիսեռի պտտումը լինգով կամ մոնտաժման թիակով.
2) գործարկել շարժիչը թափքի բարձրացված վիճակում.
3) փոշու, խարտվածքների և այլ մանր կտորտանքների մաքրումը սեղմված օդով:
III. ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
43. Տեխնոլոգիայի ձևակերպման ժամանակ անհրաժեշտ է նախատեսել հետևյալ բաժինները`
1) ներածություն,
2) ցուցումներ անվտանգության միջոցների մասին,
3) նախապատրաստումն աշխատանքին,
4) տեխնիկական արատորոշման միջոցների ցանկը,
5) տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների ցանկը,
6) հավելված:
44. «Ներածություն» բաժնում նշվում են հետևյալ տվյալները`
1) օգտագործվող տեխնոլոգիայի նշանակությունը և օգտագործման կարգը,
2) բովանդակությունը,
3) տեխնոլոգիայի մշակման ժամանակ օգտագործված փաստաթղթերի ցանկը,
4) առանձին տեսակի ավտոտրանսպորտային միջոցների ստուգումների կատարման տեխնոլոգիական առանձնահատկությունները (ըստ անհրաժեշտության):
45. «Ցուցումներ անվտանգության միջոցների վերաբերյալ» բաժնում նշվում են հետևյալ տվյալները`
1) համառոտ տեղեկություններ ստուգման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության տեխնիկայի վերաբերյալ,
2) աշխատանքների կատարման անվտանգությունը կանոնակարգող կանոնների, հրահանգների ցանկը,
3) աշխատատեղերի նկատմամբ անվտանգության տեխնիկայի և տեխնիկական արատորոշման միջոցներով և տեխնոլոգիական սարքավորումներով աշխատատեղերի զինման պահանջները:
46. «Նախապատրաստումն աշխատանքին» բաժնում նշվում են տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հսկիչների աշխատանքին նախապատրաստվելու և կառուցվածքների (էստակադներ, փակ հարթակ) ու աշխատատեղերի (հոսքային գծերի) վրա տրանսպորտային միջոցի տեղակայման կանոնները:
47. «Տեխնիկական արատորոշման միջոցները» բաժնում նշվում է օգտագործվող տեխնիկական արատորոշման միջոցների ցանկը` դրանց տեխնիկական բնութագրերի նշմամբ:
48. «Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների ցանկը» բաժնում նշվում է տրանսպորտային միջոցի հանգույցների ու համակարգերի տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների նկարագրությունը:
Տվյալները նշվում են հաշվի առնելով սույն պահանջների ցանկում նշված տեխնոլոգիական գործողությունների ցանկը և աղյուսակում նշված աշխատատարության նորմաները:
Բաժինը ձևակերպվում է աղյուսակի տեսքով, որը ներառում է հետևյալ սյունակները`
1) կատարվող աշխատանքի համարը,
2) անվանումը,
3) աշխատանքի կատարման տեղը (վերևից, ներքևից, կողքից, շարժիչային բաժանմունքում և այլն),
4) ներգործության տեղերի թիվը,
5) աշխատանքների կատարման աշխատատարությունը,
6) աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ տեխնիկական արատորոշման միջոցները, գործիքները, հարմարանքները,
7) աշխատանքների կատարման նկատմամբ լրացուցիչ տեխնիկական պահանջները:
49. «Հավելվածներ» բաժնում անհրաժեշտ է մտցնել պարտադիր և տեղեկատվական նյութեր` աշխատանքներն ըստ աշխատատեղերի բաշխման, աշխատատեղերի ու հոսքային գծերի հատակագծային լուծումների, աշխատանքների կատարման ժամանակ ձևակերպվող փաստաթղթերի նշումների և այլն:
Տեխնոլոգիայի ձևակերպման օրինակելի ձևը նշված է կից ձևում:
Ձև
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՐՈՑԵՍ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ __________ ՄԱԿՆԻՇԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ
1) ներածություն
2) ցուցումներ անվտանգության միջոցների մասին
3) նախապատրաստումն աշխատանքին
4) տեխնիկական արատորոշման միջոցների ցանկը
5) տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների ցանկը
._________________________________________________________________________.
|NN |Գործողություն|Աշխատանքի|Ներգործու- |Աշխատանք-|Անհրաժեշտ |Աշխատանք- |
|ը/կ|ների |կատարման |թյան տեղերի|ների |տեխնիկական |ների |
| |անվանումը |տեղը |թիվը |կատարման |արատորոշման|կատարման |
| | | | |աշխատատա-|միջոցները, |նկատմամբ |
| | | | |րությունը|գործիքները,|լրացուցիչ |
| | | | | |հարմարանք- |տեխնիկական |
| | | | | |ները |պահանջները |
|___|_____________|_________|___________|_________|___________|___________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|_____________|_________|___________|_________|___________|___________|
|___|_____________|_________|___________|_________|___________|___________|
|___|_____________|_________|___________|_________|___________|___________|
|___|_____________|_________|___________|_________|___________|___________|
._________________________________________________________________________.
6) հավելված