110.1282.131117
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 11 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11017442
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
7 նոյեմբերի 2017 թվականի N 1282-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1197-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով և «Կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասերով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգը հաստատելու և ՀՀ կրթության և գիտության նախարարի 1997 թվականի մարտի 3-ի N 13-ՔՆ հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1197-Ն հրամանը:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կրթության և
գիտության նախարարի
2017 թվականի նոյեմբերի 7-ի
N 1282-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների (այսուհետ` հաստատություն) շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմավորման, ատեստավորման արդյունքների բողոքարկման հետ կապված հարաբերությունները:
II. ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ
2. Ամփոփիչ ատեստավորումը շրջանավարտի գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգումն է, որն իրականացվում է բակալավրի ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի պաշտպանության միջոցով: Արտակարգ իրավիճակների, ռազմական, ոստիկանական, բժշկական և աստվածաբանական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման գործընթացը, հաշվի առնելով մասնագիտությունների առանձնահատկությունները, կարող է կազմակերպվել սույն կարգով կամ համապատասխան ուսումնական հաստատության կողմից սահմանված կարգով: Հաստատության մասնաճյուղի ամփոփիչ ատեստավորումը կազմակերպվում է սույն կարգի համաձայն` տվյալ մասնաճյուղում:
3. Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի թեմաները հաստատում է հաստատության ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի) գիտական խորհուրդը: Բակալավրի ավարտական աշխատանքի թեման և ղեկավարը հաստատվում են ավարտական ուստարվա առաջին կիսամյակում, իսկ մագիստրոսական թեզինը` մինչև առաջին կուրսի առաջին կիսամյակի ավարտը:
4. Ավարտական աշխատանքները և մագիստրոսական թեզերը, ղեկավարի գրավոր կարծիքի առկայությամբ, ենթակա են գրախոսման, ընդ որում` բակալավրի ավարտական աշխատանքի դեպքում` ներքին կամ արտաքին, իսկ մագիստրոսական թեզի դեպքում` արտաքին գրախոսի կողմից: Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի գրախոսման համար հրավիրվում են արտադրության, գիտական հիմնարկների և այլ հաստատությունների համապատասխան մասնագետները, որոնց կազմը, ամբիոնի վարիչի ներկայացմամբ, հաստատվում է ամբիոնի նիստում: Գրախոսման կարգը հաստատում է ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի) գիտական խորհուրդը:
5. Հաստատությունները շրջանավարտների ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման համար մշակում են ընթացակարգեր և մեթոդական ուղեցույցներ:
III. ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
6. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը (նախագահ և անդամներ) կազմավորվում է ըստ որակավորման մակարդակների, յուրաքանչյուր մասնագիտության կամ կրթական ծրագրի գծով` ուսուցման բոլոր ձևերի համար:
7. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահին, ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի) ղեկավարի ներկայացմամբ, նշանակում է հաստատության ղեկավարը` համապատասխան ոլորտի (բնագավառի) գործընկեր կազմակերպությունների, գերատեսչությունների, ակադեմիական հաստատությունների գիտական աստիճան և/կամ կոչում կամ «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով սահմանված պատվավոր կոչում` արվեստի ոլորտի մասնագիտությունների դեպքում ունեցող մասնագետներից, ովքեր տվյալ հաստատության աշխատողներ չեն և նախորդող երկու տարիների ընթացքում չեն եղել տվյալ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ:
(7-րդ կետը փոփ. 30.03.2021 թիվ 27-Ն հրաման)
8. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կազմը հաստատում է հաստատության ղեկավարը ամփոփիչ ատեստավորումից առնվազն երեք շաբաթ առաջ:
9. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել տվյալ ոլորտի գործատուների և ակադեմիական հաստատությունների ներկայացուցիչներ, համապատասխան ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի) ղեկավարը կամ նրա տեղակալը, ամբիոնների վարիչները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նիստերն արձանագրում է քարտուղարը, ով տվյալ հաստատության աշխատակից է և հանձնաժողովի անդամ չէ: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կազմի առնվազն 50 տոկոսը պետք է լինեն ոչ տվյալ հաստատության հաստիքային աշխատակիցներ:
(9-րդ կետը փոփ. 30.03.2021 թիվ 27-Ն հրաման)
10. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում հաստատության ղեկավարի հրամանով նշանակվում է փոխարինող` հանձնաժողովի կազմից:
11. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է սույն կարգով և հաստատության հաստատած ընթացակարգերով և մեթոդական ուղեցույցներով:
12. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի գործառույթներն են`
1) ստուգել շրջանավարտի պատրաստվածության մակարդակի համապատասխանությունը կրթական ծրագրով սահմանված նպատակներին և վերջնարդյունքներին,
2) կայացնել որոշում ամփոփիչ ատեստավորման արդյունքներով շրջանավարտին որակավորում շնորհելու (կամ չշնորհելու) և նրան բարձրագույն կրթության համապատասխան դիպլոմ տալու (կամ չտալու) վերաբերյալ,
3) մշակել և ներկայացնել առաջարկություններ տվյալ մասնագիտությամբ մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման վերաբերյալ:
13. Յուրաքանչյուր ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի աշխատանքի ժամանակացույցը, որը համաձայնեցվում է հանձնաժողովի նախագահի հետ, ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի) ղեկավարի ներկայացմամբ հաստատում է հաստատության ղեկավարը, և ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանությունից առնվազն երկու շաբաթ առաջ տեղեկացվում է շրջանավարտներին:
IV. ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
14. Ամփոփիչ ատեստավորման թույլատրվում են այն շրջանավարտները, ովքեր ավարտել են բարձրագույն կրթական ծրագրով ուսուցումը և կուտակել են համապատասխան կրեդիտներ: Ամփոփիչ ատեստավորման ենթակա շրջանավարտների ցանկը հաստատվում է հաստատության ղեկավարի հրամանով: Ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանությունն անցկացվում է ուսումնական պլանով սահմանված ժամկետներում:
(14-րդ կետը փոփ. 30.03.2021 թիվ 27-Ն հրաման)
15. Ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանությունն անցկացվում է ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի բաց նիստում` հանձնաժողովի կազմի երկու երրորդից ոչ պակաս անդամների ներկայության դեպքում: Նախագահի կամ նրան փոխարինողի ներկայությունը պարտադիր է: Ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանությունից առաջ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովին ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանում է հաստատության ղեկավարը:
16. Ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանության ընթացակարգային պահանջների համաձայն` ամփոփիչ ատեստավորման ընթացքն արձանագրվում և ձայնագրվում է: Ձայնագրությունը պահպանվում է արդյունքները հրապարակելուց հետո 6 ամիս:
17. Ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանության արդյունքները գնահատվում են «գերազանց», «լավ», «բավարար», «անբավարար»` ըստ տվյալ հաստատությունում ընդունված գնահատման սանդղակի: Գնահատականները հայտարարվում են նույն օրը` ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նիստի արձանագրությունը կազմելուց հետո` մեկ ժամվա ընթացքում:
18. Հիմք ընդունելով ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանության դրական («բավարար», «լավ», «գերազանց») արդյունքների վերաբերյալ արձանագրությունը` ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը կայացնում է որոշում շրջանավարտին համապատասխան որակավորում շնորհելու և նրան բարձրագույն կրթության դիպլոմ տալու մասին: Բացասական (»անբավարար») արդյունքի դեպքում շրջանավարտին որակավորում չի շնորհվում և բարձրագույն կրթության դիպլոմ չի տրվում:
19. Գերազանցության դիպլոմ տրվում է ամփոփիչ ատեստավորումը «գերազանց» գնահատականով հանձնած այն շրջանավարտներին, ովքեր ապահովել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90%-ը:
20. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի փակ նիստում: Շրջանավարտի ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի գնահատականը որոշվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից նշանակված գնահատականների միջին թվաբանականով:
21. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի բոլոր որոշումները քարտուղարն արձանագրում է տվյալ հաստատության կողմից սահմանված կարգով: Արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նախագահը և նիստին մասնակցած անդամները:
22. Ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի պաշտպանությանը թույլատրված, բայց չներկայացած կամ «անբավարար» գնահատված շրջանավարտին թույլատրվում է նոր պաշտպանություն` հաջորդ ուսումնական տարվա ավարտին կամ հետագա տարիներին` հաստատության սահմանած կարգով և ժամկետներում: Ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի վերահանձնումն իրականացվում է համաձայն սույն կարգի և հաստատության սահմանած ընթացակարգի:
23. Հաստատության կողմից արտոնված ձևերով և ժամկետներում արտասահմանում մասնակի ուսումնառություն անցած շրջանավարտների ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի պաշտպանությունը կարող է իրականացվել ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի) ղեկավարի կողմից առաջադրված և հաստատության ղեկավարի կողմից հաստատված առանձին ժամկետներում` սույն կարգի ընթացակարգային պահանջներին համաձայն:
24. Երկու և ավելի հաստատությունների կողմից իրականացվող համատեղ կրթական ծրագրերի շրջանավարտների համար կարող է կազմակերպվել համատեղ ամփոփիչ ատեստավորում` հաստատությունների միջև նախապես փոխհամաձայնեցված և համապատասխան պայմանագրով հաստատագրված ընթացակարգերով` պահպանելով սույն կարգի կանոնները:
25. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի հաշվետվությունը քննարկվում է համապատասխան ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի) գիտական խորհրդում և ամփոփիչ ատեստավորման ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացվում է հաստատության ղեկավարին: Ամփոփիչ ատեստավորումից հետո հաստատությունը ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում ՀՀ կրթության և գիտության նախարարություն:
26. Ամփոփիչ ատեստավորման գնահատականը (անբավարար, բավարար, լավ, գերազանց) ենթակա է լրացուցիչ քննարկման և բողոքարկման` համաձայն հետևյալ ընթացակարգային պահանջների.
1) շրջանավարտն իրավունք ունի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովից պահանջելու լրացուցիչ մեկնաբանություններ իր գնահատականի վերաբերյալ,
2) գնահատականի վերաբերյալ շրջանավարտի բողոքն ընդունվում և դիտարկվում է միայն ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կողմից ընթացակարգային խախտումների առկայության դեպքում,
3) գնահատականի լրացուցիչ քննարկման և բողոքարկման կարգը սահմանում է հաստատությունը: