041.0531.160701
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 հուլիսի 2001 թվականի N 531
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել պետական ռեգիստրի կանոնադրությունը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 18-ից:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
հուլիսի 16-ի N 531
որոշմամբ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պետական ռեգիստրն իրականացնում է իրավաբանական անձանց (բացառությամբ բանկերի) և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումը, ինչպես նաև իրավաբանական անձանց (բացառությամբ բանկերի) առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառումը:
2. Պետական ռեգիստրը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում` որպես դրա կառուցվածքային ստորաբաժանում:
3. Պետական ռեգիստրն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, ու իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ:
4. Պետական ռեգիստրի գործունեության հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
II. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Պետական ռեգիստրի հիմնական խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց (բացառությամբ բանկերի) ու անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման ու մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների խմբագրությունների կանոնադրությունների գրանցման գործառույթների իրականացումը.
բ) կուսակցությունների, հասարակական միավորումների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ կազմակերպությունների ու մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը` օրենքով սահմանված դեպքերում և կարգով.
գ) պետական ռեգիստրի աշխատողների մասնագիտական ուսուցման, որակավորման բարձրացման ապահովումը, նրանց մեթոդական օգնության կազմակերպումը.
դ) պետական միասնական գրանցամատյանի վարումը, տեղեկությունների ավտոմատացումը և համակարգչային կենտրոնացված ցանցի ստեղծումը.
ե) պետական գրանցման միասնական ծածկագրերի մշակումը և շնորհումը.
զ) պետական ռեգիստրի տեղեկագրի հրապարակումը:
III. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
6. Պետական ռեգիստրը բաղկացած է կենտրոնական մարմնից (պետական ռեգիստրի վարչություն) և տարածքային ստորաբաժանումներից (բաժիններից):
7. Պետական ռեգիստրի կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներն ստեղծվում և լուծարվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից:
8. Պետական ռեգիստրը գլխավորում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը` Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ղեկավարը:
9. Պետական ռեգիստրի ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ:
10. Պետական ռեգիստրի ղեկավարի տեղակալ - պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի ղեկավարը (վարչության պետը) և կենտրոնական մարմնի աշխատողները, ինչպես նաև տարածքային ստորաբաժանման ղեկավարը (բաժնի պետը) և աշխատողները աշխատանքի նշանակվում և աշխատանքից ազատվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից` պետական ռեգիստրի ղեկավարի ներկայացմամբ:
11. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը և տարածքային ստորաբաժանումներն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք:
IV. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
12. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պետական ռեգիստրի ղեկավարի միջոցով կազմակերպում և մեթոդական ղեկավարություն է իրականացնում պետական ռեգիստրի նկատմամբ:
13. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը (վարչությունը)`
ա) կազմակերպում է պետական գրանցման գործընթացը.
բ) հսկողություն է իրականացնում տարածքային ստորաբաժանումների գործունեության նկատմամբ.
գ) իրականացնում է հասարակական միավորումների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների միությունների պետական գրանցումը.
դ) իրականացնում է իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ (բացառությամբ վերակազմավորման դեպքերի) պայմանավորված պետական գրանցումները.
ե) իրականացնում է սույն կետի «գ» ենթակետում նշված գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականների ոչնչացումը.
զ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լրատվության միջոցներով տեղեկություններ է հրատարակում իրավաբանական անձանց գրանցման և լուծարման մասին.
է) իրականացնում է հասարակական միավորումների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների միությունների պետական գրանցամատյանի և իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի վարումը.
ը) օրենքով սահմանված դեպքերում վարում է առևտրային կազմակերպությունների մասնակիցների ռեեստրը.
թ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողություն է իրականացնում հասարակական միավորումների ու մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գործունեության նկատմամբ.
ժ) հասարակական միավորումների ու մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների կամ իրենց կանոնադրության պահանջները խախտելու դեպքում նրանց գրավոր նախազգուշացնելու, ինչպես նաև նրանց գործունեությունը կասեցնելու, դադարեցնելու կամ լուծարելու հայցապահանջով դատարան դիմելու առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին.
ժա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում վերահսկողություն է իրականացնում մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների կողմից օրենքի պահանջների պահպանման նկատմամբ և օրենքը խախտողների նկատմամբ ներգործության միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին.
ժբ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով վարչական պատասխանատվության է ենթարկում առանց համապատասխան գրանցման մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների թողարկողներին, հրապարակողներին կամ տարածողներին.
ժգ) հաստատում է հասարակական միավորումների կնիքների նախօրինակները և հիմնադրի ներկայացուցչի միջոցով դրանք ուղարկում է համապատասխան մարմիններ` կնիք պատրաստելու թույլտվություն ստանալու համար.
ժդ) սահմանված կարգով վարում է փաստաթղթերի ընդունման մատյաններ.
ժե) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից.
ժզ) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
14. Պետական ռեգիստրի ղեկավարը`
ա) ղեկավարում է պետական ռեգիստրի ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է պետական ռեգիստրի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) իրականացնում է վերահսկողություն պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների գործունեության նկատմամբ.
գ) ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների կատարումը.
դ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի (վարչության) կառուցվածքային ստորաբաժանումների (բաժինների) ղեկավարների իրավասության սահմանները.
ե) ենթակայության կարգով քննում է պետական ռեգիստրի պաշտոնատար անձանց գործողությունների նկատմամբ ներկայացված բողոքները.
զ) օրենքով սահմանված դեպքերում ստորագրում և կնքում է պետական գրանցման վկայականները.
է) իր իրավասության սահմաններում տալիս է հանձնարարականներ և գրավոր ցուցումներ.
ը) իրականացնում է միջոցառումներ աշխատողների մասնագիտական ուսուցման կազմակերպման համար.
թ) հսկողություն է իրականացնում աշխատանքային կարգապահության պահպանման, աշխատողների կողմից պաշտոնական պարտականությունների ժամանակին և օրենքի պահանջներին համապատասխան կատարման նկատմամբ.
ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Պետական ռեգիստրի ղեկավարի բացակայության դեպքում կամ նրա հանձնարարությամբ պետական ռեգիստրի ղեկավարի` սույն կանոնադրությամբ վերապահված լիազորություններն իրականացնում է նրա տեղակալ - պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի ղեկավարը (վարչության պետը):
15. Պետական ռեգիստրի ղեկավարի տեղակալ - պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի ղեկավարը (վարչության պետը)`
ա) կազմակերպում և վերահսկում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի (վարչության) աշխատանքները.
բ) ապահովում է պետական ռեգիստրի ղեկավարի հանձնարարականների և գրավոր ցուցումների կատարումը.
գ) օրենքով սահմանված դեպքերում ստորագրում և կնքում է պետական գրանցման վկայականները.
դ) պատասխանատու է պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի (վարչության) խնդիրների իրականացման համար:
16. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի (վարչության) կառուցվածքային ստորաբաժանման (բաժնի) պետը`
ա) կազմակերպում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի (վարչության) համապատասխան բաժնի աշխատանքները և իր իրավասության սահմաններում վերահսկում է պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման կողմից իր գործառույթների իրականացումը.
բ) սահմանված կարգով վարում է փաստաթղթերի ընդունման մատյաններ.
գ) կատարում է պետական ռեգիստրի ղեկավարի` իր իրավասության սահմաններում տրված հանձնարարականները և գրավոր ցուցումները.
դ) պատասխանատու է կենտրոնական մարմնի (վարչության) համապատասխան բաժնի խնդիրների իրականացման համար:
17. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներն օրենքով սահմանված կարգով իրականացնում են տվյալ տարածքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումը, բացառությամբ հասարակական միավորումների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների միությունների և սույն կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված պետական գրանցումների:
Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումն իրականացնում է սույն կետի առաջին մասում նշված, սակայն գործունեությունը դադարեցրած անձանց պետական գրանցման վկայականների ոչնչացումը:
18. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը (բաժնի պետը)`
ա) կազմակերպում է պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման աշխատանքները.
բ) հսկողություն է իրականացնում տարածքային ստորաբաժանման աշխատողների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման, նրանց կողմից պաշտոնական պարտականությունների ժամանակին և օրենքի պահանջներին համապատասխան կատարման նկատմամբ.
գ) կատարում է պետական ռեգիստրի ղեկավարի` իր իրավասության սահմաններում տրված հանձնարարականները և գրավոր ցուցումները.
դ) օրենքով սահմանված դեպքերում ստորագրում և կնքում է պետական գրանցման վկայականները.
ե) սահմանված կարգով վարում է տվյալ տարածքում գրանցված իրավաբանական անձանց պետական գրանցամատյան, որը հանդիսանում է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի մասը.
զ) սահմանված կարգով վարում է փաստաթղթերի ընդունման մատյաններ.
է) նոր գրանցվող (ստեղծվող) առևտրային կազմակերպությունների պահանջով տրամադրում է գրանցման (ստեղծման) համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևեր.
ը) ոչ ուշ, քան յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ պետական գրանցամատյանի տեղեկությունները սահմանված կարգով ներկայացնում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի (վարչության) համապատասխան բաժին.
թ) իրականացնում է միջոցառումներ աշխատողների մասնագիտական ուսուցման կազմակերպման համար.
ժ) սահմանված կարգով տեղեկություններ է տրամադրում տվյալ տարածքային ստորաբաժանման պետական գրանցամատյանից.
ի) պատասխանատու է տարածքային ստորաբաժանման խնդիրների և գործառույթների իրականացման համար:
19. Լուծարված (գործունեությունը դադարած) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման վկայականները ոչնչացնելու նպատակով պետական ռեգիստրի կենտրոնական մարմնում ստեղծվում է 3 անդամից բաղկացած հանձնաժողով: Հանձնաժողովի անդամները և նախագահը նշանակվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ:
Պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումն առանձնացնում է պետական գրանցման վկայականի սերիան և համարը կրող մասը, այն կցում պետական գրանցման քարտին և ոչ ուշ, քան յուրաքանչյուրը 6 ամիսը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում սույն կետում նշված հանձնաժողովին` կցելով համապատասխան գրանցման քարտը` վկայականի` նշված առանձնացված մասով: Հանձնաժողովն ուսումնասիրում է ոչնչացված վկայականների վերաբերյալ ստացված նյութերը` դրանք համադրելով պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունների հետո:
Հանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, կազմում է արձանագրություն, որն ստորագրում են հանձնաժողովի անդամները և պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը: Ներկայացված փաստաթղթերի և պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունների միջև անհամապատասխանություն հայտնաբերելիս` հանձնաժողովն անհապաղ զեկուցում է պետական ռեգիստրի ղեկավարին: Արձանագրության ստորագրումից հետո բոլոր փաստաթղթերը վերադարձվում են համապատասխան ստորաբաժանում` հետագա պահպանության համար:
20. Հաշվառումից հանվող իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների, ինչպես նաև փոխանակման նպատակով պետական ռեգիստր վերադարձվող վկայականները ոչնչացվում են սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: