ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
22 սեպտեմբերի 2020 թվականի N 77
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԵՂՉՈՒՄԻՑ ԿԱՄ ՆԵՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԿԱՄ ԱՆՀՈՒՍԱԼԻ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԳԾՈՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Առևտրային կազմակերպությունը իրականացնում է առքուվաճառքի գործունեություն հարկման հատուկ` շրջանառության հարկի համակարգում` բավարարելով այդ դաշտում աշխատելու պայմանները, և կուտակում է պարտքեր` ձեռքբերված ապրանքների գծով կրեդիտորական, ինչպես նաև ներգրավված դրամական միջոցների գծով` փոխառությունների տեսքով:
Արդյո՞ք նշված պարտքերի զիջումը կամ ներումը հարկման հատուկ /շրջանառության հարկի/ համակարգում գործունեություն իրականացնող կազմակերպության համար դիտարկվում է որպես եկամուտ, և եթե այո, ապա ի՞նչ դրույքաչափով է հարկվում: Նշված պարտքերը /օր. պայմանագրով նախատեսված լինելու դեպքում/ ժամկետանց դառնալիս անհրաժե՞շտ է դիտարկել որպես անհուսալի, ու հետևաբար հարկել, և եթե այո, ապա ի՞նչ դրույքաչափով:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 256-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը: Նույն մասի կիրառության իմաստով` ծառայությունների մատուցում են համարվում նաև ոչ նյութական ակտիվների օտարման գործարքները, ինչպես նաև այն գործարքները, որոնց դիմաց ստացվում են վարձակալական կամ օգտագործման վճար, տոկոս և (կամ) ռոյալթի,
i
- 257-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան` շրջանառության հարկով հարկման բազա է համարվում օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը: Նույն հոդվածի կիրառության իմաստով` եկամուտների հաշվառումն իրականացվում է օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ շրջանառության հարկով հարկման բազա է համարվում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից (այդ թվում` ոչ նյութական ակտիվների օտարման գործարքներից, վարձակալական կամ օգտագործման վճարի, տոկոսի և (կամ) ռոյալթիի տեսքով) ստացվող եկամուտները (իրացման շրջանառությունը), որոնց հաշվառումն իրականացվում է օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով: Հետևաբար` օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված շրջանառության հարկով հարկման օբյեկտ համարվող ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից տարբերվող այլ եկամուտները (այդ թվում` պարտավորությունների զեղչումից կամ ներումից ստացվող կամ անհուսալի կրեդիտորական պարտքերի դուրսգրման գծով եկամուտները) շրջանառության հարկ վճարողների համար հարկման բազա չեն համարվում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ