ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
23 հունիսի 2020 թվականի N 12
ՊՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ` ԱԱՀ-ՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
ՊՈԱԿ-ը 2019 թ.-ից պետության կողմից դրամաշնորհի ձևով ստանում է ֆինանսական աջակցություն: Պետական բյուջեով նախատեսված տարեկան գումարը կազմում է 147.107.500 դրամ, ներառյալ ԱԱՀ` 24.517.900 դրամ: ՊՈԱԿ-ի իրացման շրջանառությունը հունվար-մարտ ամիսներին կազմել է 31.698.900 դրամ: Տվյալ դեպքում ի՞նչ դրույքաչափով և ե՞րբ պետք է վճարվի ԱԱՀ-ի գումարը:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 4-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի համաձայն` ապրանքի մատակարարում է համարվում ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը մեկ անձից մեկ այլ անձի` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց: Նույն մասի 47-րդ կետի համաձայն` աշխատանքի կատարում է համարվում աշխատանքի կատարման արդյունքի սեփականության իրավունքի փոխանցումը մեկ անձից մեկ այլ անձի` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց, իսկ 48-րդ կետի համաձայն` ծառայության մատուցում է համարվում մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացումը` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց,
i
- 55-րդ հոդվածով սահմանվում են հաշվարկային փաստաթղթերը, դրանց տեսակները, դրանցով փաստաթղթավորվող գործարքները,
i
- 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով պարտավոր են դուրս գրել օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր,
i
- 59-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են ոչ առևտրային կազմակերպությունների ԱԱՀ վճարող համարվելու դեպքերը և ժամկետները,
i
- 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ են համարվում, մասնավորապես` ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ՀՀ պետական բյուջեից տրամադրվող դրամաշնորհների հաշվին ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դեպքում այդ դրամաշնորհների գումարները ներառվում են իրացման շրջանառության մեջ և հաշվի է առնվում ԱԱՀ-ի շեմի որոշման համար: Ընդ որում`
1) այն դեպքում, երբ ոչ առևտրային կազմակերպության գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցում ԱԱՀ-ի շեմը (115 մլն դրամ), ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների իրականացման դեպքում ոչ առևտրային կազմակերպությունը ԱԱՀ հաշվարկելու և վճարելու պարտավորություն չի կրում: Միաժամանակ, ոչ առևտրային կազմակերպության կողմից մինչև գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության ԱԱՀ-ի շեմը գերազանցելը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների մասով դուրս են գրվում հարկային հաշվից տարբերվող օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր,
2) այն դեպքում, երբ ոչ առևտրային կազմակերպության գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցում է ԱԱՀ-ի շեմը, ապա կազմակերպությունը պարտավոր է ԱԱՀ-ի շեմը գերազանցող ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների մասով հաշվարկել և վճարել ԱԱՀ-ի գումարները, ինչպես նաև տվյալ գործարքների մասով դուրս գրել հարկային հաշիվներ:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ