040.0338.080402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 2002 թվականի N 338
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի առաջարկությունները և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության:
i
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
(2-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1452-Ն, 28.12.17 թիվ 1703-Ն որոշումներ)
i
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի գործունեության առարկան և նպատակներն են`
ա) մասնագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը, լրացուցիչ, բարձրագույն մասնագիտական (մագիստրատուրա) և հետբուհական կրթական ծրագրերի իրականացումը.
բ) պետական կառավարման ոլորտում գիտական հիմնարար և կիրառական հետազոտությունների, փորձագիտական արժևորումների, ինչպես նաև խորհրդատվությունների իրականացումը.
գ) պետական կառավարման ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցությունը.
դ) պետական կառավարման ոլորտի` տեղեկատվավերլուծական նյութերով ապահովումը:
(3-րդ կետը փոփ. 10.04.03 թիվ 370-Ա որոշում)
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիային, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ, իրականացնել վճարովի ուսումնական, գիտահետազոտական, փորձագիտական, խորհրդատվական, հրատարակչական աշխատանքներ, ինչպես նաև իրացնել տպագիր նյութեր:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների հետ, 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կանոնադրությունը:
i
6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հետ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիային սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը և արժեքը:
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշումից բխող համապատասխան որոշումների նախագծեր:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 8-ից: