Սեղմել Esc փակելու համար:
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ...

 

 

040.0270.250310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 2010 թվականի N 270-Ն

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները` համաձայն N 1 հավելվածի:

1.1. Սահմանել արտադրական կանեփի շրջանառության հատուկ կանոնները` համաձայն N 1.1. հավելվածի:

(1.1-ին կետը լրաց. 15.07.2021 թիվ 1165-Ն որոշում)

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում (մաքսատնից մինչև պահեստ) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխման ձևաթուղթը` համաձայն N 2 հավելվածի.

2) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գծունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 3 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 18.03.11 թիվ 240-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 18.03.11 թիվ 240-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի մարտի 18-ի

N 270-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կանոններով սահմանվում են թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների օրինական շրջանառությանը ներկայացվող պահանջները: Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառություն է համարվում դրանց մշակումը, արտադրությունը, պատրաստումը, վերամշակումը, տեղափոխումը, պահումը, բացթողումը, իրացումը, բաշխումը, ձեռքբերումը, օգտագործումը, առաքումը, արտահանումը, ներմուծումը և ոչնչացումը:

2. Սույն կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված համապատասխան գործունեություն իրականացնող պետական մարմինների, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վրա:

(2-րդ կետը փոփ. 18.03.11 թիվ 240-Ն, 19.01.2023 թիվ 61-Ն որոշումներ)

3. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների մշակման, արտադրության, պատրաստման համար անհրաժեշտ են`

1) ասիստենտական սենյակ.

2) փաթեթավորման սենյակ` լվացարանով.

3) ամանեղենի մանրէազերծման սենյակ.

4) պահեստ.

5) շշերի պահպանման սենյակ.

6) դեղափոշիների պահպանման սենյակ.

7) տնտեսական ապրանքների պահպանման սենյակ.

8) սանհանգույց` լվացարանով:

4. Հոգեմետ նյութերի պատրաստման համար նախատեսված պահեստի պատուհաններն ունեն վանդակաճաղեր, դուռը մետաղյա է կամ թիթեղապատված: Պահեստն ունի մետաղյա պահարաններ և խոնավաչափ հոգեմետ նյութերը պահելու համար:

5. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների պատրաստման համար դեղերը պահվում են ըստ դեղաբանական խմբերի` դրանք ուղեկցող փաստաթղթերում սահմանված ջերմային ռեժիմում և համապատասխան լուսավորության ու խոնավության պայմաններում:

6. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների պատրաստի արտադրանքի հաշվառումն իրականացվում է կարված, էջակալված և կնքված հաշվառման գրքում, որտեղ լիարժեք արտացոլվում է ամենօրյա պատրաստի արտադրանքի շարժը:

7. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների արտադրությունը համապատասխանում է պատշաճ արտադրական գործունեության պահանջներին:

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 18.03.11 թիվ 240-Ն որոշում)

9. Տեղափոխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ծառայության զինված կարգախմբի ուղեկցությամբ (մարդկանց թիվը և տեղափոխման եղանակը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը) կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Ինկասացիոն կազմակերպություններին, նրանց կողմից օգտագործվող ավտոտրանսպորտային, տեխնիկական անվտանգության և այլ միջոցներին ներկայացվող պարտադիր պահանջները սահմանելու մասին» N 1498-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջներին համապատասխան` զրահապատ ինկասացիոն ավտոմեքենաների միջոցով:

10. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխման համար պատասխանատու իրավաբանական անձն ապահովում է դրանց պահպանումը:

11. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխման համար յուրաքանչյուր դեպքում կազմակերպության ղեկավարի կողմից կազմվում է հրաման, որով կազմակերպության աշխատողներից նշանակվում է պատասխանատու անձ` ստացման, առաքման, փոխանցման և պահպանման համար: Հրամանում նշվում է հրամանի կազմման օրը, ամիսը, տարեթիվը և համարը:

12. Տեղափոխվող թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը և դրանց պրեկուրսորները լինում են փաթեթավորված և կնքված: Դրանց վրա նշվում են ուղարկող և ստացող կազմակերպությունների գտնվելու վայրերը:

13. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխման ժամանակ տեղափոխման համար պատասխանատու անձն իր հետ ունենում է հետևյալ փաստաթղթերը`

1) ապրանքափոխադրման ամփոփագիրը.

2) հաշիվ-ապրանքագրերը.

3) պայմանագրեր կամ այլ փաստաթղթեր, որտեղ արտացոլվում են փոխադրվող ապրանքների անվանումները և քանակները.

4) տեղափոխվող ապրանքների երթուղին:

14. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխումն իրականացվում է կազմակերպությունների, երկաթուղային, ջրային, ավիացիոն, ավտոմոբիլային տրանսպորտային ճանապարհներով:

15. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների պահպանման համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն ունեն թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների պահպանման պահեստ: Պահեստի դուռը երկաթյա է, պատուհանները` վանդակաճաղերով, պահեստում տեղադրված են հատակին ամրացված չհրկիզվող երկաթյա պահարաններ: Պահեստի բանալիները պահվում են պահպանման համար պատասխանատու անձի մոտ: Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:

(15-րդ կետը փոփ. 18.03.11 թիվ 240-Ն որոշում)

15.1. Այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ներմուծում են պրեկուրսորներ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով` պրեկուրսորները կարող են պահպանել նաև ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքներում:

(15.1-ին կետը լրաց. 12.04.12 թիվ 445-Ն որոշում)

16. Այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են դեղատնային գործունեություն կամ բժշկական օգնություն և սպասարկում, հոգեմետ նյութերի պահպանման համար ունեն երկաթյա պահարան, որը տեղակայված է հատուկ դրա պահպանման համար նախատեսված վանդակաճաղերով պատուհաններով և երկաթյա դուռ ունեցող սենյակում, որն ապահովված է ձայնային ահազանգման համակարգով:

17. Թմրամիջոցները և հոգեմետ նյութերը պահպանվում են դեղաբանական խմբերին և ջերմային ռեժիմին համապատասխան:

18. Թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը և դրանց պրեկուրսորները բժշկական նպատակներով օգտագործման համար բաշխվում, բաց են թողնվում և իրացվում են բուժհաստատությունների, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների և դեղատների միջոցով:

19. Թմրամիջոցները և հոգեմետ նյութերը դեղատներից բաց են թողնվում դեղատոմսերով: Թմրադեղերը դեղատներից բաց են թողնվում հիվանդին կամ նրա լիազորած անձին` անձնագրի առկայության դեպքում: Լիազորագիրը տրվում է 2 օրինակից, հաստատվում ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության ղեկավարի կողմից: Լիազորագրի մեկ օրինակը փակցվում է հիվանդի ամբուլատոր քարտին, իսկ մյուս օրինակը մնում է դեղատանը: Հոգեմետ նյութերի դեղատոմսերի դարձերեսի վրա դեղատան աշխատողի կողմից պարտադիր լրացվում են բաց թողնման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, ստացվող դեղի (դեղերի) փաստացի քանակը (տառերով), ստացողի անձնագրի տվյալները և ստացողի ստորագրությունը: Բուժհաստատություններում թմրադեղերը դուրս են գրվում, հիմք ընդունելով բժշկի կողմից հիվանդի պատմության քարտում համապատասխան նշանակման և բաժանմունքի ավագ բուժքրոջ կողմից դուրս գրված պահանջագրերը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով:

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 18.03.11 թիվ 240-Ն որոշում)

21. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների օգտագործմամբ փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ է հետևյալ տեխնիկատեխնոլոգիական հագեցվածությունը` չորսխցիկավոր էլեկտրական ցենտրիֆուգ, էլեկտրական թափահարիչ, գազահեղուկային քրոմատոգրաֆ, մարդու կենսահեղուկներում թմրամիջոցների իմունաքիմիական որոշման սարք, թմրամիջոցների շտապ անալիզի թեստեր, քրոմատոմասսպեկտրոմետր, չորացնող պահարան, սառնարան, ջրի թորման սարք, բժշկական պահարան, դեղորայքի պահարան, սեղաններ` փորձագետների համար, աթոռներ:

22. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների օգտագործմամբ փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ են հետևյալ տարածքները` փորձաքննությունների անցկացման լաբորատորիա, նյութագիտական սենյակ, սենյակ` գազահեղուկային քրոմատոգրաֆի համար, պահեստ, ախտահանման սենյակ, գրասենյակ (հանգստի սենյակ), սանհանգույց:

23. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ունեն թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գիտական և ուսումնական նպատակով օգտագործելու համար անհրաժեշտ լաբորատորիաներ, ուսումնական և գիտական փորձերի համար անհրաժեշտ նյութերով և սարքավորումներով հագեցված կաբինետներ, պահեստ: Պահեստի դուռը երկաթյա է, պատուհանները` վանդակաճաղերով, որոնք ապահովված են ահազանգման և ազդանշանային համակարգով: Պահեստում տեղադրված են չհրկիզվող պահարաններ և խոնավաչափ: Պահեստի բանալիները պահվում են պահպանման համար պատասխանատու անձի մոտ:

23.1. Ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը և դրանց պրեկուրսորները թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման շրջանակում ծառայողական շների վարժեցման համար մաքսային մարմնին օգտագործման հանձնվելու նպատակահարմարության դեպքում մաքսային մարմինը պահանջագիրը` մաքսային մարմնի ղեկավարի կողմից հաստատված անվանացանկով ու չափաբաժիններով, ներկայացնում է նախաքննության մարմնին` քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակով հետագա ընթացքը որոշելու համար:

(23.1-ին կետը լրաց. 19.01.2023 թիվ 61-Ն որոշում)

23.2. Սույն կարգի 23.1-ին կետով նախատեսված դեպքում թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը և դրանց պրեկուրսորներն օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտով մաքսային մարմնին հետագա օգտագործման հանձնվելու դեպքում մաքսային մարմինը դրանք պահպանում է (տեղակայում է) պահեստում:

(23.2-րդ կետը լրաց. 19.01.2023 թիվ 61-Ն որոշում)

23.3. Սույն կարգի 23.2-րդ կետով նախատեսված պահեստի դուռը երկաթյա է, պատուհանները` վանդակաճաղերով, որոնք ապահովված են ահազանգման և ազդանշանային համակարգով: Պահեստում տեղադրված են չհրկիզվող պահարաններ և խոնավաչափ: Պահեստի բանալիները պահվում են պահպանման համար պատասխանատու անձի մոտ:

(23.3-րդ կետը լրաց. 19.01.2023 թիվ 61-Ն որոշում)

24. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակման համար անհրաժեշտ է դեղանյութերի, վերամշակված պատրաստուկների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առանձին պահեստ: Պահեստի դուռը մետաղյա է, պատուհանները` վանդակապատված: Պահեստում պետք է տեղադրված լինեն չհրկիզվող պահարաններ: Պահեստի բանալիները պետք է պահվեն պահպանման համար պատասխանատու անձի մոտ: Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:

(24-րդ կետը փոփ. 18.03.11 թիվ 240-Ն որոշում)

25. Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել միայն Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող թմրադեղեր և հոգեմետ դեղեր:

26. Հայաստանի Հանրապետության սահմանը հատող քաղաքացիները մաքսային անցակետում լրացնում են իրենց մոտ առկա, բժշկի կողմից նշանակված թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի քանակի և ձեռքբերման օրինականության վերաբերյալ հայտարարագիր:

27. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության լիցենզավորված անձինք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված հաշվետվությունները: Հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն են ներկայացվում յուրաքանչյուր եռամսյակից հետո 10-օրյա ժամկետում:

28. Եթե ներկայացված հաշվետվությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված ձևին, ապա համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության լիցենզավորված անձանց առաջարկվում է 3-օրյա ժամկետում շտկել թերությունները և հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:

29. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ոչնչացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների տնօրինող և դրանց ոչնչացումը կազմակերպող իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ` ոչնչացման վերաբերյալ համապատասխան ակտ կազմելու միջոցով:

 

Հավելված N 1.1

ՀՀ կառավարության

2010 թվականի մարտի 18-ի

N 270-Ն որոշման

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածով նախատեսված կանոնները կարգավորում են արտադրական կանեփի օրինական շրջանառության հատուկ կանոնները: N 1 հավելվածով նախատեսված կանոնները կիրառելի են արտադրական կանեփի շրջանառության նկատմամբ այնքանով, որքանով N 1.1 հավելվածով այլ բան նախատեսված չէ:

2. Արտադրական կանեփի շրջանառությունն իրականացվում է արդյունաբերության մեջ դրա օգտագործման նպատակով` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիաների շրջանակներում: Արգելվում է արտադրական կանեփի բույսերի մշակումը և վերամշակումը անձնական օգտագործման համար:

3. Արտադրական կանեփի մշակության և վերամշակման համար անհրաժեշտ են`

1) փակ տարածքներ` ջերմատներ, սածիլանոցներ, տնկարաններ, դրանց տեխնոլոգիական ապահովման, ինչպես նաև շահագործման համար օգտագործվող սարքեր, սարքավորումներ և նյութեր ու անվտանգության համակարգի առկայություն.

2) վերամշակման (չորացման, առանձնացման, մանրացման, յուղի զտման և այլն), փաթեթավորման սենյակ, անհրաժեշտ սարք-սարքավորումների, նյութերի հագեցվածությամբ և անվտանգության համակարգի առկայությամբ պահեստ.

3) լաբորատորիա.

4) հանդերձարան, հանգստի սենյակ:

4. Տնկարան և սածիլանոց կարող են հանդիսանալ այն փակ շինությունները, որտեղ հնարավոր է սերմերից ստանալ սածիլներ, այնուհետև մայր բույսեր, վերջիններից էլ` կտրոններ: Բոլոր փուլերում` սերմերի ծլման, հետագա աճի և զարգացման համար տնկարաններում և սածիլանոցներում պետք է ապահովվեն անհրաժեշտ պայմաններ (ջերմաստիճան, խոնավություն և այլն), մշակությունը կարող է իրականացվել դարակաշարերի վրա` արհեստական լուսավորության պայմաններում:

5. Ջերմատունը արտադրական կառույց է, որն ունի կողային պատեր և տանիք, որոնք պատված են պոլիէթիլենով, ապակիով կամ պոլիկարբոնատով, հագեցած է ջերմատանը բույսերի աճի և զարգացման համար անհրաժեշտ պայմաններ (ջերմաստիճան, խոնավություն, հովացում, լրացուցիչ լուսավորություն և այլն) ապահովող սարքերով և սարքավորումներով: Ջերմատան մոդելները կարող են լինել տարբեր` կախված տանիքի ձևից (թունելային, միաթեք կամ երկթեք), ծածկող նյութից, տանիքի թեքության աստիճանից, դրա բարձրությունից և այլ ցուցանիշներից: Ջերմատունը ճակատային կողմից ունենում է դուռ` մուտքի և ելքի նպատակով:

6. Պահեստները փակ շինություններ են, որտեղ հագեցած օդի հարաբերական խոնավության և ջերմաստիճանը կարգավորող սարքավորումներով հնարավոր է նաև բերքի չորացման ամբողջ գործընթացի իրականացում:

Պահեստի դուռը պետք է լինի մետաղյա, պատուհանները` վանդակապատված: Պահեստում պետք է տեղադրված լինեն հատակին ամրացված չհրկիզվող պահարաններ: Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և պետք է սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:

7. Տնկարանը, պահեստը, ջերմատունը, սածիլանոցը, պահեստը և լաբորատորիան պետք է ունենան հրդեհի ազդարարման ինքնաշխատ և անվտանգության ահազանգման շուրջօրյա գործուն համակարգ (անվտանգության պլան), որի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը կարող է լինել տեղային (լոկալ): Ընդ որում` հրդեհի ազդարարման ինքնաշխատ շուրջօրյա համակարգը պետք է տեղադրված լինի ամբողջ տարածքում և միացված լինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը:

8. Պահեստի և լաբորատորիայի տարածքում պետք է տեղադրված լինեն պիտանելիության ժամկետում գտնվող կրակմարիչներ ըստ տարածքի մակերեսի: Անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգը պետք է տեղադրված լինի առնվազն բոլոր արտաքին դռներին և պատուհաններին (բացառությամբ ջերմոցների) և միացված լինի ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

9. Եթե տնկարանը, պահեստը, ջերմոցը, սածիլանոցը, պահեստը կամ լաբորատորիան գտնվում են ներքին շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայություն կամ անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգ ունեցող տարածքներում, ապա այդ տարածքի անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգը պետք է միացված լինի շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայությանը կամ անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

10. Արտադրական կանեփի բերքի, մայր բույսերի, կտրոնների, սածիլների, սերմերի փոխադրումն իրականացվում է այն արտադրող անձի կողմից` համապատասխան կահավորում ունեցող ավտոտրանսպորտային միջոցով: Փոխադրումն իրականացնողն իր մոտ պարտադիր ունենում է ուղեկցական փաստաթղթեր` բեռի պարունակության, քանակի և երթուղու վերաբերյալ` հաստատված բեռի սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձի կողմից:

11. Արտադրական կանեփի բերքի, մայր բույսերի, կտրոնների, սածիլների, սերմերի, բուսախեժի փոխադրում իրականացնող անձը փոխադրվող ապրանքը դուրս չի բերում ավտոտրանսպորտային միջոցից, իսկ ավտոտրանսպորտային միջոցը չի լքում այնքան ժամանակ, քանի դեռ ապրանքը չի հասցվել տեղափոխման (առաքման) վայր:

12. Արտադրական կանեփի բերքի, մայր բույսերի, կտրոնների, սածիլների, սերմերի, բուսախեժի փոխադրումը (առաքումը) չի իրականացվում փոստային ծառայության միջոցով:

13. Արտադրական կանեփի շրջանառությանն ուղղված գործունեությունն իրականացվում է այն հասցեում, որը ներկայացվել է լիազոր պետական մարմնին, իսկ հասցեի փոփոխություն իրականացվում է միայն լիազոր մարմնի որոշմամբ:

14. Արտադրական կանեփի շրջանառությանն ուղղված գործունեություն իրականացնող անձինք վարում են գրանցամատյան, որտեղ լրացվում է յուրաքանչյուր եռամսյակում ներմուծված, գնված արտադրական կանեփի սերմերի, սածիլների, մայր բույսերի, կտրոնների և արտադրական կանեփի բերքի և դրա վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի (վաճառք, արտահանում) ծավալը և բացթողնման յուրաքանչյուր դեպքում` քանակի, գործարքի ամսաթվի, առաքողի և ստացողի վերաբերյալ նշում: Նշված գրանցամատյանները, ինչպես նաև N 3 հավելվածով սահմանված հաշվետվությունները ներբեռնվում են միասնական էլեկտրոնային հարթակում գրանցված անձնական էջում: Անձնական էջը վարում է լիցենզավորված անձը, իսկ դրանում առկա տեղեկությունները հասանելի են Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, լիազոր պետական մարմնին, տվյալ ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին, ինչպես նաև թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովում ներառված պետական մարմիններին:

15. Արտադրական կանեփի արտադրության գործընթացի արդյունքում առաջացած այն բոլոր նյութերը, այդ թվում` բույսերը, որոնք պարունակում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տետրահիդրոկաննաբինոլի (THC) և կանաբիդիոլի (CBD) թույլատրելի կոնցենտրացիայից ավելի բարձր կոնցենտրացիա, ենթակա են ոչնչացման` վերահսկողության սահմանման կարգով:

16. Արտադրական կանեփի աճեցման նպատակով սերմեր սածիլներ, մայր բույսեր, կտրոններ ներմուծում են համապատասխան լիցենզիայի շրջանակներում` յուրաքանչյուր երկրից: Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արտադրական կանեփի սերմերը ներմուծվում են դրոշմված (կնքված) և պիտակավորված փաթեթներով (տարաներով), յուրաքանչյուր խմբաքանակ ուղեկցվում է արտահանող երկրի իրավասու կազմակերպության կողմից տրված սերմերի, սածիլների, մայր բույսերի սորտային պատկանելիության և որակական ցուցանիշների հավաստագրերով և ներմուծման բուսասանիտարական հավաստագրերով:

17. Արտադրական կանեփ աճեցվում, արտադրվում է համապատասխան նպատակային նշանակությամբ հողատարածքներում կառուցված փակ կառույցներում` ջերմատներում, սածիլանոցներում, տնկարաններում:

18. Արտադրական կանեփի բույսերի, ստացված բերքի, դրա արտադրանքի վերամշակման տարբեր փուլերում և վերջնական ստացված արտադրանքի լաբորատոր փորձաքննությունն իրականացվում է փորձաքննության համար կահավորված փակ լաբորատորիաներում, իսկ վերամշակումը, այդ թվում` չորացումը, մաքրումը, մանրացումը, զտումը և փաթեթավորումը` դրա համար նախատեսված սենյակում:

19. Արտադրական կանեփի սերմերից սածիլների, դրանցից մայր բույսերի, այնուհետև կտրոնների ստացումն իրականացվում է բացառապես փակ կառույցներում, որոնք առանձնացված են կանեփի բույսերի մշակության համար նախատեսված ջերմատներից, անգամ եթե դրանք գտնվում են միմյանց հարևանությամբ

20. Ջերմատները, տնկարանները, լաբորատորիաները, պահեստներն ունեն անվտանգության ապահովման պլան, որը ներառում է տեսաձայնագրող սարքերի, ձայնային կամ լուսային ազդանշաններ արձակող սարքերի, կոդավորման համակարգով հագեցած դռների առկայություն, անվտանգության աշխատակիցների շուրջօրյա ներկայություն: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգն ունի պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:

21. Աճեցված, արտադրված, մշակված, վերամշակված արտադրական կանեփը, արտադրական կանեփի բույսերը, սերմերը, բուսախեժն ունեն տարբերակիչ փաթեթավորում, մակնշում, ինչպես նաև պարունակում են տեղեկություն դրանք արտադրած անձի, ինչպես նաև դրանց վտանգավորության վերաբերյալ:

22. Արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի, սերմերի, բուսախեժի արտահանումն իրականացվում է արտադրական կանեփի արտահանման թույլտվության առկայության պարագայում օրենքով նախատեսված լիցենզիայի շրջանակներում:

 

(1.1-ին հավելվածը լրաց. 15.07.2021 թիվ 1165-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի մարտի 18-ի

N 270-Ն որոշման

 

ՁԵՎԱԹՈՒՂԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ (ՄԱՔՍԱՏՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՊԱՀԵՍՏ) ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՐԹՈՒՂՈՒ

 

Հաստատում եմ

 

-------------------------------------------------

                         (ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

--------------------------------------------------------------------------

(թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, պրեկուրսորներ

տեղափոխող իրավաբանական անձի անվանումը, գրանցման վայրը, հասցեն)

 

______ _____________ 20 թ.

 

------------------------

                                                     (ստորագրությունը)

 

ԵՐԹՈՒՂԻ

 

ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|ՈՒղարկող իրավաբանական անձի (կազմակերպության)      |                  |

|անվանումը, գտնվելու և  գործունեության իրականացման |                  |

|վայրերը, հեռախոսահամարը                           |                  |

|__________________________________________________|__________________|

|Ստացող իրավաբանական անձի (կազմակերպության)        |                  |

|անվանումը, գտնվելու և  գործունեության իրականացման |                  |

|վայրերը, հեռախոսահամարը                           |                  |

|__________________________________________________|__________________|

|Ստացման գտնվելու վայրը                            |                  |

|__________________________________________________|__________________|

|Տեղափոխման համար օգտագործվող տրանսպորտի և         |                  |

|տրանսպորտային միջոցների տեսակները                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Տրանսպորտային միջոցների հիմնական ուղղությունները  |                  |

|(բնակեցված վայրերը և  փողոցները) տեղափոխման       |                  |

|ժամանակ                                           |                  |

|__________________________________________________|__________________|

|Նախատեսվող կանգառների վայրերը                     |                  |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի մարտի 18-ի

N 270-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

.____________________________________________________________________.

|NN |Թմրամիջոցների և   |Չափը և  |Մնացորդը  |Մուտքը |Ծախսը |Մնացորդը  |

|ը/կ|(կամ) հոգեմետ     |չափման  |եռամսյակի |       |      |եռամսյակի |

|   |(հոգեներգործուն)  |միավորը |սկզբում   |       |      |վերջում   |

|   |նյութերի և  (կամ) |(հաբ,   |          |       |      |          |

|   |դրանց պրեկուրսոր- |սրվակ,  |          |       |      |          |

|   |ների անվանումները |գրամ)   |          |       |      |          |

|___|__________________|________|__________|_______|______|__________|

|1. |                  |        |          |       |      |          |

|___|__________________|________|__________|_______|______|__________|

|2. |                  |        |          |       |      |          |

|___|__________________|________|__________|_______|______|__________|

|3. |                  |        |          |       |      |          |

|___|__________________|________|__________|_______|______|__________|

|4. |                  |        |          |       |      |          |

|___|__________________|________|__________|_______|______|__________|

|5. |                  |        |          |       |      |          |

.____________________________________________________________________.

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

--------------------------------------------------------------------------

        (տնօրենի ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը,)

 

______ _____________ 20 թ.

 

(3-րդ հավելվածը փոփ. 18.03.11 թիվ 240-Ն, 30.06.16 թիվ 691-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.03.2010
N 270-Ն
Որոշում