(ուժը կորցրել է 24.10.05 ՀՕ-202-Ն օրենք)
i
010.0016.301199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«26» հոկտեմբերի 1999 թ.
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. |
ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
կենդանիներ` գյուղատնտեսական, ընտանի, վայրի, գազանանոցային, կրկեսային, լաբորատոր կենդանիներ, մորթատու գազաններ, ընտանի և վայրի թռչուններ, ձկներ, խեցգետիններ, մեղուներ, բեղմնավորված ձկնկիթ, սաղմեր, ինկուբացիոն ձու, շերամորդի թրթուր և այլն.
անասնաբուժություն` գիտական և գործնական աշխատանքների բնագավառ, որն իրականացնում է կենդանիների հիվանդությունների կանխման, բուժման, հիվանդություններից առաջացած վնասների, անպտղության և անկումների կրճատման, կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի որակի բարձրացման, մարդկանց ու կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի համալիր միջոցառումներ.
անասնաբուժական գործունեություն` իրավաբանական և ֆիզիկական անձանց գործունեություն, որը նպատակաուղղված է կենդանիների հիվանդությունների կանխարգելմանը, բնակչությանը կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդություններից պաշտպանմանը, համաճարակային իրավիճակների կանխմանը և անասնաբուժասանիտարական պահանջների տեսակետից կենդանական ծագում ունեցող բարորակ մթերքի ստացմանը.
անասնաբուժական ծառայություն` անասնաբուժական գործունեություն իրականացնող պետական , ոչ պետական հիմնարկներ, ձեռնարկություններ և անհատ ձեռներեցներ.
անասնաբուժական մասնագետներ` անասնաբույժներ և անասնաբուժակներ, որոնք իրականացնում են կենդանիների հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման, անապահով բնակավայրերի, տնտեսությունների անասնագլխաքանակի առողջացման և բուժման աշխատանքներ, ինչպես նաև անասնապահական արտադրանքի անասնաբուժասանիտարական փորձաքննություն և անասնաբուժական այլ կարգի ծառայություններ.
անասնաբուժական կանոններ` սույն օրենքին համապատասխան անասնաբուժական պահանջներ, որոնք անասնաբուժության բնագավառում կարգավորում են իրավաբանական և ֆիզիկական անձանց գործունեությունը.
անասնաբուժական պետական հսկողություն` կազմակերպական և իրավական միջոցների համակցություն, որն ուղղված է իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից անասնաբուժական օրենսդրության պահպանմանը.
կենդանական ծագում ունեցող մթերք` միս և մսամթերք, կաթ և կաթնամթերք, ձու և ձվամթերք, ձուկ և ձկնամթերք, մեղվաբուծական մթերք և այլն.
կենդանական ծագում ունեցող հումք` կաշի, բուրդ, մազ, մորթի, փետուր, աղվամազ, ներզատիչ գեղձեր, ընդերք, աղիք, եղջյուր, սմբակ, ոսկոր, թոք, թաթաբարձիկ, կենդանական ճարպեր և այլ ենթամթերքներ, լեղի, արյուն, մոմաթերթ և այլն.
սահմանային հսկիչ անասնաբուժական կետ` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում գործող անասնաբուժական ծառայության ստորաբաժանում, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանում կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի և անասնակերերի ներմուծման ու արտահանման ժամանակ անասնաբուժասանիտարական հսկողություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանություն` օտարերկրյա պետություններից գյուղատնտեսական կենդանիների (ներառյալ թռչունների), գազանների և այլ կենդանիների հիվանդությունների ներթափանցումից.
անասնաբուժական սերտիֆիկատ` սանիտարական փաստաթուղթ, որը հավաստում է ներմուծվող (արտահանվող) անասունի (կենդանի և մորթված), թռչնի (կենդանի և մորթված) և դրանց վերամշակված մթերքների չվարակվածությունը և հաստատում, որ դրանք ծագումով սուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ ապահով տարածքներից են.
անասնաբուժական պետական փորձաքննություն` կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի և լրացակերերի որակի գնահատման և կենդանիների հիվանդությունների ախտորոշման նպատակով կատարվող հատուկ հետազոտություններ.
անասնաբուժական դեղագործություն` դեղամիջոցների, բուժկանխարգելիչ միջոցների որոնման, արտադրության, հետազոտման, պահպանման, իրացման, օգտագործման և թողարկման հարցերն ընդգրկող գիտական և գործնական գիտելիքների համալիր.
կենդանիների պաշտպանության միջոցներ` կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման, կենսաբանական, իմունակենսաբանական, բուսական, քիմիադեղագործական, անասնաբուժական նյութեր, պատրաստուկներ.
անասնաբուժական միջոցներ` անասնաբուժական գործունեության համար անհրաժեշտ նյութեր, սարքավորումներ, սարքեր, գործիքներ, անասնաբուժական հատուկ տրանսպորտ, տեխնիկա և այլն.
լրացակերեր` սպիտակուցներ, ամինաթթուներ, վիտամիններ, մակրոտարրեր, միկրոտարրեր, ֆերմենտային պատրաստուկներ, կերային խմորիչներ, ճարպեր և այլն.
կենդանիների կարանտին` պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների և տնտեսավարող սուբյեկտների ռեժիմային գործունեություն` կենդանիների վտանգավոր վարակիչ հիվանդությունների բռնկումները մեկուսացնելու և վերացնելու, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց համար սույն օրենքով նախատեսված իրավունքների ժամանակավոր սահմանափակումները և նրանց վրա լրացուցիչ թույլատրելի պարտականությունները սահմանելու ուղղությամբ.
կանխարգելիչ կարանտին` վարակիչ հիվանդությունների թափանցումը կանխող միջոցառումներ, որոնք նախատեսվում են ձեռք բերված կենդանիներին 30 օրվա ընթացքում առանձնացված պահելու և հիվանդությունների ախտորոշման նպատակով հետազոտություններ ու կանխարգելիչ պատվաստումներ կատարելու համար.
կենդանիների կարանտինային հիվանդություններ` կենդանիների հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդություններ, որոնք կարող են մեծ վնաս պատճառել կենդանիների առողջությանը և իջեցնել կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի որակը.
համաճարակ` կենդանիների վարակիչ հիվանդությունների համեմատաբար կարճ ժամկետում արագորեն տարածվելու և զգալի տարածքներ գրավելու իրադրություն, որը բնորոշվում է ընթացքի անընդհատությամբ.
կենդանիների հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդություններ` հիվանդություններ, որոնք ունեն արագորեն տարածվելու, ընդարձակ տարածքներ ընդգրկելու և մեծ տնտեսական վնասներ հասցնելու հատկություն (սահմանում է Համաշխարհային համաճարակային բյուրոն` հիվանդությունների «Ա» խմբի ցանկում):
ՀՈԴՎԱԾ 2. |
ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ |
Սույն օրենքը կարգավորում է անասնաբուժության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) և Հայաստանի Հանրապետությունում գործող հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, անհատ ձեռներեցների (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ), ինչպես նաև քաղաքացիների իրավահարաբերությունները:
ՀՈԴՎԱԾ 3. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
i
1. Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժության բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
i
ՀՈԴՎԱԾ 4. |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ |
Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժության բնագավառում պետական կառավարումն իրականացնում է լիազորված մարմինը: Լիազորված մարմինը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում`
ա) անասնաբուժական կանոնադրությունը և սույն օրենքով նախատեսվող մյուս ենթաօրենսդրական ակտերը.
բ) կենդանիների կարանտինային և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և վերացմանն ուղղված նպատակային ծրագրերը.
գ) կենդանիների` հատուկ վտանգ ներկայացնող վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների օջախների տարածմանը, կանխարգելմանն և վերացմանն ուղղված կարանտին և այլ սահմանափակումներ սահմանելը և չեղյալ հայտարարելը:
Անասնաբուժական պետական ծառայությունը ղեկավարում է լիազորված մարմինը, որն իր գործունեությունն իրականացնում է հանրապետական, մարզային, տարածաշրջանային անասնաբուժական ծառայությունների, ինչպես նաև իրեն ենթակա հիմնարկների, կազմակերպությունների միջոցով:
Լիազորված մարմինը`
ա) կազմակերպում է անասնաբուժական ծառայություն, իր իրավասության սահմաններում ղեկավարում է անասնաբուժական ծառայության գործունեությունը, ամրապնդում է դրա նյութատեխնիկական բազան.
բ) կազմակերպում և իրականացնում է կենդանիների և թռչունների վարակիչ, մակաբուծային և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, ախտորոշմանը, բուժմանը և վերացմանն ուղղված միջոցառումները.
գ) կանխորոշում և գնահատում է հանրապետությունում համաճարակային իրավիճակը, ապահովում է անասնապահությամբ զբաղվող իրավաբանական, ֆիզիկական անձանց կողմից կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման, ինչպես նաև ախտահանման, դեզինսեկցիայի, դեռատիզացիայի և այլ միջոցառումների պարտադիր կատարման ենթակա պահանջների իրագործումը.
դ) առողջապահական մարմինների հետ համատեղ իրականացնում է մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների դեմ պաշտպանության միջոցառումներ.
ե) գերատեսչական անասնաբուժական ծառայություններին, տնտեսավարող սուբյեկտներին և քաղաքացիներին տալիս է անասնաբուժական հարցերին վերաբերող ցուցումներ` պարտադիր կատարման համար, ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր.
զ) ընդունում է անասնաբուժության վերաբերյալ հրահանգներ և նորմատիվ ակտեր.
է) մասնակցում է միջազգային, տարածաշրջանային, միջպետական անասնաբուժական աշխատանքներին.
ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
ԳԼՈՒԽ 2.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 5. |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ |
Անասնաբուժական ծառայության գործունեության հիմնական խնդիրներն են`
ա) կենդանիների վարակիչ, մակաբուծային, ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշումը, կանխարգելումն ու վերացումը.
բ) հիվանդ կենդանիների բուժումը.
գ) մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանումը.
դ) օտարերկրյա պետություններից կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումը կանխելու նպատակով հանրապետության տարածքի պահպանությունը.
ե) անասնաբուժասանիտարական պահանջների տեսակետից անվտանգ անասնապահական հումքի արտադրության հսկողության ապահովումը.
զ) կենդանիների տեղափոխման, ներմուծման, արտահանման, կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի, կենդանիների պաշտպանության միջոցների, անասնաբուժական պատրաստուկների, կերերի և լրացակերերի նկատմամբ հսկողությունը.
է) կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի, կենդանիների կերերի, կերախառնուրդների, դրանց հետագա վերամշակման, կենդանիների պաշտպանության միջոցների ներմուծման և արտահանման դեպքում, ինչպես նաև անասնապահական մթերքի իրացման կետերում անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումը.
ը) հանրապետությունում կենդանիների հիվանդությունների համաճարակային իրավիճակի կանխորոշումն ու գնահատումը.
թ) շրջակա միջավայրի պաշտպանության համար իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից անասնաբուժասանիտարական պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը.
ժ) անասնաբուժության բնագավառի գիտական նվաճումների և առաջավոր փորձի ներդրումը.
ժա) անասնաբուժական պետական ծառայության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:
ՀՈԴՎԱԾ 6. |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ |
i
Անասնաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն համապատասխան մասնագիտական կրթությամբ իրավաբանական և ֆիզիկական անձինք` լիազորված մարմնի տված արտոնագրի առկայության դեպքում: Իրավաբանական և ֆիզիկական անձանց ստեղծած անասնաբուժական ծառայություններն իրենց գործունեությունն իրականացնում են լիազորված մարմնի մասնագիտական հսկողությամբ և մեթոդական ղեկավարմամբ: Արտոնագրի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 7. |
ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ |
Տնտեսավորող սուբյեկտների իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտականություններն են`
ա) կատարել կենդանիների զննման, կանխարգելիչ և բուժկանխարգելիչ մշակումների, ախտորոշիչ հետազոտությունների, պատվաստումների, ինչպես նաև կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի և այլ միջոցների անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկման վերաբերյալ անասնաբուժական պետական ծառայության մասնագետների պահանջը. կենդանիների անկումների, կասկած հարուցող դեպքերի մասին իրազեկումը.
բ) հիվանդության կասկած հարուցող կենդանիների մեկուսացումը.
գ) անասնաբուժական ծառայությունների մասնագետների տված ցուցումների կատարումը սահմանված կարանտինային սահմանափակող և անասնաբուժական այլ միջոցառումների անցկացման վերաբերյալ.
դ) կենդանիների փոխադրման (տեղափոխման), սպանդի, կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի վերամշակման ու իրացման անասնաբուժասանիտարական կանոնների պահպանումը.
ե) կենդանիների պահվածքի, անասնապահական մթերքի ու հումքի պահպանման, վերամշակման և իրացման կառույցների շինարարության և շահագործման ժամանակ զոոհիգիենիկ նորմերի և անասնաբուժասանիտարական պահանջների կատարումը:
Տնտեսավարող սուբյեկտները, իրավաբանական և ֆիզիկական անձինք կենդանիների առողջությանն ու պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, անասնաբուժասանիտարական պահանջների տեսակետից կենդանական ծագում ունեցող վնասակար արտադրանքի արտադրության կասեցմանը, կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի կարանտինային, անասնաբուժասանիտարական միջոցառումների իրականացմանը խոչընդոտելու, ինչպես նաև անասնաբուժական կանոնները խախտելու դեպքերում ենթարկվում են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնց գործունեությունը կապված է կենդանիների աճեցման, փոխադրման, վաճառքի, ինչպես նաև կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի արտադրության, վերամշակման, պահպանման և իրացման, կենդանիների պաշտպանության միջոցների արտադրության և իրացման հետ, իրավունք ունեն`
ա) ստանալ տեղեկատվություն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից (այդ թվում` համապատասխան պետական անասնաբուժական ղեկավար մարմիններից և հիմնարկներից) իրենց սպասարկող տարածքների անասնաճարակային վիճակի մասին.
բ) առաջարկություններ անել անասնապահության մեջ անասնաբուժասանիտարական և անասնաճարակային ապահովության ծրագրեր կազմելու նպատակով.
գ) այլ իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջել վնասների փոխհատուցում` իրենց հասցված անասնաբուժասանիտարական պահանջները և կանոնները խախտելու դեպքում.
դ) բողոքարկել պետական անասնաբուժական ղեկավար մարմնի ու հիմնարկների պաշտոնատար անձանց որոշումները և գործողությունները Հայաստանի Հանրապետության անասնաբուժական գլխավոր պետական տեսուչի մոտ կամ դատարանում:
ՀՈԴՎԱԾ 8. |
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ |
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները`
ա) անասնաբուժական ծառայություն իրականացնելու համար ստեղծում են անհրաժեշտ պայմաններ և ապահովում են օրենսդրական պահանջների իրականացումը.
բ) կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների օջախների ծագման դեպքում համապատասխան տարածքներում (բնակավայրերում, բակերում), վարչատարածքային պետական անասնաբուժական ծառայության մարմինների ներկայացմամբ, տարածքային պետական կառավարման մարմինների կողմից սահմանում և չեղյալ են հայտարարում կենդանիների հիվանդությունների տարածման ու դրանց օջախների վերացմանն ուղղված կարանտինն ու կարանտինային սահմանափակումները, այդ թվում նաև` տնտեսական գործունեության արտադրական հատուկ պայմաններն ու ռեժիմները.
գ) աջակցում են համայնքի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման, կենդանիների հիվանդությունների կանխման կանոնների պահպանման աշխատանքներին.
դ) հսկողություն են սահմանում անասնապահական օբյեկտների` կենդանական ծագում ունեցող մթերք և հումք արտադրող, վերամշակող, իրացնող տնտեսավարող սուբյեկտների` շրջակա միջավայրի պահպանության գծով նախատեսված անասնաբուժասանիտարական միջոցառումների կատարման վրա:
ԳԼՈՒԽ 3.
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 9. |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ |
Լիազորված մարմինը, իր իրավասության սահմաններում, իրականացնում է անասնաբուժական պետական հսկողություն:
Անասնաբուժական պետական հսկողությունը կազմակերպական և իրավական միջոցառումների համակցություն է` տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների կողմից հակահամաճարակային միջոցների, կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման կազմակերպման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքը վարակիչ հիվանդությունների ներթափանցումից պաշտպանելու միջոցառումների հսկողության իրականացման նպատակներով:
Լիազորված մարմինն անասնաբուժական պետական հսկողություն է իրականացնում նաև անասնապահական մթերքի արտադրության պահպանման և իրացման, հանրապետության տարածք ներմուծվող և արտահանվող, ինչպես նաև անասնաբուժական ծառայության հսկման ենթակա տարանցիկ փոխադրվող բեռների նկատմամբ:
Անասնաբուժասանիտարական փորձաքննության լաբորատորիայի անասնաբույժն իրավունք ունի դադարեցնել իրացման համար ոչ պիտանի ճանաչված մթերքը (արտադրանքը): Այդպիսի մթերքը վաճառող օբյեկտների սեփականատերերը, հանրապետական անասնաբուժական լաբորատորիայի եզրակացության հիման վրա, անասնաբույժի ուղեկցմամբ պետք է ուղարկեն վերամշակման կամ օգտահանման:
Կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի իրացումը վաճառքի համար չնախատեսված վայրերում արգելվում է:
Կենդանիների առողջական վիճակը, կենդանական ծագում ունեցող արտադրանքի և հումքի որակը հաստատող փաստաթղթերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:
Տնտեսավարող սուբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում անասնաբուժասանիտարական պետական փորձաքննություն չանցած արտադրանքն իրացնելու համար:
Անասնաբուժական միջոցառումները չկատարելու պատճառով շրջակա միջավայրին և պետության շահերին վնաս հասցնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Անասնաբուժական պետական հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության գլխավոր անասնաբուժական պետական տեսուչը և անասնաբուժական պետական տեսուչները:
i
ՀՈԴՎԱԾ 10. |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
Անասնաբուժական պետական հսկողություն իրականացնող անձինք իրավունք ունեն`
ա) սահմանված կարգով այցելել համապատասխան տարածքներում հսկողության տակ գտնվող օբյեկտները.
բ) համաճարակային վիճակը պարզելու, կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի որակը գնահատելու համար պահանջել տնտեսավարող սուբյեկտներից անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ.
գ) տալ պարտադիր կատարման համար կարգադրագիր` հակահամաճարակային և անասնաբուժասանիտարական միջոցառումների կատարման վերաբերյալ.
դ) կենդանիների վարակիչ հիվանդությունների առկայության կամ հատուկ վարակիչ հիվանդության ծագման կասկածի դեպքում տալ համապատասխան կարգադրագիր` կենդանիների սպանդի, կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի վարակազերծման, դրանց վերամշակման կամ օգտահանման վերաբերյալ.
ե) արգելել կենդանական ծագում ունեցող մթերքի իրացումը և անասնաբուժասանիտարական պահանջները չբավարարող կենդանական ծագում ունեցող հումքի վերամշակումը, ինչպես նաև կենդանիների պաշտպանության միջոցները, լրացակերերը, որոնք որակի տեսակետից չեն համապատասխանում սահմանված պահանջներին.
զ) արտոնագրի պայմանների խախտման դեպքում ժամանակավորապես դադարեցնել անասնաբուժական ձեռներեցության գործունեությունը, անասնաբուժական պատրաստուկների արտադրությունը և իրացումը, ինչպես նաև սահմանափակել անասնաբուժական նորմերը և կանոնները խախտող տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը, որոնք կարող են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնել:
Անասնաբուժական պետական հսկողություն իրականացնող անձինք պարտավոր են`
ա) տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնել իրենց ծառայողական վկայականը և ստուգման վերաբերյալ առաջադրանքները` հսկողությունն իրականացնելու մասին.
բ) կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների կամ զանգվածային թունավորումների օջախների հայտնաբերման դեպքում, 1 օրվա ընթացքում, պետական կառավարման տարածքային համապատասխան մարմին ներկայացնել վարակիչ հիվանդությունների, այդ թվում` մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով հատուկ ռեժիմի և կանոնների կատարման համար առաջարկություն.
գ) անհրաժեշտության դեպքում ստեղծել անասնաբուժական պետական ծառայության մասնագետներից կազմված հանձնաժողովներ` բռնկված հիվանդությունների և կենդանիների անկումների պատճառները բացահայտելու և վերացնելու նպատակով:
Անասնաբուժական պետական հսկողություն իրականացնող անձինք իրենց պարտականությունները չկատարելու, լիազորությունները չարաշահելու, պետական գաղտնիք համարվող տեղեկությունները հրապարակելու դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Անասնաբուժական պետական հսկողություն իրականացնող անձանց անօրինական գործողությունների հետևանքով պատճառված վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 11. |
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑԱԿԵՐԵՐԻ ՈՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ |
Անասնաբուժական պետական տեսուչները հսկողություն են իրականացնում`
ա) կենդանիների պաշտպանության միջոցների և լրացակերերի օգտագործման նկատմամբ, ինչպես նաև ստուգում են դրանք տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու համար ոչ պիտանի ճանաչված պատրաստուկների վարակազերծման կանոնների կատարման պահպանումը.
բ) կենդանիների պաշտպանության հայրենական և ներմուծված պատրաստուկների և լրացակերերի որակի նկատմամբ:
Հայաստանի Հանրապետությունում գրանցում չունեցող կամ որակի պահանջները չբավարարող կենդանիների պաշտպանության միջոցների և հատուկ լրացակերերի օգտագործումն արգելվում է:
Պետական գրանցում չունեցող կենդանիների պաշտպանության միջոցները և լրացակերերը կարող են ներմուծվել Հայաստանի Հանրապետություն հետևյալ դեպքերում`
ա) Հայաստանի Հանրապետությունում գրանցվելու նպատակով.
բ) ցուցահանդեսներում, կոնֆերանսներում ցուցադրելու համար` առանց վաճառքի (իրացման) իրավունքի, ինչպես նաև գիտական նպատակներով:
Կենդանիների պաշտպանության միջոցների և լրացակերերի ներմուծման կարգը վերոհիշյալ դեպքերում որոշում է լիազորված մարմինը:
Տարերային աղետների, համաճարակների և նման այլ դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությունը թույլատրում է ներմուծել պաշտպանության միջոցներ և լրացակերեր, եթե ներկայացվում է դրանք արտադրող երկրում այդ պատրաստուկների գրանցումը և օգտագործումը հաստատող փաստաթուղթը:
ՀՈԴՎԱԾ 12. |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼԻՍ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ |
Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, պատրաստի սննդամթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, միկրոօրգանիզմների շտամների, կենդանիների պաշտպանության միջոցների, անասնաբուժական միջոցների, ինչպես նաև կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչների կրողներ համարվող նյութերը և առարկաները և անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա բեռների մուտքը և արտահանումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թույլատրվում է միայն պարտադիր կարգով` անասնաբուժական պետական հսկողությունն անցնելուց հետո:
Բեռների մաքսային ձևակերպումը կարող է ավարտված համարվել միայն անասնաբուժական պետական հսկողության տարածքային ծառայության և մաքսային վարչության մասնագետների կողմից վերահսկողություն անցնելուց հետո: Ընդ որում, անասնաբուժական պետական տեսուչների աշխատանքային վայրը պետք է գտնվի մաքսային հսկողության միևնույն գոտում:
Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի ու հումքի և անասնաբուժական պետական հսկողության ենթակա այլ բեռների ներմուծումը, արտահանումը կամ տարանցիկ փոխադրումը կատարվում է սույն օրենքին և միջազգային անասնաբուժական օրենսդրության պահանջներին համապատասխան:
Ներմուծված կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի և կենդանիների կերերի իրացումը թույլատրվում է միայն անասնաբուժասանիտարական պետական փորձաքննություն անցնելուց հետո:
ՀՈԴՎԱԾ 13. |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ |
Անասնաբուժական պետական վերահսկողություն իրականացնող պետական տեսուչների որոշման հետ չհամաձայնվելու դեպքում ապրանքի սեփականատերը (ներկրողը) իրավունք ունի այն բողոքարկել` դիմելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, իսկ վերջինիս որոշումը բողոքարկվում է դատարանում` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
ԳԼՈՒԽ 4.
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 14. |
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԸ |
i
Կենդանիների կարանտինային հիվանդությունների ծագման տարածքներում կարանտինը սահմանում և չեղյալ են հայտարարում պետական կառավարման տարածքային մարմինները` լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանման ներկայացմամբ, իսկ մեկ կամ մի քանի մարզերում ծագելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` լիազորված մարմնի ներկայացմամբ:
Կարանտինի սահմանումը կատարվում է գործող հրահանգների համաձայն:
ՀՈԴՎԱԾ 15. |
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ |
Կենդանիների կարանտինի սահմանման դեպքում կարող է մտցվել լրիվ կամ մասնակի արգելք:
Երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, ինչպես նաև կարանտինային կամ վարակի սպառնացող գոտում գտնվող տարածքներում դադարեցվում է կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի, կերերի և այլ արտադրանքի (որոնք կարող են վարակի հարուցիչների կրողներ և փոխանցման գործոններ լինել) բեռնումը և բեռնաթափումը, այդ թվում նաև` ծանրոցների ձևով կամ ձեռքով փոխադրումը:
Արտակարգ դեպքերում կարանտինային միջոցառումների իրականացման և համաճարակի օջախները վերացնելու նպատակով ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների հետ մեկտեղ կարող են ներգրավվել նաև զինված ուժերի ստորաբաժանումներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 16. |
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
Օտարերկրյա պետություններից կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումը հանրապետության տարածք կանխելու նպատակով արգելվում է`
ա) հիվանդ կամ հիվանդության կասկած հարուցող կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի և անասնաբուժական հսկողության ենթակա այլ միջոցների ներմուծումն ու տարանցիկ փոխադրումը.
բ) կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի և անասնակերերի փոխադրումն առանց համապատասխան սերտիֆիկատի առկայության:
i
ՀՈԴՎԱԾ 17. |
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԹԵՐՔԻ ԵՎ ՀՈՒՄՔԻ ԱՌԳՐԱՎՈՒՄԸ |
Կենդանիների հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու և վարակի օջախները վերացնելու նպատակով վարակակիր կենդանիները կարող են ենթարկվել հարկադիր սպանդի, ոչնչացման կամ օգտահանման, կենդանական ծագում ունեցող մթերքը և հումքը` վերամշակման, ոչնչացման կամ նույնպես օգտահանման, իսկ դրանց հետ շփված միջոցները` ախտահանման կամ ոչնչացման` համապատասխան լաբորատոր եզրակացությունից հետո, լիազորված մարմնի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների հետագա տարածումը կանխելու, բնակչության առողջությունը պահպանելու նպատակով ոչնչացված կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի և այլ միջոցների արժեքը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կենդանիները, կենդանական ծագում ունեցող մթերքը, հումքը և այլ միջոցները, եթե ոչնչացվել կամ օգտահանվել են տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների կողմից անասնաբուժական միջոցառումները չկատարելու պատճառով, և որի հետևանքով միաժամանակ վնաս է հասցվել շրջակա միջավայրին և պետության շահերին, ապա կենդանիների, անասնապահական հումքի և այլ միջոցների արժեքը չի փոխհատուցվում:
i
ՀՈԴՎԱԾ 18. |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
Անասնաբուժական պատրաստուկների և կենդանիների պաշտպանության այլ միջոցների արտադրությունը, ներկրումը, օգտագործումն ու պահպանումը թույլ է տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Անասնաբուժական պատրաստուկների, կենդանիների հիվանդությունների պաշտպանիչ այլ միջոցների, լրացակերերի, ինչպես նաև ներմուծվող և այլ նյութերի փորձարկման նկատմամբ պետական հսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը:
ԳԼՈՒԽ 5.
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 19. |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ |
Անասնաբուժական պետական ծառայության ֆինանսավորումը և նյութատեխնիկական բազայի ապահովումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
Լիազորված մարմնի սահմանած ցանկում չընդգրկված վարակիչ և տարբեր հիվանդություններով հիվանդ կենդանիներին բուժելու, հիվանդությունները կանխարգելելու և վերացնելու միջոցառումները տնտեսավարող սուբյեկտները և քաղաքացիներն իրականացնում են սեփական միջոցների հաշվին:
ԳԼՈՒԽ 6.
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
ՀՈԴՎԱԾ 20. |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ |
Անասնաբուժության բնագավառում արտակարգ իրավիճակները կանխելու, դեղամիջոցների ու պատրաստուկների արդյունավետության և անվտանգության փորձաքննություն անցկացնելու նպատակով լիազորված մարմինը կարող է ստեղծել հասարակական հիմունքներով գործող անասնաբուժության հարցերի խորհուրդ և անասնաբուժական դեղաբանական հանձնաժողով:
Անասնաբուժության հարցերի խորհրդի և անասնաբուժական դեղաբանական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատում է լիազորված մարմինը:
ՀՈԴՎԱԾ 21. |
ՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ |
Կենդանիների զանգվածային հիվանդությունների կամ թունավորումների նախազգուշացման, կանխարգելման և վերացման աշխատանքների ընթացքում տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների գործունեությունն օպերատիվ վերահսկելու, ղեկավարելու և համադասելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստեղծում է պետական հակահամաճարակային արտակարգ հանձնաժողով:
Պետական հակահամաճարակային արտակարգ հանձնաժողովներ ստեղծվում են նաև մարզերում:
Կենդանիների և կենդանական ծագում ունեցող մթերքի ու հումքի դուրսբերումը կարանտինային գոտուց թույլատրվում է միայն պետական հակահամաճարակային արտակարգ հանձնաժողովի որոշմամբ:
ԳԼՈՒԽ 7.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 22. |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ |
Անասնաբուժության ոլորտում միջազգային համագործակցությունն իրականացվում է`
ա) միջազգային կազմակերպությունների աշխատանքներին մասնակցությամբ, այլ երկրների տարածքներից կենդանիների վտանգավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցման նախազգուշացմամբ, կենդանիների, անասնապահական մթերքի ու հումքի ներմուծման և արտահանման նորմատիվների միասնականացմամբ.
բ) կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների ախտորոշման մեթոդների, իմունակենսաբանական, կենսաբանական, բուսական, քիմիական, քիմիադեղագործական և անասնաբուժական այլ պատրաստուկների օգտագործման միասնականացման վերաբերյալ անասնաբուժության ոլորտի օրենսդրության համաձայնեցմամբ.
գ) գիտական և մասնագիտական կապերով ու շփումներով.
դ) անասնապահության համաճարակային վիճակի մասին տեղեկատվության փոխանակմամբ:
30 նոյեմբերի 1999 թ.
ՀՕ-16