01.05.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 9-ին
i
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքի նպատակը էներգախնայողության իրականացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանումն է, ուղղված`
- Հայաստանի Հանրապետության տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը.
- Հայաստանի Հանրապետության տնտեսական և էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը.
- էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը և ծառայությունների կազմակերպմանը.
- շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը:
Հոդված 2. |
Օրենքի հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
էներգաարդյունավետության ցուցանիշ` էներգատեղակայանքների համար Ազգային ստանդարտներով ամրագրված էներգակիրների օգտագործման կամ կորստի բացարձակ, տեսակարար կամ հարաբերական մեծությունը ցանկացած տեսակի արտադրանքի արտադրությունում (ծառայության մատուցման ընթացքում) կամ տեխնոլոգիական պրոցեսում.
էներգախնայողություն` իրավական, կազմակերպչական, գիտական, արտադրական, տեխնիկական և տնտեսական նպատակային գործունեություն` ուղղված էներգետիկ ռեսուրսների տեսակարար ծախսի նվազեցմանը.
էներգակիր` զանազան ագրեգատային վիճակներում գտնվող նյութ (պինդ, հեղուկ, գազային) կամ մատերիայի այլ ձևեր (պլազմա, դաշտ, ճառագայթում և այլն), որոնցում կուտակված էներգիան կարող է օգտագործվել էներգամատակարարման նպատակով.
էներգակիրների արդյունավետ օգտագործում` տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման ժամանակակից մակարդակով և շրջակա միջավայրի պահպանման պահանջներով պայմանավորված էներգակիրների օգտագործումը տնտեսապես շահավետ և առավելագույն արդյունավետություն ստանալու պայմանով.
էներգետիկ փորձաքննություն` խորհրդատվական ծառայություն` ուղղված իրավաբանական և ֆիզիկական անձանց էներգետիկական տնտեսությունների էներգետիկ հաշվեկշիռների և (կամ) էներգատեղակայանքներում էներգակիրների արդյունավետ օգտագործման էներգաարդյունավետության ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն ներառող փաստաթղթերում (այսուհետ` էներգետիկ հաշվետվություններ) առկա տեղեկատվության ստուգմանը (այդ թվում` էներգաարդյունավետության ցուցանիշների չափագրմամբ), որի արդյունքում տրամադրվում է էներգետիկ փորձաքննական եզրակացություն.
էներգատեղակայանք` էներգիայի արտադրության, կերպափոխման, հաղորդման, կուտակման, բաշխման և սպառման համար նախատեսված սարքավորումներ կամ փոխկապակցված սարքավորումների և կառույցների համալիր.
վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ` էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի արտադրության համար կիրառելի ոչ հանածո վերականգնվող աղբյուրներ (հողմային, արևային, ջրային, երկրաջերմային, կենսազանգվածի, կենսագազի և այլն).↩
հողմային էներգիայի աղբյուր` քամի.
արեգակնային էներգիայի աղբյուր` արեգակից փոխանցված ճառագայթներ.
ջրային էներգիայի աղբյուր` մակերևութային և ստորերկրյա ջրեր.
երկրաջերմային էներգիայի աղբյուր` ստորերկրյա տաք ջրեր (հիդրոթերմալ աղբյուր) կամ ապարների ջերմություն (երկրաթերմալ աղբյուր).
կենսազանգվածի էներգիայի աղբյուր` մարդու կենսաբանական կամ տնտեսական գործունեության և այլ կենդանական ծագում ունեցող օրգանական և (կամ) այրվող արգասիքներ, բուսական մնացորդներ և թափոններ, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսեր.
էներգետիկ հաշվեկշիռ` սահմանված ժամանակահատվածում արդյունահանված, արտադրված, ներմուծված, վերամշակված, փոխակերպված, փոխադրված, բաշխված և պահեստավորված, արտահանված ու օգտագործված էներգակիրների քանակական բազային բնութագիր.
վերականգնվող էներգետիկա` վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից էներգակիրների և մեխանիկական էներգիայի ստացման ոլորտ:
(2-րդ հոդ. փոփ. 12.05.16 ՀՕ-67-Ն, 04.06.21 ՀՕ-260-Ն օրենքներ)
Հոդված 3. |
Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխհարաբերությունները էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործունեություն իրականացնելիս`
ա) էներգետիկ, այդ թվում` վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ արտադրող, փոխադրող, բաշխող, փոխակերպող, պահեստավորող և օգտագործող էներգատեղակայանքների, մեքենաների, սարքավորումների և ապրանքների մշակման, արտադրության, ներմուծման և օգտագործման ոլորտներում.
բ) շենքերի և կառուցվածքների էներգետիկ արդյունավետության բարձրացման նպատակով ժամանակակից կառուցվածքաջերմամեկուսիչ, ջերմամեկուսիչ ու հերմետիկացնող նյութերի և շինվածքների մշակման, արտադրության, ներմուծման ոլորտներում.
գ) էներգակիրներ սպառող արտադրատեխնիկական համալիրների (այդ թվում` լուսավորման, ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման և ջրահեռացման համալիրների) ու շենքերի և կառուցվածքների էներգաարդյունավետ նախագծերի, տեխնոլոգիաների և տեխնիկական լուծումների մշակման ու ներդրման ոլորտներում.
դ) էներգետիկ ռեսուրսների որակի որոշման, հաշվառքի և սպառման կարգավորման սարքերի ու տեխնիկական համալիրների մշակման, արտադրության, ներմուծման և օգտագործման ոլորտներում.
ե) («ե» կետն ուժը կորցրել է 18.06.2016 թվականից` 12.05.16 ՀՕ-67-Ն օրենք)
զ) էներգետիկ ռեսուրսների, այդ թվում` վերականգնվող, արդյունավետ օգտագործման համար կազմակերպական, գիտահետազոտական, նախագծային, փորձաքննական, մշակման, կառուցման, վերակառուցման և կարգաբերման աշխատանքների կատարման ոլորտներում:
(3-րդ հոդ. փոփ. 14.04.11 ՀՕ-130-Ն, 12.05.16 ՀՕ-67-Ն օրենքներ)
Հոդված 4. |
Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի իրավական կարգավորումը |
1. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
i
Հոդված 5. |
Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները |
1. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականությունը հիմնված է այդ գործունեության շրջանակներում ներգրավվող կողմերի կամավորության սկզբունքի վրա, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականության սկզբունքներն են`
ա) սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսներով տնտեսության էներգետիկ պահանջարկի բավարարման մակարդակի բարձրացումը.
բ) էներգախնայողության իրականացումը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող իրավական և տնտեսական մեխանիզմների ստեղծումը և կիրառումը.
գ) ներկրվող և արդյունահանվող էներգետիկ ռեսուրսների ծավալների աճի դեպքում` աճի նկատմամբ էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման գերակայության ապահովումը.
դ) վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման, ինչպես նաև դրան նպաստող նոր տեխնոլոգիաների կիրառման աճի ու զարգացման ապահովումը.
ե) վերականգնվող էներգետիկ ռեսուրսների իրացման մրցունակության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության ապահովումը.
զ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված միջոցառումներում բնական ռեսուրսների արդյունավետ (խնայողաբար) օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության խնդիրների գերակայության ապահովումը.
է) էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի էներգաարդյունավետ արտադրության խրախուսումը, այդ թվում` ինքնավար էներգաարտադրողների համար.
ը) ինքնավար էներգաարտադրողների և էլեկտրաէներգետիկական համակարգի համատեղ աշխատանքի խրախուսումը` էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանով.↩
թ) սպառողների կողմից տարբեր տեսակի էներգակիրների և էներգախնայողական տեխնոլոգիաների ընտրության և օգտագործման խրախուսումը.
ժ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի պետական (ազգային) նպատակային ծրագրերի իրագործումը:
i
3. Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջները պետք է պահպանեն նախագծողները, կառուցապատողները և շահագործման ընդունողները: Էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(5-րդ հոդ. փոփ. 12.05.16 ՀՕ-67-Ն, 04.06.21 ՀՕ-260-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 2.
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
i
Հոդված 6. |
Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարումը |
1. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարումը պետության կողմից վարվող քաղաքականության մշակումն ու իրականացումն է հետևյալ ուղղություններով`
ա) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական (ազգային, նպատակային) ծրագրերի մշակումը, ընդունումը և իրականացումը.
բ) էներգակիրների արդյունավետ օգտագործման ուղղությամբ պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների կազմակերպումը և համակարգումը.
գ) Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման պետական ծրագրերում, համայնքների զարգացման քառամյա ծրագրերում, ինչպես նաև 50 և ավելի տոկոս պետական բաժնեմասով ընկերությունների զարգացման ծրագրերում էներգախնայողության պահանջների ընդգրկումը.
դ) սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների առաջնահերթ ու արդյունավետ օգտագործման խթանման տնտեսական ու իրավական մեխանիզմների մշակման ու կիրառման ապահովումը` օրենսդրությամբ սահմանված կարգով.
ե) էներգախնայողության և էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի վրա ներգործության ստանդարտացման փաստաթղթերի մշակումը և հաստատումը.
զ) էներգատեղակայանքների համապատասխանության կամավոր հավաստման համակարգի ապահովումը.
է) էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ գործող և կառուցվելիք օբյեկտների նախագծերի էներգետիկ փորձաքննությունների իրականացման համակարգի ստեղծումը.
ը) էներգետիկ փորձաքննության գործունեության բնագավառի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.
թ) էներգակիրների հաշվառման և վիճակագրության ապահովումը.
ժ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման նախագծերի և ծրագրերի ֆինանսավորմանն աջակցումը.
ժա) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման նպատակով ուսուցման կազմակերպումը, գիտատեխնիկական առաջընթացին, տեղեկատվությանը և քարոզչությանն աջակցումը.
ժբ) էներգախնայողության ծրագրերում և վերականգնվող էներգետիկայի ոլորտում միջազգային համագործակցությանն աջակցումը:
i
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարմանը մասնակցում են կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:
3. Անտառտնտեսության տարածքներում, պետական արգելավայրերում և ազգային պարկերում դրանց պահպանության ռեժիմներին համապատասխանող և կառուցվող շենքերի ու կառուցվածքների նախագծերում կիրառվող տեխնոլոգիաների և տեխնիկական լուծումների էներգաարդյունավետության ցուցանիշները, ինչպես նաև վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառման պահանջները էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(6-րդ հոդ. փոփ. 14.04.11 ՀՕ-130-Ն, 12.05.16 ՀՕ-67-Ն օրենքներ)
Հոդված 7. |
Էներգախնայողության ազգային ստանդարտները |
Ստանդարտացման Ազգային մարմնի կողմից «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընդունվում են էներգախնայողության Ազգային ստանդարտներ, որոնցով սահմանվում են`
ա) էներգատեղակայանքների էներգաարդյունավետության ցուցանիշները.
բ) էներգետիկ ռեսուրսների արդյունահանման, արտադրման, վերամշակման, փոխակերպման, փոխադրման, բաշխման, պահեստավորման և սպառման էներգաարդյունավետության ցուցանիշները.
գ) շենքերի և կառուցվածքների ջեռուցման, լուսավորման, օդափոխության, ջրամատակարարման և ջրահեռացման տեխնիկական համալիրների էներգաարդյունավետության ցուցանիշները.
դ) արտադրական պրոցեսների էներգաարդյունավետության ցուցանիշները.
ե) էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի վրա ներգործության բնապահպանական ցուցանիշները:
(7-րդ հոդ. փոփ. 14.04.11 ՀՕ-130-Ն, 12.05.16 ՀՕ-67-Ն օրենքներ)
i
Հոդված 8. |
Էներգասպառող սարքերի և սարքվածքների շրջանառությունը |
1. Էներգասպառող սարքերի և սարքվածքների էներգաարդյունավետության պահանջները, պիտակավորման կարգը և պիտակի ձևը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:↩
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մարդու կյանքին և (կամ) շրջակա միջավայրին վտանգ սպառնացող (վտանգավոր նյութեր պարունակող) էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի ցանկը, այդ ցանկում ընդգրկված էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի Հայաստանի Հանրապետությունում շուկայահանման պայմանները` «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ինչպես նաև դրանց շահագործումից հետո օգտահանման կարգը, որոնք պետք է պահպանի յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ:
3. Պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է ապահովեն էներգաարդյունավետության սահմանված պահանջները: Այդ արտադրանքների խմբերի ցանկը, էներգետիկ բնութագրերի պարտադիր պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:
(8-րդ հոդ. փոփ. 14.04.11 ՀՕ-130-Ն, 12.05.16 ՀՕ-67-Ն, 25.03.20 ՀՕ-179-Ն օրենքներ)
Հոդված 9. |
Էներգակիրների պետական հաշվառումը և վիճակագրությունը |
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է տնտեսության ճյուղերն ըստ էներգատարության` բարձր, միջին և ցածր:
2. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինը վարում է արդյունահանվող, արտադրվող, ներմուծվող, վերամշակվող, փոխակերպվող, փոխադրվող, բաշխվող և պահեստավորվող, արտահանվող և օգտագործվող էներգակիրների հաշվառում` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, որի արդյունքների հիման վրա էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը կազմում է էներգետիկ հաշվեկշիռ: Էներգետիկ հաշվեկշիռը հրապարակում է պետական վիճակագրություն իրականացնող մարմինը:
(9-րդ հոդ. փոփ. 12.05.16 ՀՕ-67-Ն օրենք)
Հոդված 10. |
Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ուսուցումը և կրթությունը |
Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ուսուցումը և կրթությունը կազմակերպելու նպատակով կրթության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինն իրականացնում է`
ա) կրթական համակարգի հանրակրթական, միջին և բարձրագույն մասնագիտական, լրացուցիչ և հետբուհական մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի դասընթացների, համապատասխան գիտամեթոդական աշխատանքների նախատեսում.
բ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի հիմունքների և տեխնիկայի գծով ճարտարագիտական կադրերի վերապատրաստման դասընթացների նախատեսում:
i
Հոդված 11. |
Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի քարոզչությունը |
Կառավարության լիազորած մարմինների կողմից էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին տեղեկատվության տարածումն իրականացվում է`
ա) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի խնդիրների հանրային քննարկմամբ, նրանց բնապահպանական, տնտեսական և սոցիալական առավելությունների լրատվությամբ և քարոզչությամբ.
բ) էներգաարդյունավետ էներգատեղակայանքների և էներգախնայողական ցուցադրական նախագծերի մասին լրատվությամբ.
գ) էներգախնայողական տեխնոլոգիաների, մեքենաների և էներգատեղակայանքների ցուցահանդեսների կազմակերպմամբ.
դ) էներգետիկ ռեսուրսների խնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման ազգային անհրաժեշտության և նպատակահարմարության քարոզչությամբ:
i
ԳԼՈՒԽ 3.
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 12. |
Էներգետիկ փորձաքննության մասին նորմատիվ իրավական ակտերը |
Էներգետիկ փորձաքննության մասին նորմատիվ իրավական ակտերը կազմված են սույն օրենքից, դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերից, ինչպես նաև հավատարմագրման և համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը մշակող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերից:
(12-րդ հոդ. փոփ. 14.04.11 ՀՕ-130-Ն, 12.05.16 ՀՕ-67-Ն օրենքներ)
Հոդված 13. |
Էներգետիկ փորձաքննության իրականացումը |
1. Էներգետիկ փորձաքննության նպատակն է եզրակացություն տալ էներգաարդյունավետության փաստացի և Ազգային ստանդարտներով սահմանված ցուցանիշների համեմատական մեծությունների վերաբերյալ:
2. Էներգատեղակայանքների, շենքերի և կառուցվածքների Էներգետիկ փորձաքննությունը կամավոր է և իրականացվում է դրանց սեփականատերերի նախաձեռնությամբ ու հաշվին:
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ապրանքների ու ծառայությունների գնումների իրականացման նպատակով կազմվող գնման պայմանագրերում անհրաժեշտության դեպքում նշվում է ապրանքների ու ծառայությունների էներգետիկ փորձաքննության եզրակացության ներկայացման պահանջ մատակարար կազմակերպություններից:
3. Էներգետիկ փորձաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից:
(13-րդ հոդ. փոփ. 14.04.11 ՀՕ-130-Ն, 12.05.16 ՀՕ-67-Ն օրենքներ)
Հոդված 14. |
Էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերը |
1. Էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերով սահմանվում են էներգետիկ փորձաքննության անցկացման մեթոդները և փաստաթղթային ձևակերպումների կարգը:
i
2. Էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերի անվանացանկը` Հավատարմագրման և համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը մշակող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(14-րդ հոդ. փոփ. 12.05.16 ՀՕ-67-Ն օրենք)
Հոդված 15. |
Էներգետիկ փորձաքննության փաստաթղթավորումը |
1. Էներգետիկ փորձաքննության իրականացումը պարտադիր փաստաթղթավորում է փորձաքննություն իրականացնող անձը` էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Էներգետիկ փորձաքննության փաստաթղթավորումը նախատեսում է փորձաքննություն իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերի, փորձաքննության արդյունքների հիման վրա էներգետիկ փորձաքննության եզրակացության և էներգետիկ փորձաքննության հաշվետվության կազմումը:
3. Էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերը չափագրումների արդյունքում պատրաստվող և պահպանվող փաստաթղթերն են: Էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերն առևտրային գաղտնիք կազմող փաստաթղթեր են:
4. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունները, էներգետիկ փորձաքննության հաշվետվությունները, էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերը և էներգետիկ փորձաքննության անցկացման հետ կապված այլ փաստաթղթեր պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան էներգետիկ փորձաքննության անցկացմանը հաջորդող հինգ տարիների ընթացքում:
Հոդված 16. |
Էներգետիկ փորձաքննության եզրակացությունը |
1. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունը էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի կողմից կազմված փաստաթուղթ է, որում արտահայտվում է կարծիք` էներգետիկ փորձաքննության ենթարկվող անձի էներգետիկ տնտեսության (արտադրության տեխնոլոգիական պրոցեսի) և (կամ) էներգատեղակայանքներում էներգակիրների արդյունավետ օգտագործման էներգաարդյունավետության ցուցանիշների վերաբերյալ: Էներգետիկ փորձաքննության եզրակացության ձևին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերով:
2. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունը կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում և (կամ) կնքվում է էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի կողմից: Էներգետիկ փորձաքննության եզրակացության մեկ օրինակը տրվում է էներգետիկ փորձաքննության ենթարկվող անձին, իսկ մյուսը մնում է էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի մոտ:
3. Էներգետիկ փորձաքննության դրական եզրակացությունը հիմք է հանդիսանում սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված գործունեության ոլորտներում Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված արտոնությունների տրամադրման համար:
Հոդված 17. |
Էներգետիկ փորձաքննության հաշվետվությունը |
1. Էներգետիկ փորձաքննության հաշվետվությունում կարող են ներառվել տեղեկություններ փորձաքննության ընթացքի, էներգետիկական տնտեսությունում հայտնաբերված սխալների և թերությունների, դրանց վերացման, ինչպես նաև էներգաարդյունավետության ցուցանիշների բարելավման ուղղությամբ:
2. Էներգետիկ փորձաքննության հաշվետվությունն առևտրային գաղտնիք պարունակող փաստաթուղթ է: Այն կազմվում է երկու օրինակից` յուրաքանչյուր կողմի համար մեկական օրինակ, ստորագրվում է փորձաքննողի ու ստորագրվում և (կամ) կնքվում էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի ղեկավարի կողմից:
Հոդված 18. |
Էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձանց պատասխանատվությունը |
Սույն օրենքի պահանջները խախտելու համար էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 4.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 19. |
Միջազգային համագործակցությունը |
Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության հիմնական ուղղություններն են`
ա) էներգաարդյունավետ տեխնոլոգիաների և սարքերի պատրաստման փորձի փոխանակումը.
բ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստանդարտների և սերտիֆիկացման արդյունքների փոխադարձ ճանաչումը.
գ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի տեղեկատվության փոխանակումը.
դ) Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնակցությունը միջազգային էներգախնայողական և վերականգնվող էներգետիկայի ծրագրերին.
ե) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի մշակումն ու նախագծերի իրականացումը:
ԳԼՈՒԽ 5.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
Հոդված 20. |
Անցումային դրույթներ |
i
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում`
ա) («ա» կետն ուժը կորցրել է 18.06.2016 թվականից` 12.05.16 ՀՕ-67-Ն օրենք)
բ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինն առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում և «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում անհրաժեշտ լրացումներ կատարելու վերաբերյալ.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է Փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման սխեման և ընդունում համապատասխան որոշում` ուղղված հողահատկացումների և այլ անհրաժեշտ թույլատրությունների գործընթացի պարզեցմանը.
դ) («դ» կետն ուժը կորցրել է 23.05.2011 թվականից` 14.04.11 ՀՕ-130-Ն օրենք)
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունում է սույն օրենքի 5-րդ հոդվածում ամրագրված պետական քաղաքականության սկզբունքների իրականացումն ապահովող որոշումներ` վերականգնվող էներգետիկայի արագացված զարգացմանը նպաստող սակագնային երկարաժամկետ քաղաքականության կիրառման մասին:
(20-րդ հոդ. փոփ. 14.04.11 ՀՕ-130-Ն, 12.05.16 ՀՕ-67-Ն օրենքներ)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2004 թ. դեկտեմբերի 4 Երևան ՀՕ-122-Ն
|
i
Հավելված
ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԻՋԵՎ ՓՈԽՀՈՍՔԵՐԻ ԿԱՐԳԸ
(հավելվածն ուժը կորցրել է 01.05.2022 թվականից` 04.06.21 ՀՕ-260-Ն օրենք)↩
(հավելվածը լրաց. 12.05.16 ՀՕ-67-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.12.17 ՀՕ-261-Ն, 04.06.21 ՀՕ-260-Ն օրենքներ)