010.0020.050614
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2014 թվականի մայիսի 19-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9.2-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված` սույն հոդվածով ներկայացված աղյուսակում ներառված ապրանքների վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է, եթե օրենքով սահմանված` համապատասխան ծածկագրով ապրանքային դիրքում ընդգրկվող ապրանքներն արտադրողի կամ այլ փաթեթավորողի կողմից փաթեթավորված (չափածրարված), շշալցված կամ այլ կերպ տարայավորված են նույն փաթեթավորմամբ ու ապրանքային տեսքով, առանց քաշը (ծավալը) փոփոխելու, մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար:».
2) աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«0401 |
կաթ և սերուցք` ոչ խտացված և առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման |
կաթնեղեն |
0402 |
կաթ և սերուցք` խտացված կամ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ |
կաթնեղեն |
0403 |
թան, մակարդված կաթ և սերուցք, յոգուրտ, կեֆիր և այլ ֆերմենտացված կամ խմորված կաթ և սերուցք` խտացված կամ ոչ խտացված, շաքարի հավելմամբ կամ առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման, համաբուրային հավելումներով կամ առանց դրանց, մրգերի, ընկույզների կամ կակաոյի հավելմամբ կամ առանց դրանց |
կաթնեղեն |
0901 |
սուրճ` բոված կամ չբոված, կոֆեինով կամ առանց կոֆեինի, սուրճի կեղև և սուրճի հատիկների թաղանթ (պատյան), սուրճի փոխարինիչներ` ցանկացած համամասնությամբ սուրճ պարունակող |
սուրճ |
0902 |
թեյ` համաբուրային հավելումներով կամ առանց դրանց |
թեյ |
0903 00 000 |
մատե կամ պարագվայական թեյ |
թեյ |
1507 |
սոյայի ձեթ և դրա ֆրակցիաներ` ռաֆինացված կամ չռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության |
ձեթ |
1508 |
գետնանուշի ձեթ և դրա ֆրակցիաներ` ռաֆինացված կամ չռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության |
ձեթ |
1509 |
ձիթապտղի ձեթ և դրա խառնուրդամասեր` չզտված կամ զտված, բայց առանց քիմիական բաղադրության փոփոխության |
ձեթ |
1512 11 910 |
արևածաղկի ձեթ |
ձեթ |
1512 19 900 |
արևածաղկի ձեթ |
ձեթ |
1515 21 900 |
եգիպտացորենի ձեթ և դրա ֆրակցիաներ |
ձեթ |
1515 29 900 |
եգիպտացորենի ձեթ և դրա ֆրակցիաներ |
ձեթ |
1602 |
պատրաստի կամ պահածոյացված մթերքներ մսից, մսի ենթամթերքներից կամ արյունից |
մսեղեն |
1604 |
պատրաստի կամ պահածոյացված ձուկ, թառափազգիների խավիար և դրա փոխարինիչներ` պատրաստված ձկնկիթի հատիկներից |
ձկնեղեն |
1605 |
պատրաստի կամ պահածոյացված խեցգետնակերպեր, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ |
ձկնեղեն |
2001 |
բանջարեղեն, մրգեր, ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր` պատրաստված կամ պահածոյացված քացախի կամ քացախաթթվի հավելմամբ |
պահածո |
2002 |
լոլիկներ (պոմիդոր)` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի |
պահածո |
2003 |
սնկեր և գետնասնկեր` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման |
պահածո |
2004 |
այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, սառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքներից |
պահածո |
2005 |
այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, չսառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքներից |
պահածո |
2006 |
բանջարեղեն, մրգեր, ընկույզներ, պտուղների կեղև և բույսերի այլ մասեր` շաքարի միջոցով պահածոյացված (շաքարի օշարակով ներծծված, շաքարահյութով պատված, շաքարահյութով եփված, շաքարված) |
պահածո |
2007 |
ջեմեր, մրգային ժելե, մարմելադներ, մրգային կամ ընկույզի պյուրե, մրգային կամ ընկույզի մածուկ` ստացված ջերմային մշակումից, այդ թվում` շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ |
պահածո |
2008 |
մրգեր, ընկույզներ և բույսերի ուտելի այլ մասեր` պատրաստված կամ պահածոյացված այլ եղանակով` շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր կամ սպիրտ պարունակող կամ չպարունակող` այլ տեղում չհիշատակված կամ չներառված |
պահածո |
2101 20 |
թեյի (պարագվայական թեյի) կամ մատեի հավելումներ և խտանյութեր, դրանց կամ թեյի (պարագվայական թեյի), մատեի հիման վրա պատրաստված պատրաստի արտադրանք |
թեյ |
2105 00 |
պաղպաղակ և սննդային սառույցի այլ տեսակներ` կակաո պարունակող կամ չպարունակող |
պաղպաղակ |
2209 00 |
քացախ և դրա փոխարինիչներ` ստացված քացախաթթվից |
քացախ |
3304 |
կոսմետիկ միջոցներ կամ դիմահարդարման և մաշկի խնամքի այլ միջոցներ (բացառությամբ դեղամիջոցների), ներառյալ` արևայրուքի դեմ կամ արևայրուքի համար միջոցներ, ձեռքերի կամ ոտքերի մատնահարդարման միջոցներ |
կոսմետիկա |
3305 |
մազերի խնամքի միջոցներ |
կոսմետիկա |
3401 |
օճառ, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և միջոցներ, որպես օճառ կիրառվող (կտորների, քառակողիկների կամ կաղապարվածքների ձևով)` օճառ պարունակող կամ չպարունակող, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և մաշկը լվանալու համար միջոցներ` հեղուկների կամ քսուքների տեսքով` կշռաբաշխված մանրածախ առևտրի համար` օճառ պարունակող կամ չպարունակող, թուղթ, բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք (ֆետր) և չհյուսված նյութեր` ներծծված կամ պատված օճառով կամ լվացող միջոցով |
օճառ |
3402 |
մակերևութային ակտիվ օրգանական նյութեր (բացի օճառից), մակերևութային ակտիվ նյութեր, լվացող միջոցներ (ներառյալ` օժանդակ լվացող միջոցները) և մաքրող միջոցներ` օճառ պարունակող կամ չպարունակող (բացի 3401 ապրանքային դիրքի միջոցներից) |
օճառ»: |
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9.3-րդ հոդվածում`
i
1) 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Դրոշմապիտակները տրամադրվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածով սահմանված կարգով` էլեկտրոնային եղանակով ներկայացված` դրոշմապիտակի ձեռքբերման հայտի (այսուհետ` հայտ) հիման վրա: Դրոշմապիտակները տրամադրվում են դրանց ձեռքբերման համար հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա լիազորած ֆիզիկական անձին, եթե դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից դրոշմապիտակների պահանջվող քանակության համար կատարվել է վճարում: Ընդ որում, հայտով պահանջվող դրոշմապիտակների քանակության համար վճարման ենթակա գումարը կարող է պակասեցվել դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից նախկինում ստացված դրոշմապիտակների համար ավել վճարված և հայտի ներկայացման օրվա դրությամբ չհաշվանցված և (կամ) չվերադարձված գումարների չափով:
4. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող և (կամ) ներմուծող`
1) կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքերի) մինչև ապրանքների իրացումը (իսկ ցանկության դեպքում` մինչև ապրանքների արտադրությունը կամ ներմուծումը) էլեկտրոնային եղանակով կատարում են գրանցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում` մինչև ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով ճշգրտումներ են կատարում այդ գրանցումներում.
2) օրենքով սահմանված կարգով շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են մինչև ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցումներ չկատարել, եթե գրանցման ենթակա բոլոր տվյալները (բացառությամբ տրամադրվելիք դրոշմապիտակների սերիաների ու հերթական համարների) նշում են դրոշմապիտակների ձեռքբերման հայտում: Սույն կետում նշված հարկ վճարողները անհրաժեշտության դեպքում կարող են, մինչև ապրանքների իրացումը, էլեկտրոնային եղանակով գրանցումներ կատարելու միջոցով ճշգրտել նախկինում իրենց կողմից ներկայացված` դրոշմապիտակների ձեռքբերման հայտում նշված տվյալները:
Սույն մասի կիրառության իմաստով`
ա. մինչև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը և (կամ) գրանցման ենթակա բոլոր տվյալներով դրոշմապիտակների ձեռքբերման հայտի ներկայացումը չեն դիտվում որպես էլեկտրոնային գրանցումներում կամ դրոշմապիտակների ձեռքբերման հայտում նշված ապրանքների իրացում,
բ. մինչև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցվում են պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը), քանակությունը և համապատասխան դրոշմապիտակների սերիաներն ու հերթական համարները (այդ թվում` միջակայքերով):».
2) 5-րդ մասում «Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված` դրոշմապիտակների տրամադրման պայմանները բավարարված լինելու» բառերով, իսկ «5» թիվը` «3» թվով.
3) 7-րդ մասում «և հաշվետվության ձևերը» բառերը փոխարինել «ձևը» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9.4-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Դրոշմավորված ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված, ամբողջական և դրոշմավորման ենթակա ապրանքի տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) համապատասխանող դրոշմապիտակ:»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 9.5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Դրոշմապիտակների նմուշները (այդ թվում` ձևը, գույնը) և տեխնիկական պահանջները սահմանում է հարկային և մաքսային վերադաս մարմինը: Ներմուծվող և տեղական արտադրության ապրանքների դրոշմապիտակները պետք է տարբերվեն գույներով և համապատասխանաբար «ներմուծված» կամ «տեղական» մակագրություններով:
Դրոշմապիտակի վրա պետք է անզեն աչքով տեսանելի նշված լինեն (կամ դրոշմապիտակը պետք է հնարավորություն ընձեռի Apple iOS 6, Android 4, Windows Phone 8, ինչպես նաև համարժեք կամ առավել բարձր օպերացիոն համակարգերից որևէ մեկով աշխատող համընդհանուր օգտագործման էլեկտրոնային շարժական սարքի (բջջային հեռախոս, պլանշետ և այլն) միջոցով տեսանելի դարձնել) ապրանքն արտադրողի կամ ներմուծողի անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, ապրանքի տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), ապրանքի տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը, բացառությամբ սույն օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված` ԱՏԳ ԱԱ 3304, 3305, 3401 և 3402 ծածկագրերին դասվող այն ապրանքների դրոշմավորման համար նախատեսված դրոշմապիտակների, որոնց համար հնարավոր չէ սահմանել համապատասխան չափման միավոր):»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 9.6-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «Օգտագործված» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված ապրանքների դրոշմավորման համար օգտագործված» բառերով, և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից նախկինում ստացված դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարներից ավելի վճարված գումարները դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից ներկայացված դիմումի հիման վրա օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվանցվում են հարկ վճարողի առկա և (կամ) հետագա հարկային պարտավորությունների դիմաց, իսկ դրանց բացակայության դեպքում` վերադարձվում: Դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից նախկինում ստացված դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարներից ավելի վճարված գումարները կարող են հաշվանցվել նաև նոր ձեռք բերվող դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարի դիմաց:».
2) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Պիտանելիության ժամկետը լրացած, սահմանված կարգով դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների համար վճարված գումարով նախկինում նվազեցված հարկային պարտավորությունների գումարի չափով արտադրողի կամ ներմուծողի մոտ այդ ապրանքների դուրսգրման օրվա դրությամբ առաջանում է դրոշմապիտակների գծով պարտավորություն: Սույն մասին համապատասխան առաջացող` դրոշմապիտակների գծով չմարված պարտավորության գումարի նկատմամբ հաշվարկվում են օրական տույժեր` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով: Սույն մասով սահմանված` դրոշմապիտակների գծով պարտավորությունների հաշվարկման և մարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
3) 7-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հարկային կամ մաքսային մարմինը դրոշմապիտակներ վերադարձնելու մասին դիմումը ստանալուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է վնասված դրոշմապիտակների համապատասխանությունը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջներին և ընդունում է որոշում օրենքի պահանջներին դրանց համապատասխանության մասին: Չօգտագործված դրոշմապիտակները հետ են ընդունվում առանց սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու: Չօգտագործված դրոշմապիտակների համար վճարված գումարը հաշվանցվում է հարկ վճարողի հարկային և պարտադիր վճարների գծով պարտավորությունների դիմաց, իսկ դրանց բացակայության դեպքում վերադարձվում է հարկ վճարողին: Վնասված և հետ ընդունված կամ հետ չընդունված դրոշմապիտակների համար վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:»:
i
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
1. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00, 3304, 3305, 3401, 3402 ապրանքային խմբերին դասվող ապրանքների) արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը արտադրված կամ ներմուծված` դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:
2. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող` պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00, 3304, 3305, 3401, 3402 ապրանքային խմբերին դասվող ապրանքների) իրացնող անձանց կողմից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված` դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
3. ԱՏԳ ԱԱ 3304, 3305, 3401, 3402 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը արտադրված կամ ներմուծված` դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
4. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող` պարտադիր դրոշմավորման ենթակա` ԱՏԳ ԱԱ 3304, 3305, 3401, 3402 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչև 2015 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված` դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2015 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
5. ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը արտադրված կամ ներմուծված` դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2015 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:
6. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող` պարտադիր դրոշմավորման ենթակա` ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված` դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2016 թվականի մարտի 31-ը ներառյալ:
5 հունիսի 2014 թվականի
ՀՕ-20-Ն