ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/0952/05/17
Վարչական գործ թիվ ՎԴ/0952/05/17 2022 թ.
Նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան
Դատավորներ` Կ. Մաթևոսյան
Կ. Ավետիսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2022 թվականի ապրիլի 6-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երևան համայնքի (այսուհետ` Համայնք) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.02.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Համայնքի ընդդեմ Արտակ Չիլինգարյանի` 1.776.600 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Համայնքը պահանջել է Արտակ Չիլինգարյանից բռնագանձել 1.776.600 ՀՀ դրամ` որպես 22.09.2016 թվականի թիվ Վ-37/2 որոշմամբ կիրառված վարչական տույժ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 27.12.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.02.2019 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.12.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ, 22-րդ, 32-րդ հոդվածները, 154.1-րդ հոդվածի 1-ին մասը, 279-րդ հոդվածը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ժ» կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
i
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայով սահմանված արարքը կատարելու համար նույն հոդվածի սանկցիայով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցը կարող է կիրառվել բացառապես տվյալ իրավախախտումը կատարելու համար մեղավոր մեկ անձի նկատմամբ: Հակառակ պարագայում, մեկ պատասխանատվության միջոցը մեկից ավելի անձանց նկատմամբ նշանակելով, կխախտվի պատասխանատվության անհատականացման սկզբունքը, ինչն էլ կազդի ակտի բովանդակային ամբողջականության ու որոշակիության վրա, և տվյալ վարչական ակտն իր նպատակին չի ծառայի:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ վարչական մարմինը մեկից ավելի անձանց կողմից կատարված վարչական իրավախախտման փաստի առկայությամբ տվյալ իրավախախտում կատարած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը կարող է լուծել ինչպես մեկ, այնպես էլ` տարբեր վարույթների շրջանակներում, ինչը վարչական մարմնի հայեցողական լիազորությունն է, և նշված տարբերակներից որևէ մեկի պարագայում չի կարող խախտվել վարչարարության համաչափության սկզբունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.02.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` Համայնքի հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Երևանի քաղաքապետի կողմից 22.05.2015 թվականին տրված թիվ 01/18-Չ-175-395 շինարարության թույլտվության համաձայն` Արտակ Չիլինգարյանին և Էրիկա Չիլինգարյանին շինարարության թույլտվություն է տրվել Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցի թիվ 6/5 և թիվ 6/6 հասցեներում պահեստային մասնաշենքի կառուցման աշխատանքների կատարման համար: Շինարարական աշխատանքները պետք է իրականացվեին 15 ամսվա ընթացքում (հատոր 1-ին, գ.թ. 16):
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 2-րդ բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Մելիքի Սիմոնյանի կողմից 07.09.2016 թվականին կազմված թիվ 023981 արձանագրության համաձայն` հայտնաբերվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածով նախատեսված` կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու իրավախախտում (հատոր 1-ին, գ.թ. 13):
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի 22.09.2016 թվականի թիվ Վ-37/2 որոշման համաձայն` կառուցապատող Արտակ Չիլինգարյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության` նշանակվել է վարչական տույժ` 1.776.600 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ.8-9):
4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի 05.10.2016 թվականի թիվ Վ-39/1 որոշման համաձայն` կառուցապատող Էրիկա Չիլինգարյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության` նշանակվել է վարչական տույժ` 1.776.600 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 139-140):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման առնչությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. Իրավասու՞ է արդյոք վարչական մարմինը մեկից ավելի անձանց կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում կատարելու դեպքում վերջիններիս վարչական պատասխանատվության ենթարկել առանձին վարչական վարույթների շրջանակներում:
i
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելն առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:
Նշված իրավական նորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը (զանցանքը) դրսևորվում է` կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելով:
i
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
i
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, (...), նույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:
i
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, հիմքեր կան, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու համար, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական պատասխանատվության ոլորտում գործում են «անձնական պատասխանատվության» և «ըստ մեղքի պատասխանատվության» կարևորագույն սկզբունքները: Անձնական պատասխանատվության սկզբունքը նշանակում է, որ անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության միայն անձամբ իր կողմից կատարված զանցանքի համար: Իսկ ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքի էությունն այն է, որ անձը ենթակա է վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ զանցանքի կատարման մեջ վերջինիս մեղավորությունը (դիտավորություն կամ անզգուշություն) հաստատված է իրավասու մարմնի կողմից, քանի որ անձի արարքում մեղքի բացակայությունը վկայում է վարչական իրավախախտման բացակայության մասին (տե՛ս, Արսեն Խաչատրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/4936/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
i
Նմանատիպ իրավական դիրքորոշում արտահայտել է նաև ՀՀ սահմանադրական դատարանը` 12.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-920 որոշմամբ նշելով, որ վարչական պատասխանատվության սկզբունքներից է «պատասխանատվությունը մեղքի համար» սկզբունքը, ինչը նշանակում է, որ վարչական տույժը (պատասխանատվությունը) կարող է կիրառվել միայն վարչական իրավախախտում կատարելու մեջ մեղավոր անձի նկատմամբ: Հետևաբար մեղքը` որպես վարչական զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հանդիսանում է վարչական պատասխանատվության իրավական միակ նախապայմանն ու նախադրյալը: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` նշված սկզբունքը սերտորեն առնչվում է նաև վարչական պատասխանատվության մեկ այլ սկզբունքի` անձնական պատասխանատվության սկզբունքին, որի համաձայն` անձը ենթակա է պատասխանատվության` միայն անձամբ կատարած իրավախախտման համար:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով մեկից ավելի անձանց կողմից վարչական իրավախախտում կատարելու դեպքում առանձին վարչական վարույթներ հարուցելու և իրականացնելու խնդրին, արձանագրել է, որ վարչական ակտի առոչնչության հատկանիշն առկա է, երբ ակտի բովանդակությունից հնարավոր չէ ճշտել, թե կոնկրետ որ անձն է դրա հասցեատերը: Ակտում մեկից ավելի հասցեատեր նշված լինելու դեպքում, երբ պարզ է, թե կոնկրետ ովքեր են այդ հասցեատերերը, քննարկվող նորմի առումով ակտի առոչնչության հատկանիշն առկա չէ, քանի որ այդ դեպքում ակտից պարզ է, որ այն ունի մեկից ավելի հասցեատեր, այսինքն` ակտը հասցեագրված է մեկից ավելի անձանց: Ո՛չ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, ո՛չ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը չեն պարունակում որևէ դրույթ այն մասին, որ եթե իրավախախտումը կատարվել է մեկից ավելի անձանց կողմից, ապա յուրաքանչյուր անձի նկատմամբ պետք է հարուցվի և իրականացվի առանձին վարչական վարույթ: Դա նշանակում է, որ միևնույն իրավախախտումը կատարելու դեպքում հնարավոր է մեկ վարույթի շրջանակներում պատասխանատվության ենթարկել իրավախախտումը կատարած մեկից ավելի անձանց: Այլ հարց է, որ պատասխանատվության ենթարկելիս վարչական մարմինը պարտավոր է յուրաքանչյուր իրավախախտի նկատմամբ ճիշտ կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի պահանջները, այդ թվում` ըստ մեղքի պատասխանատվության, անձնական պատասխանատվության, պատասխանատվության անհատականացման սկզբունքները: Վարչական մարմնի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վերոհիշյալ պահանջները չպահպանելու դեպքում առկա կլինի օրենքի խախտում, ինչը կարող է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն վարչական ակտի անվավերության հիմք հանդիսանալ: Վարչական ակտն օրենքի խախտմամբ ընդունված լինելու հանգամանքն իր հերթին կարող է քննարկվել և պարզվել այդ ակտի վիճարկման վարույթում, իսկ եթե ակտը չի վիճարկվել, ապա դրա առ ոչինչ լինելը հաստատված չլինելու դեպքում այն ենթակա է կատարման (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արա և Մանուկ Մարգարյանների թիվ ՎԴ/5666/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նման պահանջի բացակայության պայմաններում վարչական մարմինն իրավասու է իր հայեցողությամբ որոշելու մեկից ավելի անձանց կողմից վարչական իրավախախտում կատարելու դեպքում յուրաքանչյուրի նկատմամբ առանձին կամ մեկ վարչական վարույթ հարուցելու և իրականացնելու շրջանակներում վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը` միևնույն ժամանակ պահպանելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի պահանջները:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Համայնքը, դիմելով Դատարան, պահանջել է որպես 22.09.2016 թվականի թիվ Վ-37/2 որոշմամբ կիրառված վարչական տույժ Արտակ Չիլինգարյանից բռնագանձել 1.776.600 ՀՀ դրամ:
Դատարանը, հայցը մերժելով, արձանագրել է, որ օրենսդրական կարգավորումների տրամաբանությունից և դրանց հիմքում ընկած իրավական սկզբունքներից որևէ կերպ չի բխում, որ մեկ իրավախախտման համար կարող են պատասխանատվության ենթարկվել մեկից ավելի անձինք` իրավախախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության ամբողջ չափով, ինչպես նաև բացառված է մեկ իրավախախտման վերաբերյալ տարբեր վարչական վարույթների հարուցման իրավական հնարավորությունը և դրանց արդյունքում տարբեր սուբյեկտների նույն իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելը: Դատարանի գնահատմամբ քննարկվող իրավիճակում հնարավոր է վարչական իրավախախտման վերաբերյալ պատասխանատվության ենթարկել մի քանի անձանց` հաշվի առնելով ըստ մեղքի և անձնական պատասխանատվության սկզբունքները, այն էլ իրավախախտման փաստի հիման վրա հարուցված մեկ վարչական վարույթի շրջանակներում: Դատարանը գտել է, որ տվյալ դեպքում քաղաք Երևան, Այվազովսկու փողոցի թիվ 6/5 և թիվ 6/6 հասցեներում պահեստային մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետում չավարտելու փաստի վերաբերյալ հարուցված առանձին երկու վարչական վարույթները ինքնին ոչ իրավաչափ են եղել իրենց հարուցման փաստով, քանի որ օրենսդրությունը հնարավորություն չի տալիս վարչական մարմնին նույն իրավախախտման փաստի վերաբերյալ հարուցել տարբեր վարչական վարույթներ և արդյունքում վարչական պատասխանատվության ենթարկել տարբեր սուբյեկտների:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Համայնքի վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի վերոնշյալ պատճառաբանությունը` հավելելով, որ բացառված է մեկ իրավախախտման վերաբերյալ տարբեր վարչական վարույթների հարուցման իրավական հնարավորությունը և դրանց արդյունքում տարբեր սուբյեկտների նույն իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելը, միաժամանակ նշելով, որ քննարկվող իրավիճակում հնարավոր է վարչական իրավախախտման վերաբերյալ պատասխանատվության ենթարկել մի քանի անձանց` հաշվի առնելով ըստ մեղքի և անձնական պատասխանատվության սկզբունքները, այն էլ` իրավախախտման փաստի հիման վրա հարուցված մեկ վարչական վարույթի շրջանակներում:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերաբերելի օրենսդրական կարգավորումներով չի բացառվում միևնույն իրավախախտումը կատարելու դեպքում իրավախախտումը կատարած մեկից ավելի անձանց առանձին վարույթների շրջանակներում պատասխանատվության ենթարկելը: Այլ հարց է, որ պատասխանատվության ենթարկելիս վարչական մարմինը պարտավոր է յուրաքանչյուր իրավախախտի նկատմամբ ճիշտ կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի պահանջները, այդ թվում` ըստ մեղքի պատասխանատվության, անձնական պատասխանատվության, պատասխանատվության անհատականացման սկզբունքները:
Վերոգրյալից հետևում է, որ եթե օրենքը չի բացառում, ապա միևնույն իրավախախտումը կատարած անձանց վարչական վարույթն իրականացնող մարմինը կարող է վարչական պատասխանատվության ենթարկել ինչպես մեկ վարույթի, այնպես էլ` առանձին վարույթների շրջանակներում: Սույն պարագայում վարչական մարմինն օրենքով ծանրաբեռնված է միայն պարզելու` կատարվել է արդյոք վարչական իրավախախտում, արդյոք վարչական իրավախախտում կատարած անձը մեղավոր է այն կատարելու մեջ, արդյոք նա ենթակա է վարչական պատասխանատվության, կան արդյոք վարչական պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Սույն գործի փաստերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Երևանի քաղաքապետի կողմից Էրիկա Չիլինգարյանին և Արտակ Չիլինգարյանին 22.05.2015 թվականին տրվել է շինարարության թույլտվություն` Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցի թիվ 6/5 և թիվ 6/6 հասցեներում պահեստային մասնաշենքի կառուցման աշխատանքների կատարման համար: Շինարարության թույլտվությամբ նշվել է, որ շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն 15 ամսվա ընթացքում:
Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 2-րդ բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Սիմոնյանի 07.09.2016 թվականի թիվ 023981 արձանագրության համաձայն. «Էրեբունի վարչական շրջանի, Այվազովսկու փողոցի թիվ 6/5 և թիվ 6/6 հասցեներում կառուցապատող Արտակ Չիլինգարյանին պահեստային մասնաշենքի կառուցման համար Երևանի քաղաքապետարանի կողմից 22.05.2015 թվականին տրված թիվ 01/18-Չ-175-395 շինարարության թույլտվությամբ սահմանված է 15 ամիս ժամկետ, սակայն սույն թվականի օգոստոսի վերջին հայտնաբերվել է, որ շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը ձևակերպված չէ: Իրավախախտումը հայտնաբերվել է 07.09.2016 թվականին»:
Քաղաքապետարանի կողմից իրականացվող վարչական վարույթի մասին Արտակ Չիլինգարյանին ուղարկված ծանուցմամբ վերջինս հրավիրվել է Վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ Վ-37/2 գործի քննությանը:
22.09.2016 թվականի թիվ Վ-37/2 գործի քննության վերաբերյալ արձանագրության համաձայն` գործի քննության ընթացքում ուսումնասիրված նյութերի (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակից Ա. Սիմոնյանի կազմած վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 023969 արձանագրություն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի պետի և տարածքային երկրորդ բաժնի աշխատակցի կազմած արձանագրություն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի 09.09.2016 թվականի թիվ 19/19764, 09.09.2016 թվականի թիվ 19/19763, 30.08.2016 թվականի թիվ 19/Ծ-176 գրություններ, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված` կառուցվող օբյեկտի նախահաշվարկային արժեքի մասին տեղեկատվություն, 22.05.2015 թվականի թիվ 01/18-Չ-175-395 շինարարության թույլտվություն և իրավախախտման լուսանկար) արդյունքում հիմնավորվել է, որ թույլ է տրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի 22.09.2016 թվականի թիվ Վ-37/2 որոշման համաձայն` կառուցապատող Արտակ Չիլինգարյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության` նշանակվել է վարչական տույժ` 1.776.600 ՀՀ դրամի չափով:
Դատարանում գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի 05.10.2016 թվականի թիվ Վ-39/1 որոշման պատճենը, որի համաձայն` կառուցապատող Էրիկա Չիլինգարյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության` նշանակվել է վարչական տույժ` 1.776.600 ՀՀ դրամի չափով:
Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ պարագայում անհիմն է ստորադաս դատարանների եզրակացությունն առ այն, որ բացառված է մեկ իրավախախտման վերաբերյալ տարբեր վարչական վարույթների հարուցման իրավական հնարավորությունը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արտակ Չիլինգարյանին և Էրիկա Չիլինգարյանին մեկ վարույթի շրջանակներում վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը վարչական մարմնի հայեցողական լիազորությունն է, և եթե վարչական մարմինը վարչական վարույթն իրականացրել է` պահպանելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի պահանջները, ապա վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել այն հիմքով, որ վարչական պատասխանատվությունը վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ կիրառվել է առանձին վարույթների շրջանակներում:
Միաժամանակ ստորադաս դատարանները սույն գործով դիրքորոշում են հայտնել այն մասին, որ Քաղաքապետարանը վարչական վարույթի շրջանակներում` շինարարության առկա նախահաշվային արժեքը բացահայտելու նպատակով չի պարզել կառուցապատող Արտակ Չիլինգարյանին տրամադրված շինարարության թույլտվության հիման վրա այն կապալառու կազմակերպությունը, որը պայմանագրի հիման վրա իրականացրել է շինարարական աշխատանքները: Այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախ` վարչական վարույթի նյութերում արդեն իսկ առկա էր «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված նախահաշիվը, հետևաբար Քաղաքապետարանը որպես տույժ նշանակելու հիմք ընդունել է վերոնշյալ նախահաշիվը և երկրորդ` Քաղաքապետարանի կողմից շինարարության թույլտվություն տրվել է կառուցապատող Արտակ Չիլինգարյանին և Քաղաքապետարանի լիազորության մեջ չի մտնում պարզելու, թե կառուցապատողը որ կապալառու կազմակերպության հետ կկնքի կապալի պայմանագիր` շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերը պարզելու նպատակով, ինչպես նաև գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (ex officio) պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.02.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
06.04.2022թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատի կողմից թիվ ՎԴ/0952/05/17 վարչական գործով 06.04.2022 թվականին
կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 06.04.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Երևան համայնքի (այսուհետ` Համայնք) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.02.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Համայնքի ընդդեմ Արտակ Չիլինգարյանի` 1.776.600 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել Վերաքննիչ դատարանի 08.02.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
i
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Ստեփան Միքայելյանս և Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:
Սույն գործը հարուցվել է Համայնքի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է որպես 22.09.2016 թվականի թիվ Վ-37/2 որոշմամբ կիրառված վարչական տույժ Արտակ Չիլինգարյանից բռնագանձել 1.776.600 ՀՀ դրամ:
ՀՀ վարչական դատարանը (այսուհետ` Դատարան), հայցը մերժելով, արձանագրել է, որ օրենսդրական կարգավորումների տրամաբանությունից և դրանց հիմքում ընկած իրավական սկզբունքներից որևէ կերպ չի բխում, որ մեկ իրավախախտման համար կարող են պատասխանատվության ենթարկվել մեկից ավելի անձինք` իրավախախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության ամբողջ չափով, ինչպես նաև բացառված է մեկ իրավախախտման վերաբերյալ տարբեր վարչական վարույթների հարուցման իրավական հնարավորությունը և դրանց արդյունքում տարբեր սուբյեկտների նույն իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելը: Դատարանի գնահատմամբ քննարկվող իրավիճակում հնարավոր է վարչական իրավախախտման վերաբերյալ պատասխանատվության ենթարկել մի քանի անձանց` հաշվի առնելով ըստ մեղքի և անձնական պատասխանատվության սկզբունքները, այն էլ իրավախախտման փաստի հիման վրա հարուցված մեկ վարչական վարույթի շրջանակներում: Դատարանը գտել է, որ տվյալ դեպքում քաղաք Երևան, Այվազովսկու փողոցի թիվ 6/5 և թիվ 6/6 հասցեներում պահեստային մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետում չավարտելու փաստի վերաբերյալ հարուցված առանձին երկու վարչական վարույթները ինքնին ոչ իրավաչափ են եղել իրենց հարուցման փաստով, քանի որ օրենսդրությունը հնարավորություն չի տալիս վարչական մարմնին նույն իրավախախտման փաստի վերաբերյալ հարուցել տարբեր վարչական վարույթներ և արդյունքում վարչական պատասխանատվության ենթարկել տարբեր սուբյեկտների:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Համայնքի վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի վերոնշյալ պատճառաբանությունը` հավելելով, որ բացառված է մեկ իրավախախտման վերաբերյալ տարբեր վարչական վարույթների հարուցման իրավական հնարավորությունը և դրանց արդյունքում տարբեր սուբյեկտների նույն իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելը, միաժամանակ նշելով, որ քննարկվող իրավիճակում հնարավոր է վարչական իրավախախտման վերաբերյալ պատասխանատվության ենթարկել մի քանի անձանց` հաշվի առնելով ըստ մեղքի և անձնական պատասխանատվության սկզբունքները, այն էլ` իրավախախտման փաստի հիման վրա հարուցված մեկ վարչական վարույթի շրջանակներում:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքը:
Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել Վերաքննիչ դատարանի 08.02.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
i
Անդրադառնալով այն իրավական հարցադրմանը, թե իրավասո՞ւ է արդյոք վարչական մարմինը մեկից ավելի անձանց կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում կատարելու դեպքում վերջիններիս վարչական պատասխանատվության ենթարկել առանձին վարչական վարույթների շրջանակներում, Վճռաբեկ դատարանը մասնավորապես արձանագրել է հետևյալը.
i
«(...) Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական պատասխանատվության ոլորտում գործում են «անձնական պատասխանատվության» և «ըստ մեղքի պատասխանատվության» կարևորագույն սկզբունքները: Անձնական պատասխանատվության սկզբունքը նշանակում է, որ անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության միայն անձամբ իր կողմից կատարված զանցանքի համար: Իսկ ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքի էությունն այն է, որ անձը ենթակա է վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ զանցանքի կատարման մեջ վերջինիս մեղավորությունը (դիտավորություն կամ անզգուշություն) հաստատված է իրավասու մարմնի կողմից, քանի որ անձի արարքում մեղքի բացակայությունը վկայում է վարչական իրավախախտման բացակայության մասին (տե՛ս, Արսեն Խաչատրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/4936/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
(...) վերաբերելի օրենսդրական կարգավորումներով չի բացառվում միևնույն իրավախախտումը կատարելու դեպքում իրավախախտումը կատարած մեկից ավելի անձանց առանձին վարույթների շրջանակներում պատասխանատվության ենթարկելը: Այլ հարց է, որ պատասխանատվության ենթարկելիս վարչական մարմինը պարտավոր է յուրաքանչյուր իրավախախտի նկատմամբ ճիշտ կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի պահանջները, այդ թվում` ըստ մեղքի պատասխանատվության, անձնական պատասխանատվության, պատասխանատվության անհատականացման սկզբունքները:
Վերոգրյալից հետևում է, որ եթե օրենքը չի բացառում, ապա միևնույն իրավախախտումը կատարած անձանց վարչական վարույթն իրականացնող մարմինը կարող է վարչական պատասխանատվության ենթարկել ինչպես մեկ վարույթի, այնպես էլ` առանձին վարույթների շրջանակներում: Սույն պարագայում վարչական մարմինն օրենքով ծանրաբեռնված է միայն պարզելու` կատարվել է արդյոք վարչական իրավախախտում, արդյոք վարչական իրավախախտում կատարած անձը մեղավոր է այն կատարելու մեջ, արդյոք նա ենթակա է վարչական պատասխանատվության, կան արդյոք վարչական պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
(...) տվյալ պարագայում անհիմն է ստորադաս դատարանների եզրակացությունն առ այն, որ բացառված է մեկ իրավախախտման վերաբերյալ տարբեր վարչական վարույթների հարուցման իրավական հնարավորությունը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արտակ Չիլինգարյանին և Էրիկա Չիլինգարյանին մեկ վարույթի շրջանակներում վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը վարչական մարմնի հայեցողական լիազորությունն է, և եթե վարչական մարմինը վարչական վարույթն իրականացրել է` պահպանելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի պահանջները, ապա վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել այն հիմքով, որ վարչական պատասխանատվությունը վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ կիրառվել է առանձին վարույթների շրջանակներում:
Միաժամանակ ստորադաս դատարանները սույն գործով դիրքորոշում են հայտնել այն մասին, որ Քաղաքապետարանը վարչական վարույթի շրջանակներում` շինարարության առկա նախահաշվային արժեքը բացահայտելու նպատակով չի պարզել կառուցապատող Արտակ Չիլինգարյանին տրամադրված շինարարության թույլտվության հիման վրա այն կապալառու կազմակերպությունը, որը պայմանագրի հիման վրա իրականացրել է շինարարական աշխատանքները: (...) նախ` վարչական վարույթի նյութերում արդեն իսկ առկա էր «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված նախահաշիվը, հետևաբար Քաղաքապետարանը որպես տույժ նշանակելու հիմք ընդունել է վերոնշյալ նախահաշիվը և երկրորդ` Քաղաքապետարանի կողմից շինարարության թույլտվություն տրվել է կառուցապատող Արտակ Չիլինգարյանին և Քաղաքապետարանի լիազորության մեջ չի մտնում պարզելու, թե կառուցապատողը որ կապալառու կազմակերպության հետ կկնքի կապալի պայմանագիր` շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով»:
Համակարծիք չենք Վճռաբեկ դատարանի այն իրավական դիրքորոշման հետ, ըստ որի` օրենսդրական կարգավորումներով չի բացառվում միևնույն իրավախախտումը կատարելու դեպքում իրավախախտումը կատարած մեկից ավելի անձանց առանձին վարույթների շրջանակներում պատասխանատվության ենթարկելը:
Գտնում ենք, որ միևնույն իրավախախտումը կատարելու դեպքում իրավախախտումը կատարած մեկից ավելի անձանց առանձին վարույթների շրջանակներում պատասխանատվության ենթարկելն օրենսդրի կողմից սահմանված նորմերով բացառված չլինելը դեռևս չի նշանակում, որ օրենսդիրը թույլատրելի է համարել միևնույն իրավախախտումը կատարելու դեպքում իրավախախտումը կատարած մեկից ավելի անձանց առանձին վարույթների շրջանակներում պատասխանատվության ենթարկելը: Վարչական մարմինների կողմից կատարման ենթակա գործողությունները ոչ թե չպետք է բացառված լինեն օրենսդրությամբ, այլ ուղղակի սահմանված լինեն օրենքով: Ըստ այդմ, գտնում ենք, որ միևնույն իրավախախտումը կատարելու դեպքում իրավախախտումը կատարած մեկից ավելի անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության նպատակով պետք է հարուցվեր մեկ վարչական վարույթ և այդ վարույթի շրջանակներում որոշվեր վարչական պատասխանատվություն կիրառելու համար բավարար հիմքերի առկայության կամ բացակայության հարցը:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումս հիմնավորվում է հետևյալով.
i
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
i
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, (...), նույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:
i
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, հիմքեր կան, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու համար, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Համակարծիք ենք Վճռաբեկ դատարանի այն իրավական դիրքորոշման հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական պատասխանատվության ոլորտում գործում են «անձնական պատասխանատվության» և «ըստ մեղքի պատասխանատվության» կարևորագույն սկզբունքները: Անձնական պատասխանատվության սկզբունքը նշանակում է, որ անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության միայն անձամբ իր կողմից կատարված զանցանքի համար: Իսկ ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքի էությունն այն է, որ անձը ենթակա է վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ զանցանքի կատարման մեջ վերջինիս մեղավորությունը (դիտավորություն կամ անզգուշություն) հաստատված է իրավասու մարմնի կողմից, քանի որ անձի արարքում մեղքի բացակայությունը վկայում է վարչական իրավախախտման բացակայության մասին:
Միևնույն ժամանակ, սակայն, գտնում ենք, որ որոշ իրավախախտումների պարագայում վարչական պատասխանատվության հարցի լուծման համար էական նշանակություն ունեն ոչ միայն «անձնական պատասխանատվության» և «ըստ մեղքի պատասխանատվության» կարևորագույն սկզբունքները, այլ նաև իրավախախտման բնույթն ու դրա համար պատասխանատվություն նախատեսող կոնկրետ իրավանորմի դիսպոզիցիան ու սանկցիան:
i
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելն առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:
i
Փաստորեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում իրավախախտումը (զանցանքը) դրսևորվում է` կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելով, որի համար նույն հոդվածի սանկցիայով սահմանված է վարչական պատասխանատվություն` տուգանքի նշանակում շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:
Այսպիսով, քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում կառուցապատումը չավարտելու համար վերոնշյալ իրավանորմով օրենսդիրը սահմանել է տուգանքի հստակ չափ` շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսը, ուստի նշված իրավանորմի դիսպոզիցիայի և սանկցիայի սահմաններում էլ պետք է լուծվի վարչական պատասխանատվություն կիրառելու հարցը` անձնական պատասխանատվության և ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքների հաշվառմամբ: Այլ կերպ ասած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման համար վարչական պատասխանատվություն նախատեսելու առումով օրենսդրի կամքը դրսևորվել է շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով տուգանք նշանակելու իրավակարգավորմամբ` անկախ նրանից, թե քանի անձի կողմից է կատարվել տվյալ իրավախախտումը:
Գտնում ենք, որ մեկից ավելի կառուցապատողների կողմից կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու դեպքում առանձին վարչական վարույթների միջոցով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայի շրջանակներում նախատեսված տուգանքը կառուցապատողներից յուրաքանչյուրի նկատմամբ առանձին-առանձին կիրառելը հակասում է ոչ միայն օրենսդրի կամքին, այլ նաև համաչափության սկզբունքին:
i
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է համաչափության սկզբունքին` արձանագրելով, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունների և պատասխանատվության տեսակների, չափերի ու հարկադրանքի միջոցների սահմանման (...) իր լիազորությունն իրականացնելիս օրենսդիրն ինքնուրույնաբար որոշում է, մասնավորապես, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության դրույթների բովանդակությունը, այն արարքների շրջանակը, որոնց կատարումը հանգեցնում է վարչական պատասխանատվության, վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը, սահմանում է վարչական պատասխանատվության միջոցներն ու չափերը: Նշված հարցերում օրենսդրի հայեցողությունը, սակայն, ունի իր սահմանադրական շրջանակները, և օրենսդիրն իր նշված լիազորությունն իրականացնելիս կաշկանդված է առանձին սահմանադրական սկզբունքներով: (...) հանրային իշխանության իրականացումը նախևառաջ սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող` համաչափության ընդհանուր սկզբունքով: Այս սկզբունքը հանդիսանում է ընդհանրապես իրավաբանական պատասխանատվության և, մասնավորապես` վարչական պատասխանատվության հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից մեկը (...) (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-920 որոշումը), համաչափության սկզբունքն առաջին հերթին պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև (...) (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-924 որոշումը), անձի սեփականության իրավունքին միջամտությունը պետք է բխի տվյալ անձի կողմից տուգանքի և (...) վճարի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից, պետք է լինի բավարար և անհրաժեշտ այդ նպատակին հասնելու համար, (...) (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1153 որոշումը), (...) օրենսդրի կողմից ընտրված միջոցը պետք է նաև անհրաժեշտ լինի: Միջոցն անհրաժեշտ է, եթե չկա մեկ այլ` ավելի մեղմ միջամտող միջոց, որով նույն արդյունավետությամբ կարելի է հասնել նպատակին (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1448 որոշումը):
Համաչափության սկզբունքին անդրադարձել է նաև Եվրոպական դատարանը` այն մեկնաբանելով մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման թույլատրելիության սահմանների որոշման նպատակով: Համաչափության սկզբունքն իրենից ներկայացնում է «արդարացի հավասարակշռության որոնում հասարակության շահերով թելադրված պահանջների և անձի հիմնական իրավունքների պաշտպանության պահանջների միջև (CASE OF SOERING V. THE UNITED KINGDOM, գանգատ թիվ 14038/88, 07.07.1989 թ. վճիռ, կետ 89): «(...) դատարանը պետք է որոշի, թե արդյո՞ք պահպանված է հասարակության շահերի և անհատի հիմնական իրավունքների պաշտպանության միջև համաչափությունը (CASE OF THE FORMER KING OF GREECE & OTHERS V. GREECE, գանգատ թիվ 25701/94, 23.11.2000 թ. վճիռ, կետ 89):
Եվրոպական դատարանը կարևորել է նաև հետապնդվող նպատակի և կիրառվող միջոցի միջև համաչափության պահպանման հարցը (CASE OF PRESSOS COMPANIA NAVIERA S.A. AND OTHERS V. BELGIUM, գանգատ թիվ 17849/91, 20.11.1995 թ. վճիռ, կետ 38): Միաժամանակ, Եվրոպական դատարանը արտահայտել է դիրքորոշում առ այն, որ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները պետք է համաչափ լինեն հանգամանքներին, որպեսզի չոտնահարվեն սահմանադրական արժեքները
(CASE OF GRIGORIADES V. GREECE, գանգատ թիվ 121/1996/740/939, 25.11.1997 թ. վճիռ):
Դատարանը միջամտությունը պետք է դիտարկի գործի ողջ հանգամանքների լույսի ներքո: Մասնավորապես, պետք է որոշվի արդյոք կատարված միջամտությունը համաչափ է հետապնդվող իրավաչափ նպատակին (CASE BARFOD V. DENMARK, գանգատ թիվ 11508/85, 22.02.1989 թ. վճիռ, § 28):
i
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է, նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել (...) օրենքները պահպանելու, (...) համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը:
Գտնում ենք, որ վերոգրյալ իրավանորմով սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև արդարացի հավասարակշռությունն ապահովելու տեսանկյունից մեկից ավելի կառուցապատողների կողմից կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու դեպքում առանձին վարչական վարույթներ հարուցելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայի շրջանակներում նախատեսված տուգանքը կառուցապատողներից յուրաքանչյուրի նկատմամբ առանձին-առանձին կիրառելն ընդունելի չի կարող լինել, քանի որ տուգանքի չափը փաստացի կարող է գերազանցել նշված իրավանորմով սահմանված չափը` խաթարելով այդ չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև արդարացի հավասարակշռությունը, քանի որ որոշ դեպքերում, կառուցապատողների թվով պայմանավորված (օրինակ կառուցապատողների թիվը 10 կամ ավելին լինելու դեպքում) տուգանքի չափը կարող է գերազանցել նույնիսկ շինարարության նախահաշվային արժեքի չափը:
i
Հարկ ենք համարում հատուկ արձանագրել նաև, որ մեկից ավելի կառուցապատողների կողմից կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու դեպքն արձանագրելու հիմքով պետք է հարուցվեն ոչ թե մեկից ավելի, մասնավորապես կառուցապատողների թվին համապատասխան վարչական վարույթներ, այլ մեկ, մասնավորապես կատարված իրավախախտման թվին համապատասխան վարչական վարույթ, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման բնույթն ու դրա համար պատասխանատվություն նախատեսող իրավանորմի դիսպոզիցիան ու սանկցիան հաշվի առնելով միայն կարող է ապահովվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածով սահմանված` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելու, գործը օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելու, ընդունված որոշման կատարումն ապահովելու, ինչպես նաև վարչական իրավախախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները բացահայտելու, իրավախախտումները կանխելու, քաղաքացիներին օրենքները պահպանելու ոգով դաստիարակելու, օրինականությունն ամրապնդելու վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրների լուծումը: Հակառակ պարագայում, այն է` կառուցապատողների թվին համապատասխան թվով հարուցված վարչական վարույթներով չեն կարող ապահովվել ոչ միայն վերոգրյալ խնդիրների լուծումները, այլ նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության նկատմամբ այլ իրավակարգավորումների պահանջները: Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման բնույթն ու դրա համար պատասխանատվություն նախատեսող իրավանորմի դիսպոզիցիան ու սանկցիան հաշվի առնելով կառուցապատողների թվին համապատասխան թվով հարուցված վարչական վարույթներով հնարավոր չէ ամբողջական պարզել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը բացառող հանգամանքները (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդված), վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնել քաղաքացիների հավասարության սկզբունքներով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 248-րդ հոդված), վարչական վարույթում ապացույցները գնահատել գործի` իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 252-րդ հոդված), քանի որ հնարավոր չէ նախապես կանխորոշել տարբեր վարույթներում կատարվող վերոհիշյալ գործողությունների ընթացքը ու ապահովել միևնույն փաստական հանգամանքներին վերաբերող ապացույցների համանման գնահատումն ու դրա հիման վրա կատարվող եզրահանգումը: Բացի այդ, վարչական իրավախախտման վերաբերյալ գործով վարչական վարույթը հարուցվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմամբ, հետևաբար չի կարող կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու դեպքի վերաբերյալ կազմվել մեկից ավելի արձանագրություններ և դրանց հիման վրա հարուցվել մեկից ավելի վարչական վարույթներ ու համապատասխանաբար ընդունվել մեկից ավելի վարչական ակտեր: Նշվածը կհակասի նաև վարչարարության տնտեսվարության սկզբունքին, քանի որ մեկ վարույթի փոխարեն մի քանի վարույթներ իրականացնելու պատճառով չի կարող ապահովվել վարչական մարմնի տնօրինմանը հանձնված միջոցների առավել արդյունավետ օգտագործումը («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված):
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի քաղաքապետի կողմից 22.05.2015 թվականին Արտակ Չիլինգարյանին և Էրիկա Չիլինգարյանին տրվել է թիվ 01/18-Չ-175-395 շինարարության թույլտվությունը` Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցի թիվ 6/5 և թիվ 6/6 հասցեներում պահեստային մասնաշենքի կառուցման աշխատանքների կատարման համար: Շինարարության թույլտվությամբ նշվել է, որ շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն 15 ամսվա ընթացքում (հատոր 1-ին գ.թ. 16):
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 2-րդ բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Սիմոնյանի կողմից 07.09.2016 թվականին կազմված թիվ 023969 արձանագրության համաձայն` հայտնաբերվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածով նախատեսված` կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու իրավախախտում (հատոր 1-ին, գ.թ. 13):
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի 22.09.2016 թվականի թիվ Վ-37/2 որոշման համաձայն` կառուցապատող Արտակ Չիլինգարյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության` նշանակվել է վարչական տույժ` 1.776.600 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ.8-9):
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի 05.10.2016 թվականի թիվ Վ-39/1 որոշման համաձայն` կառուցապատող Էրիկա Չիլինգարյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության` նշանակվել է վարչական տույժ` 1.776.600 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 139-140):
Համադրելով վերոգրյալ փաստերը` հանգում ենք այն հետևության, որ Երևանի քաղաքապետի կողմից 22.05.2015 թվականին տրված թիվ 01/18-Չ-175-395 շինարարության թույլտվության համաձայն` Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցի թիվ 6/5 և թիվ 6/6 հասցեներում պահեստային մասնաշենքի կառուցապատողներ են հանդիսացել Արտակ Չիլինգարյանը և Էրիկա Չիլինգարյանը: Վերջիններս համատեղ ստանձնել են շինարարական աշխատանքները 15 ամսվա ընթացքում իրականացնելու պարտականություն: Նշված պարտականությունը չկատարելու հետևանքով Արտակ Չիլինգարյանն ու Էրիկա Չիլինգարյանը թույլ են տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիացիայում նախատեսված իրավախախտում, որի համար նույն հոդվածի սանկցիայով սահմանված է վարչական պատասխանատվություն` տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:
Վերոգրյալ իրավախախտման դեպքի առթիվ Երևանի քաղաքապետարանի կողմից հարուցվել են երկու առանձին վարույթներ, դրանցից յուրաքանչյուրով Արտակ Չիլինգարյանի և Էրիկա Չիլինգարյանի նկատմամբ կիրառելով վարչական պատասխանատվություն` նշանակելով տուգանք` 1.776.600-ական ՀՀ դրամի չափով` հիմք ընդունելով վարչական վարույթում ձեռք բերված ապացույցներով որոշված շինարարության նախահաշվային արժեքը, որը կազմել է 177.660.000 դրամ:
Գտնում ենք, որ նշանակված տուգանքը չի համապատասխանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում նշված չափին և խախտում է վարչական պատասխանատվության համաչափության սկզբունքը, քանի որ նույն իրավախախտման համար երկու առանձին վարույթներով նշանակված տուգանքի չափն իրականում, փաստացի կազմում է ոչ թե շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսը, այլ դրա կրկնապատիկը: Ընդ որում, վարչական մարմնի և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների համաձայն` տուգանքի չափը իրականում, փաստացի կարող էր կազմել նույնիսկ 10 տոկոսից ավելին, եթե հանկարծ կառուցապատողները երկուսի փոխարեն լինեին տասներկուսը:
Վերոգրյալի հաշվառմամբ իրավաչափ ենք համարում ստորադաս դատարանների այն իրավական դիրքորոշումները, որ մեկից ավելի անձանց կողմից կատարված ենթադրյալ իրավախախտման հիմքով տարբեր վարչական վարույթներով Արտակ Չիլինգարյանին և Էրիկա Չիլինգարյանին վարչական պատասխանատվության ենթարկելով` Համայնքի կողմից խախտվել է վարչարարության համաչափության սկզբունքը, քանզի տվյալ դեպքում, նույն իրավախախտումը կատարելու դեպքում միայն մեկ վարույթի շրջանակներում էր հնարավոր պատասխանատվության ենթարկել իրավախախտումը կատարած մեկից ավելի անձանց` տվյալ վարույթի շրջանակներում բացահայտելով յուրաքանչյուրի մեղքի առկայությունը կատարված իրավախախտման մեջ, որպիսի վարույթը կհամարվեր պիտանի և տվյալ վարույթով վարչական մարմինը կարող էր հասնել հետապնդվող նպատակին: Բացառված է մեկ իրավախախտման վերաբերյալ տարբեր վարչական վարույթների հարուցման իրավական հնարավորությունը և դրանց արդյունքում տարբեր սուբյեկտների մեկ իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելը: Նույն իրավախախտման համար մի քանի անձանց վարչական պատասխանատվության ենթարկելը պետք է իրականացվի իրավախախտման փաստի հիման վրա հարուցված մեկ վարչական վարույթի շրջանակներում` հաշվի առնելով ըստ մեղքի և անձնական պատասխանատվության սկզբունքները: Ըստ այդմ համակարծիք չենք Վճռաբեկ դատարանի այն իրավական դիրքորոշման հետ, համաձայն որի` Արտակ Չիլինգարյանին և Էրիկա Չիլինգարյանին մեկ վարույթի շրջանակներում վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը վարչական մարմնի հայեցողական լիազորությունն է, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով վարչական մարմնին վերապահված չէ նույն օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը մեկից ավելի վարչական վարույթներով իրականացնելու լիազորություն, որպիսի պարագայում միայն վարչական մարմինը կարող էր իրացնել իր հայեցողական լիազորությունը և ընտրել մեկ կամ մեկից ավելի վարչական վարույթ հարուցելու օրենքով նախատեսված իրավաչափ լուծումներից մեկը:
Թեև սույն հատուկ կարծիքում շարադրել ենք մեր իրավական դիրքորոշումն առ այն, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման համար վարչական պատասխանատվություն նախատեսելու առումով օրենսդրի կամքը հստակ է, որ դրսևորվել է շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով տուգանք նշանակելու իրավակարգավորմամբ` անկախ նրանից, թե քանի անձի կողմից է կատարվել տվյալ իրավախախտումը, ինչպես նաև այն, որ նշված իրավախախտումն արձանագրելու հիմքով կարող է իրականացվել մեկ վարչական վարույթ (մեկ իրավախախտում, մեկ վարչական վարույթ), այդուհանդերձ, եթե անգամ վերոգրյալ իրավանորմում սահմանված կարգավորումները հստակության առումով կասկած են հարուցել, ապա Վճռաբեկ դատարանը պետք է առաջնորդվեր Եվրոպական դատարանի այն իրավական դիրքորոշումներով, ըստ որի` օրենսդրական կարգավորման ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով:
i
Այսպես. ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (...) սկզբունքին, այսինքն` ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը» (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 18.04.2006 թվականի թիվ ՍԴՈ-630 որոշումը), իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի` իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու` թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 13.05.2008 թվականի թիվ ՍԴՈ-753 որոշումը), իրավական պետությունում, իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները: Իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 18.04.2014 թվականի թիվ ՍԴՈ-1148 որոշումը), իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը), առավել ևս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները: Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում` իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը), նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել` նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 03.05.2016 թվականի թիվ ՍԴՈ-1270 որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) նույնպես իր վճիռներում բազմիցս անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին: Մասնավորապես, Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի գործով (Case of Busuioc v. Moldova, application no. 61513/00, 21/12/2004) վճռում Եվրոպական դատարանը գտել է, որ «օրենքով նախատեսված» արտահայտության պահանջներից մեկն այն է, որ համապատասխան միջոցը պետք է լինի կանխատեսելի: Նորմը չի կարող համարվել «օրենք», քանի դեռ ձևակերպված չէ բավարար հստակությամբ, որպեսզի անձին հնարավորություն տա կարգավորելու իր վարքագիծը. անձը պետք է կարողանա տվյալ հանգամանքներում ողջամիտ կերպով կանխատեսել իր տվյալ գործողության հետևանքները:
Եվրոպական դատարանը բազմիցս դիրքորոշում է արտահայտել նաև առ այն, որ` «չնայած այն բանին, որ սահմանումների որոշակիությունը խիստ ցանկալի է, միաժամանակ, անհրաժեշտ է խուսափել դրանց չափազանց կոշտ լինելուց. իրավունքը պետք է ունակ լինի հետևել փոփոխվող հանգամանքներին: Այդ իսկ պատճառով հաճախ օրենքներում առկա են եզրույթներ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը և կիրառումը դատական պրակտիկայի խնդիր է» (The Sunday Times v. the United Kingdom, application no. 6538/74, 26/04/79, § 49; Busuioc v. Moldova, application no. 61513/00, 21/12/2004):
Եվրոպական դատարանը բազմիցս դիրքորոշում է արտահայտել առ այն, որ` «չնայած այն բանին, որ սահմանումների որոշակիությունը խիստ ցանկալի է, միաժամանակ, անհրաժեշտ է խուսափել դրանց չափազանց կոշտ լինելուց. իրավունքը պետք է ունակ լինի հետևել փոփոխվող հանգամանքներին: Այդ իսկ պատճառով հաճախ օրենքներում առկա են եզրույթներ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը և կիրառումը դատական պրակտիկայի խնդիր է» (The Sunday Times v. the United Kingdom, application no. 6538/74, 26/04/79, § 49; Busuioc v. Moldova, application no. 61513/00, 21/12/2004):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումներից բխում է, որ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, այսինքն` ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ և ճշգրտությամբ, ինչի հետևանքով քաղաքացին չի կարողանում դրա հետ համատեղել և դրան համապատասխանեցնել իր վարքագիծն ու կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել կոնկրետ գործողությունը, բավականաչափ մատչելի չէ, ինչի հետևանքով քաղաքացին հնարավորություն չունի համապատասխան հանգամանքներում կողմնորոշվելու` թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Այսինքն` օրենքը պետք է լինի հստակ, որոշակի և չհանգեցնի տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության, իսկ եթե այդուհանդերձ օրենքի ձևակերպումները տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության տեղիք են տալիս, ապա այդ խնդիրը պետք է լուծվի կայուն դատական պրակտիկա ձևավորելու միջոցով:
Ըստ այդմ գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանը պետք է առաջնորդվեր վերոգրյալ իրավական դիրքորոշումներով և համապատասխան մեկնաբանությամբ լրացներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի ոչ բավարար հստակությունը` նշված իրավանորմի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտումը մեկից ավելի սուբյեկտների կողմից կատարված լինելու պարագայում նրանց նկատմամբ նույն իրավանորմի սանկցիայով նախատեսված պատասխանատվությունը համապարտությամբ կիրառելի լինելու մասին:
i
Այսպիսով, գտնում ենք, որ Դատարանը, մերժելով Համայնքի հայցն ընդդեմ Արտակ Չիլինգարյանի` 1.776.600 ՀՀ դրամ` որպես 22.09.2016 թվականի թիվ Վ-37/2 որոշմամբ կիրառված վարչական տույժ, բռնագանձելու պահանջի մասին, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են օրինական և հիմնավորված դատական ակտեր, հետևաբար գտնում ենք, որ վճռաբեկ բողոքով ներկայացված փաստարկները բավարար չեն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, որպիսի պարագայում տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Դատավոր Դատավոր Դատավոր
Ռ. Հակոբյան Ս. Միքայելյան Ա. Մկրտչյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 6 ապրիլի 2022 թվականի:
Միասնական կայք` 22.08.22-04.09.22