Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

04.02.2017 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2001 թվականի ապրիլի 18-ին

 

ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման նկատմամբ ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների կիրառման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով ապրանքների ներմուծման նկատմամբ կիրառվող արգելքների, քանակական սահմանափակումների կամ վերահսկողական միջոցառումների վրա:

 

Հոդված 2. Ներքին շուկայի պաշտպանության մասին օրենսդրությունը

 

1. Ներքին շուկայի պաշտպանության մասին օրենսդրությունը կազմված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Քաղաքացիական օրենսգրքից, Մաքսային օրենսգրքից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

 

i
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են`

տնտեսության ճյուղ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն արտադրողների ամբողջությունը, որոնք արտադրում են ուսումնասիրվող ապրանքին նման կամ ուղղակիորեն մրցակից ապրանքներ, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արտադրողներից նրանք, որոնք համատեղ թողարկում են Հայաստանի Հանրապետությունում նման կամ ուղղակիորեն մրցակից ապրանքների ամբողջ արտադրության կեսից ավելին.

լուրջ վնաս` Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղի դիրքերի նշանակալի և համատարած խարխլում.

լուրջ վնասի վտանգ` հստակորեն կանխատեսելի և վերահաս լուրջ վնաս.

ուսումնասիրվող ապրանք` ներքին շուկայի պաշտպանության միջոցառման կիրառման նպատակով ուսումնասիրության առարկա հանդիսացող Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանք.

սակագնային քվոտա` ապրանքի ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափի տարբերակված սահմանում` կախված տվյալ ապրանքի ներմուծման ծավալից.

շահագրգիռ կողմեր`

- ուսումնասիրվող ապրանքն օտարերկրյա պետությունից արտահանողը(ները) կամ դրա օտարերկրյա արտադրողը(ները),

- ուսումնասիրվող ապրանք ներմուծողը(ները),

- հասարակական կազմակերպություն, որի անդամների մեծամասնությունն ուսումնասիրվող ապրանք արտադրողներ, արտահանողներ կամ ներմուծողներ են,

- արտահանող երկրի(ների) կառավարությունը(ները),

- Հայաստանի Հանրապետությունում նման կամ ուղղակիորեն մրցակից ապրանք արտադրողները,

- հասարակական կազմակերպություն, որի անդամների մեծ մասը Հայաստանի Հանրապետությունում նման կամ ուղղակիորեն մրցակից ապրանք արտադրողներ են,

- սպառողների միությունները,

- ուսումնասիրվող ապրանքի արդյունաբերական օգտագործողները.

Լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին, որն իրականացնում է սույն օրենքով նախատեսված գործառույթները.

մասնակից շահագրգիռ կողմեր` այն շահագրգիռ կողմերը, որոնք սույն օրենքով սահմանված կարգով Լիազոր մարմնին գրավոր տեղեկացրել են ուսումնասիրություններին մասնակցելու իրենց շահագրգռվածության մասին:

(3-րդ հոդ. փոփ. 07.10.10 ՀՕ-131-Ն, 08.12.11 ՀՕ-324-Ն, 16.12.16 ՀՕ-31-Ն օրենքներ)

 

Հոդված 4. Ներքին շուկայի պաշտպանության միջոցառումները և դրանց կիրառման պայմանները

 

1. Սույն օրենքի իմաստով, ներքին շուկայի պաշտպանության միջոցառումներ են հանդիսանում ապրանքի ներմուծման մաքսատուրքի գործող դրույքաչափի բարձրացումը, ապրանքի ներմուծման վրա սակագնային քվոտայի կիրառումը, ապրանքի ներմուծման վրա քանակական սահմանափակման (քվոտա) կիրառումը և նշված միջոցառումների ցանկացած համակցությամբ կիրառումը:

2. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ ներքին շուկայի պաշտպանության միջոցառումներ կիրառվում են միայն այն դեպքում, երբ սույն օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ուսումնասիրվող ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծվում այնպիսի աճող ծավալներով (բացարձակ կամ տնտեսության ճյուղի արտադրության ծավալների նկատմամբ հարաբերական առումով) և պայմաններով, որոնք լուրջ վնաս են հասցնում տնտեսության ճյուղին կամ ստեղծում են լուրջ վնասի վտանգ:

 

ԳԼՈՒԽ II
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 5. Ուսումնասիրություն սկսելու նախաձեռնությունը

 

1. Բավարար հիմքերի առկայության դեպքում Լիազոր մարմինն ուսումնասիրություն է սկսում` պարզելու տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնասի կամ լուրջ վնասի վտանգի առկայությունը, ինչպես նաև լուրջ վնասի կամ լուրջ վնասի վտանգի և ուսումնասիրվող ապրանքի աճող ծավալներով և տվյալ պայմաններով ներմուծման միջև պատճառահետևանքային կապը: Ուսումնասիրությունը կարող է սկսվել.

ա) Լիազոր մարմնի նախաձեռնությամբ.

բ) տնտեսության ճյուղի կողմից Լիազոր մարմին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա.

գ) տնտեսության ճյուղի անունից օրենքով սահմանված կարգով հանդես եկող անձի կողմից Լիազոր մարմին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:

2. Լիազոր մարմին ներկայացված գրավոր դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) դիմողի(ների) և դիմողին(ներին) հայտնի Հայաստանի Հանրապետությունում գործող նման կամ ուղղակիորեն մրցակից ապրանք արտադրողների անունները և հասցեները.

բ) ներմուծվող ապրանքի նկարագրությունը, ներառյալ` ապրանքի տեխնիկական բնութագրերը, կիրառությունը, ապրանքային ծածկագրի համարը և նրա նկատմամբ կիրառվող մաքսատուրքի դրույքաչափը.

գ) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող նման կամ ուղղակիորեն մրցակից ապրանքների նկարագրությունը, ներառյալ` դրանց տեխնիկական բնութագրերը և կիրառությունները.

դ) դիմողի(ների) կողմից նման կամ ուղղակիորեն մրցակից ապրանքների արտադրության տոկոսային հարաբերակցությունը Հայաստանի Հանրապետությունում այդ ապրանքների ընդհանուր արտադրության նկատմամբ.

ե) տվյալ ապրանքի աճող ծավալներով ներմուծման և տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնասի կամ լուրջ վնասի վտանգի միջև պատճառահետևանքային կապը.

զ) դիմումին նախորդող երեք տարիներին տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնասի առկայությունը փաստող գործոնները, որոնք պետք է ընդգրկեն`

- ներքին արտադրության ծավալները,

- արտադրական կարողությունների շահագործման աստիճանը,

- ապրանքի պահեստավորված ծավալները,

- շուկայի բաժինը,

- զբաղվածությունը և աշխատավարձը,

- ապրանքի գների փոփոխությունները,

- շահույթները և վնասները.

է) լուրջ վնասի վտանգի դեպքում, ի լրումն սույն կետի «զ» ենթակետում նշված տվյալների, նաև ուսումնասիրվող ապրանքի` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ծավալների աճման և դրա հետևանքով լուրջ վնասի հնարավորությունը.

ը) ժամանակավոր պաշտպանական միջոցառումների կիրառման անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկություններ, եթե դիմումի մեջ նաև հայտ է ներկայացվում այդպիսի միջոցառումների կիրառման համար:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունների ամբողջական չլինելու դեպքում ուսումնասիրություն կարող է սկսվել, եթե Լիազոր մարմին ներկայացված և նրա տրամադրության տակ եղած տվյալները բավարար են ուսումնասիրություն իրականացնելու և համապատասխան եզրակացության հանգելու համար:

4. Ուսումնասիրություն սկսելու համար բավարար հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով Լիազոր մարմինը քննության է առնում իր տրամադրության տակ եղած և ներկայացված փաստերի ճշտությունը և կարող է դիմողից լրացուցիչ տեղեկություններ պահանջել գրավոր դիմումը ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում: Լիազոր մարմնի կողմից լրացուցիչ տեղեկությունների պահանջի ներկայացման դեպքում դիմողը պետք է դրա ստացման օրվանից հետո` 10 օրվա ընթացքում, Լիազոր մարմին տրամադրի պահանջվող տեղեկությունները:

5. Գրավոր դիմումը կարող է հետ վերցվել մինչև ուսումնասիրությունն սկսելը: Այդ դեպքում դիմումը համարվում է չներկայացված:

 

Հոդված 6. Խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության արտադրողների հետ

 

1. Ուսումնասիրությունն սկսելուց առաջ, տնտեսության ճյուղի տնտեսավարող սուբյեկտների գրավոր պահանջով կամ Լիազոր մարմնի նախաձեռնությամբ, տեղի են ունենում ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների շուրջ խորհրդակցություններ` Լիազոր մարմնի և տնտեսության ճյուղի տնտեսավարող սուբյեկտների միջև:

2. Խորհրդակցությունները պետք է տեղի ունենան սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված գրավոր դիմումը Լիազոր մարմին ներկայացնելուց հետո` 10 օրվա ընթացքում:

3. Խորհրդակցությունների ընթացքում քննարկվում են ուսումնասիրվող ապրանքի ներմուծման միտումների և պայմանների, դրա հետ կապված տնտեսական ու առևտրային իրադրության և կիրառվելիք միջոցառումների հետ կապված հարցերը:

4. Խորհրդակցությունները տեղի են ունենում նաև պաշտպանական միջոցառման կիրառման ընթացքում: Այդպիսի խորհրդակցությունները հրավիրվում են ոչ ուշ, քան միջոցառման կիրառման ժամկետի կեսը լրանալը, և դրանց ընթացքում քննարկվում են`

ա) միջոցառման ունեցած ազդեցությունները.

բ) միջոցառման ազատականացման ընթացքը և եղանակները.

գ) միջոցառման հետագա կիրառման անհրաժեշտությունը:

 

Հոդված 7. Ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը

 

1. Բավարար հիմքերի առկայության դեպքում Լիազոր մարմինը, տնտեսության ճյուղի կողմից կամ նրա անունից, դիմումի ստացման օրվանից` մեկ ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` ուսումնասիրություն սկսելու թույլտվության համար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում ուսումնասիրություն սկսելու կամ ուսումնասիրություն սկսելը մերժելու մասին` Լիազոր մարմնի առաջարկության ստացման օրվանից` տասնհինգ օրվա ընթացքում:

3. Ուսումնասիրություն սկսելու համար բավարար հիմքերի բացակայության դեպքում Լիազոր մարմինը տնտեսության ճյուղի կողմից կամ նրա անունից դիմումի ստացման օրվանից` 1 ամսվա ընթացքում, որոշում է կայացնում ուսումնասիրություն չսկսելու մասին: Իր որոշման մասին Լիազոր մարմինը գրավոր տեղեկացնում է դիմողին(ներին)` որոշման կայացման օրվանից հետո` 7 օրվա ընթացքում:

 

Հոդված 8. Ուսումնասիրություն սկսելու մասին ծանուցումը

 

1. Լիազոր մարմինն ուսումնասիրություն սկսելու մասին ծանուցում է հրապարակում http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

2. Ծանուցումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները`

ա) ներքին արտադրության նման կամ ուղղակիորեն մրցակից ապրանքների նկարագրությունը, ներառյալ` տեխնիկական բնութագրերը, դրանց կիրառությունը.

բ) դիմողների և Լիազոր մարմնին հայտնի ներքին նման կամ ուղղակիորեն մրցակից ապրանք արտադրողների անունները, հասցեները.

գ) ուսումնասիրվող ապրանքի ծագման երկրի(ների) անունը(ները).

դ) գործի առնչությամբ ստացված տեղեկատվության ամփոփագիրը, որի վրա հիմնված է ներմուծման աճող ծավալների, լուրջ վնասի կամ լուրջ վնասի վտանգի վերաբերյալ պնդումը.

ե) տեղեկություն` ժամանակավոր միջոցառման կիրառման հնարավորության մասին.

զ) ուսումնասիրությունների անցկացման ժամանակացանկը, ներառյալ`

- ժամանակավոր միջոցառման կիրառման նախատեսվող ժամկետը,

- ուսումնասիրությունն սկսելու և ավարտելու նախատեսվող ժամկետները,

- ժամկետը, որի ընթացքում շահագրգիռ կողմերը պետք է Լիազոր մարմին հայտնեն ուսումնասիրությանը մասնակցելու իրենց ցանկության մասին,

- ժամկետները, որոնց ընթացքում շահագրգիռ կողմերը կարող են իրենց տեսակետները գրավոր ներկայացնել Լիազոր մարմին,

- ժամկետը, որի ընթացքում մասնակից շահագրգիռ կողմերը կարող են դիմել Լիազոր մարմին` խորհրդակցություններ կազմակերպելու համար:

(8-րդ հոդ. փոփ. 19.03.12 ՀՕ-164-Ն օրենք)

 

Հոդված 9. Ուսումնասիրության տևողությունը

 

Ուսումնասիրության տևողությունը չի կարող գերազանցել վեց ամիսը: Բավարար հիմքերի առկայության դեպքում Լիազոր մարմինը կարող է նշված ժամկետը երկարացնել առավելագույնը երկու ամսով: Ժամկետի երկարացման դեպքում Լիազոր մարմինը պետք է այդ մասին պաշտոնական ծանուցում հրապարակի http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` նշելով ժամկետի երկարացման պատճառները և դրա տևողությունը:

(9-րդ հոդ. փոփ. 19.03.12 ՀՕ-164-Ն օրենք)

 

Հոդված 10. Մասնակից շահագրգիռ կողմերի պահանջով խորհրդակցությունների անցկացումը

 

1. Ըստ մասնակից շահագրգիռ կողմերի ներկայացրած գրավոր պահանջի, Լիազոր մարմինը պետք է կազմակերպի խորհրդակցություններ, որտեղ բոլոր մասնակից շահագրգիռ կողմերը կարող են տեղեկություններ և փաստարկներ ներկայացնել: Խորհրդակցություններ անցկացնելու գրավոր պահանջը ներկայացվում է ժամանակավոր միջոցառման կիրառման մասին որոշման հրապարակումից ոչ ուշ, քան 15 օր հետո, իսկ եթե ժամանակավոր միջոցառում չի նախատեսվում` ուսումնասիրությունն սկսելուց հետո` 45 օրվա ընթացքում:

2. Խորհրդակցությունների անցկացման օրվանից առնվազն 7 օր առաջ մասնակից շահագրգիռ կողմերը Լիազոր մարմին են ներկայացնում իրենց ներկայացուցիչների ցուցակը, որոնք մասնակցելու են խորհրդակցություններին:

3. Խորհրդակցություններն անց են կացվում Լիազոր մարմնի իրավասու ներկայացուցչի կողմից, որը երաշխավորում է առևտրային և (կամ) պետական (ծառայողական) գաղտնիք հանդիսացող տեղեկությունների գաղտնիության պահպանումը, ինչպես նաև իրենց տեսակետները ներկայացնելու հավասար հնարավորություն է ապահովում բոլոր կողմերի համար: Լիազոր մարմինն արձանագրում է խորհրդակցությունները և արձանագրություններն անմիջապես զետեղում է հրապարակայնորեն մատչելի գործում, բացառությամբ դրանցում եղած գաղտնի տվյալների` համաձայն սույն օրենքի 23-րդ հոդվածի:

 

Հոդված 11. Գրավոր փաստարկները

 

1. Խորհրդակցությունների անցկացման դեպքում յուրաքանչյուր մասնակից շահագրգիռ կողմ կարող է ուսումնասիրությանն առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ գրավոր փաստարկներ ու առարկություններ ներկայացնել` ոչ ուշ, քան խորհրդակցության նախատեսված օրվանից 10 օր առաջ: Խորհրդակցությունից հետո` 10 օրվա ընթացքում, դրան մասնակցած կողմերը կարող են հետագա գրավոր փաստարկներ ու առարկություններ ներկայացնել` ի պատասխան խորհրդակցությունների ընթացքում բերված տեղեկությունների ու փաստարկների:

2. Խորհրդակցությունների չանցկացման դեպքում յուրաքանչյուր մասնակից շահագրգիռ կողմ կարող է ուսումնասիրությանն առնչվող գրավոր փաստարկներ ներկայացնել Լիազոր մարմին ոչ ուշ, քան ուսումնասիրության ավարտի նախատեսված օրվանից 45 օր առաջ: Գրավոր փաստարկների ներկայացման ժամկետից հետո` 10 օրվա ընթացքում, մասնակից շահագրգիռ կողմերը կարող են լրացուցիչ գրավոր փաստարկներ ներկայացնել` ի պատասխան այլ կողմերի ներկայացրած գրավոր փաստարկների:

3. Ժամանակավոր միջոցառման կիրառման հնարավորությունը դիտարկելու դեպքում մասնակից շահագրգիռ կողմերը կարող են ուսումնասիրությանն առնչվող իրենց գրավոր փաստարկները ներկայացնել Լիազոր մարմին ոչ ուշ, քան ժամանակավոր միջոցառման կիրառման նախատեսված ժամկետից 15 օր առաջ:

 

Հոդված 12. Հրապարակայնորեն մատչելի գործը

 

1. Լիազոր մարմինը յուրաքանչյուր ուսումնասիրության առնչությամբ կազմում է հրապարակայնորեն մատչելի գործ, որտեղ, հաշվի առնելով սույն օրենքի 23-րդ հոդվածի գաղտնիության պահպանման պահանջները, զետեղվում են գործին առնչվող բոլոր եզրակացություններն ու որոշումները, ծանուցումները, խորհրդակցությունների արձանագրությունները, Լիազոր մարմնին տրամադրված գրավոր փաստարկները և Լիազոր մարմնի կողմից հրապարակման արժանի համարվող, ցանկացած տեսակի այլ փաստաթղթերը:

2. Հրապարակայնորեն մատչելի գործի նյութերը պետք է մատչելի լինեն հասարակությանը` ծանոթացման կամ պատճենահանման համար:

 

Հոդված 13. Տեղեկատվությունը և առկա փաստերը

 

1. Լիազոր մարմինը կարող է ուսումնասիրությունների իրականացման նպատակով տեղեկություններ պահանջել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև մասնակից շահագրգիռ կողմերից:

2. Լիազոր մարմինն իր եզրակացությունները և որոշումները կարող է կայացնել` հիմնվելով միայն իր մոտ առկա տեղեկությունների վրա, եթե ուսումնասիրությունների ընթացքում որևէ մասնակից շահագրգիռ կողմ արգելք է հանդիսանում անհրաժեշտ տեղեկությունները ձեռք բերելու գործում կամ հրաժարվում է դրանք տրամադրել Լիազոր մարմնի կողմից նախանշված ժամկետում կամ որևէ այլ ձևով էականորեն խոչընդոտում է ուսումնասիրությունների ընթացքը:

 

Հոդված 14. Լուրջ վնասի կամ լուրջ վնասի վտանգի մասին եզրակացությունը

 

1. Լիազոր մարմինն ուսումնասիրության արդյունքում եզրակացություն է տալիս լուրջ վնասի կամ լուրջ վնասի վտանգի մասին, որն ընդգրկում է նաև լուրջ վնասի կամ լուրջ վնասի վտանգի և ուսումնասիրվող ապրանքի աճող ծավալներով և տվյալ պայմաններով ներմուծման միջև պատճառահետևանքային կապի հիմնավորումները: Լիազոր մարմնի եզրակացությունը պետք է հիմնված լինի գործին առնչվող ու տնտեսության ճյուղում ստեղծված վիճակի պատճառ հանդիսացող գործոնների վրա, մասնավորապես`

ա) ուսումնասիրվող ապրանքի ներմուծման ծավալներն ու դրանց աճի գործակիցը.

բ) ներքին շուկայի բաժինը, որը գրավվել է ուսումնասիրվող ապրանքի ներմուծման աճող ծավալներով.

գ) ներմուծված ապրանքների գինը.

դ) տնտեսության ճյուղի վրա ուսումնասիրվող ապրանքի աճող ծավալներով և տվյալ պայմաններով ներմուծման ազդեցությունը` հաշվի առնելով հետևյալ գործոնները`

- ներքին արտադրության ծավալները,

- արտադրական կարողությունների շահագործման աստիճանը,

- ապրանքի պահեստավորված ծավալները,

- շուկայի բաժինը,

- վաճառքի ծավալները,

- զբաղվածությունը և աշխատավարձը,

- ներքին շուկայում ապրանքի գները,

- շահույթները և վնասները.

ե) ուսումնասիրվող ապրանքի աճող ներմուծման հետ չառնչվող գործոնները, որոնք լուրջ վնաս են հասցնում տնտեսության ճյուղին կամ ստեղծում են լուրջ վնասի վտանգ:

2. Լուրջ վնասի վտանգի դեպքում Լիազոր մարմինը, ի լրումն սույն հոդվածի 1-ին կետում նշվածների, հաշվի է առնում հետևյալ գործոնները`

ա) արտահանող կամ ծագման երկրում(ներում) ուսումնասիրվող ապրանքի արտահանման կարողությունները.

բ) ուսումնասիրվող ապրանքի` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ծավալների աճելու հնարավորությունները.

գ) այլ գործոններ:

 

Հոդված 15. Ուսումնասիրության դադարեցումը

 

1. Եթե Լիազոր մարմինն ուսումնասիրությունների արդյունքում եզրակացնում է, որ պաշտպանական միջոցառումներ կիրառելու անհրաժեշտություն չկա, ապա օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` ուսումնասիրությունը դադարեցնելու վերաբերյալ:

2. Ուսումնասիրությունը դադարեցնելու մասին որոշման մեջ պետք է նշված լինեն ուսումնասիրության արդյունքում կատարված եզրակացությունները և եզրակացությունների հիմքերի համառոտ նկարագրությունը:

 

ԳԼՈՒԽ III
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

Հոդված 16. Խորհրդակցություններ շահագրգիռ երկրների հետ

 

1. Նախքան պաշտպանական միջոցառման կիրառումը, իսկ ժամանակավոր միջոցառման կիրառման դեպքում` դրա կիրառման սկզբից անմիջապես հետո, Լիազոր մարմինը համապատասխան գրավոր պահանջի դեպքում խորհրդակցություններ է անցկացնում ուսումնասիրվող ապրանք մատակարարող շահագրգիռ երկրների հետ:

2. Խորհրդակցությունների ընթացքում քննության են առնվում հետևյալ հարցերը`

ա) ուսումնասիրվող ապրանքի ներմուծման միտումները և պայմանները, դրա հետ կապված տնտեսական ու առևտրային իրավիճակը.

բ) ստեղծված իրավիճակի շտկման համար փոխադարձ ընդունելի միջոցառումների իրականացման հնարավորությունները.

գ) կիրառվելիք միջոցառումները և դրանց հնարավոր ազդեցությունները:

 

Հոդված 17. Պաշտպանական միջոցառումների կիրառումը

 

1. Եթե սույն օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Լիազոր մարմինը եզրակացնում է, որ ուսումնասիրվող ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծվում այնպիսի աճող ծավալներով և պայմաններով, որի հետևանքով լուրջ վնաս է հասցվում տնտեսության ճյուղին կամ ստեղծվում է լուրջ վնասի վտանգ, ապա Լիազոր մարմինը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն է ներկայացնում պաշտպանական միջոցառման կիրառման վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Լիազոր մարմնի առաջարկության ստացման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, քննարկում է այն և անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, միջոցներ է ձեռնարկում պաշտպանական միջոցառման կիրառման ուղղությամբ:

i

3. Քանակական սահմանափակումների և սակագնային քվոտաների կիրառման դեպքում «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքի բացթողումը կարող է իրականացվել միայն ներմուծման թույլտվությունների առկայության դեպքում: Ներմուծման թույլտվությունների կամ ներմուծման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ներքին շուկայի պաշտպանության միջոցառումները, նախքան միջոցառման կիրառման սկիզբը, չպետք է կանխեն Հայաստանի Հանրապետություն արդեն առաքված և դեռևս ճանապարհին գտնվող ապրանքների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:

(17-րդ հոդ. փոփ. 07.10.10 ՀՕ-131-Ն, 08.12.11 ՀՕ-324-Ն օրենքներ)

 

Հոդված 17.1. Սակագնային քվոտայի համար վճարը և քվոտայի սահմաններում ապրանքների ներմուծման կարգը

(17.1-ին հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 08.12.11 ՀՕ-324-Ն օրենք)

 

Հոդված 18. Ժամանակավոր պաշտպանական միջոցառումների կիրառումը

 

1. Ներքին շուկայի ժամանակավոր պաշտպանական միջոցառումները կիրառվում են ծայրահեղ դեպքերում, երբ առկա են ակնհայտ փաստեր, որոնք վկայում են, որ ուսումնասիրվող ապրանքի աճող ծավալներով ներմուծումը լուրջ վնաս է հասցրել տնտեսության ճյուղին կամ ստեղծել է լուրջ վնասի վտանգ, ինչի կանխման կամ շտկման համար պահանջվում է հրատապ միջամտություն:

2. Ժամանակավոր պաշտպանական միջոցառումները կիրառվում են գործող մաքսատուրքի դրույքաչափի բարձրացման ձևով (անկախ ապրանքի ներմուծման համար գործող մաքսատուրքի դրույքաչափից): Ժամանակավոր պաշտպանական միջոցառումների կիրառման տևողությունը չի կարող գերազանցել 180 օրը:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 05.07.2011 թվականից` 26.05.11 ՀՕ-209-Ն օրենք)

4. Ժամանակավոր պաշտպանական միջոցառումների կիրառման մասին որոշումներն ընդունվում են ուսումնասիրությունները սկսելու օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս, և ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

5. Ժամանակավոր պաշտպանական միջոցառումների ենթակա ապրանքն ազատ շրջանառության համար Հայաստանի Հանրապետության տարածք կարող է ներմուծվել ժամանակավոր միջոցառմամբ սահմանված մաքսատուրքի գումարը վճարելուց կամ այն գրավով կամ այլ համարժեք երաշխիքով ապահովելուց հետո:

6. Ժամանակավոր պաշտպանական միջոցառումների կիրառման ընթացքում Լիազոր մարմինը շարունակում է ուսումնասիրությունը` պարզելու պաշտպանական միջոցառումների կիրառման հետագա անհրաժեշտությունը:

7. Եթե հետագա ուսումնասիրությունների արդյունքում Լիազոր մարմինը եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածք ուսումնասիրվող ապրանքի աճող ծավալներով ներմուծումը լուրջ վնաս չի հասցնում տնտեսության ճյուղին կամ լուրջ վնասի վտանգ չի ստեղծում, ապա ժամանակավոր միջոցառումների կիրառման ընթացքում մաքսատուրքի ավելի վճարված գումարները վերադարձվում են վճարողներին` այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումից հետո` երեք ամսվա ընթացքում:

(18-րդ հոդ. փոփ. 26.05.11 ՀՕ-209-Ն օրենք)

 

Հոդված 19. Քանակական սահմանափակումները` որպես ներքին շուկայի պաշտպանական միջոցառում

 

1. Քանակական սահմանափակման կիրառման դեպքում ուսումնասիրվող ապրանքի ներմուծման թույլատրելի քանակը սահմանվում է` ելնելով վերջին երեք տարիների ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման միջին քանակից: Վերջին երեք տարիների ներմուծման միջին քանակից ավելի փոքր քանակ կարող է սահմանվել, եթե դա անհրաժեշտ է հասցված լուրջ վնասը կամ լուրջ վնասի վտանգը կանխելու կամ շտկելու համար:

2. Եթե ուսումնասիրվող ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծվում ավելի քան մեկ երկրից, ապա քանակական սահմանափակմամբ սահմանված ներմուծման թույլատրելի քանակը պետք է բաշխվի մատակարարող երկրների միջև: Ներմուծման թույլատրելի քանակի բաշխումը մատակարարող երկրների միջև կարող է կատարվել` այն համաձայնեցնելով մատակարարող երկրների հետ: Եթե այս եղանակով բաշխումը գործնականորեն դժվար իրագործելի է, ապա մատակարարող երկրների միջև բաշխումը պետք է կատարվի համամասնորեն` ելնելով վերջին երեք տարիների ընթացքում տվյալ ապրանքի` Հայաստանի Հանրապետություն ընդհանուր ներմուծման մեջ նրանց ունեցած միջին մասնաբաժնից:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված բաշխման եղանակների անիրագործելիության կամ աննպատակահարմարության դեպքում կարող է կիրառվել բաշխման այլ եղանակ` մատակարարող երկրների հետ նախօրոք խորհրդակցություններ անցկացնելուց հետո:

4. Սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված եղանակի կիրառմամբ իրականացվող պաշտպանական միջոցառման տևողությունը չպետք է գերազանցի չորս տարին: Այս ժամկետը չի կարող երկարացվել` անկախ սույն օրենքի 20-րդ հոդվածի դրույթներից:

5. Բաշխման այլ եղանակ չի կարող կիրառվել լուրջ վնասի վտանգի դեպքում:

 

Հոդված 20. Պաշտպանական միջոցառման տևողությունը

 

1. Սկզբնական պաշտպանական միջոցառման տևողությունը, ներառյալ` ժամանակավոր միջոցառման տևողությունը, չպետք է գերազանցի 4 տարին:

2. Նշված ժամկետը կարող է երկարացվել, եթե Լիազոր մարմնի կողմից սույն օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ լուրջ վնասը կանխելու կամ շտկելու համար անհրաժեշտ է շարունակել պաշտպանական միջոցառման կիրառումը և փաստեր կան, որ դրանց կիրառման արդյունքում նկատելի է տնտեսության ճյուղի իրավիճակի բարելավում:

3. Պաշտպանական միջոցառման ժամկետի երկարացման առնչությամբ ուսումնասիրությունը պետք է սկսվի արդեն կիրառվող սկզբնական միջոցառման ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ:

4. Պաշտպանական միջոցառման ընդհանուր տևողությունը (ներառյալ` ժամանակավոր միջոցառման տևողությունը և սկզբնական ու երկարացված միջոցառումների տևողությունները) չպետք է գերազանցի 8 տարին:

5. Պաշտպանական միջոցառման ժամկետի երկարացումը պետք է տարածվի նույն ապրանքների նկատմամբ, որոնց համար կիրառվում էր սկզբնական պաշտպանական միջոցառումը: Երկարացված պաշտպանական միջոցառման պայմանները չպետք է ավելի խիստ լինեն, քան սկզբնական միջոցառման կիրառման ժամկետի ավարտի պահին եղած պայմանները:

6. Եթե պաշտպանական միջոցառման տևողությունն անցնում է մեկ տարվանից, ապա դրա կիրառման ողջ ժամանակահատվածում, ինչպես նաև միջոցառման երկարացման ժամկետի ընթացքում այդ միջոցառման կիրառման պայմանները պարբերաբար պետք է ազատականացվեն:

 

Հոդված 21. Պաշտպանական միջոցառման վերաքննությունը

 

1. Եթե կիրառվող պաշտպանական միջոցառման տևողությունն ավելին է, քան երեք տարին (ներառյալ` ժամանակավոր միջոցառման կիրառման տևողությունը), ապա Լիազոր մարմինը պետք է ոչ ուշ, քան այդ ժամկետի կեսը լրանալն անցկացնի առկա իրավիճակի վերաքննություն` կապված տնտեսության ճյուղի վրա պաշտպանական միջոցառման ունեցած ազդեցության, ինչպես նաև արտաքին մրցակցությանը դիմակայելու նպատակով տնտեսության ճյուղի վերափոխման, կարգավորման կամ զարգացման ծրագրի իրականացման ընթացքի հետ: Վերաքննության արդյունքում Լիազոր մարմինը պարզում է պաշտպանական միջոցառման կիրառումը շարունակելու, դադարեցնելու կամ դրա կիրառման պայմանները փոփոխելու անհրաժեշտությունը:

2. Լիազոր մարմինը ծանուցում է հրապարակում http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում վերաքննության արդյունքների և կատարված եզրակացությունների ու որոշումների վերաբերյալ:

3. Վերաքննության նպատակով ուսումնասիրություններն իրականացվում են համաձայն սույն օրենքով սահմանված ուսումնասիրությունների իրականացման ընթացակարգի:

(21-րդ հոդ. փոփ. 19.03.12 ՀՕ-164-Ն օրենք)

 

Հոդված 22. Ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների կրկնակի կիրառումը

 

1. Տվյալ ապրանքի ներմուծման նկատմամբ պաշտպանական միջոցառման կիրառումից հետո կրկին անգամ նման միջոցառում կարող է կիրառվել միայն կիրառված պաշտպանական միջոցառման ավարտից առնվազն երկու տարի հետո:

2. Անկախ սույն հոդվածի 1-ին կետի դրույթից, եթե կիրառված պաշտպանության միջոցառման տևողությունը չի գերազանցում 180 օրը, ապա տվյալ ապրանքի ներմուծման նկատմամբ կարող է կրկին անգամ կիրառվել մինչև 180 օր տևողությամբ պաշտպանական միջոցառում, եթե`

ա) տվյալ ապրանքի ներմուծման նկատմամբ կիրառված պաշտպանական միջոցառման սկզբից անցել է առնվազն մեկ տարի, և

բ) տվյալ ապրանքի ներմուծման նկատմամբ կրկնակի միջոցառման կիրառման օրվան նախորդող 5 տարվա ժամանակահատվածում երկուսից ավելի անգամ պաշտպանական միջոցառում չի կիրառվել:

 

Հոդված 23. Գաղտնիության պահպանումը

 

1. Առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, որոնք ստացված են սույն օրենքով տրված լիազորությունների կատարման ժամանակ, Լիազոր մարմնի կողմից պահպանվում են օրենքով սահմանված կարգով:

2. Լիազոր մարմնի աշխատակիցներն իրավունք չունեն հրապարակել կամ այլ կերպ տարածել, ինչպես նաև անձնական շահադիտական նպատակով օգտագործել իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս ստացած գաղտնի տեղեկություններն ու ծառայողական տեղեկատվությունը:

3. Առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակման դեպքում տնտեսավարող սուբյեկտին հասցված վնասը փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ IV
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 24. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
14 մայիսի 2001 թ.
ՀՕ-175

 

 

pin
ՀՀ 18.04.2001
N ՀՕ-175 օրենք