06.08.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին
i
ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքով կարգավորվում են մարդու վերարտադրողական առողջության պահպանման, վերարտադրողական իրավունքի ապահովման, վերարտադրողականության ոլորտում օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգի ու պայմանների, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան: ↩
(1-ին հոդ. փոփ. 12.07.24 ՀՕ-317-Ն օրենք)
Հոդված 2. |
Օրենքի հիմնական հասկացությունները ↩ |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) վերարտադրողական առողջություն` մարդու ֆիզիկական, հոգեկան և սոցիալական լիակատար բարեկեցության վիճակ` կապված վերարտադրողական համակարգի, դրա գործառույթների ու կենսընթացների հետ.
2) հղիության արհեստական ընդհատում (աբորտ)` բժշկական միջամտություն, որը կատարվում է հղիության ընդհատման նպատակով մինչև հղիության 22 շաբաթը.
i
3) բժշկական ամլացում` վիրաբուժական միջամտություն, որը կիրառվում է որպես մշտական բեղմնականխման եղանակ և կատարվում է միայն կամավոր սկզբունքով.
4) վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ` գործողություններ և միջամտություններ, որոնք ներառում են մարդու ձվաբջիջների, սերմի կամ սաղմերի հետ փորձանոթային պայմաններում իրականացվող գործողություններ անպտղության խնդրի հաղթահարման և հղիության հասնելու նպատակով: Դրանք ներառում են, բայց չեն սահմանափակվում միայն արտամարմնային բեղմնավորումով և սաղմի տեղադրմամբ, սեռաբջիջների, վերարտադրողական օրգանների հյուսվածքների և սաղմի կրիոպահպանումով, ձվաբջիջների և սաղմերի նվիրատվությամբ և փոխնակ մայրությամբ: Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները չեն ներառում օժանդակ սերմնավորում` ամուսնու կամ դոնորի սերմով.
i
5) օժանդակ սերմնավորում` տղամարդու մշակված սերմի (սպերմայի) արհեստական ճանապարհով ներմուծում կնոջ հեշտոց կամ արգանդի խոռոչ.
6) արտամարմնային (փորձանոթային) բեղմնավորում և սաղմի տեղափոխում` կնոջ օրգանիզմից դուրս լաբորատոր պայմաններում սերմնաբջջի և ձվաբջջի կորիզանյութերի միավորում, առաջացած սաղմի փորձանոթային զարգացում և տեղափոխում արգանդի խոռոչ.
7) դեռահասներ` բժշկակենսաբանական (ֆիզիոլոգիական) հասկացություն, որը ներառում է 10-ից մինչև 18 տարեկան անձանց տարիքային խումբը և բնորոշում է մանկությունից լրիվ չափահասության անցումային շրջանը.
8) նախատեսված ծնողներ` զույգեր կամ անհատներ, որոնք դիտարկում են փոխնակ մայրությունը որպես ծնող դառնալու միջոց` իրենց կամ դոնորական սեռաբջիջներից ստացված սաղմ օգտագործելով.
9) փոխնակ մայր` կին, որը սույն օրենքով սահմանված կարգով անհատույց կամ դրամական հատուցման դիմաց կրում է հղիություն` նոտարական վավերացմամբ գրավոր պայմանագրի համաձայն պարտավորվում է սերունդը փոխանցել նախատեսված ծնողին (ծնողներին), և որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը.
10) կենսաբանական ծնող` տղամարդ կամ կին, որի սեռաբջջից է ձևավորվում սաղմը, և որի գենոտիպի կրողը նրա ապագա երեխան է.
11) վերարտադրողականության դոնոր (այսուհետ` դոնոր)` այլ անձանց օգտագործման նպատակով իր բեղմնունակ սերմը կամավոր տրամադրող տղամարդ կամ իր բեղմնունակ ձվաբջիջը կամավոր տրամադրող կին.
12) արտամարմնային բեղմնավորմամբ ստացված սաղմ` կենսաբանական ծնողի (ծնողների) կամ կենսաբանական ծնողի և դոնորի կամ դոնորների սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած բեղմնավորման արգասիք, որը պետք է կրի կենսաբանական մայրը կամ երեխայի ապագա մայրը կամ փոխնակ մայրը.
13) հարազատ` արյունակցական 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի կապ ունեցող անձ.
14) բեղմնականխում` անցանկալի հղիության կանխում ապացուցողական բժշկության միջոցների կամ մեթոդների կիրառմամբ.
15) անպտղություն` զույգի մեկ տարի կանոնավոր սեռական կյանքով ապրելու և բեղմնականխման միջոցներ և մեթոդներ չօգտագործելու դեպքում կնոջ հղիության բացակայություն.
16) վերարտադրողականության բնագավառի տվյալների բազա` լիազոր մարմնի կողմից վարվող ռեեստր, որը պարունակում է տեղեկություններ`
ա. որպես դոնոր հանդես գալու ցանկություն հայտնած, սահմանված կարգով բժշկական հետազոտության ենթարկված, որպես դոնոր ընտրված և սեռաբջիջը հանձնած անձանց վերաբերյալ,
i
բ. որպես փոխնակ մայր հանդես գալու ցանկություն հայտնած, սահմանված կարգով բժշկական հետազոտության ենթարկված և փոխնակ մայր լինելու հակացուցումներ չունեցող անձանց վերաբերյալ,
գ. արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և անհատույց տրամադրված սաղմերի վերաբերյալ:
(2-րդ հոդ. փոփ. 21.03.12 ՀՕ-85-Ն, 30.04.15 ՀՕ-24-Ն, 04.06.21 ՀՕ-264-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 12.07.24 ՀՕ-317-Ն օրենքներ)
Հոդված 3. |
Օրենքի գործողության ոլորտը |
Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա և կիրառվում է այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում կապված է մարդու վերարտադրողականության հետ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: ↩
(3-րդ հոդ. փոփ. 29.09.16 ՀՕ-140-Ն, 12.07.24 ՀՕ-317-Ն օրենքներ)
Հոդված 4. |
Վերարտադրողականության հետ կապված մարդու իրավունքները |
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` յուրաքանչյուր ոք ունի կենսական անհրաժեշտության սեռական և վերարտադրողական հետևյալ իրավունքները.
1) ինքնուրույն տնօրինել իր սեռական ու վերարտադրողական կյանքը, եթե դա չի վտանգում այլոց առողջությանը.
2) ընտանիք կազմել, ինքնուրույն որոշել իր երեխաների թիվն ու նրանց ծնվելու ժամկետները և այդ նպատակով ունենալ պտղաբերության կարգավորման ապահով ու արդյունավետ ծառայություններից օգտվելու հնարավորություն.
3) պաշտպանված լինել ճնշման բոլոր ձևերից, այդ թվում` սեռական շահագործումից և բռնությունից, հարկադրական հղիությունից, աբորտից, ամլացումից և վերարտադրողականության իրավունքների այլ խախտումներից.
4) ստանալ հավաստի և ամբողջական տեղեկատվություն սեռական և վերարտադրողական առողջության հարցերի շուրջ, այդ թվում` պտղաբերության կարգավորման առկա միջոցների և մեթոդների առավելությունների, արդյունավետության և հնարավոր վտանգների վերաբերյալ.
5) ստանալ բժշկական խորհրդատվություն և ծառայություններ սեռական և վերարտադրողական առողջության հարցերի շուրջ` մեկուսի ու գաղտնի պայմաններում.
6) օգտվել բարձրորակ բուժկանխարգելիչ ծառայություններից և պաշտպանված լինել առողջության համար վտանգ ներկայացնող մեթոդների, այդ թվում` գիտական փորձերի կիրառումից.
7) ինքնուրույն որոշումներ կայացնել սեռական և վերարտադրողական առողջության հետ կապված բժշկական միջամտություններ ստանալիս, բացառությամբ կյանքին սպառնացող շտապ միջամտություն պահանջող իրավիճակների և օրենքով նախատեսված այլ դեպքերի.
8) օգտվել վերարտադրողականության նոր տեխնոլոգիաներից, ներառյալ` պտղաբերության կարգավորման ապահով և արդյունավետ միջոցներից և (կամ) մեթոդներից, ինչպես նաև անպտղության բուժման համար կիրառվող վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից:
Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Յուրաքանչյուր ոք ունի սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կենսական անհրաժեշտության սեռական և վերարտադրողական այլ իրավունքներ:
2. Հասարակական անվտանգության, հանրային առողջության և բարքերի, այլոց իրավունքի պաշտպանության նպատակով վերարտադրողականության հետ կապված մարդու իրավունքները կարող են սահմանափակվել սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով:
(4-րդ հոդ. փոփ. 10.09.13 ՀՕ-97-Ն, 30.04.15 ՀՕ-24-Ն օրենքներ)
Հոդված 5. |
Դեռահասների վերարտադրողական առողջության պահպանումը |
1. Դեռահասներն իրավունք ունեն`
1) սեռական դաստիարակության, ինչպես նաև սեռական և վերարտադրողական առողջության պահպանման.
2) իրազեկ լինել սեռական հասունացման, սեռական և վերարտադրողական առողջությանը վերաբերող հարցերին, ունենալ անհրաժեշտ գիտելիքներ հղիության արհեստական ընդհատման, սեռավարակների, այդ թվում` մարդու իմունային անբավարարության վարակի (ՄԻԱՎ) կանխարգելման ժամանակակից միջոցների վերաբերյալ.
3) բարյացակամ և մեկուսի պայմաններում ստանալ մատչելի ու լիարժեք բժշկական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում` նաև բուժօգնություն` սեռական հասունացման, սեռական և վերարտադրողական առողջության հարցերի հետ կապված:
2. Դեռահասների սեռական դաստիարակությունը հանրակրթական դպրոցներում և կրթական այլ հաստատություններում իրականացնում են մասնագիտական պատրաստվածություն ունեցող անձինք` ընտանիքի, առողջապահական ծառայությունների, հասարակական կազմակերպությունների, հանրության հետ սերտ համագործակցությամբ:
3. Դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության պահպանման հետ կապված կրթական ծրագրերը մշակվում և իրականացնում են կրթության ու առողջապահության հարցերով լիազորված պետական կառավարման մարմինները` շահագրգիռ հասարակական և այլ կազմակերպությունների, համայնքների, ինչպես նաև իրենց` երիտասարդ մարդկանց գործուն մասնակցությամբ` հաշվի առնելով ազգային ավանդույթները, բարոյական արժեքներն ու միջազգային փորձը, ելնելով դեռահասների տարիքային, հոգեբանական և ֆիզիկական զարգացման առանձնահատկություններից:↩
(5-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-37-Ն օրենք)
Հոդված 6. |
Անվտանգ մայրությունը |
1. Մայրությունը և մանկությունը գտնվում են պետության և հասարակության հովանավորության ու պաշտպանության ներքո և աջակցություն ստանալու իրավունք ունեն:
2. Կինն ունի անվտանգ մայրության, այն է` հղիության ընթացքում առողջության պահպանման, ծննդաբերության և հետծննդյան ժամանակաշրջանում իր, պտղի առողջությանը և նորածնին նվազագույն ռիսկ պատճառող մեթոդների կիրառմամբ օգնություն ստանալու իրավունք: Կինն իրավունք ունի տեղեկություն ստանալու կրծքով կերակրման առավելությունների, ինչպես նաև մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջ և անվտանգ սնուցման վերաբերյալ:
3. Հղիության ընթացքում ցանկացած բժշկական միջամտություն կատարվում է կնոջ համաձայնությամբ: Կինն իրավունք ունի հրաժարվել բժշկական միջամտությունից կամ պահանջել ընդհատել այն:
4. Առանց հղի կնոջ համաձայնության, բժշկական հանձնաժողովի որոշմամբ, դրա անհնարինության դեպքում` բժշկի որոշմամբ, թույլատրվում է իրականացնել բժշկական միջամտություն հղի կնոջ կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Բժշկական միջամտությունից հրաժարվելու փաստը` հնարավոր հետևանքների նշումով, գրանցվում է բժշկական փաստաթղթերում և գրավոր հավաստվում հղի կնոջ, դրա անհնարինության դեպքում` նրա ամուսնու կամ հարազատների, իսկ վերջինիս անհնարինության դեպքում` բուժանձնակազմի կազմած արձանագրությամբ:
6. Կինն իրավունք ունի հղիության ընթացքում ստանալ հղիության և ծննդաբերության հետ կապված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում` պետության երաշխավորած առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:
(6-րդ հոդ. փոփ. 25.10.10 ՀՕ-157-Ն, 20.11.14 ՀՕ-181-Ն օրենքներ)
Հոդված 7. |
Սեռաբջիջների և սաղմի պահպանումը, ոչնչացումը, անհատույց տրամադրումը, արտահանումը, ներմուծումը և տեղափոխումը ↩ |
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ամուսնական տարիքի արական և իգական սեռի անձինք իրավունք ունեն իրենց սեռաբջիջները կամ սաղմը վերարտադրողական նպատակով հանձնել համապատասխան առողջապահական հաստատություններ: ↩
2. Պետությունը երաշխավորում է քաղաքացիների տրամադրած սեռաբջիջների և սաղմի պահպանությունը նրանց կյանքը վտանգող իրավիճակներում կամ սերնդարարման ունակությունը կորցնելու ռիսկի (առողջությանը վտանգ ներկայացնող մասնագիտական գործունեություն, զինվորական պարտականությունների կատարում, ինչպես նաև այլ բժշկասոցիալական ցուցումներ) դեպքում:
i
3. Քաղաքացիների տրամադրած սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Կենսաբանական ծնողների սեռաբջիջների, կենսաբանական ծնողների կամ կենսաբանական ծնողի և դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանումը, ներմուծումը և տեղափոխումն իրականացվում են բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության տրամադրած տեղեկանքի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Սաղմերի և սեռաբջիջների արտահանման և ներմուծման կարգի և պայմանների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն:
Կենսաբանական ծնողների սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանումը, ներմուծումը և տեղափոխումն իրականացվում են կենսաբանական ծնողների գրավոր համաձայնությամբ, իսկ կենսաբանական ծնողի սեռաբջիջների, կենսաբանական ծնողի և դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանումը, ներմուծումը և տեղափոխումը` կենսաբանական ծնողի գրավոր համաձայնությամբ:
Կենսաբանական ծնողի (ծնողների) գրավոր համաձայնության և բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության տրամադրած տեղեկանքի ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրված բուժօգնության ավարտից հետո կենսաբանական ծնող (ծնողներ) հանդիսացող զույգը (կինը և տղամարդը) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող կինը գրավոր համաձայնություն է (են) տալիս արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերը`
1) անհատույց տրամադրել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությանը հետևյալ անձանց անհատույց տրամադրելու նպատակով.
ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը (ամուսնուն),
բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը,
գ. ազգությամբ հայ` Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող օտարերկրացի զույգին,
դ. ազգությամբ հայ` Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող օտարերկրացի կնոջը.
2) ոչնչացնել.
3) պահպանել համապատասխան բժշկական կազմակերպությունում` դրամական հատուցման դիմաց, իսկ գրավոր համաձայնությամբ նախատեսված սաղմի պահպանման ժամկետը լրանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, սաղմի պահպանման ծառայություն ստանալու մասին իր ցանկությունն ամրագրող նոր գրավոր համաձայնություն չտալու դեպքում լիազորել սաղմի պահպանումն իրականացնող բժշկական կազմակերպությանը`
ա. անհատույց տրամադրել սաղմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը (ամուսնուն),
բ. անհատույց տրամադրել սաղմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը,
գ. անհատույց տրամադրել սաղմը ազգությամբ հայ` Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող օտարերկրացի զույգին,
դ. անհատույց տրամադրել սաղմը ազգությամբ հայ` Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող օտարերկրացի կնոջը,
ե. ոչնչացնել:
6. Արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերի անհատույց տրամադրման, ոչնչացման, պահպանման վերաբերյալ գրավոր համաձայնության ձևը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը (ամուսնուն) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը կամ ազգությամբ հայ` Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող օտարերկրացի զույգին կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող օտարերկրացի կնոջը սաղմի անհատույց տրամադրման, պահպանման, ոչնչացման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(7-րդ հոդ. փոփ. 12.07.24 ՀՕ-317-Ն օրենք)
Հոդված 8. |
Բեղմնականխման միջոցների և (կամ) մեթոդների օգտագործումը |
1. Յուրաքանչյուր կին ունի անվտանգ մայրության և անցանկալի հղիությունից ու հղիության արհեստական ընդհատումից խուսափելու նպատակով բեղմնականխման արդյունավետ միջոցներից և (կամ) մեթոդներից օգտվելու իրավունք:
2. Առողջապահական ծառայությունները հավաստի տեղեկատվություն են տրամադրում բեղմնականխման առկա միջոցների և մեթոդների ապահովության, արդյունավետության և անվտանգության վերաբերյալ` պտղաբերության կարգավորման իրազեկված ընտրություն կատարելու նպատակով:
3. Առողջապահական ծառայություններում պտղաբերության կարգավորման միջոցների և (կամ) մեթոդների ընտրությունը հիմնվում է անձի (կնոջ կամ տղամարդու) վերարտադրողական պատմության, առողջական վիճակի, տարիքի, անհատական առանձնահատկությունների ու նախապատվությունների վրա, իսկ կիրառումն իրականացվում է միայն անձի լիակատար, ազատ և գիտակցված համաձայնությամբ: ↩
4. Պտղաբերության կարգավորման և բեղմնականխման միջոցները և մեթոդները կիրառվում են որպես անցանկալի հղիությունից և հղիության արհեստական ընդհատումից խուսափելու միջոց:
(8-րդ հոդ. փոփ. 30.04.15 ՀՕ-24-Ն, 12.07.24 ՀՕ-317-Ն օրենքներ)
Հոդված 9. |
Կամավոր բժշկական ամլացումը |
1. Չափահաս կանայք և տղամարդիկ իրավունք ունեն դիմելու կամավոր բժշկական ամլացման` անցանկալի հղիությունից պաշտպանվելու նպատակով:
2. Կամավոր բժշկական ամլացումն իրականացվում է բուժհաստատություններում միայն չափահաս անձանց նկատմամբ` նրանց գրավոր դիմումի և իրազեկված համաձայնության դեպքում: ↩
3. Կամավոր բժշկական ամլացում կատարելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(9-րդ հոդ. փոփ. 12.07.24 ՀՕ-317-Ն օրենք)
i
Հոդված 10. |
Հղիության արհեստական ընդհատումը (աբորտը) |
1. Յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման (աբորտի) իրավունք: Հղիության արհեստական ընդհատումը (աբորտը) (այսուհետ` ընդհատում)`
1) մինչև 11 շաբաթ 7 օր հղիության ժամկետը կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն: Բժշկական ցուցումների դեպքում ընդհատումը մինչև 11 շաբաթ 7 օր հղիության ժամկետը իրականացվում է կնոջ գրավոր համաձայնությամբ. ↩
2) 11 շաբաթ 7 օրից մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է բացառապես բժշկական (ներառյալ` սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում) ցուցումների առկայության դեպքում` կնոջ գրավոր համաձայնությամբ կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում` կնոջ գրավոր դիմումի համաձայն: ↩
2. Բժշկի կողմից բժշկական կամ սոցիալական ցուցումների` սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով ընդունված ցանկում չնախատեսված որևէ այլ դեպքում, ներառյալ` սեռով պայմանավորված 11 շաբաթ 7 օրից մինչև 22 շաբաթական ընդհատումն արգելվում է: ↩
3. Ընդհատումը մինչև 16 տարեկան անձի դիմումով կատարվում է նրա օրինական ներկայացուցչի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` նրա լիազորած կոնտակտային անձի գրավոր համաձայնությամբ, ընդ որում բուժհաստատության տնօրինությունը ձեռնարկում է միջոցներ` ապահովելու մինչև 16 տարեկան երեխայի` իր կարծիքն ազատ արտահայտելու և լսված լինելու իրավունքը, ինչպես նաև հաշվի առնում նրա կարծիքը` իր տարիքին և հասունության մակարդակին համապատասխան: ↩
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում ընդհատումից առաջ բժիշկը իրեն դիմած հղի կնոջը պարտավոր է տրամադրել ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու ժամանակահատված` երեք օրացուցային օր ժամկետով (իսկ եթե երրորդ օրացուցային օրը համընկնում է հղիության 11-րդ շաբաթվա 7-րդ օրը լրանալու օրվան, ապա մինչև այդ ժամկետը լրանալը), որը հաշվվում է կնոջ` ընդհատման համար բժշկին առաջին անգամ դիմելու պահից: ↩
5. Վիրաբուժական եղանակով հղիության արհեստական ընդհատումը և 8-22 շաբաթական ժամկետում դեղորայքային եղանակով հղիության արհեստական ընդհատումն իրականացվում են միայն հիվանդանոցային պայմաններում մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում: Դեղորայքային եղանակով հղիության արհեստական ընդհատումը մինչև 8 շաբաթական հղիության ժամկետում կարող է իրականացվել հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային պայմաններում մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում: ↩
6. Ընդհատման բժշկական միջամտությունն իրականացնելուց անմիջապես առաջ բժիշկը պարտավոր է կնոջը ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ տրամադրել անվճար խորհրդատվություն, որի մասին բժիշկը գրառում է ընդհատման համար դիմած կնոջ բժշկական փաստաթղթերում, և որը հաստատվում է կնոջ ստորագրությամբ:
7. Ընդհատման բժշկական միջամտությունն իրականացնելուց անմիջապես հետո բժիշկը պարտավոր է կնոջը անցանկալի հղիությունը կանխելու միջոցների և (կամ) մեթոդների ընտրության վերաբերյալ տրամադրել անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն, որի մասին բժիշկը գրառում է ընդհատման համար դիմած կնոջ բժշկական փաստաթղթերում, և որը հաստատվում է կնոջ ստորագրությամբ:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները, ներառյալ`
1) ընդհատման հակացուցումները և անհրաժեշտ հետազոտությունների ցանկը.
2) ընդհատման բժշկական և սոցիալական ցուցումների ցանկը.
3) մինչև 11 շաբաթ 7 օրը կամ սոցիալական ցուցումով ընդհատման համար հղի կնոջ կողմից ներկայացվող գրավոր դիմումի ձևը. ↩
4) բժշկական ցուցումներից ելնելով` ընդհատման համար հղի կնոջ կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվող գրավոր համաձայնության ձևը. ↩
5) մինչև 16 տարեկան անձի հղիության ընդհատման համար նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցչի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` նրա լիազորած կոնտակտային անձի տված գրավոր համաձայնության ձևը: ↩
9. Սույն հոդվածով սահմանված պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
(10-րդ հոդ. փոփ. 30.04.15 ՀՕ-24-Ն, 29.06.16 ՀՕ-134-Ն, 12.07.24 ՀՕ-317-Ն օրենքներ)
Հոդված 11. |
Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը |
1. Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է կիրառել օժանդակ սերմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով և վերարտադրողականության հետևյալ օժանդակ տեխնոլոգիաները. ↩
1) (1-ին կետն ուժը կորցրել է 06.08.2024 թվականից` 12.07.24 ՀՕ-317-Ն օրենք) ↩
2) արհեստական (արտամարմնական/փորձանոթային) բեղմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով և սաղմի ներպատվաստում.
3) դոնորական սաղմի ներպատվաստում փոխնակ մոր արգանդում:
2. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաները կիրառվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած բժշկասոցիալական ցուցումների հիման վրա:
3. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման դեպքում ապագա երեխայի սեռը պլանավորել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականություն , կամ ընտանիքն ունի նույն սեռի 3 երեխա:↩
i
4. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը, մեթոդների տարատեսակներն ու բժշկական գործելակերպը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Արհեստական սերմնավորումը կարող է իրականացվել գինեկոլոգիական կամ վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակներում, արհեստական (արտամարմնական /փորձանոթային) բեղմնավորումը և սաղմի ներպատվաստումն իրականացվում են վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման տեսակի շրջանակներում:
(11-րդ հոդ. փոփ. 21.03.12 ՀՕ-85-Ն, 04.06.21 ՀՕ-264-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 12.07.24 ՀՕ-317-Ն օրենքներ)
Հոդված 12. |
Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված իրավական հարաբերությունները |
1. Մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն` ↩
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող զույգը` միայն կնոջ (ամուսնու) հետ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում, եթե ամուսիններից մեկը մինչև 55 տարեկան է (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչև 53 տարեկան).
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող մինչև 55 տարեկան տղամարդը կամ կինը` իր ցանկությամբ (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչև 53 տարեկան):↩
1.1. Մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը` փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու մասով, չի տարածվում`
ա. ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող` ամուսնության մեջ չգտնվող տղամարդու վրա,
բ. հղիությունը կրելու բժշկական հակացուցում չունեցող կնոջ վրա,
գ. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու մասով` ազգությամբ հայ չհանդիսացող օտարերկրացիների վրա:
1.2. Այն դեպքում, երբ փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող նախատեսված ծնողները (ամուսինը և կինը կամ ամուսնության մեջ չգտնվող կինը) չեն հանդիսանում ապագա երեխայի կենսաբանական ծնող, ապա մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը տրվում է միջգերատեսչական հանձնաժողովի թույլտվությամբ, որի կազմը և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սույն իրավունքը տարածվում է`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող զույգի (ամուսնու և կնոջ), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող կնոջ վրա.
2) ազգությամբ հայ լինելը հաստատող կրոնական և համայնքային կառույցների, ինչպես նաև պետական մարմինների կողմից տրամադրվող փաստաթղթերը ներկայացրած` Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող ազգությամբ հայ օտարերկրացի զույգի կամ ամուսնության մեջ չգտնվող ազգությամբ հայ օտարերկրացի կնոջ վրա:
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 28.06.2021 թվականից` 04.06.21 ՀՕ-264-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)↩
i
3. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք իրավունք ունեն առողջապահության հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած կարգով նախապես իրազեկվել`↩
1) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված ժառանգաբանական, բժշկագիտական և իրավական հարցերի մասին.
2) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման գործելակարգի մասին.
3) դոնորի կամ փոխնակ մոր արտաքին տվյալների, ազգային պատկանելության, ֆենոտիպի և բժշկագենետիկական հետազոտությունների արդյունքների մասին:
4. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք (ամուսինները) իրավունք ունեն ընտրել սեռաբջջի դոնորին և (կամ) փոխնակ մորը:
5. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներ իրականացնելիս հաշվառվում են միայն այն դոնորների և փոխնակ մայրերի վերաբերյալ տեղեկությունները, ովքեր բժշկագենետիկական հետազոտության են ենթարկվել համապատասխան առողջապահական հաստատություններում և չունեն դոնոր կամ փոխնակ մայր լինելու հակացուցումներ:
6. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց` որպես ծնողների և այդ տեխնոլոգիաների օգտագործման արդյունքում ծնված երեխայի (երեխաների) միջև իրավական փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(12-րդ հոդ. փոփ. 29.09.16 ՀՕ-140-Ն, 21.01.20 ՀՕ-37-Ն, 12.07.24 ՀՕ-317-Ն օրենքներ)
Հոդված 13. |
Մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված պայմանագրերը |
Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց և փոխնակ մոր կամ հայտնի դոնորի դեպքում փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքվող գրավոր պայմանագրերով, որոնք ենթակա են նոտարական վավերացման:
Հոդված 14. |
Վերարտադրողականության (սեռաբջջի) դոնորությունը |
1. Դոնոր լինելու իրավունք ունեն 18-40 տարեկան այն տղամարդիկ և 18-35 տարեկան այն կանայք, որոնք ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն դոնոր լինելու բժշկական հակացուցումներ:↩
2. Հայտնի դոնոր լինելու իրավունք ունեն նաև վերարտադրողական տարիքի (18 տարեկանից սկսած) այն տղամարդիկ և կանայք, ովքեր ցանկանում են իրենց սեռաբջիջը կամ սաղմը տրամադրել հարազատներին կամ իրենց հետ ազգակցական կապի մեջ չգտնվող և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնության կարիք ունեցող զույգին (անձին) , ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն դոնոր լինելու բժշկական հակացուցումներ:↩
3. (3-րդ մասն ուժը կորցրել է 06.08.2024 թվականից` 12.07.24 ՀՕ-317-Ն օրենք) ↩
i
4. Դոնոր ընտրվելու համար նախատեսված բժշկական զննումները և հետազոտությունները, դոնորի նկատմամբ ներկայացվող լրացուցիչ պահանջները, դոնորական սերմի կամ ձվաբջջի տրամադրման և պահպանման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:↩ ↩
5. Դոնորն իր բեղմնունակ սերմը կամ ձվաբջիջը տրամադրելու համար կարող է ստանալ դրամական հատուցում համապատասխան առողջապահական հաստատության կամ սեռաբջիջն օգտագործող անձի կամ զույգի կողմից` նախապես կնքված և սահմանված կարգով վավերացված պայմանագրի համաձայն:
6. Դոնորը չունի որևէ իրավունք և չի կրում որևէ պարտականություն օժանդակ տեխնոլոգիաների օգտագործման արդյունքում իրենից սերված երեխայի նկատմամբ:
(14-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-37-Ն, 12.07.24 ՀՕ-317-Ն օրենքներ)
Հոդված 14.1. |
Սաղմի պահպանումը, ոչնչացումը, անհատույց տրամադրումը |
(14.1-ին հոդվածն ուժը կորցրել է 06.08.2024 թվականից` 12.07.24 ՀՕ-317-Ն օրենք) ↩
Հոդված 15. |
Փոխնակ մայրությունը |
1. Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն 20-38 տարեկան այն կանայք, որոնք ունեն առնվազն մեկ երեխա, նախկինում ոչ ավելի, քան երեք անգամ ծննդաբերել են, ոչ ավելի, քան մեկ անգամ կեսարյան հատման վիրահատության միջոցով ծննդալուծվել են, սահմանված կարգով ենթարկվել են բժշկական հետազոտության, որի արդյունքով չեն հայտնաբերվել բժշկական հակացուցումներ: ↩
2. Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն նաև վերարտադրողական տարիքի (նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած 20 տարեկանից սկսած) այն կանայք, ովքեր ցանկանում են կրել հարազատների կողմից տրամադրված սաղմով հղիությունը, ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող կինը կարող է փոխնակ մայր լինել ամուսնու համաձայնությամբ:
4. Կինը չի կարող հանդես գալ որպես փոխնակ մայր, եթե`
1) առկա է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած բժշկական հակացուցումներից որևիցե մեկը կամ
2) նախկինում առնվազն երկու անգամ հանդես է եկել որպես փոխնակ մայր:
5. Փոխնակ մայրը միաժամանակ չի կարող լինել ձվաբջջի դոնոր:
6. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց և փոխնակ մոր միջև փոխհարաբերությունները կարգավորվում են գրավոր պայմանագրերով, որոնք ենթակա են նոտարական վավերացման:
7. Փոխնակ մայրը պարտավոր է բժշկական հաշվառման կանգնել հղիության վաղ ժամկետներում (մինչև հղիության 12 շաբաթը), մշտապես գտնվել բժշկի հսկողության տակ, խստորեն կատարել նրա խորհուրդները և հետևել իր առողջությանը:
8. Փոխնակ մայրը վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձից կամ ամուսիններից առանձին ապրելու դեպքում պարտավոր է վերջիններիս տեղեկացնել հղիության ընթացքի մասին:
9. Փոխնակ մայրն իրավունք չունի հրաժարվել իրենից ծնված երեխային հանձնել սույն օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքած անձանց` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին կամ ամուսիններին:
10. Փոխնակ մայրն իրենից ծնված երեխայի նկատմամբ չունի որևէ իրավունք և չի կրում որևէ պարտականություն երեխային սահմանված կարգով պայմանագիր կնքած անձին կամ ամուսիններին հանձնելու պահից:
11. Փոխնակ մայրը հղիություն կրելու և ծննդաբերելու համար կարող է ստանալ դրամական հատուցում` համապատասխան առողջապահական հաստատության կամ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձի կամ ամուսինների և փոխնակ մոր կողմից նախապես կնքված պայմանագրով սահմանված կարգով:
12. Փոխնակ մոր հետ պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձը (ամուսինները) կրում է (են) բոլոր այն ծախսերը, որոնք կապված են հղիության ընթացքի, ծննդաբերության, ինչպես նաև բժշկական փաստաթղթերով հաստատված բարդությունների վերացման հետ:
13. (13-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.04.2012 թվականից` 21.03.12 ՀՕ-85-Ն օրենք)
14. Փոխնակ մորից ծնված երեխան սույն օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին է հանձնվում, եթե ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման արդյունքում հաստատվում է, որ`
1) (1-ին կետն ուժը կորցրել է 28.06.2021 թվականից` 04.06.21 ՀՕ-264-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)↩
2) փոխնակ մայրը չի հանդիսանում երեխայի կենսաբանական ծնողը:
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդը հանդիսանում է երեխայի կենսաբանական ծնողը:
i
15. ԴՆԹ-ի որոշման (ներառյալ` նմուշառման) իրականացման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(15-րդ հոդ. փոփ. 21.03.12 ՀՕ-85-Ն, 30.04.15 ՀՕ-24-Ն, 29.09.16 ՀՕ-140-Ն, 04.06.21 ՀՕ-264-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 12.07.24 ՀՕ-317-Ն օրենքներ)
Հոդված 16. |
Կենսաբանական ծնողը |
1. Կենսաբանական ծնողն իր բեղմնունակ սերմը կամ բեղմնունակ ձվաբջիջը տրամադրելու համար դրամական հատուցում չի ստանում:
2. Կենսաբանական ծնողը համարվում է ապագա երեխայի ծնողը և նրա նկատմամբ ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ:
3. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման արդյունքում ծնված երեխայի ծնողի` կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատվում է ԴՆԹ-ի որոշման արդյունքով` կենսաբանական ծնող հանդիսացող անձի ցանկությամբ:
4. Բուժման արդյունքով հղիությունն արձանագրելուց անմիջապես հետո վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող բժշկական կազմակերպությունը պարտադիր տրամադրում է գրավոր տեղեկատվություն կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատելու նպատակով ԴՆԹ-ի որոշման հնարավորության վերաբերյալ:
(13-րդ հոդ. փոփ. 12.07.24 ՀՕ-317-Ն օրենք)
Հոդված 17. |
Դոնորի և (կամ) փոխնակ մոր մասին տեղեկությունները |
1. Որպես դոնոր և (կամ) փոխնակ մայր հանդես գալու ցանկություն ունեցող անձինք կարող են դիմել համապատասխան առողջապահական հաստատություններ:
Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձինք կարող են առողջապահական հաստատություն ներկայացնել դոնորի և (կամ) փոխնակ մոր թեկնածուներ:
2. Դոնորի և փոխնակ մոր մասին տեղեկությունները հաշվառվում են դոնորի և փոխնակ մոր տվյալների բազայում` առողջապահության հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած կարգով:↩
3. Սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով հաշվառվում են այն դոնորի կամ փոխնակ մոր մասին տեղեկությունները, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն դոնոր և (կամ) փոխնակ մայր լինելու հակացուցումներ:
4. Դոնորի և փոխնակ մոր մասին տեղեկությունները տրամադրվում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց ցանկությամբ և հասանելի են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ոլորտում լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններին:↩
(17-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-37-Ն, 04.06.21 ՀՕ-264-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 18. |
Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված տեղեկությունների գաղտնիության պահպանումը |
1. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների` արհեստական սերմնավորման կամ բեղմնավորման և փոխնակ մայրության կիրառման հետ կապված տեղեկությունները համարվում են բժշկական գաղտնիք և հրապարակման ենթակա չեն:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները տրամադրվում են միայն քրեական վարույթի կամ քաղաքացիական գործի շրջանակներում` դատարանի (դատավորի), դատախազության, նախաքննության մարմինների, ինչպես նաև այլ իրավասու մարմինների պահանջով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով: ↩
(18-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-218-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)
Հոդված 19. |
Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված ծառայությունները |
Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված ծառայությունները մատուցում են առողջապահական այն հաստատությունները, որոնք օրենքով սահմանված կարգով ունեն բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակով զբաղվելու լիցենզիա, ինչպես նաև պահպանում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման համար օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված պայմանները:
Հոդված 19.1. |
Վերարտադրողական առողջության պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը |
i
Մարդու վերարտադրողական առողջության, սեռաբջիջների և սաղմի պահպանման, հղիության արհեստական ընդհատման և կամավոր բժշկական ամլացման, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման, վերարտադրողականության (սեռաբջջի) դոնորության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
(19.1-ին հոդ. լրաց. 21.03.18 ՀՕ-167-Ն օրենք)
Հոդված 20. |
Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար |
Սույն օրենքի պահանջները խախտող անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 21. |
Անցումային դրույթ |
Դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության պահպանման հետ կապված կրթական ծրագրերն իրականացվում են 2003-2004 ուսումնական տարվանից սկսած:
Հոդված 22. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ մտնում է պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2002 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-474-Ն
|