040.0040.270117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունվարի 2017 թվականի N 40-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1408-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. 2018 թվականի հունվարի 1-ից դրամարկղային մուտքի և ելքի օրդերները կարող են ստորագրվել էլեկտրոնային եղանակով:».
2) որոշման հավելվածի`
ա. 1-ին կետը «դրամարկղային գրքի» բառերից հետո լրացնել «` թղթային կամ էլեկտրոնային եղանակով» բառերով,
բ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Կանխիկ դրամի բոլոր մուտքագրումները և ելքագրումները գրանցվում են դրամարկղային գրքում` մուտքի և ելքի օրդերների հիման վրա: Դրամարկղային գիրքը վարվում է թղթային կրիչով կամ էլեկտրոնային եղանակով: Թղթային կրիչով դրամարկղային գիրքը (ձև` N 5` Դր-5) վարվում է սույն գլխով սահմանված կարգով, իսկ էլեկտրոնային եղանակով դրամարկղային գիրքը (այսուհետ` էլեկտրոնային դրամարկղային գիրք)` սույն կարգի III.1-րդ գլխով սահմանված կարգով:»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` III.1-րդ գլխով.
«III.1 ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳԻՐՔ ՎԱՐԵԼԸ
19.1. Կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների էլեկտրոնային գրանցում է համարվում էլեկտրոնային դրամարկղային գրքի (ձև N 5.1) վարումն առանց թղթային կրիչի` էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործմամբ: Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն իր կողմից օգտագործվող յուրաքանչյուր արժույթի համար վարում է առանձին էլեկտրոնային դրամարկղային գիրք: Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային դրամարկղային գիրք վարելու դեպքում չի կարող վարել թղթային կրիչով դրամարկղային գիրք:
19.2. Կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների էլեկտրոնային գրանցումն իրականացվում է հարկային մարմնի էլեկտրոնային դրամարկղային գրքերի համակարգում` մուտքի և ելքի օրդերների հիման վրա: Հարկային մարմնի էլեկտրոնային դրամարկղային գրքերի համակարգը ծրագրային համակարգ է (այսուհետ` համակարգ), որը ներառում է կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումը, կանխիկ դրամի մնացորդը ժամանակաշրջանի սկզբի և վերջի դրությամբ, ինչպես նաև հարկային մարմնում էլեկտրոնային դրամարկղային գրքերի գրանցումն ապահովող և այլ հարակից ծրագրեր, կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցմանն առնչվող տեղեկությունների էլեկտրոնային դարաններ (բազաներ):
19.3. Էլեկտրոնային դրամարկղային գիրք կարող են վարել օրենքին համապատասխան դրամարկղային գրքեր վարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածին համապատասխան հարկային մարմնից ստացել են էլեկտրոնային ծածկագիր (օգտվողի մուտքի անուն և գաղտնաբառ) ու համակարգում սույն կարգին համապատասխան հաշվառել են էլեկտրոնային դրամարկղային գիրք: Համակարգում էլեկտրոնային դրամարկղային գիրք վարելու լիազորություն ունեցող անձինք և նրանց էլեկտրոնային թվային ստորագրությունները գրանցվում և հաշվառվում են հարկային մարմնում:
19.4. Կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների էլեկտրոնային գրանցումն իրականացվում է էլեկտրոնային դրամարկղային գրքերի համակարգչային ծրագրի (այսուհետ` ծրագիր) միջոցով, որը տեղադրվում է հարկ վճարողի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի համապատասխան էջում: Էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցումը, էլեկտրոնային դրամարկղային գրքերի վարման դադարեցումը, վերագրանցումը, համապատասխան հայտերի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացումը և էլեկտրոնային դրամարկղային գրքերում մուտքի և ելքի օրդերների գրանցման հաստատումը կատարվում են իրական ժամանակում:
19.5. Համակարգում էլեկտրոնային դրամարկղային գիրք հաշվառելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը լրացնում է էլեկտրոնային դրամարկղային գրքերի գրանցման էլեկտրոնային հայտի (այսուհետ` գրանցման հայտ) տվյալները`
ա) կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,
բ) գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` բնակության վայրը:
19.6. Լրացված և ծրագրի միջոցով ձևավորված գրանցման հայտն ստանում է հերթական համար, վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է համակարգ: Գրանցման հայտը պատշաճ լրացնելու և ուղարկելու դեպքում համակարգում (ծրագրում) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ էլեկտրոնային դրամարկղային գրքերի դարանում (այսուհետ` դարան) ստեղծվում է գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային գիրքը, և համակարգի կողմից կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջն ուղարկվում է ծանուցում գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման մասին: ՈՒղարկված ծանուցումը հավաստում է, որ`
ա) գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գիրքը գրանցված է համակարգում,
բ) էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման պահից կանխիկ դրամի մուտքագրումները և ելքագրումները գրանցված են համարվում բացառապես էլեկտրոնային դրամարկղային գրքում սույն կարգի համապատասխան գրանցված լինելու դեպքում:
19.7. Համակարգում էլեկտրոնային դրամարկղային գիրքը հաշվառումից հանելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը դարանի համապատասխան էլեկտրոնային դրամարկղային գրքի համար ծրագրի միջոցով ընտրում է էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման դադարեցումը: Ծրագիրը ձևավորում է էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման դադարեցման հայտ (այսուհետ` դադարեցման հայտ)` ինքնաշխատ լրացնելով կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ տվյալները: Դադարեցման հայտն ստանում է հերթական համար, վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում համակարգ: Դադարեցման հայտը պատշաճ ուղարկելու դեպքում համակարգը ներկայացնում է դադարեցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման դադարեցման մասին ծանուցում: Ծանուցումը հավաստում է, որ`
ա) դադարեցման հայտով ներկայացված էլեկտրոնային գրքի վարումը համակարգում դադարեցված է,
բ) դադարեցման հայտով ներկայացված էլեկտրոնային գիրքը դիտելու, տվյալներն արտածելու և այն վերագրանցելու գործողություններից բացի բոլոր գործողությունները համակարգի կողմից արգելափակված են:
19.8. Սույն կարգի 19.7-րդ կետին համապատասխան դադարեցված էլեկտրոնային դրամարկղային գիրքը հնարավոր է նորից վերագրանցել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դարանի համապատասխան էլեկտրոնային գրքի համար ծրագրի միջոցով ընտրելով էլեկտրոնային դրամարկղային գրքի վերագրանցումը: Ծրագիրը ձևավորում է էլեկտրոնային դրամարկղային գրքի վերագրանցման հայտ (այսուհետ` վերագրանցման հայտ)` ինքնաշխատ լրացնելով կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ տվյալները: Վերագրանցման հայտն ստանում է հերթական համար, վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում համակարգ: Վերագրանցման հայտը պատշաճ ուղարկելու դեպքում համակարգը հարկ վճարողին ուղարկում է ծանուցում վերագրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գրքի վերագրանցման մասին: Ծանուցումը հավաստում է, որ`
ա) վերագրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գիրքը վերագրանցված է համակարգում,
բ) ծանուցման ստացման պահից հայտով ներկայացված կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումները համարվում են կատարված բացառապես էլեկտրոնային դրամարկղային գրքում սույն կարգին համապատասխան գրանցված լինելու դեպքում:
19.9. Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը սույն կարգին համապատասխան էլեկտրոնային դրամարկղային գիրք գրանցելու կամ վերագրանցելու դեպքում կանխիկ դրամի մուտքագրումները և ելքագրումները գրանցում է միայն էլեկտրոնային դրամարկղային գրքում:
19.10. Էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման համար պատասխանատու անձը (օգտվողը) կանխիկ դրամի բոլոր մուտքագրումները և ելքագրումները յուրաքանչյուր մուտքի և ելքի օրդերի հիման վրա առանձին ըստ կանխիկ դրամի մուտքի և ելքի հաջորդականության, դարանի համապատասխան էլեկտրոնային գրքում կատարում է գրանցումները` պարտադիր լրացնելով մուտքի և ելքի օրդերի համարը, ամսաթիվը և գումարը: Էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցումները կատարվում են յուրաքանչյուր մուտքի կամ ելքի օրդերի հիման վրա` ոչ ուշ, քան սույն կարգի 19.11-րդ կետում նշված էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումների ամփոփման օրը ներառյալ: Էլեկտրոնային դրամարկղային գրքում մուտքի և ելքի օրդերների վերաբերյալ տվյալները գրանցվում են գործողության կատարման և հաստատման ամսաթվով: Տեղեկագրով կանխիկ դրամ վճարելիս` էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցումը կատարվում է սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետում դրամարկղային ելքի օրդերի կազմման օրը:
19.11. Էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումները վերջնական ամփոփվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ամսվա վերջին օրվա դրությամբ, տվյալ ամսվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ մինչև տվյալ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրման կամ ելքագրման վերաբերյալ գրանցում կատարելը: Էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցումներն ամփոփելիս լրացվում են դրամարկղում կանխիկ դրամի մնացորդը տվյալ ամսվա սկզբի (սկզբնական մնացորդ) և տվյալ ամսվա վերջի (վերջնական մնացորդ) դրությամբ, ինչպես նաև տվյալ ամսվա վերջին օրվա դրությամբ բոլոր մուտքագրված և ելքագրված գումարների հանրագումարները: Էլեկտրոնային եղանակով դրամարկղային գրքում առաջին անգամ գրանցումներ կատարելու (այդ թվում` էլեկտրոնային դրամարկղային գրքի վերագրանցումից հետո) դրամարկղային գրքի գրանցման (վերագրանցման) օրվա դրությամբ սկզբնական մնացորդը լրացվում է պատասխանատու անձի (օգտվողի) կողմից, որը համարվում է գրանցման (վերագրանցման) օրը ներառող ամսվա սկզբնական մնացորդ: Էլեկտրոնային եղանակով դրամարկղային գրքի վարման դադարեցման դեպքում էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումները վերջնական ամփոփվում են մինչև էլեկտրոնային եղանակով դրամարկղային գրքի վարման դադարեցման օրը` այդ օրվան նախորդող վերջին օրը համարելով դրամարկղային գրքի վարման դադարեցման օրը ներառող ամսվա վերջին օր:
19.12. Էլեկտրոնային դրամարկղային գրքում սխալ գրանցման հայտնաբերման դեպքում` էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման համար պատասխանատու անձը (օգտվողը) սխալ գրառում պարունակող տողի համար ծրագրի միջոցով ընտրում է խմբագրումը: Սխալ գրառում պարունակող տողի խմբագրման դեպքում ծրագիրն ինքնաշխատ ձևավորում է էլեկտրոնային դրամարկղային գրքում` գրանցումների նոր տող, որտեղ կատարվում է ճիշտ գրանցումը: Էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման համար պատասխանատու անձի (օգտվողի) կողմից կատարվում է գրանցման հաստատում: Ծրագիրը պահանջում է ստուգել և վերահաստատել գրանցումը, որից հետո այն ուղարկում է համակարգ: Ծրագիրը սխալ գրանցում պարունակող տողերն էլեկտրոնային դրամարկղային գրքից չի հեռացնում (համարվում են խմբագրված):».
դ. 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» և «դ» ենթակետերով.
«գ) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման կանոնների խախտում է համարվում տվյալ ամսվա ընթացքում դրամարկղ մուտքագրված և (կամ) դրամարկղից ելքագրված գումարների համար կազմված դրամարկղային մուտքի և (կամ) ելքի օրդերների համարն ու գումարը տվյալ ամսվան հաջորդող որևէ ամսվա ընթացքում էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցելը,
դ) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից էլեկտրոնային դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցել է համարվում դրամարկղ մուտքագրված կամ դրամարկղից ելքագրված գումարների համար կազմված դրամարկղային մուտքի և ելքի օրդերների համարն ու գումարը էլեկտրոնային դրամարկղային գրքում չգրանցելը կամ էլեկտրոնային գրքեր գրանցած (վերագրանցած) լինելու դեպքում դրամարկղային մուտքի և (կամ) ելքի օրդերի համարն ու գումարը թղթային դրամարկղային գրքում գրանցելը:».
ե. լրացնել նոր N 5.1 ձևով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունիսի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի հունվարի 26-ի
N 40-Ն որոշման
«Ձև N 5.1
Էլեկտրոնային դրամարկղային գրքի էջ
_______________
(ամիսը)
արժույթը _________
Սկզբնական մնացորդը _________________
._____________________________________________________________________.
|Գործողության|Դրամարկղային |Վճարողի |Մուտքը|Ելքը |Թղթակցող|Կարգավի-|
|կատարման |մուտքի և |(մուտքի | | |հաշիվը |ճակը |
|ամսաթիվը |ելքի օրդերների |դեպքում) | | | | |
| | |կամ | | | | |
| | |ստացողի | | | | |
| | |(ելքի | | | | |
| | |դեպքում) | | | | |
| | |անունը, | | | | |
| | |ազգանունը| | | | |
| | |և (կամ) | | | | |
| | |վճարման | | | | |
| | |բնույթը | | | | |
|____________|_______________|_________|______|_____|________|________|
| |համարը|ամսաթիվը| | | | | |
|____________|______|________|_________|______|_____|________|________|
| | | | | | | | |
|____________|______|________|_________|______|_____|________|________|
| | | | | | | | |
|____________|______|________|_________|______|_____|________|________|
| | | | | | | | |
|____________|______|________|_________|______|_____|________|________|
| | | | | | | | |
|____________|______|________|_________|______|_____|________|________|
| | | |Ընդամենը | | | | |
._____________________________________________________________________.
Վերջնական մնացորդը_________________ «: