(ուժը կորցրել է 09.02.17 թիվ 101-Ն որոշում)
i
040.0499.050899
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 օգոստոսի 1999 թվականի թիվ 499
i
ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 50 ՏՈԿՈՍԻՑ ՊԱԿԱՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱԶԱՏ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «զ» ենթակետի և 15 հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կարգը (կցվում է):
i
2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությանը` հաստատել կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով մասնագիտացված կազմակերպության (կամ) փորձագետների (արժեթղթերի շուկայում բրոքերային, դիլերային և (կամ) խորհրդատվական գործունեություն իրականացնող անձի (անձանց) մրցույթով ընտրության կարգը:
i
3. Փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը մասնավորեցնելիս դրանք ուղղակի վաճառքի ձևով առաջարկվում են ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև ընկերությանը: Ոչ պետական բաժնետոմսերի սեփականատերերին կամ ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով բաժնետոմսերի վաճառքը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 6-ի «Ուղղակի վաճառքի ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 277 որոշմամբ:
Ոչ պետական բաժնետոմսերի սեփականատերերին կամ ընկերությանն առաջարկված բաժնետոմսերից հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում ընդունում է նոր որոշում ընկերության բաժնետոմսերն աճուրդով մասնավորեցնելու մասին:
i
4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազդագրի օրինակելի ձևը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության հետ:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
օգոստոսի 5-ի N 499 որոշմամբ
ԿԱՐԳ
կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական
սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող
ընկերությունների բաժնետոմսերի ազատ
բաժանորդագրության
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների (այսուհետև` ընկերություն) բաժնետոմսերի (այսուհետև` բաժնետոմսեր) մասնավորեցման կարգը:
i
2. Բաժնետոմսերն աճուրդով մասնավորեցնելու դեպքում, բացի մեկնարկային գնից, այլ գնային սահմանափակումներ չեն կիրառվում: Բաժնետոմսերի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել ընկերության զուտ ակտիվների և թողարկած բաժնետոմսերի թվի հարաբերությունից, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:
(2-րդ կետը փոփ. 06.05.10 թիվ 504-Ն որոշում)
3. Բաց բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը մասնավորեցվում են աճուրդով (այսուհետև` աճուրդ):
4. Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է որոշում մասնավորեցման մասին:
Որոշման մեջ նշվում են`
ա) ընկերության կանոնադրական կապիտալի չափը, զուտ ակտիվների արժեքը, պետությանը պատկանող բաժնետոմսերի թիվն ու անվանական արժեքը.
բ) մասնավորեցման ձևը.
գ) բաժնետոմսերի վաճառքի ժամկետները և պայմանները.
դ) մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը.
ե) ընկերության պարտականությունները` որոշումն ընդունելու պահին, ներառյալ հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարումների համար ապառքները, տույժերը և տուգանքները.
զ) տեղեկություններ ընկերության բաժնետոմսերի ազդագիրը հաստատելու, այն գրանցման ներկայացնելու և հրապարակելու ժամկետների մասին.
է) դրույթներ մասնագիտացված կազմակերպության կամ փորձագետների (արժեթղթերի շուկայում բրոքերային, դիլերային և (կամ) խորհրդատվական գործունեություն իրականացնող անձի (անձանց) մրցույթով ընտրության մասին, եթե նախատեսվում է մասնագիտացված կազմակերպության կամ փորձագետների ընտրություն.
ը) այլ տեղեկություններ:
5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում իրականացնում է բաժնետոմսերի մասնավորեցումն աճուրդով:
6. Աճուրդի նախավճարը հաշվարկվում է հայտում նշված բաժնետոմսերի մեկնարկային գնի 10 տոկոսի չափով:
7. Աճուրդի մասնակիցները հայտերը և դրան կից փաստաթղթերը ներկայացնում են կնքված` փակ ծրարներով:
8. Եթե աճուրդի մասնակիցը տվյալ աճուրդի ժամանակ բաժնետոմս չի գնել, ապա նրա կողմից մուծված նախավճարը վերադարձվում է նախարարություն դիմելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
9. Բաժնետոմսերի աճուրդով վաճառքին մասնակցելու իրավունք ունեն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մասնավորեցման սուբյեկտ ճանաչված անձինք:
II. Աճուրդով մասնավորեցման վերաբերյալ
տեղեկատվությունը և դրա հրապարակումը
10. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բաժնետոմսերի աճուրդով մասնավորեցման մասին որոշման ընդունումից և ազդագրի հրապարակումից հետո նախարարությունը (մրցույթով ընտրված անձը) կազմում է տեղեկատվություն, որը պետք է ներառի`
ա) մասնավորեցվող բաժնետիրական ընկերության անվանումը, գտնվելու վայրը.
բ) աճուրդի ձևը.
գ) աճուրդի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.
դ) աճուրդի մասնակցին ներկայացվող պահանջները.
ե) բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը.
զ) մեկ բաժնետոմսի անվանական արժեքը.
է) վաճառվող բաժնետոմսերի ընդհանուր թիվը.
ը) մեկ բաժնետոմսի մեկնարկային գինը.
թ) վճարումների ձևը և կարգը.
ժ) աճուրդի նախավճարի հաշվարկման կարգը.
ժա) աճուրդին մասնակցելու հայտերի և փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետը, կարգը և ընդունվող իրավասու պետական մարմնի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը.
ժբ) բաժնետոմսերի դիմաց վճարներն ընդունող բանկի հաշվարկային հաշվի համարը:
11. Մրցույթով ընտրված անձը կազմակերպում է մասնավորեցման մասին տեղեկատվության հրապարակումը մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով` նախարարության հետ ծառայությունների մատուցման պայմանագրին համապատասխան:
III. Աճուրդին մասնակցելու պայմանները
12. Աճուրդին մասնակցելու իրավունք են ձեռք բերում մասնավորեցման այն սուբյեկտները, որոնք սահմանված ժամկետում նախարարություն են ներկայացրել հայտերը և պահանջվող փաստաթղթերը:
13. Աճուրդին մասնակցելու համար հայտատուն նախարարություն է ներկայացնում աճուրդին մասնակցելու հայտը, որին կցվում են`
ա) աճուրդի նախավճարի անդորրագիրը.
բ) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցման վկայականի պատճենը, եթե հայտ ներկայացնողն իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր:
14. Նախարարությունը վաճառում է դիտորդի տոմսեր աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար: Դիտորդի տոմսերի վաճառքից գոյացած եկամուտները մուտքագրվում են նախարարության հաշվին` աճուրդի անցկացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար:
15. Աճուրդին մասնակցելու հայտերը կից պահանջվող փաստաթղթերով ընդունվում են մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող աշխատանքային օրվա վերջը:
16. Աճուրդին մասնակցելու հայտեր ներկայացրած մասնավորեցման սուբյեկտների մասին տեղեկությունները մինչև աճուրդի օրվա ենթակա չեն հրապարակման:
17. Աճուրդին մասնակցելու հայտը չի քննարկվում, եթե հայտ ներկայացնողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման սուբյեկտ չի հանդիսանում կամ բացակայում են սույն կարգի 15-րդ կետում նշված փաստաթղթերը:
18. Աճուրդին կարող են մասնակցել մասնակցության իրավունք ձեռք բերած մասնավորեցման սուբյեկտները կամ նրանց կողմից լիազորված անձինք:
19. Փակ ծրարն ընդունելուց հետո այն գրանցում են աճուրդների գրանցամատյանում, նշում են գրանցման համարը, ժամը և կնքում կնիքով: Բոլոր ծրարները պահվում են կնքված արկղում:
IV. Աճուրդի անցկացումը
20. Աճուրդն անցկացնում է հանձնաժողովը, որն ազդագրում նշված աճուրդի անցկացման օրը բացում է ծրարները և բոլոր հայտերի մասին տեղեկությունները դասակարգում ըստ ընկերությունների, բաժնետոմսերի թվի և առաջարկված գնի:
Աճուրդի մասնակիցները կարող են ներկա գտնվել ծրարների բացմանը:
21. Հայտերը բավարարվում են (հաղթողը որոշվում է) առաջարկված գների նվազման հաջորդականությանը համապատասխան, մինչև վաճառվող բաժնետոմսերի թվի սպառումը, պահպանելով բաժնետոմսերի նվազագույն գինը:
22. Հավասար գների դեպքում հայտերը բավարարվում են հայտերում նշված բաժնետոմսերի թվին համամասնորեն` պահպանելով բաժնետոմսի ամբողջությունը հօգուտ թվով ավելի շատ բաժնետոմսերի գնման առաջարկ ներկայացրած անձանց: Իսկ հայտում նշված բաժնետոմսերի թվի հավասարության դեպքում աճուրդի հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:
23. Աճուրդի հաղթողին սույն կարգի 34-րդ կետով սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում մասնակցության նախավճարը չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Գնորդը վճարումները կարող է կատարել նաև լիազորված անձի միջոցով:
24. Վճարման դեպքում նախավճարը հաշվարկվում է աճուրդի հաղթողի (գնորդի) կողմից վճարման ենթակա գումարի մեջ և աճուրդի կազմակերպչի կողմից փոխանցվում է համապատասխան հաշվին:
V. Աճուրդը չկայացած համարելը
25. Աճուրդը համարվում է չկայացած, եթե`
ա) աճուրդին չի ներկայացվել ոչ մի հայտ.
բ) աճուրդին ներկայացված հայտերը չեն բավարարում սույն կարգի 2-րդ կետի պահանջները:
26. Եթե գնորդը (գնորդները) սահմանված ժամկետում չի կատարել (չեն կատարել) վճարումները և հրաժարվել է (հրաժարվել են) բաժնետոմսերը ձեռք բերելուց, ապա աճուրդի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը (մասնակիցները), որի (որոնց) առաջարկած գինը (գները) վճարելուց հրաժարված մասնակցի (մասնակիցների) կողմից առաջարկված գնից (գներից) հետո ամենաբարձրն է:
Տվյալ դեպքում նախարարությունը 3-օրյա ժամկետում տեղեկացնում է նոր գնորդին (գնորդներին)` սույն կարգի համաձայն վճարումները կատարելու համար: Սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում նախարարությունը հաղթողի իրավունքը փոխանցում է հաջորդ մասնակիցներին, որոնք տեղեկացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, պետք է կատարեն համապատասխան վճարումները:
27. Աճուրդը չկայանալու դեպքում կազմվում է արձանագրություն:
28. Եթե նախավճարն աճուրդի կայացման օրվանից երկու ամսվա ընթացքում հետ չի պահանջվում, ապա այդ գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացված դեպոզիտ հաշվին:
VI. Աճուրդի գործարքների ձևակերպումը
29. Նախարարությունը կազմում է աճուրդային վաճառքի ձևով բաժնետոմսերի մասնավորեցման արդյունքների մասին ամփոփ արձանագրություն, որն աճուրդի կայացումից հետո ստորագրվում է գնորդի և վաճառողի կողմից:
30. Նախարարությունը հաստատում է աճուրդի մասնակցության հայտի, աճուրդը չկայանալու մասին արձանագրության և բաժնետոմսերի մասնավորեցման արդյունքների մասին ամփոփ արձանագրության ձևերը:
31. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցին տրվում է վճարման հանձնարարագիր` երկու օրինակից, որոնցից մեկը մնում է նախարարությունում:
Վճարման հանձնարարագրում նշվում է գնորդի կողմից մուծվող գումարը, մուծման վերջին ժամկետը:
32. Վճարման անդորրագիրը նախարարություն ներկայացնելուց հետո վճարումը համարվում է կատարված:
33. Աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն իրավաբանական ուժ է ստանում հանձնաժողովի նախագահի ու գնորդի կողմից ստորագրվելուց հետո և հիմք է հանդիսանում բաժնետոմսերի նոր սեփականատիրոջ հետ առք ու վաճառքի պայմանագիր կնքելու համար, որից հետո գնորդին են փոխանցվում բաժնետոմսերը կամ բաժնետոմսերի հավաստագիրը:
34. Աճուրդում հաղթողը պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում մուծել բաժնետոմսերի համար իր առաջարկած արժեքն ամբողջությամբ:
35. Բաժնետոմսերի սեփականության իրավունքը համարվում է փոխանցված` բաժնետոմսերը կամ դրանց հավաստագրերի սեփականատիրոջ մասին տվյալները սահմանված կարգով գրանցամատյանում (ռեեստրում) գրանցվելու պահից:
36. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը մնում է անփոփոխ, անկախ աճուրդի արդյունքներից:
Ընկերության կանոնադրական կապիտալում պահպանվում է աճուրդով վաճառված բաժնետոմսերի հարաբերակցությունն ընկերության կանոնադրական կապիտալին համապատասխանող բաժնետոմսերի ընդհանուր թվին` մինչև դրանց վաճառքը եղած հարաբերակցությանը համապատասխան:
37. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում ընդունում է նոր որոշում չվաճառված բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին: