(ուժը կորցրել է 25.07.11 թիվ 190-Ն հրաման)
i
322.0332.170108
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 01 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32208022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
7 դեկտեմբերի 2007 թվականի N 332-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 18.05.2006Թ. N 912-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻՆ ԵՎ /ԿԱՄ/ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ԿԻՑ` ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 30.11.2006Թ. N 1855-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 N 912-Ն որոշմամբ սահմանված կարգով բազմաբնակարան շենքերի բնակարաններին և /կամ/ ոչ բնակելի տարածքներին կից` օրինականացված ինքնակամ կառույցների և բազմաբնակարան շենքի սեփականատերերին Հայաստանի Հանրապետության կառավարության 30.11.2006թ. N 1855-Ն որոշմամբ սահմանված կարգով փոխանցվող հողամասերի գրանցման առանձնահատկությունների մասին» հրահանգը` համաձայն հավելվածի /կցվում է/:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի վրա:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի պետական
կոմիտեի նախագահի
2007թ. դեկտեմբերի 7-ի
N 332-Ն հրամանի
ՀՐԱՀԱՆԳ
Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 N 912-Ն որոշմամբ սահմանված կարգով բազմաբնակարան շենքերի բնակարաններին և /կամ/ ոչ բնակելի տարածքներին կից` օրինականացված ինքնակամ կառույցների և բազմաբնակարան շենքի սեփականատերերին Հայաստանի Հանրապետության կառավարության 30.11.2006թ. N 1855-Ն որոշմամբ սահմանված կարգով փոխանցվող հողամասերի գրանցման առանձնահատկությունների մասին
ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով սահմանվում են ՀՀ կառավարության 30.11.2006թ. N 1855-Ն որոշմամբ սահմանված կարգով բազմաբնակարան շենքերի սեփականատերերին փոխանցվող հողամասերի /այսուհետ` բազմաբնակարան շենքերի հողամասեր/, ինչպես նաև շենքերում տեղակայված բնակարաններին և/կամ ոչ բնակելի տարածքներին /այսուհետ` բազմաբնակարան շենքի շինություններ/ կից ինքնակամ իրականացված և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման» կարգի 25-րդ կետին համապատասխան օրինականացված կառույցների /այսուհետ` օրինականացված կցակառույցներ/ նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները:
2. Բազմաբնակարան շենքի հողամասի նկատմամբ տվյալ բազմաբնակարան շենքի, շինությունների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի` շենքի բոլոր շինությունների գրանցման թերթիկներում հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում յուրաքանչյուր շինության սեփականատիրոջ /սեփականատերերին/ բաժնեմասը գրանցելու միջոցով:
3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի համաձայն` բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի հողամասի և ընդհանուր գույքի նկատմամբ սեփականության իրավունքում բազմաբնակարան շենքի շինության սեփականատիրոջ բաժինը` սեփականատիրոջը պատկանող շինության մակերեսի հարաբերությունն է այդ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսներին` արտահայտված կոտորակով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով. «բաժնեմասը = Sսեփ բաժանած Sընդ», որտեղ Sսեփ` տվյալ սեփականատիրոջը սեփականության իրավունքով պատկանող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի մակերեսն է, իսկ Sընդ` ամբողջ շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների /այդ թվում` օրինականացված կցակառույցների/ մակերեսների գումարն է: Եթե շենքի շինության և շինությունների ընդհանուր մակերեսները ամբողջ թվեր չեն, ապա բաժնեմասը կոտորակով արտահայտելիս մակերեսի չափը արտահայտող տասնորդական թիվը կլորացվում է, ընդ որում, եթե թվի տասնորդական մասը փոքր է 0.5-ից, ապա թիվը կլորացվում է մինչև նախորդող ամբողջ թիվը, իսկ եթե տասնորդական մասը 0.5-0.9 միջակայքում է, ապա կլորացումը կատարվում է մինչև հաջորդող ամբողջ թիվը (օրինակ` 86.2 քմ կլորացվում է դեպի 86 քմ-ը, իսկ 2563.8 քմ-ը` մինչև 2564 քմ):
4. Օրինականացված կցակառույցներ ունեցող բազմաբնակարան շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր գույքի բաժնեմասերը հաշվարկելիս`
1) օրինականացված կառույցների օրինականացման վճարների մուծման անդորրագրերը տարածքային ստորաբաժանում չներկայացված շինությունների համար` սույն հրահանգի 3-րդ կետով նախատեսված բանաձևում որպես Sսեփ ընդունվում է շինության /բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի/ օրինական մասի մակերեսը` առանց կցակառույցի, իսկ շինությունների կցակառույցներին հասանելիք բաժնեմասը հաշվարկվում է առանձին` որպես պետությանը կամ համայնքին պատկանող բաժնեմաս.
2) օրինականացման վճարները մուծված և վճարման անդորրագիրը տարածքային ստորաբաժանում ներկայացված շինությունների համար Sսեփ-ի արժեքը ընդունվում է հավասար շինության և օրինականացված կցակառույցի մակերեսների հանրագումարին:
5. Բազմաբնակարան շենքի հողամասի հատակագիծը ստանալուց հետո տարածքային ստորաբաժանման կողմից սույն հրահանգով սահմանված բանաձևով հաշվարկվում են բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի, պետության /կամ համայնքի/ բաժնեմասերը: Բաժնեմասերի հաշվարկի համար յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար կազմվում է տվյալ շենքի, շինությունների ցանկը, որը պետք է պարունակի շինությունների հերթական համարները, շինությունների մակերեսների չափերը և յուրաքանչյուր շինության սեփականատիրոջ /սեփականատերերի/ հաշվարկված բաժնեմասի չափը, ընդ որում, ցանկում առկա բոլոր շինությունների համար հաշվարկված բաժնեմասերի հանրագումարը պետք է հավասար լինի 1-ի:
6. Եթե շենքում առկա են չգրանցված բնակարաններ, որոնց վերաբերյալ կադաստրային գործ չի կազմվել, ապա բաժնեմասերի հաշվարկի համար տվյալ բնակարանի մակերեսի չափը ընդունվում է հավասար` շենքի նույնատիպ հատակագծված և կառուցված այլ բնակարանների մակերեսի չափին:
1) Շենքում առկա չմասնավորեցված և չգրանցված ոչ բնակելի տարածքների /բացվածքների/ բաժնեմասերի հաշվարկի համար տվյալ շինության մակերեսի չափեր են ընդունվում ՀՀ կառավարության 18 օգոստոսի 2005 թվականի N 2415-Ն որոշմամբ նշված մակերեսները:
7. Բազմաբնակարան շենքի, շինությունների սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականներում բազմաբնակարան շենքի հողամասի և ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքի գրանցման վերաբերյալ գրառումները հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն իրականացնելուց հետո պարտադիր կատարվում են շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման դեպքում, իսկ այլ գործառույթների նպատակով անձանց դիմելու դեպքում` ըստ սեփականատերերի կողմից վկայականների ներկայացման:
8. Մինչև բազմաբնակարան շենքի հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելը շենքի շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման գործառույթները իրականացվում են առանց հողամասի վերաբերյալ տվյալների գրառման:
9. ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման» կարգով սահմանված օրինականացման վճարումները չկատարված շինությունների կցակառույցների և դրանց` սույն հրահանգի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով հաշվարկված հողամասի բաժնեմասերի նկատմամբ համայնքի ղեկավարի /Երևանի քաղաքապետի/ դիմումի հիման վրա գրանցվում է համայնքի կամ պետության սեփականության իրավունքը:
10. ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշմամբ հաստատված` «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման» կարգի 31-րդ կետի «դ» ենթակետով սահմանված ժամկետում օրինականացման վճարումները չկատարված` որպես պետական կամ համայնքային սեփականություն գրանցված կցակառույցները տնօրինվում են ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշմամբ հաստատված` «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման» կարգի 34-36 կետերով սահմանված դրույթներին համապատասխան:
1) Սույն կետով սահմանված կարգով օրինականացված կցակառույցի ձեռքբերման վերաբերյալ պայմանագիրը պետական գրանցման ներկայացվելու դեպքում ձեռք բերված կցակառույցը և շինությունը գրանցվում են որպես մեկ միավոր` առանց կցակառույցի նկատմամբ իրավունքը նախօրոք` առանձին գրանցելու, իսկ դրանց հողամասերի բաժնեմասերը գումարվում են` ամբողջ բաժնեմասի նկատմամբ գրանցելով տվյալ շինության սեփականատիրոջ բաժնային սեփականության իրավունքը:
ԲԱԺԻՆ 2. ԳՐԱՆՑՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Բազմաբնակարան շենքի հողամասի և ընդհանուր գույքի նկատմամբ տվյալ բազմաբնակարան շենքի շինությունների բաժնեմասերը գրանցելիս գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի յուրաքանչյուր շինության գրանցման թերթիկի «Հողամաս» ենթաբաժնում, ըստ սյունակների լրացվում են շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված հողամասի վերաբերյալ հետևյալ տվյալները`
1) «Կադաստրային համարը» սյունակում լրացվում է կադաստրային քարտեզագրման արդյունքների հիման վրա տրված ծածկագիրը.
2) «Գտնվելու վայրը» սյունակում լրացվում է հողամասի հասցեն (մարզ, համայնք, փողոց, հերթական համար).
3) «Նպատակային նշանակությունը» սյունակում լրացվում է «բնակավայրերի».
4) «Օգտագործման նպատակը» սյունակում նշվում է` «բազմաբնակարան շենքի պահպանման և սպասարկման».
5) «Հողի կադաստրային արժեքը» սյունակը չի լրացվում.
6) «Հողամասի չափը (մակերես)» սյունակում լրացվում է հողամասի մակերեսի չափը` հեկտարով /հա/:
12. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի յուրաքանչյուր շինության գրանցման թերթիկի «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները» բաժնի 1-ին ենթաբաժնում`
1) 1-ին և 2-րդ սյունակները չեն լրացվում.
2) 3-րդ սյունակում լրացվում է «ընդհանուր բաժնային սեփականություն».
3) 4-րդ սյունակում նշվում է տվյալ գրանցման թերթիկում գրանցված շինության սեփականատիրոջ` սույն հրահանգով սահմանված կարգով հաշվարկված հողամասի բաժնեմասի չափը.
4) 5-րդ սյունակում լրացվում է հողամասի սահմանները որոշելու վերաբերյալ համայնքի ղեկավարի, Երևանում` Երևանի քաղաքապետի որոշման ամսաթիվը և համարը:
13. Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականներում լրացվում են հետևյալ տվյալները`
1) «անշարժ գույքի ձեռքբերման իրավունքը հաստատող փաստաթղթի անվանումը» տողերում նշվում է հողամասի սահմանները որոշելու վերաբերյալ համայնքի ղեկավարի, Երևանում` Երևանի քաղաքապետի որոշման ամսաթիվը և համարը:
2) «Հողամասի տվյալները բաժնում»`
ա. «Կադաստրային համարը» տողում լրացվում է բազմաբնակարան շենքի հողամասի կադաստրային ծածկագիրը.
բ. «Նպատակային նշանակությունը» տողում լրացվում է «բնակավայրերի».
գ. «Օգտագործման նպատակը» տողում լրացվում է` «բազմաբնակարան շենքի պահպանման և սպասարկման».
դ. «Հողամասի չափը» տողում լրացվում է բազմաբնակարան շենքի հողամասի մակերեսի չափը.
ե. «Իրավունքի տեսակը» տողում լրացվում է «ընդհանուր բաժնային սեփականություն և նշվում է համապատասխան բաժնեմասի չափը:
14. Սույն հրահանգի 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում սույն հրահանգի 10-րդ կետով նախատեսված գրառումներից բացի շինության վկայականի «Շենքի հատակագիծը» բաժնում նշվում է /շտրիխապատվում է/ կցակառույցը, իսկ «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» բաժնում նշում է կատարվում ինքնակամ կցակառույցի առկայության, այդ կցակառույցի համար հաշվարկված բաժնեմասի չափի և այդ բաժնեմասի պատկանելության /պետական կամ համայնքային/ վերաբերյալ: