(ուժը կորցրել է 18.03.10 թիվ 269-Ն որոշում)
i
040.0209.100307
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 փետրվարի 2007 թվականի N 209-Ն
i
ԵՐԵԽԱՆԵՐ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` 6-ամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող` երեխաներ որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսապայմանների ուսումնասիրության կարգը, կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտի ձևը, որդեգրողի թեկնածուների հաշվառման մատյանների, որդեգրողի թեկնածուի անձնական քարտի և որպես որդեգրողի թեկնածու հաշվառվելու համար դիմումի ձևերը:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 12-ի «Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին» N 64 որոշմամբ հաստատված երեխայի որդեգրման կարգի 2, 4, 5, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23 և 24-րդ կետերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի փետրվարի 1-ի
N 209-Ն որոշման
ԿԱՐԳ
i
ԵՐԵԽԱՆԵՐ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու ցանկություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառման հետ կապված հարաբերությունները:
2. Որդեգրողներ կարող են լինել չափահաս անձինք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի «ա»-»թ» կետերով նախատեսված անձանց:
3. Որդեգրումը կատարվում է երեխա որդեգրել ցանկացող այն անձի կամ ամուսինների` դատարան ներկայացրած դիմումի հիման վրա, ովքեր սույն կարգին համապատասխան հաշվառված են որպես որդեգրողի թեկնածու:
4. Եթե երեխա որդեգրել ցանկացող անձը կամ ամուսիններն ունեն նախապես ընտրած` որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է երեխայի ծնողների գրավոր համաձայնությունը, ապա դրա մասին նշվում է դիմումում:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որդեգրման հնարավորության մասին եզրակացությունը տալիս են Հայաստանի Հանրապետության մարզպետարանները, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանը:
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մարզպետարանները, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանը:
7. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որդեգրման հնարավորության մասին եզրակացությունը տալիս է որդեգրման հարցերով զբաղվող հանրապետական հանձնաժողովը (այսուհետ` հանրապետական հանձնաժողով), որի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (հանձնաժողովի նախագահ), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը (հանձնաժողովի քարտուղար):
Հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
8. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
9. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենտրոնացված հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
10. Եթե երեխա որդեգրելու ցանկություն ունեն ամուսինները, ապա երկուսն էլ հաշվառվում են որպես որդեգրողի թեկնածուներ:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
11. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որպես որդեգրողի թեկնածու հաշվառվելու նպատակով անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմում են իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարան:
12. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) անձնագրի պատճեն,
2) բնակարանային պայմանների և ընտանիքի կազմի մասին տեղեկանք` տրված բնակության վայրից,
3) զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի մասին (եթե աշխատում է) տեղեկանք` տրված աշխատավայրից,
4) անձի պատշաճ վարքագծի մասին անձնական երաշխավորություն` տրված առնվազն երեք անձանց կամ կազմակերպության կողմից,
5) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությանը համապատասխան տրված եկամուտների վերաբերյալ հայտարարագիր կամ հարկերի և այլ պարտադիր վճարումների մասին տեղեկանք,
6) բժշկական փաստաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով,
7) ամուսնության վկայականի պատճեն (եթե ամուսնացած է),
8) երեխայի` ամուսիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինները դադարեցրել են ամուսնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, և մյուս ամուսնու բնակության վայրն անհայտ է,
9) տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածության բացակայության մասին:
Դիմումում նշվում են որդեգրման ենթակա երեխայի մասին տվյալները` տարիքը, սեռը, երեխաների թիվը, ինչպես նաև անձի կամ ամուսինների համաձայնությունը կենսապայմանների ուսումնասիրության նպատակով տնային այցելություն կատարելու մասին:
Եթե երեխա որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի նախապես ընտրած` որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների կամ միակ ծնողի գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումում:
13. Մարզպետարանը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանը սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դիմումը և 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կատարում է այդ անձի կենսապայմանների ուսումնասիրություն և կազմում համապատասխան եզրակացություն:
14. Մարզպետարանը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանը քաղաքացուց ստացված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի և անձի կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտի հիման վրա` երեխա որդեգրել ցանկացող անձին տալիս է որդեգրման հնարավորության մասին եզրակացություն (ուժի մեջ է մեկ տարվա ընթացքում) և դրական եզրակացության հիման վրա հաշվառում է որպես որդեգրողի թեկնածու, տվյալները գրանցում է հաշվառման մատյանում և լրացնում որդեգրողի թեկնածուի անձնական քարտ (երկու օրինակից):
15. Հաշվառման վերցված յուրաքանչյուր որդեգրողի թեկնածուի համար ստեղծվում է հաշվառման գործ, որում պահվում են փաստաթղթերը: Հաշվառման գործերի համարները պետք է համընկնեն հաշվառման մատյանում գրանցված որդեգրողի թեկնածուների հաշվառման դիմաց նշված համարներին: Երեխա որդեգրելուց կամ որդեգրման հնարավորության մասին եզրակացության ժամկետը լրանալուց հետո գործերը պահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետով:
16. Երեխա որդեգրել ցանկացող անձի կողմից սույն կարգի 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ոչ լրիվ ներկայացնելու, դրանցում սխալ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում մարզպետարանը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանը դիմողին առաջարկում է հնգօրյա ժամկետում լրացնել պահանջվող փաստաթղթերը կամ ուղղել ներկայացվող փաստաթղթերում առկա սխալները:
17. Երեխա որդեգրել ցանկացող անձի կողմից սույն կարգի 16-րդ կետով սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերի չլրացման կամ ներկայացվող փաստաթղթերում առկա սխալների չուղղման կամ ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկությունների հայտնաբերման դեպքում, ինչպես նաև անձի կենսապայմանների ուսումնասիրության հիման վրա մարզպետարանը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանը տալիս է երեխայի որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացություն և դրա մասին հնգօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է դիմողին: Դիմողը երեխայի որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացությունը կարող է բողոքարկել դատական կարգով:
18. Մարզպետարանը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանը անձնական քարտի մեկ օրինակը և սույն կարգի 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերի պատճենները հաշվառման պահից եռօրյա ժամկետում փոխանցում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` կենտրոնացված հաշվառում իրականացնելու նպատակով:
19. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մարզպետարանից, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանից ստացված անձնական քարտում նշված տեղեկությունների հիման վրա որդեգրողի թեկնածուին վերցնում է կենտրոնացված հաշվառման:
20. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը եռօրյա ժամկետում որդեգրողի թեկնածուի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկացնում է մարզպետարանին, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանին, որը դրա մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է որդեգրողի թեկնածուին:
21. Որդեգրողի թեկնածուն հաշվառումից հանվում է`
1) իր դիմումի համաձայն.
2) դրական եզրակացության մեկ տարին լրանալու դեպքում.
3) երեխայի որդեգրման դեպքում (եթե որդեգրել է իր դիմումում նշված թվով երեխա).
4) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակություն հաստատելու դեպքում.
5) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առաջացման դեպքում:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
22. Օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` որպես որդեգրողի թեկնածու հաշվառվելու նպատակով անձամբ կամ լիազորված անձի, կամ տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության, կամ հյուպատոսական ծառայության միջոցով դիմում են հանրապետական հանձնաժողով` ներկայացնելով սույն կարգի 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև իրենց բնակության երկրի իրավասու մարմնի թույլտվությունը կամ երաշխավորագիրը Հայաստանի Հանրապետությունում որպես որդեգրողի թեկնածու հաշվառվելու վերաբերյալ, որդեգրողի թեկնածուի կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտը և հետագայում որդեգրված երեխայի կյանքի պայմանների նկատմամբ վերահսկողության պարտավորության մասին տեղեկանքը` տրված իրենց երկրի իրավասու մարմնի կողմից:
23. Օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սույն կարգի 12-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերում նշված տեղեկությունները կարող են ներկայացնել տվյալ երկրի իրավասու մարմնի կողմից հաստատված` որդեգրողի թեկնածուի կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտով:
24. Օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որդեգրման համար անհրաժեշտ փաստաթղթերը հանրապետական հանձնաժողով ներկայացնում են բնագրով` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված` հայերեն թարգմանությամբ:
25. Եթե երեխա որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համապատասխան փաստաթղթերը հանրապետական հանձնաժողով ներկայացրել են լիազորված անձի միջոցով, ապա ներկայացվող փաստաթղթերի հետ միասին պետք է ներկայացվի նաև իրենց կողմից այդ անձին տրված` իրավասու մարմնի կողմից հաստատված լիազորագիրը:
26. Հանրապետական հանձնաժողովն օտարերկրյա քաղաքացիներից, քաղաքացիություն չունեցող անձանցից, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո դիմում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` փաստաթղթերի հավաստիությունը պարզելու նպատակով:
27. Հանրապետական հանձնաժողովը դիմումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում օտարերկրյա քաղաքացիներից, քաղաքացիություն չունեցող անձանցից, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացված փաստաթղթերի ուսումնասիրության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից ստացված համապատասխան տեղեկանքի հիման վրա տալիս է երեխայի որդեգրման հնարավորության մասին եզրակացություն, որն ուժի մեջ է մեկ տարվա ընթացքում:
28. Հանրապետական հանձնաժողովը երեխայի որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած յուրաքանչյուր որդեգրողի թեկնածուի համար ստեղծում է գործ, որում պահվում են սույն կարգի 12-րդ և 22-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի բնօրինակները և դրանց հայերեն մեկ օրինակը: Երեխայի որդեգրումից հետո փաստաթղթերը պահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետով:
29. Սույն կարգի 12-րդ և 22-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ոչ լրիվ ներկայացնելու, դրանցում սխալ տեղեկությունների հայտնաբերման դեպքում հանրապետական հանձնաժողովն առաջարկում է դիմողին մեկամսյա ժամկետում լրացնել պահանջվող փաստաթղթերը կամ ուղղել ներկայացվող փաստաթղթերում առկա սխալները:
30. Հանրապետական հանձնաժողովը սույն կարգի 29-րդ կետով սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերի չլրացման կամ ներկայացվող փաստաթղթերում առկա սխալների չուղղման կամ ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկությունների հայտնաբերման դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա տալիս է երեխայի որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացություն:
31. Հանրապետական հանձնաժողովը երեխայի որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացության մասին մեկշաբաթյա ժամկետում գրավոր տեղեկացնում է դիմողին: Դիմողը երեխայի որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացությունը կարող է բողոքարկել դատական կարգով:
32. Հանրապետական հանձնաժողովը երեխայի որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացության մեկ օրինակը, անձի կամ ամուսինների կողմից ներկայացված դիմումը և սույն կարգի 12-րդ ու 22-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի հայերեն մեկ օրինակը եռօրյա ժամկետում փոխանցում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` հաշվառում իրականացնելու նպատակով:
33. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրապետական հանձնաժողովից ստացված փաստաթղթերի հիման վրա երեխա որդեգրելու համար դիմած անձին եռօրյա ժամկետում հաշվառում է որպես որդեգրողի թեկնածու:
Հաշվառման վերցված յուրաքանչյուր որդեգրողի թեկնածուի (ամուսինների) համար ստեղծվում է հաշվառման գործ, որում պահվում են փաստաթղթերը: Հաշվառման գործերի համարները պետք է համընկնեն հաշվառման մատյանում գրանցված որդեգրողի թեկնածուների հաշվառման դիմաց նշված համարներին: Երեխա որդեգրելուց կամ երեխայի որդեգրման հնարավորության մասին եզրակացության ժամկետը լրանալուց հետո փաստաթղթերը պահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետով:
34. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը եռօրյա ժամկետում որդեգրողի թեկնածուի հաշվառման մասին տեղեկացնում է հանրապետական հանձնաժողովին, որը դրա մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է որդեգրողի թեկնածուին:
35. Որդեգրողի թեկնածուն հաշվառումից հանվում է սույն կարգի 21-րդ կետով (բացառությամբ նույն կետի 4-րդ ենթակետի) նախատեսված դեպքերում, ինչպես նաև իր մշտական բնակության երկիրը փոխելու դեպքում:
(կարգը փոփ. 30.04.09 թիվ 469-Ն որոշում)