606.0048.111005
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 10 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605396
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2005 թվականի N 48-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 19-ի «Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը սահմանելու և դիտորդների վկայականների ձևերը հաստատելու մասին» N 27-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված կարգում`
ա) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
i
«Հավատարմագրումից հետո հասարակական կազմակերպությունը կամ կուսակցությունը կարող է փոփոխություն (լրացում) կատարել դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակում: Եթե փոփոխությունը կատարվում է դիտորդի լիազորությունների դադարեցման հիմքով, ապա փոփոխություն կատարելիս դիմումին կից ներկայացվում է նաև լիազորությունները դադարեցրած դիտորդի վկայականը:»:
բ) 13-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1) ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում, ազատ տեղաշարժվել տեղամասային կենտրոնում` քվեաթերթիկների ու քվեատուփի դիտարկման համար: Եթե տեղամասային կենտրոնում ներկա գտնվող դիտորդական առաքելություն իրականացնող` Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների և (կամ) կուսակցությունների թվի մեծությունը կարող է տեխնիկական բարդություններ ստեղծել տեղամասային կենտրոնում քվեարկության և ձայների հաշվման համար, ապա քվեարկության ընթացքում տեղամասային կենտրոնում միաժամանակ ազատ կարող է տեղաշարժվել մինչև հինգ տեղական դիտորդ:
գ) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«19. Դիտորդական առաքելություն իրականացնելու շրջանակներում դիտորդն իրավունք չունի կատարել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չսահմանված գործառույթներ:»:
դ) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«21. Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպության, կուսակցության կամ դիտորդի կողմից միջազգային իրավունքի նորմերին կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ սույն կարգի խախտման դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է համապատասխան հասարակական կազմակերպությանը, կուսակցությանը կամ դիտորդին զրկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:»:
ե) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«22. Դիտորդական առաքելություն իրականացնող, Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունները, կուսակցությունները ընտրությունների (հանրաքվեի) վերաբերյալ իրենց զեկույցները ներկայացնում են նաև կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ միջազգային դիտորդական կազմակերպություններ և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:»: