040.1720.311005
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 սեպտեմբերի 2005 թվականի N 1720-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1813-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 24-ի «Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1813-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
ա) որոշման 5-րդ կետի`
i
«ա» ենթակետը «միջին» բառից առաջ լրացնել «հանրակրթական» բառով,
«գ» ենթակետը «որակավորման բարձրացում» բառերից հետո լրացնել «լրացուցիչ կրթության կազմակերպում» բառերով.
i
բ) որոշման 6-րդ կետի երկրորդ պարբերությունը «շենքերը, շինությունները» բառերից հետո լրացնել «սպասարկման հողատարածքները» բառերով.
i
գ) որոշմամբ հաստատված կանոնադրության (այսուհետ` կանոնադրություն) 10-րդ կետի «ժա» ենթակետը «մանկապարտեզ» բառից առաջ լրացնել «հենակետային վարժարան, դպրոց, քոլեջ, ինստիտուտ, մասնաճյուղ» բառերով.
դ) կանոնադրության 11-րդ կետի`
«ա» ենթակետը «միջին» բառից հետո լրացնել «հանրակրթական» բառով,
«գ» ենթակետը «որակավորման բարձրացում» բառերից հետո լրացնել «լրացուցիչ կրթության կազմակերպում» բառերով.
ե) կանոնադրության 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ».
զ) կանոնադրության 15-րդ կետում`
ուժը կորցրած ճանաչել «ա» և «զ» ենթակետերը,
կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.
«է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ».
է) կանոնադրության 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Համալսարանի խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որն ստեղծվում է 5 տարի ժամկետով, սույն կանոնադրությանը համապատասխան, այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի անդամների թիվը 28-ն է».
ը) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-16.9-րդ կետերով.
«16.1. Խորհուրդը ձևավորվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացուցիչներից:
Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում հաստատության կառուցվածքային միավորները`
ա) համալսարանի կառուցվածքային միավորների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության ցանկացած աշխատող.
բ) համալսարանի կառուցվածքային միավորների կողմից առաջադրված թեկնածուներն ընտրվում են համալսարանի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին.
գ) պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
16.2. Համալսարանի ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները`
ա) ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ).
բ) համալսարանի ուսանողական խորհուրդն ընտրում է ֆակուլտետների կողմից առաջադրված թեկնածուներին և ներկայացնում լիազոր մարմին.
գ) ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
16.3. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
16.4. Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):
16.5. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
16.6. Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:
16.7. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`
ա) իր դիմումի համաձայն.
բ) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով.
գ) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի առաջարկությամբ.
դ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.
ե) որպես ուսանող առաջադրվելու դեպքում` ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:
16.8. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազոր մարմնի ներկայացմամբ, դադարեցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:
16.9. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրության 16.1-16.5-րդ կետերի պահանջներին համապատասխան:
Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը».
թ) կանոնադրության 17-րդ կետից հանել «նիստին ներկա» և «Խորհրդի որոշումները կենսագործվում են համալսարանի ռեկտորի հրամաններով» բառերը.
ժ) կանոնադրության 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Խորհուրդը`
ա) ընտրում է նախագահ` խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում` խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևելու համար.
բ) հաստատում է իր աշխատակարգը.
գ) խորհրդի անդամը պարտավոր է մասնակցել խորհրդի նիստերին, խորհրդի օրակարգային հարցերի քննարկումներին և կատարել խորհրդի որոշումներից բխող հանձնարարականները.
դ) խորհրդի գործունեության մեջ մտնում են համալսարանի բյուջեի, ռազմավարական ծրագրերի հաստատումը, համալսարանի գործունեության մասին տարեկան հաշվետվության (որը ներկայացնում է ռեկտորը) լսումն ու գնահատումը, ռեկտորի ընտրությունը, ինչպես նաև համալսարանի կանոնադրությունը, դրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունը լիազոր մարմին ներկայացնելը».
ժա) կանոնադրության 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Համալսարանի գիտական խորհուրդը համալսարանի ռեկտորի նախագահությամբ գործող մարմին է, որը լուծում է բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ».
ժբ) կանոնադրության 20-րդ կետի «զ» ենթակետից հանել «համալսարանի ռեկտորի ներկայացմամբ» բառերը, իսկ «ներքին կարգապահական կանոնները» բառերից առաջ լրացնել «համալսարանի ռեկտորի ներկայացմամբ` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպում է համալսարանի կառուցվածքային միավորների կողմից համալսարանի խորհրդի անդամներից առաջադրված թեկնածուների ընտրությունները և կատարում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման վերաբերյալ առաջարկ: Անհրաժեշտության դեպքում քննարկում է խորհրդի որոշումները և առաջարկ ներկայացնում հիմնադրին: Սահմանում» բառերով.
ժգ) 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժգ» ենթակետով.
«ժգ) հաստատում է համալսարանի ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի ընտրությունների կարգերը».
ժդ) կանոնադրության 22-րդ կետը «ուսանողական խորհրդի նախագահը» բառերից առաջ լրացնել «հենակետային վարժարանի տնօրենը» բառերով.
ժե) 24-րդ կետից հանել «և կենսագործվում համալսարանի ռեկտորի հրամաններով» բառերը.
ժզ) կանոնադրության 27-րդ կետը «գիտական և ուսումնական վարչությունների ղեկավարները» բառերից առաջ լրացնել «արհմիութենական կազմակերպության նախագահը, գլխավոր հաշվապահը» բառերով.
ժէ) 27-րդ կետից հանել «Ռեկտորատի որոշումները կենսագործվում են համալսարանի ռեկտորի հրամաններով» բառերը.
ժը) կանոնադրության 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Համալսարանի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է համալսարանի գործադիր մարմինը` ռեկտորը:
Համալսարանի ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` համալսարանի խորհրդում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:
Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Այդ արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն 2/3-ը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը».
ժթ) կանոնադրության 36-րդ կետում`
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ֆակուլտետի դեկանի պաշտոնն ընտրովի է, որի ընտրության կարգը սահմանվում է համալսարանի գիտական խորհրդի կողմից»,
ուժը կորցրած ճանաչել երկրորդ պարբերությունը.
ի) կանոնադրության 38-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ամբիոնի վարիչի պաշտոնն ընտրովի է, որի ընտրության կարգը սահմանվում է համալսարանի գիտական խորհրդի կողմից».
իա) կանոնադրության 43-րդ կետը «մանկավարժական» բառից առաջ լրացնել «ուսումնական» բառով.
իբ) կանոնադրության 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«56. Համալսարանի ուսանող է համարվում սահմանված կարգով համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված և բարձրագույն մասնագիտական կրթության կրթական որևէ ծրագրով ուսումնառու անձը».
իգ) կանոնադրության 61-րդ կետի «ե» ենթակետում «ինստիտուտ» բառը փոխարինել «համալսարան» բառով.
իդ) կանոնադրության 67-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«67. Համալսարանի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) կրթություն ունեցող, հետբուհական կրթական ծրագրով ուսումնառությունն ասպիրանտուրայում շարունակող և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձը, որը հետբուհական մասնագիտական կրթական ծրագրով ատեստավորման արդյունքում կարող է ստանալ հետազոտողի որակավորման աստիճան».
իե) կանոնադրության 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«68. Համալսարանի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստելու համար համապատասխան կարգով ձևակերպված անձը».
իզ) կանոնադրության 69-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«69. Համալսարանի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող և առանց ասպիրանտուրայում սովորելու` գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձը կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձը, որը սահմանված կարգով կցված է հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությանը».
իէ) կանոնադրության 71-րդ կետի «կառույցներ» բառից հետո լրացնել «սպասարկման հողատարածքները» բառերով.
իը) կանոնադրության 75-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե».
իթ) կանոնադրության 77-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«77. Համալսարանի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ֆինանսների կառավարման պետական լիազոր մարմնի կողմից»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ