010.0025.251103
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2003 թվականի նոյեմբերի 4-ին
«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-334, այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածի`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ի» կետով.
«ի) ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, սույն օրենքով սահմանված կարգով, ապահովում է լիազորված անձանց մուտքը շենքի փակ բնակարաններ և այդ բնակարաններում առկա գույքի պահպանությունը:».
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Տեղական ինքնակառավարման մարմինը, որպես շենքի կառավարման մարմին, իրավունք ունի իրականացնելու միայն սույն հոդվածի 1-ին մասի «ա»-»է», «ժա»-»ժէ» և «ի» կետերով նախատեսված լիազորությունները:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-րդ հոդվածով.
i
«ՀՈԴՎԱԾ 22.1. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՓԱԿ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ
1. Ծայրահեղ անհրաժեշտության` ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման, գազամատակարարման, շենքի ընդհանուր այլ ցանցերի վթարների և օրենքով սահմանված այլ դեպքերում լիազորված անձինք կարող են մուտք գործել բազմաբնակարան շենքի ժամանակավորապես կամ անորոշ ժամկետով փակ բնակարաններ, եթե վթարների անհապաղ չվերացումը կարող է վնաս պատճառել այլ անձանց կյանքին, առողջությանը և գույքին, իսկ վթարների կանխումը և վերացումն անհնար է իրականացնել առանց փակ բնակարանը մուտք գործելու:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում շենքի փակ բնակարաններ մուտք գործելու իրավունք ունեն (լիազորված անձինք են) ոստիկանության աշխատակիցը (աշխատակիցները), դատախազության աշխատակիցը, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի, վթարները վերացնող և շենքի ընդհանուր ցանցերը սպասարկող (այդ ցանցերով ծառայություններ մատուցող) կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև օրենքով սահմանված այլ ֆիզիկական անձինք:
Սույն մասում նշված անձինք փակ բնակարան կարող են մուտք գործել միայն ոստիկանության աշխատակցի (աշխատակիցների) հետ:
Փակ բնակարաններ մուտք գործելու և համապատասխան աշխատանքներ (գործողություններ) իրականացնելու ընթացքում ընթերակաների (առնվազն երկուսի) ներկայությունը պարտադիր է:
Փակ բնակարան մուտք գործելուց առաջ և հետո պետք է կատարվի փակ բնակարանի այն հատվածի գույքի լրիվ կամ մասնակի գույքագրում, որը կապված է վթարի վերացման հետ: Գույքագրման արդյունքում կազմվում է համապատասխան արձանագրություն, որն ստորագրում են փակ բնակարանը մուտք գործած բոլոր անձինք: Արձանագրությունների պատճենները պետք է հանձնվեն բնակարանի սեփականատիրոջը կամ օգտագործման իրավունք ունեցող այլ անձի:
Արգելվում է մուտք գործել բնակարանի այլ հատվածներ, օգտվել բնակարանում գտնվող գույքից, կապի և այլ միջոցներից, էլեկտրաէներգիայի սնուցման կետերից, եթե դա պայմանավորված չէ վթարի վերացման անհրաժեշտությամբ:
3. Վթարների վերացումից և (կամ) անհրաժեշտ գործողությունների իրականացումից հետո բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի ներկայացուցիչն ապահովում է փակ բնակարանի մուտքի դռան, վթարների վերացման և փակ բնակարանը մուտք գործելու նպատակով բնակարանի վնասված մասերի վերանորոգումը` կատարված ծախսերը բնակարանի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից օրենքով սահմանված կարգով փոխհատուցելու պայմանով: Վթարները վերացնելուց (վերանորոգումից) հետո բնակարանի բանալիներն ի պահ են տրվում բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին` ոստիկանության և բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կնիքներով կնքված փակ ծրարով, որն առաջին իսկ հնարավորության դեպքում հանձնվում է փակ բնակարանի սեփականատիրոջը (վարձակալին) կամ բնակարանի օգտագործման իրավունք ունեցող այլ անձի:
Փակ բնակարանի մուտքի դռան, վթարների վերացման և փակ բնակարան մուտք գործելու նպատակով բնակարանի վնասված մասերի վերանորոգման հետ կապված ծախսերը այդ բնակարանի սեփականատերը (վարձակալը) երկամսյա ժամկետում փոխհատուցում է լիազորված անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված համապատասխան արձանագրությամբ նախատեսված չափերով: Եթե վթարի առաջացման մեջ կա այլ մեղավոր անձ, ապա փակ բնակարանի մուտքի դռան, վթարների վերացման և փակ բնակարան մուտք գործելու նպատակով բնակարանի վնասված մասերի վերանորոգման հետ կապված ծախսերը փոխհատուցում է այդ անձը: Փոխհատուցման չափը կարող է բողոքարկվել դատական կարգով:
4. Բազմաբնակարան շենքի փակ բնակարաններում վթարների կանխարգելման կամ վերացման, ինչպես նաև փակ բնակարան մուտք գործելու հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասները ենթակա են փոխհատուցման օրենքով սահմանված կարգով:
5. Փակ բնակարաններ մուտք գործող անձինք բնակարան մուտք գործելիս և համապատասխան աշխատանքներ (գործողություններ) կատարելիս պարտավոր են պաշտպանել փակ բնակարանի սեփականատիրոջ (վարձակալի) օրինաչափ շահերը և բնակարանում գտնվող գույքի հետ վարվել անհրաժեշտ հոգատարությամբ ու զգուշությամբ:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
25 նոյեմբերի 2003 թ.
ՀՕ-25-Ն