21.08.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 հուլիսի 2019 թվականի N 934-Ա
ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ (ՇՏԱԲ) ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 651-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման և ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացման նպատակով ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) (այսուհետ` աշխատանքային խումբ (շտաբ)` հաստատելով դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 17.10.2019 թիվ 1492-Ա, 21.08.2024 թիվ 760-Ա որոշումներ)
1.1. Հաստատել աշխատանքային խմբի (շտաբի) աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
(1.1-ին կետը լրաց. 17.10.2019 թիվ 1492-Ա որոշում)
2. Աշխատանքային խմբին (շտաբին)`
1) կազմակերպել աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետին յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող առաջին տասնօրյակում ներկայացնել տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության առաջարկություններ:
(2-րդ կետը փոփ. 21.08.2024 թիվ 760-Ա որոշում)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի օգոստոսի 17-ի «Արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողով ստեղծելու մասին» N 651-Ա որոշումը:
(վերնագիրը փոփ. 17.10.2019 թիվ 1492-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հուլիսի 16
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2019 թվականի հուլիսի 16-ի
N 934-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (ՇՏԱԲԻ)
ՀՀ ներքին գործերի նախարար (աշխատանքային խմբի (շտաբի) ղեկավար)
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ (իրավական ոլորտը համակարգող - հանձնաժողովի նախագահի տեղակալ)
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (կապիտալ շինարարության և թվայնացման ոլորտները համակարգող)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ (տրանսպորտի, ճանապարհաշինության, էներգետիկայի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտները համակարգող)
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության ոլորտները համակարգող)
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (գյուղատնտեսական ծրագրերի նախագծման և իրականացման, խորհրդատվության և նորարարությունների, ագրովերամշակման և պարենային անվտանգության ապահովման ոլորտները համակարգող)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (միջազգային համագործակցության, սփյուռքի հետ տարվող քաղաքականության, պետական ռազմավարական ծրագրերի և ծրագրերի բյուջետավորման, կրթության կառավարման տեղեկատվական համակարգի, երիտասարդության քաղաքականության ոլորտները համակարգող)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (սոցիալական աջակցության ոլորտը համակարգող)
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ (բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության մշակման ոլորտը համակարգող)
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն - ներքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության ոլորտը համակարգող վարչության պետ (աշխատանքային խմբի (շտաբի) քարտուղար)
(1-ին հավելվածը փոփ. 17.10.2019 թիվ 1492-Ա, 06.05.2020 թիվ 538-Ա, 21.08.2024 թիվ 760-Ա որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2019 թ. հուլիսի 16-ի
N 934-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (ՇՏԱԲԻ)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Աույն աշխատակարգով կանոնակարգվում են աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման և ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 16-ի N 934-Ա որոշմամբ ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբի) (այսուհետ` աշխատանքային խումբ) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, միջազգային պայմանագրերով և սույն աշխատակարգով: Աշխատանքային խումբը ստեղծվում, դրա կազմը փոփոխվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
(2-րդ կետը փոփ. 21.08.2024 թիվ 760-Ա որոշում)
II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
3. Աշխատանքային խմբի գործունեության նպատակը աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման կազմակերպումն է և ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացումը:
III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Աշխատանքային խումբը կազմակերպում է աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը Հայաստանի Հանրապետության տարածքում, անհրաժեշտության դեպքում բանակցում է նաև օտարերկրյա պետությունների պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ, կայացնում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում որոշումներ, ինչպես նաև իրականացնում է իր նպատակներից բխող այլ գործառույթներ:
5. Աշխատանքային խմբի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով: Աշխատանքային խմբի որոշմամբ դրան կից կարող են ստեղծվել աշխատանքային ենթախմբեր` աշխատանքային խմբում ներառված մարմինների ներկայացուցիչներից` սահմանելով ենթախմբերի գործունեության ուղղությունները:
IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 7-րդ կետին համապատասխան:
7. Աշխատանքային խումբն իր արտահերթ նիստերը գումարում է հրատապ հարցերի ու խնդիրների լուծման համար` աշխատանքային խմբի ղեկավարի նախաձեռնությամբ կամ անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
8. Աշխատանքային խմբի նիստի օրակարգը` նիստի անցկացման վայրի, օրվա, ժամի նշումով, տրամադրվում է խմբի անդամներին և սույն աշխատակարգի 9-րդ կետով նախատեսված անձանց` նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ: Հրատապ հարցերի ու խնդիրների լուծման համար գումարվող աշխատանքային խմբի արտահերթ նիստի անցկացման վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև նիստի օրակարգը աշխատանքային խմբի ղեկավարին և անդամներին ներկայացվում են կապի և (կամ) ազդարարման հնարավոր միջոցներով հնարավորինս սեղմ ժամկետներում, իսկ անհնարինության դեպքում նիստի օրակարգը կարող է ներկայացվել գումարված նիստի ընթացքում:
9. Նիստերին կարող են հրավիրվել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական մարմինների` աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ ու փորձագետներ, ինչպես նաև գիտական, կրթական, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ (խորհրդատվական ձայնի իրավունքով):
10. Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է աշխատանքային խմբի կազմի առնվազն 2/5-ը:
11. Աշխատանքային խումբն ընդունում է խորհրդատվական բնույթի որոշումներ, որոնք ստորագրում է աշխատանքային խմբի ղեկավարը: Որոշումներն ընդունվում են քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Աշխատանքային խմբի ղեկավարը քվեարկում է վերջինը:
12. Աշխատանքային խմբի այն անդամը, ով համաձայն չէ ընդունված որոշմանը, ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը:
13. Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնում է աշխատանքային խմբի քարտուղարը:
14. Նիստերն արձանագրվում են աշխատանքային խմբի քարտուղարի կողմից:
15. Նիստերի արձանագրությունները ստորագրում են աշխատանքային խմբի ղեկավարը և քարտուղարը:
16. Արձանագրությունը և որոշումները նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը տրամադրում է աշխատանքային խմբի անդամներին:
17. Աշխատանքային խմբի ղեկավարը`
1) համակարգում է աշխատանքային խմբի գործունեությունը.
2) հրավիրում և վարում է աշխատանքային խմբի նիստերը.
3) անհրաժեշտության դեպքում հանդես գալիս զեկույցով, նախապատրաստում նյութեր աշխատանքային խմբի անդամներին ներկայացնելու համար.
4) ստորագրում է աշխատանքային խմբի որոշումները և նիստերի արձանագրությունները.
5) աշխատանքային խմբի որոշումները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին.
6) իր բացակայության դեպքում աշխատանքային խմբի անդամներից մեկին հանձնարարում է վարել աշխատանքային խմբի նիստը.
7) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
18. Աշխատանքային խմբի անդամը`
1) մասնակցում է աշխատանքային խմբի նիստերին և քվեարկում.
2) անհրաժեշտության դեպքում հանդես գալիս զեկույցով, նախապատրաստում նյութեր աշխատանքային խմբի անդամներին ներկայացնելու համար.
3) ներկայացնում է առաջարկություններ աշխատանքային խմբի գործունեության, աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
4) ծանոթանում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրություններին.
5) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
V. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
20. Աշխատանքային խմբի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
(2-րդ հավելվածը լրաց. 17.10.2019 թիվ 1492-Ա որոշում)