Սեղմել Esc փակելու համար:
ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻ ...

28.07.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.02.2009  -ից մինչեւ   28.07.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 14.07.11 թիվ 964-Ն որոշում)

i

040.0520.110502

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» մայիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մայիսի 2002 թվականի N 520

 

i

ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻՑ ՀԵՏՈ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՅՔՆ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել չկատարված հարկային պարտավորության և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 31.03.05 թիվ 444-Ն որոշում)

i

2. Սահմանել, որ սույն որոշման կիրառման նպատակով գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության պհարկային մարմնի ղեկավարի հրամանով:

(2-րդ կետը փոփ. 31.03.05 թիվ 444-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 11-ից:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

մայիսի 11-ի N 520 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻՑ ՀԵՏՈ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՅՔՆ ԻՐԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է`

i

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան չկատարված հարկային պարտավորության չափը` 500.0 հազ. դրամ և ավելի,

«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան չկատարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների չափը 500.0 հազ. դրամ և ավելի կազմելու դեպքերում հարկային մարմնի կողմից հարկ վճարողի (ապահովադրի) (այսուհետ` հարկ վճարող) հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորություններին (այսուհետ` հարկային պարտավորություն) համարժեք գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը:

(1-ին կետը փոփ. 31.03.05 թիվ 444-Ն որոշում)

i

2. Սույն կարգի իմաստով արգելանքը հարկային մարմնի կողմից հարկ վճարողի չկատարած հարկային պարտավորության կատարմանն ուղղված հարկադրանքի միջոց է, որը ներառում է դրա գույքագրումը, գույքի տնօրինումն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում` օգտագործման իրավունքը սահմանափակելը, գույքն առգրավելը և ի պահ հանձնելը:

Հարկային մարմնի կողմից արգելանքը կիրառվում է հարկ վճարողի հարկային պարտավորությունն ապահովելու նպատակով` չկատարված հարկային պարտավորության չափը 500.0 հազ. և ավելի դրամ կազմելու դեպքում` յուրաքանչյուր պահանջով:

(2-րդ կետը փոփ. 25.7.02 թիվ 1296-Ն, 31.03.05 թիվ 444-Ն որոշումներ)

i

3. Սույն կարգի իմաստով հարկային մարմնի ղեկավար է համարվում «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-ին հոդվածով սահմանված հարկային մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը):

(3-րդ կետը փոփ. 31.03.05 թիվ 444-Ն, 22.01.09 թիվ 78-Ն որոշումներ)

i

4. Արգելանք չի կարող դրվել այն գույքի վրա, որի վրա օրենքով սահմանված բռնագանձում չի կարող տարածվել կամ դրանց պահպանման ժամկետը չի գերազանցում 30 օրը:

Հարկային մարմնի կողմից արգելանք չի կարող կիրառվել նաև այլ իրավասու մարմնի կողմից սահմանված կարգով արդեն իսկ արգելադրված գույքի վրա:

(4-րդ կետը լրաց. 25.7.02 թիվ 1296-Ն որոշում)

5. Արգելանք դնելիս այն իրականացնող պաշտոնատար անձը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և այլ հանգամանքներ:

6. Արգելանքը կիրառվում է հարկ վճարողի գույքի պահպանումն ապահովելու և այն հետագայում սահմանված կարգով իրացնելու նպատակով:

 

II. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼԸ

 

i

7. Արգելանք դնելուց առաջ հարկային մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) արգելանք դնելու մասին հրապարակում է հանձնարարագիր, որտեղ նշվում են արգելանք դնող մարմնի անվանումը, արգելանք դնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, հարկ վճարողի անվանումը, ՀՎՀՀ-ն, չկատարած հարկային պարտավորության չափը և արգելանք դնելու իրավական հիմքերը:

8. Արգելանք դնելիս հանձնարարագրի 1 օրինակը ներկայացվում է հարկ վճարողին (փոխարինող պաշտոնատար անձին):

i

9. Հարկ վճարողի գույքի վրա արգելանքն առաջնահերթության կարգով կիրառվում է բանկային հաշիվների նկատմամբ, ապա` հարկ վճարողի անշարժ գույքի, այնուհետև` այլ ակտիվների նկատմամբ:

Արգելանք դրվում է չկատարված հարկային պարտավորությանը համարժեք գույքի վրա: Գույքի բացակայության, անբավարարության կամ հարկ վճարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է համապատասխան արձանագրություն:

(9-րդ կետը լրաց. 25.7.02 թիվ 1296-Ն որոշում)

i

10. Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնող և այն իրականացնող պաշտոնատար անձը հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին ընդունում է որոշում, որտեղ պետք է նշվեն որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, ընդունված որոշման հիմքերը` այն օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով որոշում ընդունող անձը ղեկավարվել է այն ընդունելիս, քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը: Միաժամանակ հարկ վճարողը զգուշացվում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերն օտարելու, փչացնելու կամ ոչնչացնելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դրվելու մասին որոշումը պահպանում է իր ուժը` մինչև հարկադիր կատարողի կողմից պարտապանի գույքի վրա արգելանք դրվելու մասին որոշման ընդունումը:

(10-րդ կետը լրաց. 25.7.02 թիվ 1296-Ն որոշում)

i

11. Որոշումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, կազմակերպությունների ու քաղաքացիների համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Որոշման պատճենը, ոչ ուշ, քան այն ընդունելու հաջորդ օրը, պատշաճ ձևով ուղարկվում է հարկ վճարողին, ինչպես նաև սույն կարգով սահմանված այլ անձանց ու մարմիններ:

Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դրվելու մասին որոշումը պահպանում է իր ուժը` մինչև հարկադիր կատարողի կողմից պարտապանի գույքի վրա արգելանք դրվելու մասին որոշման ընդունումը:

(11-րդ կետը լրաց. 25.7.02 թիվ 1296-Ն որոշում)

12. Պետական կազմակերպությունների գույքի վրա արգելանք դնելու մասին որոշում ընդունող պաշտոնատար անձն արգելադրված գույքի կամ դրա առանձին բաղադրամասերի ցանկն ուղարկում է պետական կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին:

13. Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան, ընդ որում, որոշման բողոքարկումը չի կասեցնում գույքի արգելադրման գործընթացը:

14. Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնող պաշտոնատար անձի գործողություններին խոչընդոտելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը խոչընդոտող հանգամանքները վերացնելու համար աջակցություն ստանալու նպատակով դիմում է իրավապահ մարմիններին և նրանց օժանդակությամբ շարունակում գույքի արգելադրման գործողությունները:

 

III. ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼԻՍ

 

15. Արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի արգելանք դնելու մասին որոշումը բողոքարկելու դատարան:

16. Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել այդ գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը:

 

IV. ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

i

17. Արգելադրվող գույքի գնահատումը կատարում է արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը` արգելանք դնելու օրվա շուկայական գներով, իսկ արտարժույթով գնահատման դեպքում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

(17-րդ կետը փոփ. 08.11.07 թիվ 1318-Ն որոշում)

18. Արգելանք դնելու ընթացքում մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար այն իրականացնող պաշտոնատար անձը հրավիրում է փորձագետ (փորձագետներ):

19. Գույքի արժեքը որոշելու համար արգելանք իրականացնող պաշտոնատար անձը հրավիրում է փորձագետ, եթե`

ա) առանձին առարկաների գնահատումը դժվարություն է ներկայացնում.

բ) հարկ վճարողն առարկում է կատարված գնահատման դեմ:

20. Փորձագետը տալիս է գրավոր եզրակացություն:

21. Փորձագետի վարձատրությունը կատարում է գույքի գնահատումը վիճարկող կողմը:

 

V. ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

22. Արգելանքը դրվում է հարկային մարմնի ղեկավարի կողմից դրա մասին հանձնարարագիրը հրապարակվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

23. Արգելանքը դրվում է աշխատանքային օրերին` ժամը 08.00-ից մինչև 18.00-ն: Ոչ աշխատանքային օրերին արգելանք դնելը թույլատրվում է, եթե`

ա) անհրաժեշտ է դրա անհապաղ կատարումը.

բ) հարկ վճարողի մեղքով դրա կատարումը մնացած օրերին և սահմանված ժամերին անհնարին է:

24. Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դրվելուց հետո 30-օրյա ժամկետում դատարանի վճիռը չապահովելու դեպքում հարկ վճարողի գույքը համարվում է արգելանքից հանված:

 

VI. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՈՒ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

25. Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելիս կողմերն իրավունք ունեն`

ա) կնքելու հաշտության համաձայնագիր.

բ) ծանոթանալու նյութերին, դրանցից քաղվածքներ կազմելու և ստանալու պատճեններ.

գ) միջնորդություններ կատարելու.

դ) մասնակցելու արգելանքի գործողություններին, ունենալու ներկայացուցիչ.

ե) ծագած հարցերի վերաբերյալ տալու բանավոր և գրավոր բացատրություններ, ներկայացնելու փաստարկներ ու առաջարկություններ.

զ) առարկելու կատարված միջնորդությունները, փաստարկները և առաջարկությունները.

է) հայերենին չտիրապետելու դեպքում հրավիրելու թարգմանիչ.

ը) բողոքարկելու ընդունված որոշումների և արգելանք իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունների դեմ.

թ) օգտվելու սույն կարգով իրենց վերապահված իրավունքներից:

26. Կողմերը պարտավոր են կատարել սույն կարգի պահանջները:

 

VII. ԱՐԳԵԼԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

27. Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում հարկ վճարողին` ստացականով, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերն օտարել, փչացնել կամ ոչնչացնել, ապա գույքի պահատվությունը հանձնվում է նման գործունեության համար թույլտվություն (լիցենզիա) ունեցող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:

 

VIII. ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՈՒՄԸ

 

i

28. Հարկային մարմինը կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում արգելադրված գույքը հանձնում է հարկադիր կատարողին` օրենքով սահմանված կարգով բռնագանձում կատարելու համար:

(28-րդ կետը խմբ. 25.7.02 թիվ 1296-Ն որոշում)

i

29. Հարկային մարմնի հայցի հիման վրա կայացված վճռով պարտապանի գույքն իրացվում է դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների միջոցով` օրենքով սահմանված կարգով:

(29-րդ կետը խմբ. 25.7.02 թիվ 1296-Ն որոշում)

30. Նույն հարկ վճարողի նկատմամբ մեկից ավելի կատարողական թերթի առկայության դեպքում բռնագանձումները կատարվում ու գումարները բաշխվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(30-րդ կետը խմբ. 25.7.02 թիվ 1296-Ն որոշում)

(31-րդ կետը հանվել է 25.7.02 թիվ 1296-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.05.2002
N 520
Որոշում