ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
1 դեկտեմբերի 2021 թվականի N 305
ԱՊՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԻ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Անհատ ձեռնարկատերը համարվում է շրջանառության հարկ վճարող և զբաղվում է մանրածախ առևտրով: Ենթադրենք` 18.12.2020 թ.-ին «Ա» կազմակերպության կողմից մատակարարվել է 30.000 դրամի ապրանք` վերավաճառքի նպատակով և նույն կազմակերպության կողմից 04.04.2021 թ.-ին դուրս է գրվել ճշգրտող հարկային հաշիվ 5000 դրամի չափով և մատակարարման ամսաթիվը նշվել է 04.04.2021թ.: Գնորդը 30.000 դրամի ձեռքբերման 4%-ը նվազեցրել է 2020 թ.-ի IV եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկում: Արդյո՞ք ճշգրտող հաշվի դուրսգրումից հետո պետք է ճշգրտվի նաև 2020 թ.-ի IV եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկը, և նվազեցնի ձեռքբերման 5000 դրամը:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` օրենսգրքի կիրառության նպատակով ապրանքի մատակարարման գործարքը ճշգրտվում է, երբ գործարքի առարկան պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանք է,
i
- 42-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` ճշգրտված գործարքի մասով նախկինում դուրսգրված հաշվարկային փաստաթուղթը շարունակում է համարվել վավեր փաստաթուղթ, սակայն ճշգրտված գործարքի մասով ապրանք մատակարարողը, աշխատանք կատարողը և (կամ) ծառայություն մատուցողը (բացառությամբ հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների) օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով դուրս է գրում նաև օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված` համապատասխան ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ,
i
- 42-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետին համապատասխան` գործարքի ճշգրտման դեպքում գործարքի կողմեր համարվող հարկ վճարողները (բացառությամբ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հարկ վճարողների) պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքները` այլ հարկերի և բնօգտագործման վճարի մասով արտացոլել հիմնական գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում,
i
- 258-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով (բացառությամբ Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի) նույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռքբերված ապրանքների գծով կատարված` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-րդ և 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները), ինչպես նաև ՀՀ ներմուծված ապրանքների մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկերի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի (օրենսգրքի 55-րդ գլխում` ապրանքներ ձեռք բերելու ծախսեր) չորս տոկոսը կազմող գումարի չափով:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ ապրանքի մատակարարման գործարքի ճշգրտման դեպքում գործարքի կողմ հանդիսացող շրջանառության հարկ վճարողը պարտավոր է գործարքի ճշգրտման արդյունքն արտացոլել հիմնական գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացված շրջանառության հարկի հաշվարկում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ