ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
26 նոյեմբերի 2021 թվականի N 299
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
i
Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի համաձայն աշխատողները ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ, որի հետ կապված ծախսերը, որպես պարտադիր բժշկական զննություն կատարվել է գործատուի միջոցների հաշվին: Ինչպես նաև աշխատակիցը օտարերկրյա պետություններ գործուղման մեկնելուց առաջ պարտավոր է անցնել ՊՇՌ հետազոտության, որի հետ կապված ծախսը կատարվելու է գործատուի կողմից:
Շահութահարկով հարկման բազան որոշելու նպատակով կազմակերպության կողմից աշխատակիցների համար կատարված ՊՇՌ հետազոտության ծախսերը համապատասխան փաստաթղթերով հիմնավորված լինելու դեպքում արդյո՞ք կազմակերպությունը կկարողանա նվազեցնել որպես պարտադիր բժշկական զննության ծախսեր, թե՞ ֆիզիկական անձին տրված օգնություն բժշկական զննություն նպատակով:
Շահութահարկով հարկման բազան որոշելու նպատակով կազմակերպության կողմից օտարերկրյա պետություններ գործուղման մեկնող աշխատակիցների համար կատարված ՊՇՌ հետազոտության ծախսերը համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում կհամարվեն արդյո՞ք գործուղման հետ կապված այլ ծախսեր և կնվազեցվեն համախառն եկամտից:
Պատասխան
1. ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 111-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե նույն հոդվածի 2-րդ մասով և օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ,
i
- 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.25%-ը, իսկ հարկային տարվա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում` այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի 1%-ը:
i
Հաշվի առնելով վերը նշվածը` հայտնում ենք, որ օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ծախսերը օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերով հիմնավորված լինելու դեպքում ենթակա են նվազեցման համախառն եկամտից նույն կետով սահմանված չափերը չգերազանցող չափով:
i
Տեղեկացնում ենք նաև, որ աշխատողների պարտադիր բժշկական զննության կարգավորումները սահմանված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածով, իսկ պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա մասնագիտությունների, աշխատանքների ցանկը, ինչպես նաև բժշկական զննության անցկացման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 27.03.2003թ. N 347-Ն որոշմամբ:
i
2. ՀՀ հարկային օրենսգրքի 117-րդ հոդվածի`
i
- 1-ին մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում գործուղման ծախսերի (մասնավորապես` օրապահիկ, գիշերավարձ, տրանսպորտային ծախսեր, ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսեր) այն մասը, որոնք գերազանցում են նույն մասով սահմանված չափերը,
i
- 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի կիրառության իմաստով` գործուղման ծախսեր են համարվում շահութահարկ վճարողին կամ նրա աշխատողին ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով գործուղելու դեպքում գործուղվողին նույն օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում հատուցում տրամադրելու համար կատարվող ծախսերը:
i
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` գործուղման մեկնած աշխատողներին երաշխավորվում է նրանց աշխատատեղի (պաշտոնի) և աշխատավարձի պահպանումը գործուղման ամբողջ ժամանակահատվածում, ինչպես նաև նրանց վճարվում է օրապահիկ, և հատուցվում են գործուղման հետ կապված ծախսերը (1-ին մաս): Այդ վճարումների նվազագույն չափը և կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Պետական կամ համայնքի բյուջեների միջոցներից հատկացվող գործուղման ծախսերի վճարման դեպքում ՀՀ կառավարությունը սահմանում է նաև հատուցման առավելագույն չափը (2-րդ մաս):
i
ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2335-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 7-րդ կետի համաձայն` գործուղված աշխատողին հատուցվում է օրապահիկը, գիշերավարձը, աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայրեր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ հյուրանոցներում և համանման օբյեկտներում տեղերն ամրագրելու վճարը, պետական տուրքերը, մուտքի արտոնագրի ձևակերպման հետ կապված ծախսերը, ինչպես նաև գործուղման հետ կապված կապի (հեռախոս, ֆաքս, ինտերնետ ծառայություն), փաստաթղթերի թարգմանության և վավերացման, գործուղման հետ կապված այլ ծախսեր` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
i
Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև գրությամբ բարձրացված հարցի վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիրքորոշումը, հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 29.12.2005 թիվ 2335-Ն որոշմամբ ուղիղ կարգավորում նախատեսված չէ, որ օտարերկրյա պետություններ գործուղման մեկնած աշխատողների համար կատարված` ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունների ծախսերը համարվում են գործուղման ծախսեր: Սակայն, հաշվի առնելով նշված որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետը, գործուղման հետ կապված այլ ծախսերի մեջ կարող է ներառվել նաև այս ծախսը, եթե տվյալ օտարերկրյա պետություն գործուղման մեկնելու համար պարտադիր պահանջ է ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունը: Վերը նշվածից բացառություն կարող է կազմել այն դեպքը, երբ աշխատողի ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություն անցնելը պայմանավորված է եղել ՀՀ առողջապահության նախարարի 20.08.2021 թիվ 65-Ն հրամանով, և աշխատողն էլ այդ հրամանի շրջանակներում կատարված հետազոտությունը հավաստող փաստաթղթի ներկայացմամբ իրավունք է ստացել մեկնել օտարերկրյա գործուղման:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ