https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20219.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
15 հուլիսի 2021 թվականի N 219
ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
ՀՀ-ում գրանցված վարձու աշխատողը և իր որդին 2020 թ.-ի սեպտեմբերին վերցրել են հիփոթեքային վարկ տուն կառուցելու համար և տունը սկսել են կառուցել 2021 թվականի գարնանը: Եթե կատարվի վերավարկավորում, այսինքն վարկի գումարը ավելացվի (մինչև 55 մլն), այդ դեպքում վարձու աշխատողը նորից կօգտվի եկամտային հարկի հետ վերադարձի իրավունքից:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի`
- 1-ին մասին համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները,
- 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք իրենց ընտրությամբ կարող են օգտվել միայն մեկ հիփոթեքային վարկի պայմանագրի մասով,
- 6-րդ մասին համապատասխան` նույն հոդվածով սահմանված` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Կառավարությունը:
«Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման» կարգը սահմանված է ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1321-Ն որոշմամբ: Նշված կարգի 7-րդ կետին համապատասխան` նույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխությունների դեպքում վարկառուն պարտավոր է փոփոխության կատարման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ դրա մասին տեղեկացնել հարկային մարմնին` ներկայացնելով փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ եթե գրությամբ նկարագրված դեպքում միևնույն վարկային պայմանագրի շրջանակներում վարկի գումարը ավելացնելու նպատակը բնակելի տան շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելն է (կառուցելն է), ինչպես նաև հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիփոթեքային վարկի գումարի` բանկի կողմից ավելացնելու դեպքում, սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի վերաբերյալ որևէ սահմանափակում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված չէ` հայտնում ենք, որ օրենսդրությամբ սահմանված բոլոր պայմաններն ապահովված լինելու դեպքում վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք կարող են շարունակել օգտվել օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձի իրավունքից:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ