ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
Ք. Երևան ԲԴԽ-7-Ո-Կ-02
05 ապրիլի 2021 թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԿԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(2-րդ մաս)
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Բարձրագույն դատական խորհրդի 05 ապրիլի 2021թ. թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02 որոշման պատճառաբանական և
եզրափակիչ մասերի վերաբերյալ
Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ նաև` Խորհուրդ), 2021թ. ապրիլի 5-ին քննության առնելով Արդարադատության նախարարի` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Կարինե Պետրոսյանին (այսուհետ նաև` Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը (այսուհետ` Միջնորդություն), որոշել է. «Արդարադատության նախարարի միջնորդությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել» (այսուհետ` Որոշում): Որոշման ամբողջական տեքստը հրապարակվել է 16.04.2021թ.:
i
Միջնորդության բավարարման օգտին են քվեարկել Խորհրդի նիստին մասնակցած Խորհրդի 9 անդամներից 5-ը, 4-ը անդամ քվեարկել է դեմ, ինչի արդյունքում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 94-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա ընդունվել է Միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշում:
Գտնում ենք, որ Որոշումը հիմնավորված չէ, դրանում ամբողջությամբ արտացոլված չեն գործի հանգամանքները, Խորհուրդը Որոշման պատճառաբանական մասում մտել է նյութաիրավական դաշտ և ենթադրություն կատարել Դատարանի կողմից հնարավոր որոշման կայացման վերաբերյալ և, ի թիվս այլ հանգամանքների, դա ևս դիտել որպես Միջնորդության մերժման հիմք, որի իրավունքը չուներ:
1. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները
1) Կոնստանտին Օրբելյանի կողմից 24.07.2020 թվականին դիմում է ներկայացվել Սնանկության դատարան «Բուրգեր Արմ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին, որը Սնանկության դատարանի 28.07.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործ):
2) «Բուրգեր Արմ» ՓԲԸ-ի կողմից 10.08.2020 թվականին հայց է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ քաղաքացի Կոնստանտին Օրբելյանի` պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որը Դատարանի 17.08.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (թիվ ԵԴ/24011/02/20 քաղաքացիական գործ):
3) Քաղաքացիական գործի շրջանակներում Կոնստանտին Օրբելյանի ներկայացուցչի կողմից 11.08.2020 թվականին գործն ըստ առարկայական ընդդատության սնանկության դատարանին հանձնելու մասին ներկայացվել է միջնորդություն հետևյալ բովանդակությամբ. «(...) 28.07.2020թ. հարուցված թիվ ՍնԴ/1782/02/20 սնանկության գործը` ըստ Կոնստանտին Գարիի Օրբելյանի դիմումի ընդդեմ «Բուրգեր Արմ» ՓԲԸ-ի` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին, վարվում է ՀՀ սնանկության դատարանի կողմից:
Նշված սնանկության գործով ներկայացված դիմումի հիմքում դրված է 16.07.2019թ. կնքված Փոխադարձ պարտավորությունների և պարտապանների պարտավորության ապահովման վերաբերյալ պայմանագիրը, որի անվավեր ճանաչման վերաբերյալ է թիվ ԵԴ/24011/02/20 քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումը:
Նշված փաստերի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համադրումից պարզ է դառնում, որ թիվ ԵԴ/24011/02/20 գործով բերված հայցադիմումի քննությունը ենթակա է քննության թիվ ՍնԴ/1782/02/20 սնանկության գործը վարող դատարանի կողմից:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի դրույթները խնդրում ենք Ձեզ թիվ ԵԴ/24011/02/20 գործը կամ դա կազմող հայցադիմումն ու կից փաստաթղթերը հանձնել թիվ ՍնԴ/1782/02/20 սնանկության գործը քննող ՀՀ սնանկության դատարան:»:
4) Դատարանի 18.08.2020 թվականի որոշմամբ մերժվել է Կոնստանտին Օրբելյանի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը հետևյալ հիմնավորմամբ. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը գործը հանձնում է սնանկության դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվում է, որ այն ենթակա է քննության սնանկության դատարանում:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի ու իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակներում:
Վերոգրյալի համատեքստում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիվ ՍնԴ/1782/02/20 սնանկության գործով պարտապան «Բուրգեր Արմ» ՍՊԸ-ն սույն քաղաքացիական գործով պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ չէ /հայցվոր է/, դատարանն արձանագրում է, որ առկա չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված հիմքը` քաղաքացիական գործը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով Սնանկության դատարանի քննությանը հանձնելու համար:»:
5) 17.12.2020 թ.-ին Արդարադատության նախարարին ներկայացված իր գրության մեջ Դատավորը նշում է, որ «Հաղորդումը ներկայացրած անձի այն պնդումը, թե դատարանը միջնորդությունը մերժելու մասին որոշումը կայացրել է` ղեկավարվելով մինչև 14.04.2020 թվականի խմբագրությամբ գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի նորմը, իրականությանը չի համապատասխանում, քանի որ իրավանորմի բառացի մեջբերում կամ հղում որոշման մեջ առկա չէ, այլ կա ընդհանրական ամփոփում` սնանկության գործի շրջանակներում քննվող հնարավոր գործերի վերաբերյալ»:
6) 18.08.2020 թ.-ին մերժելով միջնորդությունը` Դատարանը հաջորդ նիստը նշանակել է 2021թ. մարտի 31-ին:
7) Չնայած հաջորդ դատական նիստը նշանակվել է շուրջ 8 ամիս հետո, Դատարանի 17.12.2020թ. վճռով թիվ ԵԴ/24011/02/20 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի «Բուրգեր Արմ» ՍՊԸ-ի ընդդեմ Կոնստանտին Օրբելյանի` պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, կարճվել է` հայցվորի կողմից պահանջից հրաժարվելու հիմքով:
8) Ըստ www.datalex.am դատական տեղեկատվական համակարգի` Սնանկության դատարանի 23.02.2021 թվականի վճռով հաստատվել է Կոնստանտին Օրբելյանի և «Բուրգեր Արմ» ՓԲԸ-ի միջև կնքված հաշտության համաձայնությունը և թիվ ՍնԴ/1782/02/20 սնանկության գործի վարույթը կարճվել է:
9) Դատավորը և վերջինիս փաստաբանը, երկու անգամ մասնակցելով Խորհրդի նիստին, հայտարարել են, որ Խորհրդի կազմը չեն համարում լեգիտիմ և առանց հնարավորություն տալու Խորհրդի անդամներին գործի հանգամանքների վերաբերյալ վերջիններիս հարցեր տալու` լքել են նիստը:
Ընդունելով, որ Դատավորն իրավունք ունի ինքնուրույն ընտրել և իրականացնել իր պաշտպանության միջոցները, այնուամենայնիվ գտնում ենք, որ Խորհրդի մոտ վարույթի վերաբերյալ առաջացած հարցերը և դրանց պատասխաններն էական նշանակություն ունեն գործի հանգամանքների օբյեկտիվ և ամբողջական բացահայտման և դրանց արդյունքում կայացվելիք որոշման համար:
2. Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասի հետ կապված մեկնաբանություններ.
10) Որոշմամբ միջնորդությունը մերժած Խորհրդի անդամներն արձանագրել են, որ «թեև Դատավորի գործողություններում առկա է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի, ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-294-Ն ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, ինչն իր հերթին հանգեցրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված վարքագծի կանոնների առերևույթ խախտման, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ նույնիսկ արձանագրված խախտումը չլինելու և ճիշտ իրավական նորմը կիրառվելու դեպքում կողմի համար չէր կարող վրա հասնել ակնկալվող իրավական հետևանքը, այն պատճառով, որ Դատավորի կողմից արարքի կատարման պահին նրան հասանելի չի եղել միջնորդությամբ պահանջվող հետևանքն առաջացնող էական իրավական հիմքը, այն է` թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործով պարտապանի սնանկ ճանաչված լինելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը, ուստի Բարձրագույն դատական խորհուրդը նպատակահարմար է գտնում Դատավորի արարքը գնահատել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի տիրույթում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատավորի քննարկվող արարքը դատավարության մասնակցի համար որևէ բացասական հետևանք չի առաջացրել և չէր կարող առաջացնել, վարույթ հարուցող մարմինը չի ներկայացրել հիմնավորում արարքը Դատավորի կողմից չարամիտ նպատակով կամ շարժառիթով կատարված լինելու վերաբերյալ, հաշվի առնելով Դատավորի մեծ փորձառությունը նաև սնանկության գործերի քննության ոլորտում, ինչն էականորեն նվազեցնում է հանրային ընկալումը Դատավորի` տվյալ արարքով իր կարգավիճակին չհամապատասխանելու վերաբերյալ, ուստի Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ իր նվազ կարևորության պատճառով դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից թույլ տրված արարքը կասկածի տակ չի դնում նրա համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի հեղինակազրկում դատական իշխանությունը»:
11) Մեզ համար անընդունելի են Միջնորդությունը մերժած Խորհրդի անդամների կողմից Դատավորի հնարավոր կայացվելիք դատական ակտի բովանդակության վերաբերյալ ենթադրությունները և դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության մերժումը: Մասնավորապես Որոշման մեջ նշվում է, որ «(...) հաշվի առնելով այն փաստը, որ նույնիսկ արձանագրված խախտումը չլինելու և ճիշտ իրավական նորմը կիրառվելու դեպքում կողմի համար չէր կարող վրա հասնել ակնկալվող իրավական հետևանքը, այն պատճառով, որ Դատավորի կողմից արարքի կատարման պահին նրան հասանելի չի եղել միջնորդությամբ պահանջվող հետևանքն առաջացնող էական իրավական հիմքը, այն է` թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործով պարտապանի սնանկ ճանաչված լինելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը...»: Միջնորդությունը մերժած Խորհրդի անդամները որևէ իրավունք և հիմք չունեին ենթադրելու կամ որոշելու, թե ինչ որոշում կկայացներ Դատարանը, եթե խախտումը թույլ չտար և ղեկավարվեր որոշման կայացման պահին գործող օրենսդրությամբ: Դեռ ավելին, եթե Խորհրդի անդամները գտնում են, որ անկախ կիրառվող նորմից Դատարանը միևնույն է մերժելու էր միջնորդությունը, ապա ինչո՞ւ նրանք չեն անդրադարձել այն հանգամանքին, թե ինչո՞ւ է Դատարանը կիրառել չգործող նորմը գործողի փոխարեն:
12) Միջնորդությունը մերժած Խորհրդի անդամները, արձանագրելով, որ Դատավորի գործողություններում առկա է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի, ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-294-Ն ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, ինչն իր հերթին հանգեցրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված վարքագծի կանոնների խախտման, չեն անդրադառնում այն հանգամանքին, թե ինչի՞ արդյունքում է եղել նման խախտումը: Դեռ ավելին, Դատավորին արդարացնելու համար, Որոշմամբ վերջինս բնութագրվում է որպես սնանկության գործերի քննության ոլորտում մեծ փորձառություն ունեցող դատավոր, ինչը. «էականորեն նվազեցնում է հանրային ընկալումը Դատավորի` տվյալ արարքով իր կարգավիճակին չհամապատասխանելու վերաբերյալ»: Այնինչ գտնում ենք, որ եզրահանգումները պետք է լինեին լրիվ հակառակը, սնանկության ոլորտում մեծ փորձ ունեցող դատավորը չէր կարող կիրառել ակնհայտորեն չգործող նորմը, Դատավորը չէր կարող նախարարին ներկայացրած պատասխանում ակնհայտորեն խեղաթյուրել իր իսկ կողմից կայացված որոշման բովանդակությունը` նշելով, որ իրավանորմի բառացի մեջբերում կամ հղում որոշման մեջ առկա չէ, այլ կա ընդհանրական ամփոփում` սնանկության գործի շրջանակներում քննվող հնարավոր գործերի վերաբերյալ, այն դեպքում, երբ որոշման մեջ ոչ միայն հղում է կատարված ուժը կորցրած իրավանորմին, այլև մեկնաբանված է, թե ինչու է Դատարանը, կիրառելով այդ նորմը, մերժում միջնորդությունը:
13) Խորհուրդը պարտավոր էր հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Դատարանը կիրառել է չգործող նորմ նույնիսկ այն դեպքում, երբ կողմի ներկայացրած միջնորդության մեջ նշված է եղել գործող նորմը:
14) Մեզ համար անհասկանալի է նաև Դատավորին պատասխանատվությունից ազատելու համար միջնորդությունը մերժած Խորհրդի անդամների կողմից Որոշման մեջ բերվող հետևյալ հիմնավորումը. «(...)վարույթ հարուցող մարմինը չի ներկայացրել հիմնավորում արարքը Դատավորի կողմից չարամիտ նպատակով կամ շարժառիթով կատարված լինելու վերաբերյալ...»: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի որևէ նորմով վարույթ հարուցող մարմինը պարտավոր չէ հիմնավորել արարքը դատավորի կողմից չարամիտ նպատակով կամ շարժառիթով կատարված լինելու հանգամանքը: Դատավորների կարգապահական պատասխանատվության հարցերը սահմանող դրույթներում «Չարամիտ նպատակ կամ շարժառիթ» եզրույթներն Օրենքում իսպառ բացակայում են:
15) Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, եզրակացնում ենք, որ.
ա/ Դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից մերժվել է թիվ ԵԴ/24011/02/20 գործով պատասխանողի միջնորդությունը գործը կամ դա կազմող հայցադիմումն ու կից փաստաթղթերը հանձնել թիվ ՍնԴ/1782/02/20 սնանկության գործը քննող ՀՀ սնանկության դատարան:
բ/ Մերժման հիմքում դրվել է որոշման կայացման պահին «Սնանկության մասին» ՀՀ օրենքի ուժը կորցրած նորմը:
գ/ Չնայած այն հանգամանքին, որ միջնորդության մեջ հղում է կատարված եղել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի գործող նորմին, Դատարանը, այնուամենայնիվ, կիրառել է չգործող նորմը և ուժը կորցրած նորմի դիսպոզիցիայի համատեքստում հիմնավորել, թե ինչու է կիրառում ուժը կորցրած նորմը և մերժում միջնորդությունը:
ե/ Նախարարին ուղարկած իր բացատրության մեջ Դատավորը դիտավորյալ կամ պատահականորեն խեղաթյուրում է գործի փաստերը և նշում, որ «Հաղորդումը ներկայացրած անձի այն պնդումը, թե դատարանը միջնորդությունը մերժելու մասին որոշումը կայացրել է` ղեկավարվելով մինչև 14.04.2020 թվականի խմբագրությամբ գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի նորմը, իրականությանը չի համապատասխանում, քանի որ իրավանորմի բառացի մեջբերում կամ հղում որոշման մեջ առկա չէ, այլ կա ընդհանրական ամփոփում` սնանկության գործի շրջանակներում քննվող հնարավոր գործերի վերաբերյալ», ինչը չի համապատասխանում իրականությանը:
զ/ Կարինե Պետրոսյանը, լինելով երկար տարիների դատավոր և քննելով սնանկության գործեր, իրոք կարող է համարվել սնանկության գործերի քննության ոլորտում մեծ փորձառություն ունեցող դատավոր:
է/ Սնանկության գործերում մեծ փորձառություն ունեցող դատավորը իրավունք չունի կամ չի կարող տեղյակ չլինել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների մասին, հատկապես այն դեպքում, երբ միջնորդության մեջ նշվում է օրենքի գործող նորմը:
ը/ Դատավորի նկարագրված գործողությունները, ինչպես նաև միջնորդության մերժումից հետո շուրջ 8 ամիս անց նշանակված դատական նիստը, ողջամիտ հիմքեր են տալիս ենթադրելու, որ խախտումը Դատավորի կողմից կատարվել է դիտավորությամբ, ինչին Խորհուրդը չի անդրադարձել:
16) Միջնորդությունը մերժած Խորհրդի անդամները Որոշմամբ արձանագրել են, որ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատավորի քննարկվող արարքը դատավարության մասնակցի համար որևէ բացասական հետևանք չի առաջացրել և չէր կարող առաջացնել, վարույթ հարուցող մարմինը չի ներկայացրել հիմնավորում արարքը Դատավորի կողմից չարամիտ նպատակով կամ շարժառիթով կատարված լինելու վերաբերյալ, հաշվի առնելով Դատավորի մեծ փորձառությունը նաև սնանկության գործերի քննության ոլորտում, ինչն էականորեն նվազեցնում է հանրային ընկալումը Դատավորի` տվյալ արարքով իր կարգավիճակին չհամապատասխանելու վերաբերյալ, ուստի Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ իր նվազ կարևորության պատճառով դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից թույլ տրված արարքը կասկածի տակ չի դնում նրա համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի հեղինակազրկում դատական իշխանությունը»:
17) Սույն հատուկ կարծիքում կցանկանայինք ուշադրություն դարձնել Որոշմամբ արձանագրված հետևյալ պնդումներին. «(...) Դատավորի քննարկվող արարքը դատավարության մասնակցի համար որևէ բացասական հետևանք չի առաջացրել և չէր կարող առաջացնել,» և «(...) Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ իր նվազ կարևորության պատճառով դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից թույլ տրված արարքը կասկածի տակ չի դնում նրա համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի հեղինակազրկում դատական իշխանությունը:»: Կարծում ենք, որ, արձանագրելով բացասական հետևանքի բացակայություն, Խորհուրդը պարտավոր էր բացահայտել, թե ինչ է հասկանում բացասական հետևանք ասելով, որի բացակայությունը հիմք է տալիս մերժել ներկայացված Միջնորդությունը: Արդյո՞ք բացասական հետևանք է օրենքի խախտմամբ ընդունված դատական ակտի արդյունքում անձի կողմից լրացուցիչ ծախսերի կատարումը, թե՞ նման ծախսերի հավանականությունը, արդյո՞ք բացասական հետևանք է կատարված լրացուցիչ 1000 դրամի, թե՞ 1 մլն դրամի ծախսը, արդյո՞ք բացասական հետևանք է անձի կողմից սպասվելիք արդարադատության իրականացման ուշացումը և որքա՞ն ուշացումն է համարվում բացասական հետևանք, արդյո՞ք բացասական հետևանք է միայն այն հանգամանքը, որ դատարանը կիրառել է չգործող նորմ, այն դեպքում, երբ դատավորը պարտավոր է իմանալ օրենսդրությունը, դրանում կատարվող փոփոխությունները, միջնորդությամբ վերջինիս համար նշվել է գործող նորմը, սակայն դատավորը կիրառել և հիմնավորել է միջնորդությունը չգործող նորմով, իսկ, այնուհետև, իր բացատրություններով փորձել է հերքել կամ խեղաթյուրել ակնհայտը:
18) Կարծում ենք, որ Դատավորի վերոնշյալ գործողությունները հիմնավորում են, որ խախտումը թույլ է տրվել դիտավորությամբ և նման պայմաններում դատական ակտում ուժը կորցրած նորմի կիրառումն արդեն իսկ բացասական հետևանք է արդարադատության համար: Նման պայմաններում խախտումը չի կարող ունենալ նվազ կարևորություն և չհեղինակազրկել դատական իշխանությունը: Խորհուրդն իրավունք չուներ մտնել նյութաիրավական դաշտ և կանխատեսել Դատարանի հնարավոր որոշումը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի գործող նորմի կիրառության դեպքում: Խորհրդի նման Որոշումը նախադեպ է ստեղծում և թույլ տալիս դատարաններին շարունակել կիրառել ուժը կորցրած նորմերը` վստահ լինելով, որ նման մեկնաբանման արդյունքում կազատվեն պատասխանատվությունից, այնինչ, նման պրակտիկան կարող է բերել շատ ավելի ծանր բացասական հետևանքների, որոնք չէին լինի, եթե Խորհուրդը սույն գործով հստակ ամրագրեր դատարանների կողմից ուժը կորցրած նորմի կիրառության անթույլատրելիությունը և ինքնին նման նորմի կիրառման արդյունքում արդարադատությանը հասցված բացասական հետևանքը:
19) Վերոգրյալի արդյունքում գտնում ենք, որ Խորհուրդը պարտավոր էր բավարարել Արդարադատության նախարարի միջնորդությունը և դատավոր Կարինե Պետրոսյանին ենթարկեր կարգապահական պատասխանատվության:
Բարձրագույն դատական
խորհրդի անդամներ` Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ
Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 16 ապրիլի 2021 թվական:
Պաշտոնական հրապարակման օրը` 20 ապրիլի 2021 թվական: