ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
29 հոկտեմբերի 2020 թվականի N 96
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ) ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Կազմակերպությունը սույն թվականի հոկտեմբերի 9-ին ԵՏՄ անդամ երկրից ներմուծել է սննդամթերք և հանձնել ՀՀ Պաշտպանության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ):
Արդյո՞ք նշված ապրանքների ներմուծման, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարությանը մատակարարման դեպքում սահմանված է ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման արտոնություն:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 56-րդ, 66-րդ և 67-րդ հոդվածներով սահմանված են հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և սահմանափակումները: Մասնավորապես, օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` հարկային հաշիվներ դուրս չեն գրում այն գործարքների մասով, որոնք ազատված են ԱԱՀ-ից, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկային հաշվի փոխարեն կազմվում և օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով դուրս են գրվում հաշիվ վավերագրեր,
i
- 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը,
i
- 64-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետին համապատասխան` ԱԱՀ-ից ազատվում է նվիրատվության ձևով ապրանքի մատակարարումը պետությանը,
i
- 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել նույն մասով սահմանված փաստաթղթերը (ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին հայտարարություն):
i
Միաժամանակ, «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով (21.10.2020 թ. ՀՕ-461-Ն) սահմանվել են որոշ հարկային արտոնություններ: Մասնավորապես, նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից ԵՏՄ անդամ հանդիսացող պետություններից ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող` Կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից, ակցիզային հարկից և (կամ) բնապահպանական հարկից` այդ ապրանքները ռազմական դրության ժամանակահատվածում պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում: Ընդ որում, ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարումների փաստը հավաստվում է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ նոտարների կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված և ստացող նախարարության կողմից վավերացված հաշվարկային փաստաթղթերով:
Հարկ է նկատի ունենալ, որ վերոնշյալ օրենքը տարածվում է 2020 թ. սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Ընդ որում, նույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգավորումները կիրառվում են նաև 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ապրանքատեսակների ցանկը սահմանելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում վերոնշյալ նախարարություններին անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված բոլոր ապրանքների մասով:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ գրությամբ նկարագրված դեպքում`
1) կազմակերպության կողմից ԵՏՄ անդամ պետությունից ՀՀ տարածք ապրանքների ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից, եթե այդ ապրանքներն անհատույց (նվիրատվությամբ) հանձնվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը և առկա է կազմակերպության կողմից դուրս գրված և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վավերացված հաշիվ վավերագիրը: Ընդ որում, այդ ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ կազմակերպության կողմից հարկային մարմին է ներկայացվում ներմուծման հարկային հայտարարագիր և ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարություն,
2) կազմակերպության կողմից ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարումը ՀՀ պաշտպանության նախարարությանն ազատվում է ԱԱՀ-ից` ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետին համապատասխան:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ