03.08.2002 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2001 թվականի ապրիլի 3-ին
i
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում սահմանամերձ տարածաշրջանների նկատմամբ պետական քաղաքականության մշակման հիմնական սկզբունքները, այդ քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները, ինչպես նաև կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. |
Սահմանամերձ տարածաշրջանների մասին օրենսդրությունը |
Սահմանամերձ տարածաշրջանների հետ կապված հարաբերությունները կանոնակարգվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
Հոդված 3. |
Սահմանամերձ տարածաշրջանների նկատմամբ պետական քաղաքականության ծրագրային հիմունքները |
1. Սահմանամերձ տարածաշրջանների նկատմամբ պետական քաղաքականությունն իրականացվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագրով (այսուհետ` Համալիր ծրագիր):
2. Համալիր ծրագրի նպատակն է սահմանամերձ տարածաշրջանների պաշտպանունակության բարձրացումը և դրանց սոցիալ-տնտեսական զարգացումը:
i
3. Համալիր ծրագրի նախագիծը կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում մինչև 2001 թվականի հոկտեմբերի 1-ը: Համալիր ծրագիրը հաստատում է Ազգային ժողովը:
4. Համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունները սահմանում է կառավարությունը: Դրանք արտացոլվում են սահմանամերձ տարածաշրջանների մասին տարեկան ծրագրերում (այսուհետ` Տարեկան ծրագիր):
5. Տարեկան ծրագիրը կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում:
(3-րդ հոդ. փոփ. 26.06.02 ՀՕ-390-Ն օրենք)
Հոդված 4. |
Համալիր և տարեկան ծրագրերի բովանդակությունը և դրանց մշակման սկզբունքները |
1. Համալիր և Տարեկան ծրագրերը ներառում են`
ա) ծրագրերի հիմնական խնդիրները.
բ) նախատեսված աշխատանքների ծավալները` ըստ սահմանամերձ տարածաշրջանների և դրանցում գտնվող բնակավայրերի.
գ) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.
դ) ծրագրերի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնայնությունները.
ե) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրերի համակողմանի ներկայացման համար:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանվածից բացի, Համալիր ծրագիրը ներառում է նաև`
ա) սահմանամերձ տարածաշրջանների ցանկը` ըստ բնակավայրերի.
բ) տեղեկանք սահմանամերձ տարածաշրջանների պաշտպանական, սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական իրավիճակի մասին.
գ) նախատեսված աշխատանքները` ըստ լիազորված մարմինների.
դ) անհրաժեշտության դեպքում սահմանամերձ տարածաշրջանների բնակչությանը և տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող արտոնությունները:
3. Տարեկան ծրագիրը ներառում է նաև նախատեսված աշխատանքների ընթացքի և սպասվելիք կատարողականի վերլուծությունը:
4. Տարեկան ծրագրի հետ կառավարությունը ներկայացնում է նաև դրա կատարումն ապահովող օրինագծերը:
5. Համալիր և Տարեկան ծրագրերը մշակվում են դրանց համապատասխանության ապահովման, ծրագրային աշխատանքների և դրանց ֆինանսական ապահովման հաշվեկշռվածության, Համալիր և Տարեկան ծրագրերի համադրելիության և հաշվետվության սկզբունքների պահպանմամբ:
Հոդված 5. |
Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվության քննարկման և հաստատման կարգը |
1. (1-ին մասն ուժը կորցրել է 3.08.2002 թվականից` 26.06.02 ՀՕ-390-Ն օրենք)
2. Տարեկան ծրագրի կատարման մասին կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում ամենամյա հաշվետվություն:
3. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության բաղկացուցիչ մասն է:
4. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը ներառում է սույն օրենքի 4-րդ հոդվածի առաջին կետով սահմանված դրույթների շուրջ վերլուծականներ և Տարեկան ծրագրի կատարման գնահատականը:
5. Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա Տարեկան ծրագրում, որի կատարման ժամկետը չի կարող գերազանցել Համալիր ծրագրով նախատեսված վերջին ժամկետը:
6. Տարեկան ծրագրի կատարման ընթացքի վերահսկողության նպատակով Ազգային ժողովում կազմակերպվում են խորհրդարանական լսումներ` ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ:
(5-րդ հոդ. փոփ. 26.06.02 ՀՕ-390-Ն օրենք)
Հոդված 6. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
Երևան 28 ապրիլի 2001 թ. ՀՕ-170
|