041.0202.140301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 մարտի 2001 թվականի N 202
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմամբ հաստատված կանոնակարգի 11-րդ կետին համապատասխան`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության մշակում» ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունը (կցվում է):
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
մարտի 14-ի N 202 որոշմամբ
i
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության մշակում» ծրագրի (այսուհետև` ծրագիր) կառավարման խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության մշակման ծրագրի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 861 որոշմամբ:
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Համաշխարհային բանկի զարգացման միջազգային ընկերակցության (այսուհետև` դրամաշնորհի կարգադրիչ) միջև ստորագրված` Ճապոնիայի կառավարության TF 025128 և TF 025754 դրամաշնորհների շրջանակներում իրականացվող «Էլեկտրաէներգետիկ և գազի համակարգերի վերակառուցում» ծրագրի համաձայնագրերով (այսուհետև` համաձայնագրեր) և սույն կանոնադրությամբ:
3. Խորհրդի և ծրագրի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, դրամաշնորհային ծրագրի համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:
4. Խորհրդի լրիվ անվանումն է «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության մշակում» ծրագրի կառավարման խորհուրդ:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 6-ի «Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրերի իրականացման աշխատանքները կազմակերպելու մասին» N 808 որոշմամբ հաստատված բյուջեի շրջանակներում և նույն որոշմամբ ստեղծված «Ջերմամատակարարման ծրագրեր» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կողմից (այսուհետև` ԾԻԳ) ծրագրի իրականացման կառավարումն է:
6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:
7. Խորհրդի խնդիրներն են`
ա) ծրագրի բյուջեում 100 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի չափով փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները` համապատասխան հիմնավորումներով, հաստատելը, որից հետո Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը դրանք պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով դրամաշնորհի կարգադրիչի հետ.
բ) ծրագրի իրականացման ընթացքում ԾԻԳ-ի գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
գ) ծրագրի բյուջեի ու դրա շրջանակներում իրականացվող աշխատանքների տեխնիկական առաջադրանքի և ժամանակացույցի քննարկումն ու հաստատումը.
դ) ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին և բյուջեին համապատասխան` խորհրդի կողմից սահմանված կարգով և ձևով կազմված հաշվետվությունների հաստատումը.
ե) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ պատվիրելու նպատակով մրցույթների անցկացման պայմանների ու դրանց արդյունքների հաստատումը.
զ) ծրագրի շրջանակներում տնտեսական միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` դրանք համաձայնեցնելով դրամաշնորհի կարգադրիչի հետ.
է) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների, ինչպես նաև ծրագրի բյուջեում և աշխատանքային ժամանակացույցում տեղ գտած շեղումների վերացման վերաբերյալ որոշումներ ընդունելն ու դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
ը) դրամաշնորհի կարգադրիչի ներկայացուցիչների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելն ու ծրագրի արդյունքները քննարկելը և արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.
թ) ծրագրի ավարտից հետո ծրագրի արդյունքներն ամփոփելը և ծրագրի արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:
8. Ծրագրի շրջանակներում ծագող հարցերը, ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստերում` ներկայացվելու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
9. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի մասին ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
10. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում ծագած հարցերի և խնդիրների լուծման նպատակով` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) առաջարկությամբ:
11. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
12. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ:
13. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին տրամադրվում է խորհրդի անդամներին` նիստից 5 օր առաջ:
Փաստաթղթերի կազմը, ինչպես նաև դրանց նկատմամբ պահանջները սահմանվում են խորհրդի նախագահի կողմից:
14. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: Խորհրդի քարտուղարը պարտավոր է խորհրդի կողմից սահմանված կարգով ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:
15. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի մասին այլ որոշում չի ընդունում:
16. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
17. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
18. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաները: Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել նաև օրակարգի հարցերին առնչվող մասնագետներ կամ համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ:
19. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցութային առաջարկների մասին ամփոփ տեղեկանքը, առաջարկներն անվավեր ճանաչվելու մասին հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գների և դրանցից բարձր գնառաջարկի հիմնավորումը:
20. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել խորհրդի` հատուկ հրավիրված նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
21. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալն է:
22. Խորհրդի նախագահը`
ա) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
բ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
23. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է խորհրդում ներկայացված նախարարության կամ գերատեսչության ղեկավարը:
24. Խորհրդի անհատական կազմը (7 մարդ) հաստատված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության մշակման ծրագրի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 861 որոշմամբ:
25. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, գրավոր ներկայացնում է իր հատուկ կարծիքը, որը գրառվում է խորհրդի նիստի արձանագրության մեջ և կցվում որոշմանը:
26. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, խորհրդի նիստի արդյունքների մասին գրավոր զեկուցում է իր վերադասին:
27. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ հանդիսանալուց:
28. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել համապատասխան նախարարի կամ գերատեսչության ղեկավարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
29. Խորհրդի քարտուղարին նշանակում է խորհրդի նախագահը` խորհրդի կազմից, եթե դրա մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման մեջ նշում չի եղել:
30. Խորհրդի քարտուղարը`
ա) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծեր.
բ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.
գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
է) խորհրդի որոշումները և նիստերի արձանագրություններն ուղարկում է խորհրդում ներկայացված նախարարություններ ու գերատեսչություններ.
ը) ծրագրի իրականացման մասին հաշվետվություններն ուղարկում է դրամաշնորհի կարգադրիչին, Հայաստանի Հանրապետության կառավարություն, ինչպես նաև խորհրդում ներկայացված նախարարություններ և գերատեսչություններ:
VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
31. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
32. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: