040.1473.291214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2014 թվականի N 1473-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-ին գլխի 33.1-ին հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության արտաբյուջետային ֆոնդի միջոցներից, եկամուտների նվազեցման եղանակով 300.0 մլն դրամը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես «Այլ եկամուտներ»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի միջոցներից, եկամուտների նվազեցման եղանակով 300.0 մլն դրամը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես «Այլ եկամուտներ»:
3. Հայաստանի Հանրապետության մի շարք պետական կառավարման մարմինների կողմից բնակարանների ձեռքբերման համար 2014 թվականին հատկացնել 600,000.0 հազ. դրամ, որից` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` 150,567.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը` 73,756.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` 151,526.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության դատախազությանը` 25,255.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը` 16,177.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին` 25,112.0 հազ. դրամ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 157,607.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված`
1) մարմիններին հատկացվող գումարները նախատեսվում են «Սպորտ տուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից բնակարաններ ձեռք բերելու համար.
2) մարմինները մինչև 2014 թվականի դեկտեմբերի 30-ը ֆինանսական պարտավորություններ չստանձնելու և (կամ) վճարումներ չիրականացնելու դեպքում սույն որոշմամբ նախատեսված գումարները փոխանցում են իրենց անվամբ կենտրոնական գանձապետարանում բացված դեպոզիտային հաշիվներին և գումարների վճարումներն իրականացնում են 2015 թվականին` այդ հաշիվներից:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
6. Թույլատրել սույն որոշման 3-րդ կետում նշված մարմիններին սույն որոշմամբ նախատեսված բնակարանների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետին համապատասխան` բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով, կնքվելիք պայմանագրերով նախատեսելով, որ`
1) բնակարանների ձեռքբերման դիմաց գումարները վճարվում են կանխավճարի ձևով` առանց կանխավճարի ապահովման.
2) որպես կանխավճար հատկացվելիք գումարները պայմանագրերով նախատեսված դեպքերում և չափով վաճառող կազմակերպության անունից փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ երրորդ անձանց նկատմամբ այդ կազմակերպության ունեցած այլ պարտավորությունների կատարմանը: Ընդ որում, սույն ենթակետով նախատեսված`
ա. գումարները երրորդ անձանց վճարում են սույն որոշմամբ նախատեսված մարմինները` կազմակերպության կողմից ներկայացված տվյալների համաձայն, ինչը ներառվում է կնքվելիք պայմանագրերում,
բ. բնակարանների վերանորոգման գումարները վճարվում են այդ նպատակով կազմակերպության և բնակարանների վերանորոգումն իրականացնող կապալառուի միջև կնքված պայմանագրերի առկայության դեպքում.
3) կանխավճարի գումարի մնացած մասը փոխանցում է սույն որոշմամբ նախատեսված մարմինների անվամբ բացված դեպոզիտային հաշիվներին` պայմանով, որ դրանք վճարվում են բնակարանները վերանորոգված վիճակում գնորդների կողմից ընդունվելուց հետո:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) սույն որոշման 3-րդ կետում նշված գումարները ծրագիր իրականացնող մարմիններին հատկացնել գնումների պլանի առկայության դեպքում.
2) սույն որոշման 3-րդ կետում նշված մարմինների անվամբ կենտրոնական գանձապետարանում բացել դեպոզիտային հաշիվներ:
7.1. Թույլատրել սույն որոշման 3-րդ կետով նախատեսված պետական մարմինների կողմից ձեռք բերված բնակարանները` որպես աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարման հետ կապված խրախուսման միջոց, սեփականության իրավունքով անհատույց տրամադրել այդ մարմինների աշխատողներին (ծառայողներին):
(7.1-ին կետը լրաց. 06.08.15 թիվ 904-Ն որոշում)
7.2. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված պետական մարմինների կողմից ձեռք բերված բնակարաններն աշխատողներին (ծառայողներին) տրամադրվում են համապատասխան պետական մարմինների ու աշխատողների (ծառայողների) միջև կնքված նվիրատվության պայմանագրերի հիման վրա, և սեփականության իրավունքի պետական գրանցման ու նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են կատարման` համապատասխան աշխատողների (ծառայողների) անձնական միջոցների հաշվին:
(7.2-րդ կետը լրաց. 06.08.15 թիվ 904-Ն որոշում)
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
-------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 1 և 2 հավելվածները չեն բերվում