050.0713.070307
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 03 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
5 դեկտեմբերի 2006 թվականի N 713-Ն
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(4-րդ մաս)
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ
(4-րդ մաս)
ԲԱԺԻՆ 18. ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐՔԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 65. |
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԿԱՆՈՆ 65.1Ա-1.) |
65.1. Սույն բաժնի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
65.1.1. «Ներքին վերահսկողություն». մասնագիտացված անձի, նրա կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց կողմից իրականացվող մասնագիտացված գործունեության համապատասխանությունն Օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ինքնակարգավորվող կազմակերպության կանոններին, որի անդամ է մասնագիտացված անձը (այսուհետ` ԻԿԿ), ինչպես նաև մասնագիտացված անձի կանոններին պարզելու նպատակով վերահսկող ծառայության կողմից իրականացվող գործառույթների (մոնիտորինգ, ստուգում, ծառայողական քննություն, համալիր ստուգում) համախումբ.
65.1.2. «Մոնիտորինգ». վերահսկող ծառայության կողմից իրականացվող ընթացիկ անընդհատ գործառույթ.
65.1.3. «Ստուգում». վերահսկող ծառայության կողմից իրականացվող պարբերական գործառույթ` մասնագիտացված անձի ներքին վերահսկողության կանոններով սահմանված պարբերականությամբ և ժամանակացույցին համապատասխան.
65.1.4. «Ծառայողական քննություն». մասնագիտացված անձի, նրա կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց կողմից իրականացվող մասնագիտացված գործունեության շրջանակներում Օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ԻԿԿ-ի և մասնագիտացված անձի կանոնների խախտում, հավանական խախտում կամ դրա մանրամասներ բացահայտելու կասկածանքով, ինչպես նաև հնարավոր խախտման որևէ փաստի տեղեկանալու հետևանքով վերահսկող ծառայության կողմից հարուցվող և վարվող գործընթաց.
65.1.5. «Համալիր ստուգում». յուրաքանչյուր եռամսյակի համար վերահսկող ծառայության կողմից իրականացվող գործառույթ` մասնագիտացված անձի, նրա կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց կողմից իրականացվող մասնագիտացված գործունեության համապատասխանությունն Օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ԻԿԿ-ի և մասնագիտացված անձի կանոններին պարզելու նպատակով.
65.1.6. «Ներքին հաշվառում». մասնագիտացված անձի կողմից իրականացվող գործարքների (այդ թվում` հաճախորդների հանձնարարականների), մասնագիտացված անձի և նրա հաճախորդների դրամական միջոցների և արժեթղթերի հաշվառում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան.
65.1.7. «Եռամսյակ». օրացուցային տարվա սկզբից երեք ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան: Մասնագիտացված գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձանց համար (տվյալ լիցենզիայի մասով) առաջին եռամսյակ է համարվում մասնագիտացված գործունեության լիցենզիան ստանալու օրվանից մինչև տվյալ եռամսյակի վերջն ընկած ժամանակաշրջանը.
i
65.1.8. «Իրավասու մարմին». մասնագիտացված անձի մասնակիցների ընդհանուր ժողով կամ տնօրենների խորհուրդ, իսկ մասնագիտացված անձ հանդիսացող բանկի դեպքում` խորհուրդ:
(65.1.8-րդ կետը փոփ. 06.02.07 թիվ 32-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 66. |
ՆԵՐՔԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ (ԿԱՆՈՆ 65.1Ա-2.) |
66.1. Մասնագիտացված անձը պարտավոր է ունենալ սույն գլխի պահանջներին համապատասխան ներքին վերահսկողության կանոններ, որոնք պետք է ապահովեն մասնագիտացված անձի գործունեության ներքին վերահսկողության անընդհատությունն ու լիարժեքությունը և սահմանեն.
66.1.1. վերահսկող ծառայության իրավասությունները, նրա գործառույթները, վերահսկող ծառայության անդամների իրավունքները և պարտականությունները.
66.1.2. մասնագիտացված գործունեության վերաբերյալ ստացված բողոքների քննարկումների կարգն ու ժամկետները.
66.1.3. մասնագիտացված անձի իրավասու մարմնին, Կենտրոնական բանկին և ԻԿԿ-ին հաշվետվությունների ներկայացման ժամկետը և խախտումների հայտնաբերման մասին տեղեկատվության ներկայացման կարգը.
66.1.4. ստուգման անցկացման պարբերականությունը և ժամանակացույցը.
66.1.5. վերահսկող ծառայության գործունեության ընթացքում վերահսկող ծառայության կողմից թույլ տրված խախտումների համար վերջինիս նկատմամբ մասնագիտացված անձի իրավասու մարմնի կողմից կիրառվող կարգապահական կամ այլ պատասխանատվության միջոցները:
i
66.1.6. վերահսկող ծառայության քանակական կազմը, վերահսկող ծառայության անդամի (այդ թվում` ղեկավարի) ընտրության (նշանակման) և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպես նաև նիստերի գումարման, որոշումների ընդունման և նիստերի արձանագրման կարգը:
(66.1.6-րդ կետը լրաց. 06.02.07 թիվ 32-Ն որոշում)
i
66.1.1 Մասնագիտացված անձ հանդիսացող բանկի վերահսկող ծառայության գործառույթները բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից իրականացվելու դեպքում սույն կանոնագրքի 66.1 կետով ներկայացվող պահանջներին բավարարող մասնագիտացված անձի ներքին վերահսկողության կանոնները կարող են ներառվել բանկի ներքին աուդիտի գործունեությունը կարգավորող ներքին ակտում:
(66.1.1-րդ կետը լրաց. 06.02.07 թիվ 32-Ն որոշում)
i
66.2. Մասնագիտացված անձը մասնագիտացված գործունեության լիցենզիա ստանալուց հետո 15-օրյա ժամկետում պարտավոր է իրավասու մարմնի կողմից հաստատված ներքին վերահսկողության կանոնները` մեկ օրինակից, ներկայացնել Կենտրոնական բանկ:
(66.2-րդ կետը փոփ. 06.02.07 թիվ 32-Ն որոշում)
66.3. Մասնագիտացված անձի ներքին վերահսկողության կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները դրանց հաստատվելուց հետո 15-օրյա ժամկետում ներկայացվում են Կենտրոնական բանկ:
i
66.4. Մասնագիտացված անձի վերահսկող ծառայությանը արգելվում է գործել մասնագիտացված անձի ներքին վերահսկողության կանոնների խախտմամբ:
(66.4-րդ կետը փոփ. 06.02.07 թիվ 32-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 67. |
ՆԵՐՔԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ (ԿԱՆՈՆ 65.1Ա-3.) |
67.1. Ներքին վերահսկողության նպատակն է ներքին վերահսկողության հիմնական ուղղությունների շրջանակներում`
67.1.1. ապահովել մասնագիտացված անձի կողմից մասնագիտացված գործունեության իրականացման ընթացքում Օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, ԻԿԿ-ի և մասնագիտացված անձի կանոններով սահմանված պահանջների պահպանումը,
67.1.2. ապահովել մասնագիտացված անձի հաճախորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
67.2. Ներքին վերահսկողության իրականացման խնդիրը ներքին վերահսկողության հիմնական ուղղությունների շրջանակներում մասնագիտացված անձի կողմից մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում թույլ տրված Օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ԻԿԿ-ի և մասնագիտացված անձի կանոնների, ինչպես նաև իր հաճախորդների իրավունքների և օրինական շահերի խախտումների բացահայտումն է:
67.3. Ներքին վերահսկողության հիմնական ուղղություններն են`
67.3.1. մասնագիտացված անձի ներքին հաշվառմանը ներկայացվող պահանջների վերահսկողություն,
67.3.2. ծառայողական տեղեկատվության պահպանմանը և տրամադրմանը ներկայացվող պահանջների վերահսկողություն,
67.3.3. ֆիդուցիար պարտականությունների վերահսկողություն,
67.3.4. շահերի բախմանը ներկայացվող պահանջների վերահսկողություն,
67.3.5. արժեթղթերի հրապարակային առևտրի ներկայացվող պահանջների վերահսկողություն,
67.3.6. մասնագիտացված որակավորման պահանջների վերահսկողությունը,
67.3.7. մասնագիտացված գործունեությունը կարգավորող, այդ թվում` ներքին կանոնների պահպանման վերահսկողություն,
67.3.8. ԻԿԿ գրանցված կանոնների պահանջների վերահսկողությունը,
67.3.9. մասնագիտացված անձի ներքին վերահսկողության կանոններով սահմանված այլ պահանջների վերահսկողություն:
ԳԼՈՒԽ 68. |
ՎԵՐԱՀՍԿՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ (ԿԱՆՈՆ 65.1Ա-4.) |
68.1. Ներքին վերահսկողության իրականացման համար պատասխանատու է մասնագիտացված անձի վերահսկող ծառայությունը, որի անդամները նշանակվում են մասնագիտացված անձի իրավասու մարմնի կողմից: Մասնագիտացված անձի վերահսկող ծառայությունը կարող է ներառել մեկ կամ ավելի անձ:
i
68.1.1 Մասնագիտացված անձ հանդիսացող բանկի վերահսկող ծառայության գործառույթները կարող են իրականացվել բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման կամ նրա մեկ կամ մի քանի անդամի միջոցով: Այս դեպքում վերահսկող ծառայություն է համարվում համապատասխանաբար բանկի ներքին աուդիտի ստորաբաժանումը կամ նրա մեկ կամ մի քանի անդամը:
(68.1.1-րդ կետը լրաց. 06.02.07 թիվ 32-Ն որոշում)
68.2. Մասնագիտացված անձի վերահսկող ծառայությունն անկախ է իր իրավասություններն իրականացնելիս և հաշվետու է մասնագիտացված անձի իրավասու մարմնին, ԻԿԿ-ին և Կենտրոնական բանկին:
68.3. Այն անձը կամ անձինք, որոնք ընդգրկված են վերահսկող ծառայության կազմում, պետք է ունենան արժեթղթերի շուկայում գործունեության համապատասխան մասնագիտական որակավորում:
68.4. Վերահսկող ծառայության անդամները չեն կարող ազատվել իրենց զբաղեցրած պաշտոններից, բացառությամբ այն դեպքերի, երբ.
68.4.1. մասնագիտացված անձի իրավասու մարմինը գրավոր հիմնավորմամբ համարում է, որ վերահսկող ծառայության տվյալ անդամը թերացել է իր պաշտոնական պարտականությունների կատարման հարցում.
68.4.2. առկա է պաշտոնից ազատվելու մասին վերահսկող ծառայության անդամի դիմումը.
68.4.3. լրացել է վերահսկող ծառայության անդամի հետ կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը:
68.5. Վերահսկող ծառայության անդամին զբաղեցրած պաշտոնից ազատելու դեպքում, մասնագիտացված անձի իրավասու մարմնի ղեկավարը (նախագահը) պարտավոր է ազատման որոշումը կայացնելու օրվանից 15 օրվա ընթացքում այդ մասին սահմանված կարգով ծանուցել ԻԿԿ-ի վերահսկիչ ծառայությանն ու Կենտրոնական բանկին` ծանուցմանը կցելով իրավասու մարմնի որոշման կամ արձանագրության (եթե երկուսն էլ առկա են, ապա դրանց երկուսի) պատճենը, ուր անհրաժեշտ մանրամասնությամբ նկարագրվում են ազատման հիմքերը, ինչպես նաև պաշտոնից ազատվող անդամի առարկություններն ու բացատրությունները (բացառությամբ` վերահսկող ծառայության անդամի դիմումի կամ նրա հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետի ավարտի հետևանքով ազատման դեպքերի):
i
68.6. Վերահսկող ծառայության անդամն իր գործառույթներն իրականացնելիս պարտավոր է գործել բարեխղճորեն` տվյալ մասնագիտացված անձի, նրա կառավարման մարմիններում ընդգրկված անձանց և մասնագիտացված անձի կազմում կամ անունից մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց կողմից Օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ԻԿԿ-ի և մասնագիտացված անձի կանոնների պահանջների խախտումները բացահայտելու համար:
(68.6-րդ կետը փոփ. 06.02.07 թիվ 32-Ն որոշում)
68.7. Վերահսկող ծառայության անդամները չեն կարող լինել.
i
68.7.1. տվյալ մասնագիտացված անձի գործադիր մարմնի ղեկավար, անդամ կամ աշխատակից.
68.7.2. այլ մասնագիտացված անձի բաժնային արժեթղթերի սեփականատեր, տնօրենների խորհրդի (նման իրավասություն ունեցող այլ մարմնի) անդամ, գործադիր մարմնի ղեկավար, անդամ կամ աշխատակից:
(68.7-րդ կետը լրաց. 06.02.07 թիվ 32-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 69. |
ՎԵՐԱՀՍԿՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ (ԿԱՆՈՆ 65.1Ա-5.) |
69.1. Վերահսկող ծառայությունը պարտավոր է իրականացնել սույն կանոնագրքի 69.3.-69.13 կետերով սահմանված գործառույթները, իսկ մասնագիտացված անձի կառավարման մարմիններում ընդգրկված անձինք ու աշխատակիցները պարտավոր են աջակցել դրան և վերահսկող ծառայությանը տրամադրել այն բոլոր փաստերը, տեղեկություններն ու փաստաթղթերը (անկախ կրիչի ձևից), որոնք անհրաժեշտ են սույն գլխով սահմանված գործառույթները լիարժեք իրականացնելու համար: Վերահսկող ծառայության գործառույթներն իրականացվում են` ելնելով ներքին վերահսկողության նպատակներից ու խնդիրներից` դրանց իրագործման նպատակով:
69.2. Վերահսկող ծառայությանը պետք է մատչելի լինեն մասնագիտացված գործունեությանը ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվող բոլոր նյութերը (անկախ կրիչի ձևից): Համակարգչային, հեռակապի կամ այլ էլեկտրոնային համակարգերի կամ ցանցերի կիրառման դեպքում վերահսկող ծառայությունը պետք է անսահմանափակ մուտք ունենա նման համակարգում տեղադրված մասնագիտացված գործունեության հետ կապված ցանկացած տեղեկությանը կամ նման համակարգի միջոցով իրականացվող ցանկացած գործարքի բոլոր հասանելի մանրամասներին:
69.3. Վերահսկող ծառայությունը մասնագիտացված անձի, նրա կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց մասնագիտացված գործունեության մոնիտորինգի նպատակով կարող է կիրառել հնարավոր խախտումները հայտնաբերելու օրենքով չարգելվող ցանկացած միջոց կամ համակարգ:
69.4. Վերահսկող ծառայությունը մասնագիտացված անձի, նրա կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց մասնագիտացված գործունեության ստուգման կամ ծառայողական քննության մասին կարող է նախապես չտեղեկացնել մասնագիտացված անձի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց և այլ աշխատակիցներին:
69.5. Ծառայողական քննության ընթացքում վերահսկող ծառայությունն իրավասու է մասնագիտացված անձի կառավարման մարմիններում ընդգրկված անձանցից կամ աշխատակիցներից քննության համար անհրաժեշտ ցանկացած փաստաթուղթ (անկախ կրիչի ձևից), տեղեկություն կամ բանավոր (արձանագրելով դրանք) կամ գրավոր բացատրություն պահանջել և ստանալ:
69.6. Ծառայողական քննության հարուցման մասին վերահսկող ծառայությունը պարտավոր է գրավոր ծանուցել ԻԿԿ-ին ու Կենտրոնական բանկին` հարուցման պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում: Նման ծանուցման մեջ նկարագրվում է.
69.6.1. ծառայողական քննության հարուցման ամսաթիվը.
69.6.2. հարուցվող գործի նկարագիրը և այն անձանց անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը, որոնց նկատմամբ հարուցվում է քննությունը.
69.6.3. ծառայողական քննության հարուցման համար հիմք հանդիսացած փաստերն ու հանգամանքները.
69.6.4. վերահսկող ծառայության կողմից սահմանված այլ տեղեկություններ:
69.7. Սույն կանոնագրքի 69.6 կետով սահմանված տեղեկությունները ներկայացվում են սույն կանոնագրքի 65.1Ա-5(զ) ձևին համապատասխան:
69.8. Վերահսկող ծառայությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը անցկացնում է համալիր ստուգում:
69.9. Վերահսկող ծառայությունը պարզում է մասնագիտացված անձի կողմից իր հաճախորդներին, ԻԿԿ-ին և/կամ Կենտրոնական բանկին ներկայացված հաշվետվությունների ժամկետների համապատասխանությունը Օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ԻԿԿ-ի և մասնագիտացված անձի կանոնների պահանջներին և տարեկան մեկ անգամ այդ մասին համառոտ կարծիք է տալիս իրավասու մարմնին:
69.10. Վերահսկող ծառայությունը ներքին վերահսկողության ուղղությունների շրջանակներում իրականացնում է մասնագիտացված անձի, նրա կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց գործունեության` Օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ԻԿԿ-ի և մասնագիտացված անձի ներքին կանոններին համապատասխանության ստուգում:
69.11. Վերահսկող ծառայությունն ինքնուրույն կամ մասնագիտացված անձի կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարների և պաշտոնատար անձանց հետ համատեղ, 10 աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է մասնագիտացված անձի գործունեության վերաբերյալ ստացված բողոքները և առարկությունները` հետևելով դրանց լուծմանը: Նշված պարագայում վերահսկող ծառայությունը կարող է ծառայողական քննություն հարուցել և վարել:
69.12. Ստուգման, ծառայողական քննության կամ համալիր ստուգման արդյունքներով ստուգմանը, ծառայողական քննությանը կամ համալիր ստուգմանը մասնակցած վերահսկող ծառայության անդամների (անդամի) կողմից երկու օրինակից կազմվում է տեղեկանք, խախտումներ և թերություններ հայտնաբերելու դեպքում` ակտ: Տեղեկանքում նշվում են այն կազմելու ամսաթիվը և տեղը, վերահսկող ծառայության կողմից ուսումնասիրված նյութերը (փաստաթղթերը), ստուգման, ծառայողական քննության և համալիր ստուգման իրականացման նպատակը և ժամկետները, դրան մասնակցած ծառայության անդամների կազմը, այն անձի անունը (անվանումը), որի գործունեության նկատմամբ իրականացվել է ստուգումը, ծառայողական քննությունը կամ համալիր ստուգումը և արդյունքները, ակտի դեպքում` նաև տվյալ անձի (ներկայացուցչի) բացատրությունները, օրինակների քանակը և հերթական համարը: Ակտում պետք է արձանագրվեն հայտնի դարձած խախտումները, Օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ԻԿԿ-ի, ինչպես նաև մասնագիտացված անձի կանոնների այն դրույթները, որոնց պահանջները չեն կատարվել և խախտման կատարման կոնկրետ ժամանակը: Կազմված ակտը ստորագրվում է ստուգմանը, ծառայողական քննությանը կամ համալիր ստուգմանը մասնակցած վերահսկող ծառայության անդամների (անդամի) և մասնագիտացված անձի գործադիր տնօրենի, այն ստորաբաժանման ղեկավարի կամ այն անձի կողմից, որի գործունեության նկատմամբ իրականացվել է ստուգումը կամ հարուցվել և վարվել է ծառայողական քննությունը (համալիր ստուգման վերաբերյալ ակտը ստորագրվում է մասնագիտացված անձի գործադիր տնօրենի կողմից): Կազմված ակտը ստորագրելուց հրաժարվելու դեպքում տվյալ անձը ակտին կից ներկայացնում է ակտի հետ համաձայն չլինելու վերաբերյալ իր ունեցած առարկությունները: Ակտի մեկ օրինակը տրվում է ակտը ստորագրող անձին:
i
69.13. Ներքին վերահսկողության ընթացքում բացահայտված ցանկացած խախտման կամ թերացման մասին վերահսկող ծառայությունը պարտավոր է բացահայտման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցել Կենտրոնական բանկին: Նման ծանուցման մեջ նկարագրվում է.
69.13.1. խախտման բնույթը,
69.13.2. խախտումը կատարելու ամսաթիվը կամ ժամանակահատվածը,
69.13.3. խախտումը կատարած կամ դրանում կասկածվող անձանց անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը,
69.13.4. խախտման կապակցությամբ ձեռնարկված միջոցները, այդ թվում` նաև կիրառված պատժամիջոցները (եթե կիրառվել են),
69.13.5. խախտման մանրամասն փաստերն ու հանգամանքները,
69.13.6. վերահսկող ծառայության կողմից սահմանված այլ տեղեկություններ:
(69.13-րդ կետը փոփ. 06.02.07 թիվ 32-Ն որոշում)
i
69.13.1 Սույն կանոնագրքի 69.13 կետով սահմանված ծանուցման մեկ օրինակ ներկայացվում է ԻԿԿ-ին և իրավասու մարմնին (մասնագիտացված անձ հանդիսացող բանկի դեպքում` նաև գործադիր տնօրենին (տնօրինությանը), ընդ որում, եթե խախտումը կամ թերացումը հետևանք է գործադիր տնօրենի (տնօրինության) կամ խորհրդի գործողությունների կամ անգործության, ապա ծանուցումը ներկայացվում է անմիջապես խորհրդի նախագահին):
(69.13.1-րդ կետը լրաց. 06.02.07 թիվ 32-Ն որոշում)
69.14. Սույն կանոնագրքի 69.13 կետով սահմանված տեղեկությունները ներկայացվում են սույն կանոնագրքի 65.1Ա-5(ժգ) ձևին համապատասխան:
ԳԼՈՒԽ 70. |
ՍՏՈՒԳՄԱՆ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՄԱԼԻՐ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԿԱՆՈՆ 65.1Ա-6.) |
i
70.1. Վերահսկող ծառայությունը ստուգման, ծառայողական քննության կամ համալիր ստուգման ավարտից հետո, 10 աշխատանքային օրվա ընթացքում, կամ մասնագիտացված անձի ներքին վերահսկողության կանոններով սահմանված ավելի կարճ ժամկետում սույն կանոնագրքի 69.12 կետի համաձայն կազմված ակտի կամ տեղեկանքի հիման վրա գրավոր հաշվետվություն է ներկայացնում իրավասու մարմնին (մասնագիտացված անձ հանդիսացող բանկի դեպքում` նաև գործադիր տնօրենին (տնօրինությանը)):
(70.1-րդ կետը փոփ. 06.02.07 թիվ 32-Ն որոշում)
70.2. Ստուգման, ծառայողական քննության կամ համալիր ստուգման արդյունքների մասին հաշվետվությունը պետք է ներառի.
70.2.1. վերահսկող ծառայության կողմից ստուգման, ծառայողական քննության կամ համալիր ստուգման իրականացման ժամկետը.
70.2.2. ստուգված ժամանակահատվածը` ամսաթվերով.
70.2.3. ստուգմանը, ծառայողական քննությանը կամ համալիր ստուգմանը մասնակցած վերահսկող ծառայության անդամների անունները, ազգանունները և զբաղեցրած պաշտոնները.
70.2.4. ստուգման, ծառայողական քննության կամ համալիր ստուգման ընթացքում ուսումնասիրված (ստուգված) փաստաթղթերի ցանկը.
70.2.5. Օրենքի, Կենտրոնական բանկի որոշումների, ինչպես նաև ԻԿԿ-ի և մասնագիտացված անձի կանոնների խախտման դեպքում` խախտումների իրավական հիմքերի և բնույթի մանրամասն նկարագրությունը.
70.2.6. նախորդ ստուգման արդյունքում արձանագրված խախտումների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների նկարագրությունը.
70.2.7.8. մասնագիտացված անձի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց և աշխատակիցների կողմից ծառայողական և ներքին տեղեկությունների անօրինական օգտագործման դեպքում ծառայողական և/կամ ներքին տեղեկություններն օգտագործած անձանց և տեղեկությունների օգտագործման բնույթի նկարագրությունը.
70.2.9. արժեթղթերի շուկայում գործունեության իրականացման ընթացքում մասնագիտացված անձի և նրա հաճախորդների միջև առաջացած շահերի բախման դեպքերի և դրանց կանխմանն ուղղված միջոցառումների նկարագրությունը:
70.3. Սույն կանոնագրքի 70.2 կետով սահմանված տեղեկությունները ներկայացվում են սույն կանոնագրքի 65.1Ա-6(բ) ձևին համապատասխան:
70.4. Հաշվետվությունը կարող է ներառել նաև այլ տեղեկություններ, այդ թվում` մասնագիտացված անձի կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց որակավորման բարձրացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկման, ինչպես նաև ներքին վերահսկողությունը բարելավելու առաջարկություններ:
70.5. Հաշվետվության մեկական օրինակ տրամադրվում է մասնագիտացված անձի իրավասու մարմնի բոլոր անդամներին, սույն կանոնագրքի 70.1 կետով սահմանված ժամկետում` Կենտրոնական բանկին և ԻԿԿ-ին, իսկ մեկ օրինակը մնում է վերահսկող ծառայությունում:
ԳԼՈՒԽ 71. |
ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԿԱՆՈՆ 65.1Ա-7.) |
i
71.1. Ներքին վերահսկողության կանոններով պետք է նախատեսվի տարեկան հաշվետվության ներկայացում իրավասու մարմնին (մասնագիտացված անձ հանդիսացող բանկի դեպքում` նաև գործադիր տնօրենին (տնօրինությանը))` նախորդ ֆինանսական տարվա ընթացքում վերահսկող ծառայության իրականացրած գործունեության վերաբերյալ:
(71.1-րդ կետը փոփ. 06.02.07 թիվ 32-Ն որոշում)
71.2. Տարեկան հաշվետվության մեջ ներառվում են ընդհանրացված տեղեկություններ.
71.2.1. իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումների հայտնաբերման մասին` նշելով դրանց բնույթը և քանակը.
71.2.2. նշված խախտումների կապակցությամբ ձեռնարկված միջոցների արդյունավետության մասին.
71.2.3. մասնագիտացված անձի կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց որակավորման բարձրացման ուղղությամբ անցկացված միջոցառումների արդյունավետության մասին:
71.3. Տարեկան հաշվետվությունը կարող է ներառել նաև մասնագիտացված անձի աշխատանքների բարելավման մասին առաջարկություններ:
ԲԱԺԻՆ 19. ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳԼՈՒԽ 72. |
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԿԱՆՈՆ 66.3-1.) |
i
72.1. Սույն բաժնի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
72.1.1. «Հաշվետու տարի». հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը: Մասնագիտացված գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձանց համար (տվյալ լիցենզիայի մասով) առաջին հաշվետու տարի է համարվում մասնագիտացված գործունեության լիցենզիան ստանալու օրվանից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը.
72.1.2. «Հաշվետու եռամսյակ». հաշվետու տարվա սկզբից երեք ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան: Մասնագիտացված գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձանց համար (տվյալ լիցենզիայի մասով) առաջին հաշվետու եռամսյակ է համարվում մասնագիտացված գործունեության լիցենզիան ստանալու օրվանից մինչև տվյալ եռամսյակի վերջն ընկած ժամանակաշրջանը.
72.1.3. «Հաշվետու ամիս». հաշվետու տարվա սկզբից մեկ ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան: Մասնագիտացված գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձանց համար (տվյալ լիցենզիայի մասով) առաջին հաշվետու ամիս է համարվում մասնագիտացված գործունեության լիցենզիան ստանալու օրվանից մինչև տվյալ ամսվա վերջն ընկած ժամանակաշրջանը.
72.1.4. «Հաշվետու ժամանակաշրջան». հաշվետու ամիս, հաշվետու եռամսյակ կամ հաշվետու տարի.
72.1.4. «Ընթացիկ հաշվետվություն». սույն բաժնի 75-րդ գլխով սահմանված ձևերից կազմված և պահանջվող տեղեկությունները ներառող փաստաթղթերի համախումբ.
72.1.5. «Ֆինանսական հաշվետվություն». հաշվետու եռամսյակի և տարվա համար սույն բաժնի 76-րդ գլխով սահմանված ձևերից կազմված և պահանջվող տեղեկությունները ներառող փաստաթղթերի համախումբ.
72.1.6. «Ռեզիդենտ»/»ոչ ռեզիդենտ». ըստ Կենտրոնական բանկի նախագահի 2007 թվականի հունվարի 11-ի թիվ 1/12Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամավարկային և ֆինանսական վիճակագրության ձեռնարկով» սահմանված նշանակության.
72.1.7. «Արժեթուղթն ուղղակի կամ անուղղակի պատկանում է տվյալ անձին». նշանակում է` տվյալ անձն արժեթղթերի սեփականատերն է կամ որևէ համաձայնության (պայմանագրի, համաձայնագրի կամ համաձայնեցված գործողության) ուժով իրավունք ունի տվյալ արժեթուղթը տիրապետել, օգտագործել կամ տնօրինել, բացառությամբ այն մասնագիտացված անձի, որն իր հաճախորդին ծառայություններ մատուցելու նպատակով տվյալ արժեթուղթը պահում է հաճախորդի առանձնացված հաշվում.
72.1.8. «Պետական արժեթղթեր». Օրենքի 6-րդ հոդվածի «ա» և «բ» կետերով սահմանված արժեթղթեր:
(72-րդ կետը փոփ. 06.02.07 թիվ 32-Ն որոշում)
i
ԳԼՈՒԽ 73. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ (ԿԱՆՈՆ 66.3-2.) |
(73-րդ գլուխն ուժը կորցրել է 22.04.08 թիվ 140-Ն որոշում)
i
ԳԼՈՒԽ 74. |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹԸ (ԿԱՆՈՆ 66.3-3.) |
(74-րդ գլուխն ուժը կորցրել է 22.04.08 թիվ 140-Ն որոշում)
i
ԳԼՈՒԽ 75. |
ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ (ԿԱՆՈՆ 66.3-4.) |
(75-րդ գլուխն ուժը կորցրել է 22.04.08 թիվ 140-Ն որոշում)
(75.1, 75.7, 75.8, 75.9 կետերն ուժը կորցրել են 15.01.08 թիվ 18-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 76. |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ (ԿԱՆՈՆ 66.3-5.) |
76.1. Մասնագիտացված անձը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել ֆինանսական հաշվետվություններ` հաշվապահական հաշվառման կարգավորումն իրականացնող Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազորված պետական մարմնի կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունների N 1, 2, 3, 4 և 5 ձևերին համապատասխան: Մասնագիտացված անձանց ֆինանսական հաշվետվության ձևերում պարունակվող տեղեկությունները պետք է բացահայտվեն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների (ՀՀՀՀՍ) համաձայն:
76.2. Մասնագիտացված անձը ֆինանսական հաշվետվության N 5 ձևի 5.3.4 կետի («Ֆինանսական արդյունքների հաշվետվությանը կից ծանոթագրություններ») «Ֆինանսական արդյունքների հաշվետվությանը կից ծանոթագրությունների այլ բացահայտումներ» բաժնում պետք է ներառի սույն կանոնագրքի ՖԱ-1 աղյուսակով պահանջվող տեղեկությունները:
i
76.3. Ֆինանսական հաշվետվության ձևերը կազմվում են հաշվապահական հաշվառման կարգավորումն իրականացնող Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազորված պետական մարմնի կողմից հաստատված համապատասխան հրահանգի համաձայն և Կենտրոնական բանկ են ներկայացվում յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի (եռամսյակային ֆինանսական հաշվետվություններ) և հաշվետու տարվա (տարեկան ֆինանսական հաշվետվություններ) համար:
(76.3-րդ կետը փոփ. 07.08.07 թիվ 257-Ն որոշում)
76.4. Տարեկան ֆինանսական հաշվետվությունը ներկայացվում է նաև թղթային ձևով, որը պետք է վավերացված լինի աուդիտորի կնիքով և ստորագրությամբ: Թղթային ձևով ներկայացվող տարեկան ֆինանսական հաշվետվություններին կցվում է անկախ աուդիտորի եզրակացության պատճենը:
76.5. Տարեկան ֆինանսական հաշվետվությունների վրա տարածվում են սույն կանոնագրքի 73.2 և 73.3 կետերով սահմանված պահանջները:
76.6. Եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացվում մինչև համապատասխան հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:
76.7. Տարեկան ֆինանսական հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացվում մինչև համապատասխան հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ:
i
76.8. Սույն կանոնագրքի 76.1.-76.7 կետերով սահմանված պահանջները չեն տարածվում մասնագիտացված անձ հանդիսացող բանկերի և վարկային կազմակերպությունների վրա, որոնց համար ֆինանսական հաշվետվության ձևերը համարվում են ներկայացված:
(76.8-րդ կետը փոփ. 06.02.07 թիվ 32-Ն որոշում)
i
ԳԼՈՒԽ 77. |
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՑԱՏՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ (ԿԱՆՈՆ 66.3-6.) |
(77-րդ գլուխն ուժը կորցրել է 22.04.08 թիվ 140-Ն որոշում)
i
ԲԱԺԻՆ 20. ԲՐՈՔԵՐԱՅԻՆ (ԴԻԼԵՐԱՅԻՆ) ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
(20-րդ բաժինն ուժը կորցրել է 30.06.08 թվականից` 08.04.08 թիվ 113-Ն որոշում)
ԲԱԺԻՆ 21. ԲՐՈՔԵՐԱՅԻՆ (ԴԻԼԵՐԱՅԻՆ) ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐ
(21-րդ բաժինն ուժը կորցրել է 30.06.08 թվականից` 08.04.08 թիվ 113-Ն որոշում)
i
ԲԱԺԻՆ 22. ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ
(22-րդ բաժինն ուժը կորցրել է 06.02.07 թիվ 32-Ն որոշում)
i
ԲԱԺԻՆ 23. ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
(23-րդ բաժինն ուժը կորցրել է 30.06.08 թվականից` 08.04.08 թիվ 113-Ն որոշում)
ԲԱԺԻՆ 24. ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
(24-րդ բաժինն ուժը կորցրել է 30.06.08 թվականից` 08.04.08 թիվ 113-Ն որոշում)
ԲԱԺԻՆ 25. ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(25-րդ բաժինն ուժը կորցրել է 30.06.08 թվականից` 08.04.08 թիվ 113-Ն որոշում)
ԲԱԺԻՆ 26. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԵՆԹԱՊԱՀԱՌՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԲԱՑԱՌՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 92. |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԵՆԹԱՊԱՀԱՌՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԲԱՑԱՌՈՒՄԸ (ԿԱՆՈՆ 84.3-1.) |
i
92.1. Յուրաքանչյուր պահառու համարվում է Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառու, բացառությամբ, եթե այդ պահառուն պահառության գործունեությունն իրականացնում է`
92.1.1. բացառապես Հայաստանի Հանրապետության կողմից օրենքով սահմանված կարգով թողարկվող (թողարկված) արժեթղթերով.
92.1.2. այն արժեթղթերով, որոնցով պահառության գործունեություն իրականացնելիս Կենտրոնական դեպոզիտարիայում հանդես չի գալիս որպես անվանատեր:
(92.1-րդ կետը փոփ. 06.02.07 թիվ 32-Ն որոշում)
ԲԱԺԻՆ 27. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՄԱԿՑՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 93. |
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԿԱՆՈՆ 86.3բ-1.) |
93.1. Սույն բաժնի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`
93.1.1. «Գործակալ». ըստ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 1103-Ն որոշմամբ սահմանված նշանակության` բացառությամբ բանկերի.
93.1.2. «Դիլեր». ըստ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի N 1103-Ն որոշմամբ սահմանված նշանակության` բացառությամբ բանկերի:
i
ԳԼՈՒԽ 94
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՄԱԿՑՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ (ԿԱՆՈՆ 86.3բ-2.)
(94-րդ գլուխը խմբ. 06.02.07 թիվ 32-Ն որոշում)
94.1. Յուրաքանչյուր անձ պարտավոր է պահառության գործունեության լիցենզիայի համար Կենտրոնական բանկին դիմելիս լիցենզիայի դիմումին կից Կենտրոնական բանկ ներկայացնել իր կողմից օգտագործվող միջոցների` Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցների հետ համակցման հիմնավորում և Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքված պայմանագիրը, բացառությամբ եթե տվյալ անձը պահառության գործունեությունն իրականացնելու է`
94.1.1. բացառապես Հայաստանի Հանրապետության կողմից օրենքով սահմանված կարգով թողարկվող (թողարկված) արժեթղթերով, և/կամ
94.1.2. այն արժեթղթերով, որոնցով պահառության գործունեություն իրականացնելիս Կենտրոնական դեպոզիտարիայում հանդես չի գալիս որպես անվանատեր:
94.2. Սույն կանոնագրքի 94.1 կետով սահմանված դեպքում պահառության գործունեության լիցենզիայի դիմումին կից Կենտրոնական բանկ է ներկայացվում սույն կանոնագրքի 94.1.1 և 94.1.2 կետերով սահմանված արժեթղթերով պահառության գործունեություն իրականացնելու մասին հայտարարություն, իսկ սույն կանոնագրքի 94.1.1 կետով սահմանված դեպքում` նաև պետական պարտատոմսերի շուկայի Գործակալի կամ Դիլերի կարգավիճակ ստանալու վերաբերյալ փաստաթուղթ:
94.3. Սույն կանոնագրքի 94.1.1 և 94.1.2 կետերով սահմանված արժեթղթերի պահառություն իրականացնելու համար արժեթղթերի պահառության գործունեության լիցենզիա ստացած անձը կարող է նաև իրականացնել այլ արժեթղթերի պահառություն, եթե Կենտրոնական բանկ է ներկայացրել իր կողմից օգտագործվող միջոցների` Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցների հետ համակցման հիմնավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքված պայմանագիրը, և դրանց ներկայացման պահից Կենտրոնական բանկը 10-օրյա ժամկետում չի առարկում Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցների հետ համակցման հիմնավորումը:
--------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում