Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՍԽԱԼԻ ԱՌԿԱՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                  Վարչական գործ թիվ ՎԴ/5523/05/17

    դատարանի որոշում                       2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5523/05/17

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

    Դատավորներ`        Ա. Բաբայան

                       Ա. Թովմասյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հոկտեմբերի 08-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.10.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ալեք Բաղրամյանի ընդդեմ Կոմիտեի` 31.03.2017 թվականի թիվ 52/06 որոշումն անվավեր կամ առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ալեք Բաղրամյանը պահանջել է անվավեր կամ առ ոչինչ ճանաչել Կոմիտեի 31.03.2017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 52/06 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 27.04.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.10.2018 թվականի որոշմամբ Ալեք Բաղրամյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի, և Դատարանի 27.04.2018 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է մասնակի` անվավեր է ճանաչվել Կոմիտեի 31.03.2017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 52/06 որոշումը, մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ, 38-րդ, 55-րդ և 56-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ չնայած վարչական ակտում անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանի նշված լինելուն, վարչական ակտի ուսումնասիրությունից հետևում է, որ վարչական ակտը վերաբերում է այն պարտավորություններին, որոնք առաջացել են ֆիզիկական անձի կողմից կատարված գործարքների արդյունքում:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ալեք Բաղրամյանը 17.03.2017 թվականին ծանուցվել է իր նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին, իսկ 23.03.2017 թվականին ներկայացրել է դիմում, որով նշել է իր բացատրությունները և առարկությունները ծանուցագրով նշված հարկային պարտավորության առաջացման վերաբերյալ: Այսպիսով` Կոմիտեն պատշաճ կերպով ապահովել է հարուցված վարչական վարույթի լսումների մասին վարույթի մասնակցի իրազեկումը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.10.2018 թվականի որոշումը և «կայացնել նոր դատական ակտ` մերժելով Ալեք Բաղրամյանի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից 30.05.2017 թվականի քաղվածքի համաձայն` անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանը հաշվառվել է 14.12.2012 թվականին և ստացել է 45148405 ՀՎՀՀ-ն (հատոր 1-ին, գ.թ. 181),

2. Կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման վարչության թիվ 8 բաժնի պետի 15.06.2017 թվականի թիվ 02 տեղեկանքի համաձայն` անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանի կարգավիճակը ժամանակավորապես դադարեցվել է 01.02.2014 թվականից (հատոր 1-ին, գ.թ. 20),

3. Ալեք Բաղրամյանը 15.05.2014 թվականին կնքված տարաժամկետումով բնակարանի առուվաճառքի պայմանագրով վաճառել է Երևան քաղաքի Արաբկիր, Վ. Համբարձումյան փողոցի 71-րդ շենքի թիվ 6 բնակարանը, որի նկատմամբ նրա սեփականության իրավունքը գրանցվել է 15.10.2012 թվականին: Նշված գործարքից ծագող իրավունքները պետական գրանցում են ստացել 20.05.2014 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 13-14, 166),

4. Ալեք Բաղրամյանը 12.08.2014 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վաճառել է Երևան քաղաքի Արաբկիր, Մամիկոնյանց փողոցի թիվ 42-44 շենքի թիվ 54 բնակարանը, որի նկատմամբ նրա սեփականության իրավունքը գրանցվել է 07.05.2014 թվականին: Նշված գործարքից ծագող իրավունքները պետական գրանցում են ստացել 20.08.2014 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 170-172),

5. Անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանին հասցեագրված ծանուցագրով (վերջինիս կողմից ստացվել է 17.03.2017 թվականին) հայտնվել է, որ նա 06.03.2017 թվականի դրությամբ ունի 10.189.928 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն, որից ապառք` 3.999.954 ՀՀ դրամ, տույժ` 2.189.974 ՀՀ դրամ, և տուգանք` 4.000.000 ՀՀ դրամ, և 23.03.2017 թվականին հրավիրվել է Կոմիտեի իրավաբանական վարչություն` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը և գործի քննությանը մասնակցելու: Անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանն իրեն հասցեագրված նույն ծանուցագրով տեղեկացվել է Կոմիտեի իրավաբանական վարչությունում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթի մասին, և վերջինիս առաջարկվել է եռօրյա ժամկետում ներկայացնել գրավոր բացատրություններ և/կամ առարկություններ (հատոր 1-ին, գ.թ. 90-91),

6. Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի 31.03.2017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 52/06 որոշման մեջ որպես դրա հասցեատեր նշվել է անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանը, և որոշվել է նրանից գանձել 10.189.928 ՀՀ դրամ, որից ապառք` 3.999.954 ՀՀ դրամ, տույժ` 2.189.974 ՀՀ դրամ, և տուգանք` 4.000.000 ՀՀ դրամ: Ըստ որոշման` պարտավորությունն առաջացել է անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանի կողմից հաշվարկված և 2014 թվականի 3-րդ եռամսյակի համար «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածներով սահմանված ժամկետից ուշ` 06.12.2016 թվականին, հարկային մարմին ներկայացված «Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի» հաշվարկից, ինչպես նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 24-րդ հոդվածներով հաշվարկված տույժերից և տուգանքներից (հատոր 1-ին, գ.թ. 22-24):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վարչական ակտին ներկայացվող առանձին պահանջների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք վարչական ակտում յուրաքանչյուր սխալի առկայությունն ինքնին վկայում է այդ վարչական ակտի անորոշության մասին և միանշանակ հանգեցնում դրա անվավերության:

 

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտին ներկայացվում են հետևյալ պահանջները.

ա) վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում.

բ) վարչական ակտը պետք է կազմված լինի սահմանված ձևի և նմուշի թղթի վրա:

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` վարչական ակտը պետք է պարունակի`

ա) վարույթն իրականացրած վարչական մարմնի լրիվ անվանումը.

բ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը.

գ) ակտի լրիվ անվանումը, դրա ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.

դ) ակտով լուծվող հարցի նկարագրությունը (նկարագրական մաս).

ե) ակտի ընդունման հիմնավորումը (պատճառաբանական մաս).

զ) ընդունված որոշման շարադրանքը (եզրափակիչ մաս).

է) ակտի գործողության ժամկետը, եթե ակտն ընդունվում է որոշակի ժամկետով.

ը) ակտի բողոքարկման ժամկետը և մարմինը, ներառյալ` դատարանը, որին կարող է այդ ակտը բողոքարկվել.

թ) ակտն ընդունող վարչական մարմնի պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը, նրա ստորագրությունը.

ժ) ակտն ընդունած վարչական մարմնի պաշտոնական կնիքը:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարչական ակտը պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական ակտի բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտին ներկայացվող պահանջներից է որոշակիությունը, ինչը ենթադրում է, որ վարչական ակտը պետք է շարադրվի այնպիսի հստակությամբ, որ դրա բովանդակությունից վարչական ակտի հասցեատիրոջ համար պարզ լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում: Այս պահանջի պահպանումն ունի առանձնահատուկ նշանակություն հատկապես միջամտող վարչական ակտերի դեպքում` հաշվի առնելով, որ դրանցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

Վարչական ակտի որոշակիության պահանջի կարևորությունն արտահայտվում է նրանում, որ միայն հստակ և որոշակի վարչական ակտի առկայության դեպքում է անձը հնարավորություն ունենում իր վարքագիծը համապատասխանեցնել այդ ակտի պահանջներին: Ավելին, վարչական ակտի հստակությունն ու որոշակիությունը հնարավորություն են տալիս շահագրգիռ անձանց, ովքեր համաձայն չեն ընդունված վարչական ակտի հետ, վարչական բողոք կամ դատարան հայց ներկայացնելով, գործնականում իրականացնել իրենց իրավունքների պաշտպանությունը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական ակտում առկա ոչ բոլոր սխալներն են դրան հաղորդում անորոշություն, ուստի ազդում այդ ակտի իրավաչափության վրա: Մասնավորապես` վարչական ակտում տեղ գտած սխալները և թերությունները հանգեցնում են վարչական ակտի անորոշության այն դեպքում, երբ դրանք թույլ չեն տալիս վարչական ակտի հասցեատիրոջը հստակ պատկերացում կազմել իր իրավունքների և պարտականությունների վրա այդ ակտի ներգործության մասին:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վարչական ակտեր շարադրելիս վարչական մարմինները պետք է խուսափեն հնարավոր սխալներից, սակայն դա չի նշանակում, որ վարչական ակտում թույլ տրված ցանկացած սխալ դրան հաղորդում է ոչ հստակ և անորոշ բնույթ: Դա նշանակում է, որ դատարանը վիճարկվող վարչական ակտում սխալի առկայության պայմաններում պետք է յուրաքանչյուր դեպքում գնահատի, թե արդյոք այդ սխալն արժևորվում է վարչական ակտի որոշակիության և հստակության տեսանկյունից, թե` ոչ: Ընդ որում, վարչական ակտի որոշակիության վրա կոնկրետ սխալի ազդեցությունը գնահատելիս դատարանը պետք է հաշվի առնի ինչպես ամբողջ վարչական ակտի բովանդակությունը, այնպես էլ անհրաժեշտության դեպքում նաև` դրա հիմքում ընկած վարչական վարույթի նյութերը:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական ակտում սխալի առկայությունն ինքնին չի վկայում վարչական ակտի անորոշության մասին. որպեսզի ակտում առկա սխալի հետևանքով այն համարվի ոչ հստակ և անորոշ, անհրաժեշտ է, որ վարչական ակտի հասցեատիրոջ համար ակնհայտ չլինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի կողմից 31.03.2017 թվականին կայացվել է «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 52/06 որոշումը, որում որպես դրա հասցեատեր նշվել է անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանը, և որոշվել է նրանից գանձել 10.189.928 ՀՀ դրամ, որից ապառք` 3.999.954 ՀՀ դրամ, տույժ` 2.189.974 ՀՀ դրամ, և տուգանք` 4.000.000 ՀՀ դրամ: Ըստ որոշման` պարտավորությունն առաջացել է անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանի կողմից հաշվարկված և 2014 թվականի 3-րդ եռամսյակի համար «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածներով սահմանված ժամկետից ուշ` 06.12.2016 թվականին, հարկային մարմին ներկայացված «Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի» հաշվարկից, ինչպես նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 24-րդ հոդվածներով հաշվարկված տույժերից և տուգանքներից:

Դիմելով դատարան` Ալեք Բաղրամյանը պահանջել է անվավեր կամ առ ոչինչ ճանաչել Կոմիտեի 31.03.2017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 52/06 որոշումը:

Դատարանը մերժել է Ալեք Բաղրամյանի հայցը` պատճառաբանելով նաև, որ թեև վիճարկվող վարչական ակտում որպես այդ ակտի հասցեատեր մատնանշված է անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանը, այնուամենայնիվ, վիճարկվող վարչական ակտի բովանդակությունից պարզ է դառնում, որ առաջադրված պարտավորությունները ֆիզիկական անձ Ալեք Բաղրամյանին առաջադրված պարտավորություններ են, այլ ոչ թե անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանին առաջադրված և նրա ձեռնարկատիրական գործունեության հետ կապված պարտավորություններ:

Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բեկանելով և փոփոխելով Դատարանի վճիռը` հայցը մասնակիորեն բավարարելով, արձանագրել է նաև, որ «սկզբունքորեն նշանակալից է, թե որոշմամբ որ սուբյեկտն է հանդիսացել պատշաճ հասցեատեր` ֆիզիկական անձ Ալեք Բաղրամյանը, թե դեռևս իրավունակությունը և գործունակությունը չկորցրած անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանը», «վիճարկվող որոշման նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերում որպես հասցեատեր է նշված անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանը, ինչը վկայում է այն մասին, որ նշյալ վարչական ակտով պարտավորություններն առաջադրվել են անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանին, այլ ոչ թե ֆիզիկական անձ Ալեք Բաղրամյանին. տվյալ պարագայում միջամտող վարչական ակտի հասցեատեր կարող էր հանդիսանալ բացառապես անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը: Միաժամանակ, վարչական ակտում նշված է հետևյալը. «Պարտավորությունն առաջացել է անհատ ձեռնարկատեր Ալեք Արթունի Բաղրամյանի կողմից հաշվարկված և 2014 թվականի 3-րդ եռամսյակի համար «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածներով սահմանված ժամկետից ուշ` 06.12.2016 թվականին հարկային մարմին ներկայացված «Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի» հաշվարկից, ինչպես նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 24-րդ հոդվածներով հաշվարկված տույժերից և տուգանքներից (...)»: Մինչդեռ, օրենսդրորեն սահմանված է վարչական ակտի հստակ և հասկանալի լինելու պահանջը: Ավելին, հայտնի է, որ կայացվող վարչական ակտի բովանդակությունը պետք է ձևակերպի այնպես, որպեսզի դրա պատշաճ հասցեատիրոջ համար ակնբախ լինի, թե իր վրա ինչ պարտականություն է դրվում, սակայն տվյալ դեպքում անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանի հաշվառված լինելու պարագայում անձի համար անորոշության առաջացման հնարավորությունը դառնում է առավել իրատեսական»:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3.1-րդ հոդվածի 3-րդ կետի ա) ենթակետի համաձայն` նույն օրենքով այլ բան սահմանված չլինելու դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) իրականացնելու դեպքում ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե նրանց իրականացրած գործարքները, նույն օրենքի համաձայն, համարվում են ապրանքի մատակարարում:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի բ) ենթակետի համաձայն` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետևյալ դեպքում` մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի` որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` ԱԱՀ վճարողները (...) իրենց գրանցման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում պետական բյուջե ԱԱՀ-ի վճարման համար համապատասխան հաշվարկներ` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևով:

Նույն հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` նույն հոդվածով սահմանված ժամկետում ԱԱՀ հաշվարկներ ներկայացնում են նաև ԱԱՀ վճարող չհամարվող անձինք` օրենքի համաձայն ԱԱՀ վճարելու պարտավորություն կրելու կամ ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում հարկային հաշվի վերաբերյալ նախկինում չներկայացված տեղեկությունները ներկայացնելու, ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց վճարում կատարելու արդյունքում հաշվանցման ենթակա գումար առաջանալու դեպքերում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող վարչական ակտի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրա հիմքում ընկած է հենց հայցվորի կողմից 06.12.2016 թվականին հարկային մարմին ներկայացված «Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի» հաշվարկը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դա բավարար է, որ հայցվորի համար ակնառու լինի, թե ինչ աղբյուրից են առաջացել իրեն առաջադրված պարտավորությունները, և թե արդյոք դրանք վերաբերում են որպես անհատ ձեռնարկատեր իր գործունեությանը, թե որպես ֆիզիկական անձ իր իրականացրած գործարքներին: Մասնավորապես` այն դեպքում, երբ վարչական ակտի հիմքում ընկած է հայցվորի կողմից ներկայացված` ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկը, ակնհայտ է, որ այդ ակտով առաջադրված պարտավորություններն ուղղված են Ալեք Բաղրամյանին` ոչ թե որպես անհատ ձեռնարկատիրոջ, այլ` որպես ֆիզիկական անձի:

Նման պայմաններում, սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միայն այն հանգամանքը, որ վիճարկվող վարչական ակտում որպես հասցեատեր նշվել է «անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյան» (հասցեատիրոջ անվան մեջ սխալի առկայությունն ընդունել է պատասխանող վարչական մարմինը), այդ վարչական ակտին չի հաղորդում անորոշություն. ակնհայտ է, որ այդ պարտավորությունները կապված են Ալեք Բաղրամյանի իրականացրած գործարքների հետ և ուղղված են նրան` որպես ֆիզիկական անձի: Ընդ որում, նշված փաստական հանգամանքների համատեքստում անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանի հաշվառված լինելու փաստը որևէ նշանակություն չունի վարչական ակտի հստակությունը և որոշակիությունը գնահատելու տեսանկյունից:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ալեք Բաղրամյանի հայցը ենթակա էր մերժման, ուստի Դատարանը, մերժելով Ալեք Բաղրամյանի հայցը, կայացրել էր գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչման ենթակա լինելու վերաբերյալ եզրահանգման հիմքում դրել է նաև այն պատճառաբանությունը, որ Ալեք Բաղրամյանը պատշաճ չի ծանուցվել վարչական վարույթի մասին, և չի երաշխավորվել վերջինիս լսված լինելու իրավունքը: Նշվածի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքը վերաբերում է բացառապես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելուն, այլ խոսքով, կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելուն. այս դատավարական սկզբունքը վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում սեփական նախաձեռնությամբ և ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի իրավական հիմքերը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ թեև վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար, սակայն չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ առաջին ատյանի դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես` փոխել հայցի հիմքը և կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել (տե՛ս, ՀՀ առողջապահության նախարարությունն ընդդեմ «Ռեվերդի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է գործի դատաքննության փուլում այդ սկզբունքի ունեցած բովանդակությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (»ex officio») սկզբունքի բովանդակությունը հանգում է հետևյալին. վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար:

Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերաքննիչ դատարանը, մի կողմից` չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից, այսինքն` առանց վերաքննիչ բողոքում համապատասխան հիմքի առկայության կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Իսկ մյուս կողմից` վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նաև վերաքննիչ բողոքի այդ հիմքը` այս պարագայում չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով:

Փաստորեն, վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի ուժով վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար` անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը վարչական դատարանում քննարկվել է, թե` ոչ: Իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վկայակոչված չէ այնպիսի հիմք, որի վերաբերյալ վարչական դատարանում քննություն չի իրականացվել, ապա վերաքննիչ դատարանը չի կարող դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից և կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում չվկայակոչված և վարչական դատարանում քննության առարկա չդարձված հիմքով (տե՛ս, Ա/Ձ Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Դատարանը Կոմիտեի 31.03.2017 թվականի թիվ 52/06 որոշումն անվավեր կամ առ ոչինչ ճանաչելու մասին Ալեք Բաղրամյանի պահանջը մերժել է հետևյալ հիմքերով.

- ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորություններն Ալեք Բաղրամյանին իրավաչափորեն են առաջադրվել,

- վիճարկվող վարչական ակտում որպես այդ ակտի հասցեատեր մատնանշված է անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանը, սակայն վիճարկվող վարչական ակտի բովանդակությունից պարզ է, որ առաջադրված պարտավորությունները ֆիզիկական անձ Ալեք Բաղրամյանին առաջադրված պարտավորություններ են, այլ ոչ թե անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանին առաջադրված պարտավորություններ,

- անհիմն է Ալեք Բաղրամյանի փաստարկն այն մասին, որ վիճարկվող որոշումն ուղարկվել է 90 օր ուշացումով, որի արդյունքում վերջինս զրկվել է «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՕ-257-Ն օրենքով սահմանված արտոնությունից օգտվելու հնարավորությունից, քանի որ վիճարկվող վարչական ակտը հայցվորին եռօրյա ժամկետում չհանձնելու հանգամանքը չի կարող ազդեցություն ունենալ վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վրա և վկայակոչվել որպես այդ ակտի անվավերության հիմք,

- անհիմն է նաև հայցվորի այն փաստարկը, որ վիճարկվող որոշմամբ ֆիզիկական անձ Ալեք Բաղրամյանին հարկային պարտավորություններ առաջադրելու պարագայում «Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի» հաշվարկը պետք է ներկայացվեր ֆիզիկական անձ Ալեք Բաղրամյանի հաշվառման վայրի (Երևան քաղաքի Արաբկիր համայնք) հարկային տեսչություն, քանի որ նախ` հայցվորն ինքն է այդ հաշվարկը ներկայացրել Արմավիրի հարկային տեսչություն, բացի այդ, հայցվորի կողմից նշված հանգամանքը չի կարող ազդեցություն ունենալ վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վրա:

Ալեք Բաղրամյանը Դատարանի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք` նշելով, որ օրինական հիմքով իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատիրոջ վրա Կոմիտեն դրել է ակնհայտորեն ոչ իրավաչափ պարտականություններ, իրեն որոշումն ուղարկվել է այն կայացնելուց 90 օր ուշացումով, Դատարանը վճռում նշել է, թե որոշման բովանդակությունից պետք է հասկանալ, որ այն ուղղված է ոչ թե անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանի, այլ` ֆիզիկական անձ Ալեք Բաղրամյանի դեմ, այդ որոշման հասցեատերը ֆիզիկական անձ Ալեք Բաղրամյանն է, սակայն հայտնի չէ, թե ինչու կամ որ օրենսդրական ակտի համաձայն: Բացի այդ, ըստ բողոք բերած անձի` Դատարանը սխալ մոտեցում է ցուցաբերել նաև այն հարցում, որ Ալեք Բաղրամյանը ներկայացել է Արմավիրի մարզի ՏՀՏ և բացատրություն տվել, քանի որ եթե Ալեք Բաղրամյանը ներկայացել է Արմավիրի մարզի ՏՀՏ, ապա պետք է բացատրություն տար միայն անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանի վերաբերյալ: Ֆիզիկական անձ Ալեք Բաղրամյանը բնակվել և բնակվում է Երևան քաղաքում և Արմավիրի մարզի ՏՀՏ-ի հետ գործ է ունեցել միայն անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանի հաշվետվությունները ներկայացնելու առումով:

Չնայած բողոք բերած անձը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի խախտման մասին չի մատնանշել, այնուամենայնիվ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բացի վերաքննիչ բողոքի հիմքերին անդրադառնալուց, իր դատական ակտում վկայակոչել է նաև վիճարկվող վարչական ակտի անվավերության այլ հիմք, որը, մասնավորապես, վերաբերում է վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում առերևույթ թույլ տրված ընթացակարգային խախտումներին, այն է` վարչական վարույթի լսումների վերաբերյալ Ալեք Բաղրամյանի ծանուցված չլինելուն և դրա հետևանքով վերջինիս լսված լինելու իրավունքը խախտված լինելուն այն դեպքում, երբ նման հիմք չի քննվել Դատարանում և առկա չի եղել վերաքննիչ բողոքում:

Այս առումով բողոք բերած անձը նշել է, որ վարչական մարմինն ապահովել է Ալեք Բաղրամյանի լսված լինելու իրավունքը և վերջինս «փաստացի իրացրել է այդ իրավունքը` վարչական վարույթի ընթացիկ փուլում համապատասխան տեսչություն ուղարկելով իր գրավոր բացատրությունները, ինչը հաստատում է այն փաստը, որ անձն իրացրել է օրենսդրի կողմից սահմանված լսված լինելու իր իրավունքը»:

 

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Հետևաբար Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին չի անդրադառնում:

 

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեն վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի բողոք բերած անձի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Ալեք Բաղրամյանի կողմից:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.10.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 27.04.2018 թվականի վճռին:

2. Ալեք Բաղրամյանից հօգուտ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախատեսված և նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

08.10.2021թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ/5523/05/17 վարչական գործով 08.10.2021 թվականին

կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 08.10.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.10.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ալեք Բաղրամյանի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի` 31.03.2017 թվականի թիվ 52/06 որոշումն անվավեր կամ առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.10.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 27.04.2018 թվականի վճռին:

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Հովսեփ Բեդևյանս, Գոռ Հակոբյանս և Ստեփան Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

i

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

i

«Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` իր կայացրած դատական ակտերը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու նպատակով Վճռաբեկ դատարանը վերանայում է այն դատական ակտերը, որոնք խաթարում են արդարադատության բուն էությունը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի համաձայն` Վճռաբեկ դատարանը բողոքարկվող դատական ակտը վերանայում է վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում:

i

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից ուղղակիորեն բխում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը դատական ակտերը վերանայող, այլ ոչ թե գործն ըստ էության քննող և լուծող դատական ատյան է, հետևաբար վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննությունը պետք է իրականացվի բողոքարկվող դատական ակտի վերանայման միջոցով` վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում: Այսինքն` ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորություններից որևէ մեկը կիրառելու համար, պետք է որոշակի և հստակ լինի, թե ինչ հիմքով է ներկայացվել վճռաբեկ բողոքը: Այլ կերպ ասած` ՀՀ վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցով է պայմանավորված դատական ակտի վերանայման նպատակը. արդյոք այն ուղղված է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովմանը, թե մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումների վերացմանը:

i

Տվյալ դեպքում Կոմիտեի վճռաբեկ բողոքում, որպես այն վարույթ ընդունելու հիմք, վկայակոչվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը(1), նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ:

 

___________________________________

i

1) Կոմիտեի վճռաբեկ բողոքում վկայակոչվել է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը չի պարունակում նշված կետի հիմնավորում, մասնավորապես` նշված չէ, թե դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի կոնկրետ որ նորմի կապակցությամբ է առկա իրավունքի զարգացման խնդիր, գտնում ենք, որ այդ հիմքով վճռաբեկ բողոքը չի կարող քննվել, ուստի այդ մասով որևէ դիրքորոշում չենք հայտնում

 

i

Վճռաբեկ դատարանը, սակայն, իր որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, առանց նշելու, թե նույն հոդվածի 2-րդ մասի որ կետն է հիմք հանդիսացել Վերաքննիչ դատարանի որոշումը վերանայելու համար: Ըստ այդմ որոշակի չէ նաև, թե սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից ինչ հարց է լուծվել և ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված որ լիազորության կիրառմամբ: Մասնավորապես, արդյոք սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշման վերանայման արդյունքում ապահովվել է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, թե վերացվել է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները: Ընդ որում, հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ Կոմիտեի վճռաբեկ բողոքում մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու հարց առաջադրված չէ:

Վերոգրյալի հաշվառմամբ գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է վերանայվի բացառապես այն պահանջի սահմաններում, որը ներկայացրել է Կոմիտեն իր վճռաբեկ բողոքում:

i

Տվյալ դեպքում վճռաբեկ բողոքում պնդելով, որ առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, Կոմիտեն վկայակոչել է վարչական վարույթ հարուցելու մասին վարչական վարույթի մասնակցին ծանուցելու միջոցով վերջինիս իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորություն ընձեռելու վերաբերյալ թիվ ՎԴ/7680/05/16 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումը: Հարկ ենք համարում ընդգծել, որ թեև Կոմիտեի վճռաբեկ բողոքում հստակ նշված չէ, թե թիվ ՎԴ/7680/05/16 վարչական գործով ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում կոնկրետ որ նորմն է կիրառվել կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ, այդուհանդերձ վճռաբեկ բողոքի բովանդակությունից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածներին, հետևաբար գտնում ենք, որ տվյալ դեպքում դատական ակտի վերանայումը պետք է իրականացվի թիվ ՎԴ/7680/05/16 վարչական գործով դատական ակտում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածները սույն գործով կայացված դատական ակտում միևնույն իրավանորմերը սույն գործով կայացված դատական ակտում տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ կիրառված լինելու կամ չլինելու համատեքստում:

i

Ըստ այդմ, անհրաժեշտ է նախ բացահայտել, թե «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածները ինչ մեկնաբանությամբ են կիրառվել վճռաբեկ բողոքում վկայակոչված թիվ ՎԴ/7680/05/16 վարչական գործով և սույն գործով:

I. Court.am կայքի միջոցով ուսումնասիրելով թիվ ՎԴ/7680/05/16 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 20.06.2017 թվականի վճիռը(2)` պետք է արձանագրեմ, որ նշված դատական ակտով ՀՀ վարչական դատարանը վերլուծության է ենթարկել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերը, 38-րդ հոդվածի 1-ին մասը և եզրահանգել է, որ «(...) եթե վարույթը հարուցվել է վարչական մարմնի նախաձեռնությամբ, ապա վարույթի մասնակիցներին վարչական մարմինը ծանուցում է միայն այն դեպքում, եթե վարչական ակտն ընդունելու համար պահանջվում է 3 օրից ավելի ժամկետ` այն օրվանից հաշված, երբ վարույթը հարուցվել է:

 

___________________________________

2) նշված վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով և ՀՀ վերաքննիչ դատարանի 14.03.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է ու ՀՀ վարչական դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքի ընդունումը ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07

 

Միաժամանակ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածը սահմանել է վարչական մարմնի արագ գործելու պարտականությունը, այն է` վարչական մարմինը վարույթ հարուցելուց հետո չպետք է հապաղի գործի լուծման համար անհրաժեշտ գործողությունները կատարելուց, այլ վարույթ հարուցելուց անմիջապես հետո պետք է ձեռնամուխ լինի այդպիսի գործողությունների կատարմանը, իսկ դրանց ավարտից հետո անհապաղ ընդունի վարչական ակտ:

Վարչական մարմինը պետք է այն իրականացնի առանց անհարկի բարդացնելու, անհարկի դանդաղկոտություն ցուցաբերելու:

Այնուամենայնիվ, (...) վարչական մարմինը, ունենալով արագ գործելու պարտականություն, պետք է այդպիսի պարտականությունը հավասարակշռի վարչական վարույթի մասնակիցների իրավունքների հետ:

Մասնավորապես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

Սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է վարույթ հարուցելու մասին հայցվոր ընկերության ծանուցելու փաստը, ինչը չի հերքում նաև հայցվորը:

(...) հայցվոր ընկերությանը ծանուցելով` պատասխանող վարչական մարմինը վերջինիս հնարավորություն է ընձեռնել արտահայտել իր դիրքորոշումները` բացատրությունները կամ առարկությունները: (...) վարույթ հարուցելու և գրավոր բացատրություններ կամ առարկություններ ներկայացնել առաջարկելու վերաբերյալ վարչական մարմնի ծանուցագիրը հայցվոր ընկերությունը ստացել է 22.08.2016 թվականին այն դեպքում, երբ վարչական վարույթը եզրափակող վարչական ակտը` թիվ 1320/01 որոշումն, ընդունվել է 29.08.2016 թվականին: Այսինքն` հայցվոր ընկերությունը, անկախ ծանուցագրով սահմանված եռօրյա ժամկետից, մեկ շաբաթ ժամանակ է ունեցել իր դիրքորոշումը քննարկվող հարցի վերաբերյալ արտահայտելու, օգտվելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված բոլոր իրավունքներից, իսկ եթե նշված ժամանակը հայցվորին բավարար չէր, վերջինս որևէ կերպ կաշկանդված չէր դիմել վարչական մարմնին` ժամկետը երկարաձգելու, նոր ժամկետ ներկայացնելու, կամ գրավոր դիրքորոշման փոխարեն բանավոր դիրքորոշումները ներկայացնելու հնարավորությունից:

Մինչդեռ (...) ծանուցագիրը ստանալուց հետո Ընկերությունը դրսևորել է անգործություն, որպիսի պայմաններում Դատարանն անհիմն է համարում հայցվորի փաստարկները` վարչական մարմնի կողմից իր լսված լինելու իրավունքը չապահովելու վերաբերյալ:

(...)»:

 

II. Սույն գործով Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլ իրավանորմերի, վկայակոչելով նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 38-րդ հոդվածը և դրանք վերլուծության ենթարկելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի, մասնավորապես Ilhan v. Turkey (22277/93) գործով Եվրոպական դատարանի 27.06.2000 թվականի վճռով` կետ 97 և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի, այդ թվում նաև վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքի իրացման կարևորության վերաբերյալ Տիգրան Աբաղյանն ընդդեմ Երևան համայնքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի թիվ ՎԴ/5539/05/11 վարչական գործով 28.11.2014 թվականի, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում, արձանագրել է հետևյալը. «(...) որպես կանոն, հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից բաղկացած վարչական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցները պատշաճ կերպով ծանուցվում են վարույթի հարուցման վերաբերյալ, ապահովվում է նրանց լսված լինելու իրավունքը, ձեռք են բերվում անհրաժեշտ ապացույցներ, որոնց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում միայն հնարավոր է ավարտել վարույթը` կայացնելով հիմնավորված վարչական ակտ: Այլ կերպ ասած, վարչական մարմինը, որպես այդպիսին, պարտավոր է վարչական վարույթի մասնակիցներին ծանուցել վարչական վարույթի մասին, վերջիններիս, ինչպես նաև նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

(...) վարչական վարույթի մասնակիցները պետք է օբյեկտիվ հնարավորություն ունենան արդյունավետ կերպով պաշտպանել և իրականացնել իրենց օրենքով նախատեսված իրավունքները, ինչը հնարավոր է բացառապես վարույթի մասնակիցների վարչական վարույթի մասին պատշաճ ծանուցումը և լսված լինելու իրավունքն երաշխավորելու պարագայում»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ` Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «(...) անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանը /ՀՎՀՀ 45148405/ 17.03.2017 թվականին փոստով ծանուցվել է այն մասին, որ վերջինս, ըստ հարկային մարմնում առկա անձնական հաշվի քարտի տվյալների, 06.03.2017 թվականի դրությամբ ունի 10.189.928 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն, և 23.03.2017 թվականին հրավիրվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչություն` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը և գործի քննությանը մասնակցելու:

Նույն ծանուցագրով անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանը տեղեկացվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչությունում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթի մասին և վերջինիս առաջարկվել է եռօրյա ժամկետում ներկայացնել գրավոր բացատրություններ և/կամ առարկություններ (հիմք` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության 6-րդ բաժնի պետի ծանուցագիր և փոստային հետադարձ ծանուցման անդորրագիր, գ.թ. 90-91):

Դրանից հետո` 31.03.2017 թվականին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա.Մնացականյանի կողմից կայացվել է «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 52/06 որոշումը, որով որոշվել է անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանից գանձել 10.189.928 ՀՀ դրամ պարտավորության գումար (գ.թ. 22-24):

Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանը, նախ, արձանագրում է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում միաժամանակ հարուցվել ու ընթացել են թվով երկու վարչական վարույթներ, որոնցից առաջինը վերաբերել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.3-րդ հոդվածով նախատեսված զանցանքին, մյուսը` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 01.01.2018 թվականին) 29.1-րդ հոդվածով նախատեսված հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմնի` հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ որոշում կայացնելուն:

Ընդ որում, սույն գործով վեճին վերաբերում է բացառապես վերոնշյալ ծանուցագրի երրորդ պարբերությունը: Մասնավորապես, սույն գործով պատասխանողն առաջարկել է հայցվորին եռօրյա ժամկետում ներկայացնել գրավոր բացատրություններ և/կամ առարկություններ: Մինչդեռ, վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ վարույթի մասնակիցների և նրանց ներկայացուցիչների արտահայտվելու համար օրենսդիրը չի սահմանել որևէ հստակ ժամկետ: Այսինքն, ծանուցագրում գրավոր բացատրությունների և/կամ առարկությունների ներկայացման համար եռօրյա ժամկետ սահմանելը, բնավ, համահունչ չէ գործող օրենսդրական կարգավորումներին:

(...) Վերոնշյալ իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով ծանուցագրի բովանդակությունը, ինչպես նաև հաշվի առնելով նշված փաստական հանգամանքները` Վերաքննիչ դատարանն եզրահանգում է, որ վարչական վարույթի ընթացիկ` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության փուլում չի ապահովվել ֆիզիկական անձ հանդիսացող հայցվորի` վարչական վարույթում իրավունքների լիարժեք իրագործման իրական հնարավորությունը, այդ թվում` լսված լինելու իրավունքը (...)»:

 

Համեմատական վերլուծության ենթարկելով թիվ ՎԴ/7680/05/16 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի և սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածներին տրված մեկնաբանությունները, գտնում ենք, որ որևէ հակասություն այդ մեկնաբանություններում առկա չէ: Ավելին, երկու դատական ակտերով էլ նշված իրավանորմերին տրված մեկնաբանությունը, ըստ էության, հանգում է նրան, որ պետք է ապահովված լինի վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքը: Այլ հարց է արդեն, թե այդ իրավական դիրքորոշումներն ինչ կերպ են կիրառվել կոնկրետ գործերով փաստական հանգամանքների նկատմամբ:

Այսպիսով, գտնում ենք, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու իր լիազորության շրջանակներում պետք է իրավական գնահատական տար թիվ ՎԴ/7680/05/16 վարչական գործով և սույն գործով դատական ակտերում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածները միմյանց հակասող մեկնաբանությամբ կիրառված լինելու կամ չլինելու հարցին, որից հետո միայն, այդ իրավական դիրքորոշման լույսի ներքո վերանայելով Վերաքննիչ դատարանի որոշումը` եզրահանգում կատարեր բողոքարկվող դատական ակտի իրավաչափության վերաբերյալ:

 

Հարկ ենք համարում ընդգծել, որ Վճռաբեկ դատարանը, անտեսելով վճռաբեկ բողոքով բարձրացված միակ հարցը` թիվ ՎԴ/7680/05/16 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի և սույն գործով Վերաքննիչ դատարանի դատական ակտով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածներին տրված մեկնաբանություններն իրար հակասելու վերաբերյալ, անդրադարձել է այն իրավական հարցին, թե արդյո՞ք վարչական ակտում յուրաքանչյուր սխալի առկայությունն ինքնին վկայում է այդ վարչական ակտի անորոշության մասին և միանշանակ հանգեցնում դրա անվավերության:

Գտնում ենք, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը չէր կարող անդրադառնալ նշված հարցին, քանի որ Կոմիտեի վճռաբեկ բողոքն այդ առումով որևէ փաստարկ չի պարունակում: Մասնավորապես, Կոմիտեի բողոքով Վճռաբեկ դատարանի առջև չի բարձրացվել վարչական ակտի իրավաչափությունը` դրանում յուրաքանչյուր սխալի առկայությունն այդ վարչական ակտի անորոշության մասին վկայելու հիմքով, գնահատելու մասին հարց:

Փաստորեն, Վճռաբեկ դատարանը սույն գործով բողոքարկվող դատական ակտի վերանայումը չի իրականացրել վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում:

Փոխարենը Վճռաբեկ դատարանը, ըստ էության, ինքնուրույն ընտրելով Վերաքննիչ դատարանի դատական ակտի վերանայման հիմքերը, անդրադարձել է 31.03.2017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 52/06 որոշման իրավաչափությանը և վկայակոչելով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3.1-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը, 33-րդ հոդվածի 1-ին և 4-րդ պարբերությունները, մասնավորապես արձանագրել է հետևյալը.

«(...) վիճարկվող վարչական ակտի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրա հիմքում ընկած է հենց հայցվորի կողմից 06.12.2016 թվականին հարկային մարմին ներկայացված «Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի» հաշվարկը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դա բավարար է, որ հայցվորի համար ակնառու լինի, թե ինչ աղբյուրից են առաջացել իրեն առաջադրված պարտավորությունները, և թե արդյոք դրանք վերաբերում են որպես անհատ ձեռնարկատեր իր գործունեությանը, թե որպես ֆիզիկական անձ իր իրականացրած գործարքներին: Մասնավորապես` այն դեպքում, երբ վարչական ակտի հիմքում ընկած է հայցվորի կողմից ներկայացված` ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկը, ակնհայտ է, որ այդ ակտով առաջադրված պարտավորություններն ուղղված են Ալեք Բաղրամյանին` ոչ թե որպես անհատ ձեռնարկատիրոջ, այլ` որպես ֆիզիկական անձի:

(...) միայն այն հանգամանքը, որ վիճարկվող վարչական ակտում որպես հասցեատեր նշվել է «անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյան» (հասցեատիրոջ անվան մեջ սխալի առկայությունն ընդունել է պատասխանող վարչական մարմինը), այդ վարչական ակտին չի հաղորդում անորոշություն. ակնհայտ է, որ այդ պարտավորությունները կապված են Ալեք Բաղրամյանի իրականացրած գործարքների հետ և ուղղված են նրան` որպես ֆիզիկական անձի: Ընդ որում, նշված փաստական հանգամանքների համատեքստում անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանի հաշվառված լինելու փաստը որևէ նշանակություն չունի վարչական ակտի հստակությունը և որոշակիությունը գնահատելու տեսանկյունից (...)»:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչման ենթակա լինելու վերաբերյալ եզրահանգման հիմքում դրել է նաև այն պատճառաբանությունը, որ Ալեք Բաղրամյանը պատշաճ չի ծանուցվել վարչական վարույթի մասին, և չի երաշխավորվել վերջինիս լսված լինելու իրավունքը: Նշվածի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

«(...) Չնայած բողոք բերած անձը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի խախտման մասին չի մատնանշել, այնուամենայնիվ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բացի վերաքննիչ բողոքի հիմքերին անդրադառնալուց, իր դատական ակտում վկայակոչել է նաև վիճարկվող վարչական ակտի անվավերության այլ հիմք, որը, մասնավորապես, վերաբերում է վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում առերևույթ թույլ տրված ընթացակարգային խախտումներին, այն է` վարչական վարույթի լսումների վերաբերյալ Ալեք Բաղրամյանի ծանուցված չլինելուն և դրա հետևանքով վերջինիս լսված լինելու իրավունքը խախտված լինելուն այն դեպքում, երբ նման հիմք չի քննվել Դատարանում և առկա չի եղել վերաքննիչ բողոքում:

Այս առումով բողոք բերած անձը նշել է, որ վարչական մարմինն ապահովել է Ալեք Բաղրամյանի լսված լինելու իրավունքը և վերջինս «փաստացի իրացրել է այդ իրավունքը` վարչական վարույթի ընթացիկ փուլում համապատասխան տեսչություն ուղարկելով իր գրավոր բացատրությունները, ինչը հաստատում է այն փաստը, որ անձն իրացրել է օրենսդրի կողմից սահմանված լսված լինելու իր իրավունքը»:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վճռաբեկ բողոքում չնշված հիմքին, իրավական գնահատական է տվել վարչական ակտի իրավաչափությանը, մասնավորապես` հաստատված համարելով, որ դրանում պարունակվող տվյալները բավարար են, որ հայցվորի համար ակնառու լինի, թե ինչ աղբյուրից են առաջացել իրեն առաջադրված պարտավորությունները, և թե արդյոք դրանք վերաբերում են որպես անհատ ձեռնարկատեր իր գործունեությանը, թե որպես ֆիզիկական անձ իր իրականացրած գործարքներին, եզրահանգում է արել այն մասին, որ վարչական ակտի հստակությունը և որոշակիությունը գնահատելու տեսանկյունից առկա չէ այն անվավեր ճանաչելու որևէ հիմք:

Վերոգրյալի հաշվառմամբ գտնում ենք, որ պարտադրված չենք մեր կարծիքն արտահայտելու Վճռաբեկ դատարանի որոշման այնպիսի հիմքերի վերաբերյալ, որպիսիք վճռաբեկ բողոքում ներկայացված չեն եղել, ուստի, թեև համաձայն չենք վկայակոչված հիմքի, մասնավորապես սույն գործով վիճարկվող վարչական ակտի հստակությունը և որոշակիությունը գնահատելու տեսանկյունից այն անվավեր ճանաչելու որևէ հիմք առկա չլինելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի եզրահանգման հետ և ամբողջությամբ համաձայն ենք նույն հարցի առնչության Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հետ, այդուհանդերձ ձեռնպահ ենք մնում սույն գործով վիճարկվող վարչական ակտի հստակությունը և որոշակիությունը գնահատելու տեսանկյունից դրա ոչ իրավաչափ լինելու մասով առավել հանգամանալի վերլուծություններ կատարելուց, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ տեսանկյունից վարչական ակտի իրավաչափությունը Վճռաբեկ դատարանը գնահատել է` դուրս գալով վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններից:

 

Ինչ վերաբերում է Ալեք Բաղրամյանի` վարչական վարույթի մասին պատշաճ ձևով ծանուցված չլինելու և ըստ այդմ վերջինիս լսված լինելու իրավունքը երաշխավորված չլինելու կապակցությամբ Վճռաբեկ դատարանի անդրադարձին, ապա հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.

Նախ` դատական սխալի հիմքով վճռաբեկ բողոք Կոմիտեն չի ներկայացրել: Մասնավորապես` Կոմիտեի վճռաբեկ բողոքը չի պարունակում որևէ փաստարկ այն մասին, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի խախտում և դուրս է եկել Դատարանի վճիռը վերաքննության կարգով վերանայման ենթարկելու օրենսդրորեն կանխորոշված սահմաններից:

Նման պայմաններում գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանն իրավասու չէր իրավական գնահատական տալ Վերաքննիչ դատարանի կողմից դատավարական նորմերի, մասնավորապես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի խախտում թույլ տալու կամ չտալու հարցին:

Երկրորդ` Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում, մասնավորապես թիվ ՎԴ/7680/05/16 վարչական գործով և սույն գործով դատական ակտում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածները միմյանց հակասող մեկնաբանությամբ կիրառված լինելու կամ չլինելու համատեքստում վերանայելու պարագայում Վճռաբեկ դատարանը պետք է անդրադառնար միայն այն հարցին, թե վկայակոչված իրավանորմերն արդյոք ճիշտ մեկնաբանությամբ են կիրառվել սույն գործի փաստերի նկատմամբ, որպիսի պարագայում կհանգեր այն եզրակացության, որ տվյալ դեպքում ապահովված չի եղել հայցվորի լսված լինելու իրավունքը, իսկ Կոմիտեի կողմից հայցվորին ուղարկված ծանուցագրով (հատոր 1-ին, գ.թ. 90-91) չի հաստատվում սույն գործով վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի լսումների անցկացման վայրի, օրվա և ժամի վերաբերյալ հայցվորին պատշաճ ձևով իրազեկելու հանգամանքը: Ընդ որում, համանման ծանուցագրի(3) ոչ պատշաճ լինելու մասին իրավական դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը` «Ալմաքար» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/4860/05/16 վարչական գործով 03.07.2020 թվականի որոշմամբ` մասնավորապես արձանագրելով հետևյալը.

 

___________________________________

3) Ընկերության տնօրեն Արամ Մակարյանը հրավիրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության 8-րդ բաժին` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու համար: Նշված ծանուցագրով Ընկերության տնօրենին միաժամանակ հայտնվել է, որ հարուցվել է վարչական վարույթ Ընկերության չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտ ընդունելու նպատակով, և առաջարկվել է եռօրյա ժամկետում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն ներկայացնել վերը նշվածի վերաբերյալ գրավոր բացատրություններ և/կամ առարկություններ:

 

«(...) վարչական վարույթի լսումների անցկացման վերաբերյալ Ընկերությանը հասցեագրված ծանուցագիրը, ի թիվս այլնի, պետք է պարունակեր տեղեկություններ լսումների անցկացման տեղի, օրվա և ժամի մասին:

(...) Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նշված ծանուցագրի բովանդակությանը, փաստում է որ այն վերաբերում է երկու վարչական վարույթների.

1) վարչական իրավախախտման վերաբերյալ վարչական վարույթ. Ընկերության հարկային պարտավորությունը սահմանված ժամկետներում չկատարելու դեպքի առթիվ Ընկերության տնօրեն Արամ Մակարյանը 13.05.2016 թվականին հրավիրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության 8-րդ բաժին (ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1)` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու համար.

2) չվճարված հարկային պարտավորության գումարը գանձելու վերաբերյալ վարչական վարույթ. այս վարույթի շրջանակում Ընկերության տնօրենին առաջարկվել է եռօրյա ժամկետում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն ներկայացնել վերը նշվածի վերաբերյալ գրավոր բացատրություններ և/կամ առարկություններ:

(...) նշված ծանուցագիրը սույն գործով վիճարկվող վարչական ակտի հիմքում ընկած` չվճարված հարկային պարտավորության գումարը գանձելու վերաբերյալ վարույթի շրջանակում լսումների անցկացման կոնկրետ տեղի, օրվա, ժամի մասին նշում չի պարունակում: (...) Փաստորեն, Որոշման հիմքում ընկած վարչական վարույթի ընթացքում լսումների անցկացման մասին Ընկերությունը պատշաճ կերպով չի ծանուցվել այն դեպքում, երբ բացակայել են լսումներ չանցկացնելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված թե՛ հայեցողական, թե՛ պարտադիր հիմքերը, ինչպես նաև վարչական վարույթը միայն եզրափակիչ փուլով իրականացնելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքը: Արդյունքում Ընկերությունը ոչ իրավաչափ կերպով զրկվել է իր նկատմամբ հարկային պարտավորություններ առաջադրելուն ուղղված վարչական վարույթի լսումների ժամանակ վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողությունների միջոցով վարչական մարմնի վերջնական որոշման վրա ազդելու հնարավորությունից:

(...) Ընկերությանը եռօրյա ժամկետում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն գրավոր բացատրություններ և/կամ առարկություններ ներկայացնելու մասին առաջարկությունը չի կարող փոխարինել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված լսումներն անցկացնելուն և դրանց տեղի, օրվա, ժամի վերաբերյալ վարչական վարույթի մասնակիցներին ծանուցելուն այն դեպքում, երբ լսումների անցկացումն օրենքի պահանջն է»:

Հարկ ենք համարում արձանագրել, որ սույն գործով ևս հայցվորին ուղարկված ծանուցագիրը չի պարունակում տեղեկություններ լսումների անցկացման տեղի, օրվա և ժամի մասին: Մասնավորապես` նշված ծանուցագրով անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանը հրավիրվել է Կոմիտեի իրավաբանական վարչություն` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը և գործի քննությանը մասնակցելու: Միևնույն ժամանակ նույն ծանուցագրով հայտնվել է Կոմիտեի իրավաբանական վարչությունում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթի մասին և վերջինիս առաջարկվել է եռօրյա ժամկետում ներկայացնել գրավոր բացատրություններ և/կամ առարկություններ:

Փաստորեն սույն գործով հաստատվում է, որ վարչական ակտն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածների պահանջների խախտմամբ: Այսինքն` նշված իրավանորմերը սույն գործի փաստերի նկատմամբ Վերաքննիչ դատարանը կիրառել է ճիշտ մեկնաբանությամբ` արձանագրելով, որ տվյալ դեպքում ապահովված չի եղել հայցվորի լսված լինելու իրավունքը, ինչը վարչական ակտն անվավեր ճանաչելու անվերապահ հիմք է հանդիսանում:

Այսպիսով, գտնում ենք, որ Կոմիտեի վճռաբեկ բողոքը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, ուստի նման պայմաններում Կոմիտեի բողոքը ենթակա է մերժման:

 

Դատավորներ Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 8 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.10.2021
N ՎԴ/5523/05/17
Որոշում