040.1172.241018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հոկտեմբերի 2018 թվականի N 1172-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 3-րդ մասով, ինչպես նաև 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 384-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին` մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաստատել քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունները` դրանք նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ:».
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.
i
«3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (առաջարկել Երևանի քաղաքապետին)` մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաստատել քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունները` դրանք նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան տարածքային ստորաբաժանման հետ:».
i
3) որոշման հավելվածի 2-րդ կետը «ստեղծվում են» բառից հետո լրացնել «համապատասխան բազայի (համապատասխան ծառայության ոլորտային ծառայություններ մատուցող կառույցներ, ստորաբաժանումներ, կազմակերպություններ, ֆիզիկական անձինք) առկայության դեպքում» բառերով.
i
4) որոշման հավելվածի 3-րդ կետից հանել «հանրապետական, տարածքային» բառերը.
5) որոշման հավելվածի 4-րդ կետում`
i
ա. «ա» ենթակետում «կապի և ազդարարման» բառերը փոխարինել «կապի» բառով,
բ. «զ» ենթակետում «էներգետիկայի և լուսաքողարկման» բառերը փոխարինել «էներգետիկայի» բառով,
գ) վերջին պարբերությունից հանել «հանրապետական» բառը.
6) որոշման հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունները դասակարգվում են`
ա) հանրապետականի,
բ) մարզայինի,
գ) համայնքայինի,
դ) օբյեկտայինի:
Քաղաքացիական պաշտպանության հանրապետական ծառայությունն ստեղծվում է տվյալ բնագավառի համապատասխան լիազորված պետական մարմնում` ներգրավելով ոլորտում գործող կազմակերպությունները (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից):
Քաղաքացիական պաշտպանության մարզային ծառայություններն ստեղծվում են համապատասխան մարզպետարանների և պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումներում` ներգրավելով տվյալ ծառայություններ մատուցող կազմակերպությունները (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) կամ դրանց մարզում գործող ստորաբաժանումները:
Քաղաքացիական պաշտպանության համայնքային ծառայություններն ստեղծվում են համայնքապետարաններում և պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային համապատասխան ստորաբաժանումներում, ինչպես նաև տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպությունների (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) կամ դրանց համայնքում գործող ստորաբաժանումներում:
Քաղաքացիական պաշտպանության օբյեկտային ծառայություններն ստեղծվում են կազմակերպություններում:».
7) որոշման հավելվածի 9-րդ կետում`
i
ա. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ապահովման պլանավորումը և իրականացումը»,
բ. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) քաղաքացիական պաշտպանության անհրաժեշտ կազմավորումների ստեղծման, դրանց անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով ապահովման, պատրաստման և մշտական պատրաստականության վիճակում պահպանման կազմակերպումը.».
8) որոշման հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«10. Ըստ նշանակության` քաղաքացիական պաշտպանության ծառայությունների խնդիրներն են`
ա) կապի ծառայության գծով` կառավարման մարմինների և բնակչության ազդարարման օժանդակումը, ռազմական դրության ժամանակ կառավարման մարմիններին կապով ապահովման նպատակով` մասնագիտացված կազմակերպությունների հետ անհրաժեշտ համագործակցության իրականացումը.
բ) ինժեներական ծառայության գծով`
հակառակորդի հարձակման վտանգի կամ հարձակման ժամանակ բնակչության պատսպարման նպատակով պաշտպանական կառույցների վաղօրոք նախապատրաստման, պահպանման, շահագործման և վերանորոգման միջոցառումների կազմակերպումը,
պաշտպանական կառույցներին բնակչության ամրագրումը,
քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից` բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման նախագծերում հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների նպատակահարմար տեղաբաշխման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,
շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարության անվտանգության ու հուսալիության ապահովման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,
փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ինժեներական ապահովման կազմակերպումը.
գ) բժշկական ծառայության գծով`
հակառակորդի հարձակման վտանգի և հարձակման ժամանակ բնակչության բժշկական ապահովման, տուժած բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը,
շրջակա միջավայրի, խմելու ջրի աղբյուրներում և համակարգերում ջրի որակի վիճակի ու վարակվածության դիտարկման և հսկողության իրականացման կազմակերպումը,
հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը և իրականացումը.
դ) տրանսպորտային ծառայության գծով` բնակչության տարահանման, հիվանդների և տուժածների փոխադրման ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների տրանսպորտային ապահովման կազմակերպումը.
ե) առևտրի և սննդի ծառայության գծով` տուժած բնակչության, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ընդգրկված կազմավորումների անձնակազմի` սննդամթերքով ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով և միջոցներով ապահովման կազմակերպումը,
սննդամթերքի անվտանգության, որակի ու վարակվածության դիտարկման և հսկողության իրականացման կազմակերպումը.
զ) էներգետիկայի ծառայության գծով`
էներգամատակարարման համակարգի գործունեության կայունության միջոցառումների պլանավորման ու իրականացման կազմակերպումը,
էլեկտրամատակարարման ցանցերում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը,
գազամատակարարման ապահովման կազմակերպումը.
է) բույսերի և կենդանիների պաշտպանության ծառայության գծով`
գյուղատնտեսական կենդանիների և բույսերի, անասնաբուծական ու բուսաբուծական արտադրանքի, պաշտպանության միջոցառումների համակարգումը,
վտանգավոր տարածքներից գյուղատնտեսական կենդանիների, գյուղատնտեսական արտադրանքի պաշարների դուրսբերման աշխատանքների կազմակերպումը.
ը) հասարակական կարգի պահպանման ծառայության գծով`
ռազմական դրության ժամանակ քաղաքներում և այլ բնակավայրերում, կազմակերպություններում, տարահանման հավաքակայաններում ու տրանսպորտային մայրուղիներում հասարակական կարգի պահպանման ապահովումը, գույքի պահպանումը, ինչպես նաև տարահանված բնակավայրերում և օբյեկտներում մնացած գույքի պահպանության իրականացումը,
ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը.
թ) նյութատեխնիկական մատակարարման ծառայության գծով` փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող կազմավորումների նյութատեխնիկական անհրաժեշտ միջոցներով ապահովման կազմակերպումը.
ժ) կոմունալ-տեխնիկական ծառայության գծով`
ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կայունության բարձրացման միջոցառումների պլանավորումն ու իրականացումը, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը.
ժա) բնակչության հատուկ սպասարկումների ծառայության գծով` բնակչության շրջանում անվերադարձ կորուստների հաշվառման, դիակների հուղարկավորման աշխատանքների կազմակերպումը:».
9) որոշման հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«13. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պատրաստականության գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր տարում անցկացվող քաղաքացիական պաշտպանության հրամանատարաշտաբային և շտաբային ուսումնավարժությունների ընթացքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ