(ուժը կորցրել է 05.02.04 թիվ 74-Ն որոշում)
i
040.0496.040899
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 1999 թվականի թիվ 496
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանությունն իրականացնող պետական և գերատեսչական արխիվների պետական գրանցման կարգը (կցվում է):
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության արխիվների գրանցման կարգը հաստատելու մասին» N 72 որոշումը:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թ.
օգոստոսի 4-ի N 496 որոշմամբ
ԿԱՐԳ
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն
հանդիսացող փաստաթղթերի պահպանությունն իրականացնող պետական
և գերատեսչական արխիվների պետական գրանցման
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (այսուհետև` ՀԱԱՖ) պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանությունն իրականացնող արխիվների պետական գրանցման կարգը:
2. ՀԱԱՖ-ի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանությունն իրականացնող պետական և գերատեսչական արխիվները գրանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունում (այսուհետև` վարչություն):
3. Գրանցման ենթակա են`
ա) ՀԱԱՖ-ի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի մշտական պահպանությունն իրականացնող Հայաստանի Հանրապետության կենտրոնական պետական արխիվները, Երևան քաղաքի պետական արխիվը և Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվները.
բ) ՀԱԱՖ-ի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի ժամանակավոր պահպանությունն իրականացնող Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվների մասնաճյուղերը, ճյուղային կենտրոնական գերատեսչական արխիվները, կենտրոնական գերատեսչական արխիվները և գերատեսչական արխիվները:
4. ՀԱԱՖ-ի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի մշտական և (կամ) ժամանակավոր պահպանությունն իրականացնող պետական և գերատեսչական արխիվները պետական գրանցման համար վարչություն են ներկայացնում`
ա) հայտ արխիվի պետական գրանցման մասին.
բ) արխիվի ստեղծման վերաբերյալ փաստաթղթի պատճենը,
գ) սահմանված կարգով հաստատված արխիվի կանոնադրությունը,
դ) արխիվի անձնագիրը (2 ՊԱ կամ 3 ԳԱ վիճակագրական ձևը):
5. Վարչությունը սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերի ներկայացման պահից 15-օրյա ժամկետում պարտավոր է ընդունել որոշում արխիվը գրանցելու կամ այն մերժելու մասին:
Որոշման պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում տրվում է հայտատուին:
6. Պետական գրանցման ստացած արխիվներին տրվում է համապատասխան վկայական, որը համարվում է մշտական պահպանության փաստաթուղթ:
Գրանցման վկայականի միասնական ձևը սահմանում է վարչությունը: Վկայականում պարտադիր նշվում են արխիվի հերթական համարը, լրիվ անվանումը, վկայականը տալու ամսաթիվը և տարեթիվը:
Վկայականը կորցնելու դեպքում ՀԱԱՖ-ի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանությունն իրականացնող արխիվը դրա մասին գրավոր հայտնում է վարչությանը:
Վարչությունն արխիվի դիմումի հիման վրա 15-օրյա ժամկետում տալիս է նոր վկայական` դրա վրա կատարելով «Կրկնօրինակ» նշագրումը:
ՀԱԱՖ-ի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանությունն իրականացնող արխիվը` կարգավիճակի փոփոխման դեպքում ենթակա է վերագրանցման:
7. Վարչությունն իրավասու է`
ա) չգրանցելու փաստաթղթերի պահպանության ապահովման համար անհրաժեշտ պայմաններ (սենյակ, հակահրդեհային միջոցներ, ջերմախոնավային ռեժիմ, արխիվն սպասարկող անձնակազմ (աշխատող) կամ նշանակված պատասխանատու անձ) չունեցող արխիվները.
բ) արխիվի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով հիմնադրին տալու մինչև 3 ամիս ժամկետ.
գ) մերժելու արխիվի պետական գրանցումը, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին:
8. Արխիվի պետական գրանցումը մերժելու մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
9. Արխիվի պետական գրանցման մերժումը կամ սահմանված ժամկետում չգրանցելը կարող է բողոքարկվել վերադասության կարգով: