040.1028.050811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հուլիսի 2011 թվականի N 1061-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
i
1) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ» բառերով.
2) որոշման հավելվածում`
ա. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.4-րդ կետով.
i
«7.4. Տեսչական ուսումնասիրություն` լիազոր մարմնի կողմից օդանավակայանում և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպություններում կիրառվող ավիացիոն անվտանգության գործող միջոցառումների և ընթացակարգերի մեկ կամ մի քանի ասպեկտների ուսումնասիրում:»,
i
բ. 29-րդ կետի «գ» ենթակետը «խնդիրները» բառից հետո լրացնել «իրականացնում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում վտանգի գնահատման և ռիսկի կառավարման միջոցառումներ,» բառերով,
i
գ. 30-րդ կետի «ա» ենթակետը «մշակման» բառից հետո լրացնել «, արդիականացման» բառով,
դ. 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
i
«Օդանավակայանի տարածքում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպություններին և օտարերկրյա օդանավ շահագործողներին իրենց գործունեությանը վերաբերող մասով կարող են տրամադրվել օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրից առանձին հատվածներ:»,
ե. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 34.1-ին կետով.
i
«34.1. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը պետք է ներառի Ազգային ծրագրի բոլոր պահանջները, ինչի համապատասխանության նպատակով լիազոր մարմինը պետք է կատարի պարբերաբար ուսումնասիրություններ:»,
i
զ. հավելվածի «IV. ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄ» բաժնի «3. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԸ» գլուխը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«3. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԸ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
36. Օդանավակայանի վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունները պետք է մշակեն, լիազոր մարմին ներկայացնեն և ներդնեն իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք պետք է համապատասխանեն օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրին և պարունակեն դրույթներ ավիացիոն անվտանգության մասով տվյալ կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների մասին:
36.1. Օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է մշակեն, լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնեն և ներդնեն իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք պետք է համապատասխանեն Ազգային ծրագրի պահանջներին և պարունակեն դրույթներ այդ կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների, օդային երթևեկության սպասարկման օբյեկտների պահպանության, այդ օբյեկտներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության սահմանման, օդային երթևեկության կառավարման կենտրոններ և աշտարակներ մուտքի իրավունք ունեցող անձանց ավիացիոն անվտանգության հսկողության, ճգնաժամային իրավիճակներում օդային երթևեկության կարգավարների գործողությունների կարգի վերաբերյալ:
36.2. Ավիացիոն անվտանգության ծրագրերը պետք է պարունակեն նաև դրույթներ ավիացիոն անվտանգության ծառայության ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած անձանց տարիքի, առողջության, կրթության և ընտրության կարգի, նախապատմության ստուգման, ավիացիոն անվտանգության մասով անվտանգության ծառայության աշխատողների և օդային երթևեկության կարգավարների ուսուցման, ավիացիոն անվտանգության մասով իրականացվող աշխատանքների որակի հսկողության միջոցառումների, վտանգի գնահատման, ճգնաժամային իրավիճակներում այլ ծառայությունների հետ համագործակցության վերաբերյալ:
36.3. Օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերում պետք է սահմանվեն դրույթներ թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգերի անվտանգության, աերոնավիգացիոն տեղեկատվական ցանցերի, ալեհավաքների կամ ալեցիրների, ընդունիչ կամ հաղորդիչ կայանների պաշտպանվածության, աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերով մշակվող և փոխանցվող տեղեկատվությունների գաղտնիության ապահովման, այդ համակարգեր անօրինական մուտքի և կեղծ տեղեկատվության տարածման կանխման, տեղեկատվության ամբողջականության խախտման, փոխանցվող տվյալների կեղծման, կապի միջոցների և օգտագործվող տեխնոլոգիաների, ինչպես նաև կարգավարական կապերի ձայնային տեղեկատվության գրանցումների և կողմնակի միջամտություններից համակարգչային տեղային ցանցի պաշտպանվածության վերաբերյալ:
36.4. Թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգերը և աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերը պետք է լինեն առանձնացված հասարակական ցանցերից և այլ համակարգերից: Եթե այդ համակարգերի շահագործումը պահանջում է միացում այլ համակարգերի հետ, ապա այդ միացումները պետք է հասցվեն նվազագույնի:
36.5. եթե համակարգերի առանձնացումը տեխնոլոգիապես անհնար է, ապա դրանց միացումը և հասանելիությունը պետք է գտնվեն լիազոր մարմնի հսկողության տակ, իսկ այդ համակարգերը պետք է սպասարկեն միայն տվյալ համակարգերը տրամադրող կազմակերպությունների կողմից սպասարկման իրավունք ստացած անձինք:
36.6. Օդային երթևեկության սպասարկման և թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգերն ու աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովման վիճակը պետք է սահմանված կարգով ուսումնասիրվեն լիազոր մարմնի համապատասխան մասնագետների կողմից: Ընդ որում, թռիչքների ղեկավարման և տեղեկատվական համակարգերի շահագործման անվտանգության միջոցառումները պետք է լինեն համակարգված ու համատեղելի գործող ավիացիոն անվտանգության միջոցառումների հետ:
36.7. Օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունները թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային և աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգեր ձեռք բերելիս պետք է ապահովեն, որպեսզի այդ համակարգերի նկատմամբ կիրառվեն սարքավորումների և ծրագրերի մատակարարման շղթայի անվտանգության միջոցառումներ: Լիազոր մարմինը պետք է պահանջի շահագործողներից, որպեսզի այդպիսի համակարգեր ձեռք բերելիս նրանք հավանական մատակարարներից պահանջեն և ստանան տեղեկատվություն մատակարարման ամբողջ շղթայում կիրառվող անվտանգության միջոցառումների վերաբերյալ:
36.8. Թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային և աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերի կառուցվածքում թույլատրված փոփոխությունների, լրացումների և սպասարկման պայմանների վերանայման ընթացքում պետք է հաշվի առնվեն դրանց անվտանգությանը ներկայացվող պահանջները:
36.9. Լիազոր մարմինը և շահագործողները պետք է ապահովեն, որպեսզի թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային և աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերի ձեռքբերումից հետո մատակարարները չունենան մուտքի թույլտվություն դեպի այդ համակարգեր` բացառությամբ այն դեպքերի, երբ համաձայնեցնելով շահագործողների հետ, անհրաժեշտ է այդ ծրագրերում կատարել փոփոխություններ կամ լրացումներ:
36.10. Լիազոր մարմինը և օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է միջոցներ ձեռնարկեն կանխելու թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգեր և ավիացիոն տեղեկատվական համակարգեր չարտոնված մուտքերը:
36.11. Լիազոր մարմինը պետք է իրականացնի տեսչական ուսումնասիրություններ` գնահատելու համար օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից կիրառվող թռիչքների ղեկավարման ավտոմատ ծրագրային համակարգերի և ավիացիոն տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովման աստիճանը:»,
i
է. 51-րդ կետը «իրավասու մարմինների» բառերից հետո լրացնել «և օտարերկրյա օդանավ շահագործողների» բառերով,
i
ը. 151-րդ կետի առաջին պարբերությունը «գործողություններից հետո» բառերից հետո լրացնել «մեկշաբաթյա ժամկետում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-ԻՆ