040.0727.191198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 նոյեմբերի 1998 թ. թիվ 727
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետությունում գործող տարաբնույթ նպաստների և փոխհատուցումների համակարգից մեկ միասնական նպաստի համակարգի անցնելու և առավել անապահով ընտանիքների նկատմամբ հասցեագրված սոցիալական աջակցության քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1999 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ներդնել ընտանեկան նպաստի համակարգը:
i
2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգը (կցվում է):
(2-րդ կետն ուժը կորցրել է 25.05.99 թիվ 350 որոշում)
(2-րդ կետի գործողությունը վերականգնվել է 21.07.99 թիվ 476 որոշում)
(2-րդ կետն ուժը կորցրել է 03.07.00 թիվ 350 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը մինչև 1998 թվականի նոյեմբերի 15-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընտանեկան նպաստի (անապահովության սահմանային մեծության միավոր, բազային նպաստ և ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելման չափեր) վերաբերյալ:
(3-րդ կետն ուժը կորցրել է 03.07.00 թիվ 350 որոշում)
4. Սահմանել առավել անապահով ընտանիքի քվոտա` յուրաքանչյուր համայնքի նպաստառու ընտանիքների թվի 5 տոկոսի չափով:
(4-րդ կետն ուժը կորցրել է 03.07.00 թիվ 350 որոշում)
5. Ընտանեկան նպաստի համակարգի ներդրման կապակցությամբ 1999 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) հանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի «Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 172 որոշման 2-րդ կետի «ա», «բ» և 3-րդ կետի «ա», «բ», «գ», «դ» ենթակետերը, իսկ 2-րդ կետի «գ» և 3-րդ կետի «ե» ենթակետերից համապատասխանաբար «գործազուրկի կարգավիճակ ունեցող», «կամ գործազուրկի կարգավիճակ ունեցող» բառերը.
i
բ) հանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» թիվ 251 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 19-ի թիվ 349, 1997 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 367, 1998 թվականի մարտի 17-ի թիվ 175 որոշումների խմբագրությամբ) 1-ին կետի «գ» ենթակետը և 3-րդ կետը.
i
գ) հանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 562 որոշման 1-ին և 5-րդ կետերը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 727 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՐԳ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
(կարգն ուժը կորցրել է 25.05.99 թիվ 350 որոշում)
(կարգը գործողությունը վերականգնվել է 21.07.99 թիվ 476 որոշում)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի (այսուհետև` նպաստ) նշանակման և վճարման կարգը:
2. Նպաստի վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
3. Նպաստ նշանակելու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը ներկայացնում է դիմում փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (այսուհետև` կենտրոն):
4. Կենտրոնը նպաստ նշանակելու մասին դիմումը քննարկում է ոչ ուշ, քան դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:
5. Նպաստի նշանակումը մերժելու դեպքում կենտրոնը 5-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմողին` նշելով մերժման պատճառը:
6. Նպաստ նշանակող մարմնի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
II. ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
7. Նպաստ ստանալու իրավունք ունեն`
ա) ընտանիքի անապահովության աստիճանի գնահատման «Փարոս» համակարգում (այսուհետև` «Փարոս») հաշվառված այն ընտանիքները, որոնց անապահովության աստիճանի գնահատման միավորը բարձր է անապահովության սահմանային մեծության միավորից.
բ) այն ընտանիքները, որոնք ընդգրկվել են համայնքի ղեկավարի կողմից հաստատված և համապատասխան կենտրոն ներկայացված ցուցակներում համայնքներին հատկացված առավել անապահով ընտանիքների քվոտայի սահմաններում:
8. Համայնքի ղեկավարը համայնքին հատկացված առավել անապահով ընտանիքների քվոտայի սահմաններում կազմում է «Փարոսում» հաշվառված այն առավել անապահով ընտանիքների ցուցակները, որոնց անապահովության աստիճանի գնահատման միավորը ցածր է անապահովության սահմանային մեծության միավորից:
Համայնքի ավագանու նիստում քննարկվելուց և համայնքի ղեկավարի կողմից հաստատվելուց հետո այդ ցուցակները ներկայացվում են կենտրոն, որտեղ դրանք ընդգրկվում են նպաստի վճարման ցուցակներում պահպանելով «Փարոսի» հաշվառման կանոնները:
9. Համայնքների ղեկավարներն ապահովում են սույն կարգի 8-րդ կետի համաձայն կազմված առավել անապահով ընտանիքների ցուցակների հրապարակայնությունը` այդ նպատակով օգտագործելով տեղեկատվության բոլոր միջոցները (լրատվության տեղական միջոցներ` թերթ, ռադիո, հեռուստատեսություն, ժողովներ, դիտողական նյութեր և այլն):
10. Նպաստը հաշվարկվում է բազային նպաստին ավելացնելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:
11. Յուրաքանչյուր տարվա համար անապահովության սահմանային մեծության միավորը, բազային նպաստի, ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելման և համայնքներին հատկացվող առավել անապահով ընտանիքների քվոտայի չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
III. ՆՊԱՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
12. «Փարոսում» հաշվառված այն ընտանիքներին, որոնց անապահովության աստիճանի գնահատման միավորը բարձր է անապահովության սահմանային մեծության միավորից, և որոնք նպաստի նշանակման համար դիմել են մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը, նպաստ նշանակվում է տարեսկզբից: Ապրիլի 1-ից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
13. «Փարոսում» չհաշվառված ընտանիքները դիմումի հետ միասին կենտրոն են ներկայացնում նաև «Փարոսում» հաշվառվելու համար սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը: Եթե նշված ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման միավորը բարձր է անապահովության սահմանային մեծության միավորից, ապա դրանց նպաստ նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
14. «Փարոսում» հաշվառված և ընտանիքի կազմի, դրա նյութական, բնակարանային պայմանների փոփոխությունների հետևանքով նպաստի նշանակման համար դիմած ընտանիքներին նպաստ նշանակվում է սույն կարգի 13-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում:
15. Համայնքին հատկացված առավել անապահով ընտանիքների քվոտայի սահմաններում նպաստ նշանակվում է հունվարից, եթե նշված ընտանիքների ցուցակները կենտրոն են ներկայացվել մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը: Նշված ժամկետից հետո նպաստ նշանակվում է ցուցակները ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
16. Ընտանիքի կազմում փոփոխություն կատարվելու դեպքում նպաստը վերահաշվարկվում և վճարվում է կատարված փոփոխությունների մասին դիմելու ամսվան հաջորդող ամսվանից:
17. Նպաստը վճարվում է ոչ ավելի, քան մինչև օրացուցային տարվա վերջը: Եթե ընտանիքում կան այնպիսի անդամներ, որոնց սոցիալական որևէ խմբի պատկանելու ժամկետը լրանում է տվյալ օրացուցային տարվա ընթացքում, ապա նպաստը վճարվում է այդ ժամկետը լրանալու ամիսը ներառյալ: Տվյալ ժամկետը լրանալուց հետո նպաստը վճարվում է սույն կարգի 14-րդ կետի համաձայն:
Համայնքի ներկայացրած ցուցակում ընդգրկված ընտանիքներին նպաստ վճարվում է վեց ամիս, բայց ոչ ավելի, քան մինչև տվյալ օրացուցային տարվա վերջը:
IV. ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
18. Նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ձևաթղթերը հաստատում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:
19. Նպաստ նշանակելու և վճարելու համար ներկայացված փաստաթղթերը պահվում են կենտրոնում:
20. Նպաստը նշանակվում և վճարվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկին` մյուս չափահաս անդամների փոխադարձ համաձայնությամբ: Անհամաձայնության դեպքում ընտանիքի չափահաս անդամի պահանջով նրան կարող է նպաստ նշանակվել իր բաժնեմասով:
21. Ընտանիքի այն անդամի բացակայության դեպքում, որի անվամբ նշանակված է նպաստ, այն վճարվում է ընտանիքի այլ չափահաս անդամի:
22. Կենտրոնի նշանակած նպաստի վճարումը կատարվում է «Հայփոստ» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունների միջոցով:
23. Ընտանիքի բնակության վայրի փոփոխության դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է և այդ պահից այն վերսկսվում է նոր բնակավայրի կենտրոնի կողմից:
Այս դեպքում նպաստի գործը, նպաստ ստացողի դիմումի համաձայն, ուղարկվում է ընտանիքի նոր բնակության վայրի կենտրոն` նշելով նպաստի վճարման դադարեցման ամիսը:
24. Նշանակված, բայց չստացված նպաստի գումարը վճարվում է միայն անցած երեք ամսվա ժամանակահատվածի համար: Կենտրոնի կամ դուստր ընկերության մեղքով չվճարված գումարը վճարվում է առանց ժամկետի սահմանափակման:
V. ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
25. Նպաստի վճարումը դադարեցվում է դրա իրավունքը կորցնելու ամսվա հաջորդ ամսվանից:
26. Նպաստ ստացողի կողմից ակնհայտ սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացվելու, եկամուտները և ընտանիքում կատարված փոփոխությունները թաքցվելու դեպքերում նպաստի վճարումը դադարեցվում է դրանց հայտնաբերման ամսվանից, և ընտանիքը մեկ տարի ժամկետով զրկվում է նպաստ ստանալու իրավունքից: