(ուժը կորցրել է 17.12.12 թիվ 08-Ն և 24.12.12 թիվ 308-Ն հրամաններ)
i
121.0008.300707
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 07 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12107282
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
28 հունիսի 2007 թվականի N 45 11 հուլիսի 2007 թվականի N 08
ՍԵՅՍՄԱՄԻԿՐՈՇՐՋԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Սեյսմամիկրոշրջանացման քարտեզի հաստատման կարգը հաստատելու մասին» N 1581-Ն որոշման 2-րդ կետի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
Հաստատել սեյսմամիկրոշրջանացման աշխատանքների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
Հավելված
Հաստատված է
ՀՀ տարածքային կառավարման
նախարարի 2007 թ. հուլիսի 11-ի
N 08-Ն
և
ՀՀ քաղաքաշինության նախարարի
2007 թ. հունիսի 28-ի N 45
համատեղ հրամանով
ԿԱՐԳ
ՍԵՅՍՄԱՄԻԿՐՈՇՐՋԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է սեյսմամիկրոշրջանացման աշխատանքների (այսուհետ` ՍՄՇ) կազմակերպման և իրականացման դրույթները:
i
2. Սեյսմամիկրոշրջանացումը կատարվում է քաղաքաշինական փաստագրերի մշակման` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման, ինչպես նաև 2001 թվականի սեպտեմբերի 19-ի ՀՀ կառավարության թիվ 882 որոշմամբ հաստատված ՀՀ տարածքում հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների և 2003 թվականի մարտի 13-ի ՀՀ կառավարության թիվ 237-Ն որոշմամբ հաստատված սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների տեղամասերի նախագծման ժամանակ: Բնակավայրերի ՍՄՇ քարտեզները կիրառվում են գլխավոր հատակագծերի կազմման համար:
Սեյսմամիկրոշրջանացումը ինժեներական հետազննությունների հատուկ տեսակ է, որը ապահովում է տարածքի սեյսմիկ վտանգի գնահատումը և կատարվում է սեյսմիկ վտանգի վրա տեղային երկրաբանական, ինժեներաերկրաբանական, գեոմորֆոլոգիական, սեյսմիկ և այլ պայմանների ազդեցության քանակական գնահատման նպատակով` նշելով գրունտների կամ դրանցով կազմված շերտախմբերի վրա առավելագույն հորիզոնական արագացումների մեծությունների փոփոխությունները:
3. Սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով իրականացվող սեյսմամիկրոշրջանացման աշխատանքները ներառում են` ինժեներաերկրաբանական հետազոտություններ, սեյսմահետախուզական աշխատանքներ, միկրոսեյսմերի գրանցումներ, թույլ երկրաշարժերի կամ պայթեցումների գրանցումներ, ուժեղ երկրաշարժերի մակրոսեյսմիկ տվյալների օգտագործում, երկրաֆիզիկական այլ եղանակներով հետազոտություններ, ինժեներաերկրաբանական նմանակությունների մեթոդ, տեսական հաշվարկներ:
Սեյսմիկ վտանգի գնահատման աշխատանքների ծավալը, քաղաքաշինական առաջադրանքի և տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների համադրմամբ, որոշվում է`
1) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման համար անհրաժեշտ սեյսմամիկրոշրջանացման (ՍՄՇ) հիմնական և օժանդակ աշխատանքներ.
ՍՄՇ հիմնական աշխատանքներ.
ինժեներաերկրաբանական հետազոտություններ.
սեյսմահետախուզական աշխատանքներ.
միկրոսեյսմերի գրանցումներ.
ինժեներաերկրաբանական նմանակությունների մեթոդ (եթե տարածքում փորված հորանցքերի քանակը բավարարում է նորմատիվային պահանջներին):
ՍՄՇ օժանդակ աշխատանքներ.
թույլ երկրաշարժերի կամ պայթեցումների գրանցումներ.
տեսական հաշվարկներ.
ուժեղ երկրաշարժերի մակրոսեյսմիկ տվյալների օգտագործում.
երկրաֆիզիկական եղանակներով այլ հետազոտություններ.
2) ՀՀ տարածքում հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների (2001 թվականի սեպտեմբերի 19-ի ՀՀ կառավարության թիվ 882 որոշում), ինչպես նաև սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների (2003 թվականի մարտի 13-ի ՀՀ կառավարության 237-Ն որոշում) տարածքների ՍՄՇ հիմնական և օժանդակ աշխատանքներ.
ՍՄՇ հիմնական աշխատանքներ.
ինժեներաերկրաբանական հետազոտություններ.
սեյսմահետախուզական աշխատանքներ.
միկրոսեյսմերի գրանցումներ.
թույլ երկրաշարժերի կամ պայթեցումների գրանցումներ.
տեսական հաշվարկներ.
ինժեներաերկրաբանական նմանակությունների մեթոդ:
ՍՄՇ օժանդակ աշխատանքներ.
ուժեղ երկրաշարժերի մակրոսեյսմիկ տվյալների օգտագործում.
երկրաֆիզիկական եղանակներով այլ հետազոտություններ:
4. Սույն կարգի դրույթները պարտադիր են Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմամիկրոշրջանացման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների համար:
2. ՍԵՅՍՄԱՄԻԿՐՈՇՐՋԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
5. Սեյսմամիկրոշրջանացման աշխատանքների արդյունքում կազմվում է սեյսմամիկրոշրջանացման քարտեզ` առանձնացված տարբեր սեյսմիկ վտանգ ունեցող տեղամասերով, արտահայտված գրունտի հորիզոնական առավելագույն արագացումներով (0.05ց արագացման ճշտությամբ), նշելով գրունտների տատանումների գերակշռող պարբերությունների արժեքները:
6. Սեյսմամիկրոշրջանացման քարտեզի մասշտաբը, կախված տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների բարդության կարգից, համաձայն Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի (ՀՀՇՆ II-6.02-2006 -ի), ընդունվում է ինժեներաերկրաբանական պայմանների I և II կարգի բարդության դեպքում` 1:10000 ./. 1:5000, III կարգի բարդության դեպքում` 1:5000:
7. Սեյսմամիկրոշրջանացման քարտեզը կազմվում է նույն կամ ավելի խոշոր մասշտաբի տեղագրական հիմքի վրա:
8. Սեյսմամիկրոշրջանացման քարտեզի կազմման ժամանակ, որպես սեյսմիկ վտանգի ելակետային արժեք ընդունվում են ՀՀՇՆ II-6.02-2006 նորմատիվային փաստաթղթում նշված արժեքները:
9. Սեյսմամիկրոշրջանացման աշխատանքները ներառում են.
1) ինժեներաերկրաբանական հետազննություններ, որոնք կատարվում են սեյսմամիկրոշրջանացման քարտեզի ինժեներաերկրաբանական հիմքի ստեղծման նպատակով և կատարվում են այլ տեսակի աշխատանքներից ավելի առաջ: Ինժեներաերկրաբանական հետազոտությունների հանույթի արդյունքում ստացվում են տվյալներ ինժեներաերկրաբանական պայմանների (ներառյալ գեոմորֆոլոգիական, երկրաբանական, գրունտների լիթոլոգիական կազմի, ֆիզիկամեխանիկական բնութագրերի, ստորերկրյա ջրերի մակարդակի, անբարենպաստ ֆիզիկաերկրաբանական պրոցեսների և այլն) մասին, որոնք կարող են ազդել ուսումնասիրվող տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակի, ինչպես նաև կառույցների շինարարության ու շահագործման ընթացքում այդ պայմանների հնարավոր փոփոխությունների վրա: Ինժեներաերկրաբանական հետազոտությունների կազմը և բարդության կարգը որոշվում է ՀՀՇՆ I - 2.01-99-ի 5.2 կետի համաձայն: Գործիքային հետազոտությունների համալիրն ընդգրկում է սեյսմաբանական և երկրաֆիզիկական (սեյսմահետախուզական, միկրոսեյսմերի, թույլ երկրաշարժերի կամ պայթեցումների գրանցման) մեթոդները:
2) Սեյսմահետախուզական դիտարկումների կետերի քանակը մեկ քառակուսի կիլոմետրի համար որոշվում է` ելնելով սեյսմամիկրոշրջանացման քարտեզի մասշտաբից և ինժեներաերկրաբանական պայմանների բարդության կարգից: Այն շինություններից ազատ տարածքի մեկ քառակուսի կմ-ի վրա, կախված սեյսմամիկրոշրջանացման քարտեզի մասշտաբից, կազմում է`
1:10 000 մասշտաբի համար` 5-8 կետ, 1:5 000 մասշտաբի համար` 10-12 կետ:
Միկրոսեյսմերի գրանցումը կիրառվում է գրունտների ռեզոնանսային բնութագրերի գնահատման համար` տարբեր տեսակի գրունտային պայմանների միկրոտատանումների ամպլիտուդների մակարդակի և գերակշռող պարբերությունների համադրման և գրանցման ճանապարհով: Դիտարկման կետերի քանակը ընտրվում է ինժեներաերկրաբանական տվյալներով առանձնացված ամեն մի տեսակի գրունտի համար:
Գործիքային հետազոտությունների համալիրն ապահովում է.
Գրունտների խտության և դրանցում սեյսմիկ ալիքների տարածման արագությունների որոշումը, համապատասխան բանաձևով անցում կատարելով հորիզոնական առավելագույն արագացումների:
Գրունտային համալիրների հիմնական տեսակների` չափանմուշային (էտալոնային) գրունտների համեմատությամբ սեյսմիկ ուժգնության աճի մեծության փոփոխությունը: Որպես չափանմուշային գրունտներ ընտրվում են միջին գրունտները (համաձայն ՀՀՇՆ II-6.02-2006 -ի): Միջին գրունտների ընտրության դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել նաև ուժեղ երկրաշարժերի հետևանքների մակրոսեյսմիկ հետազոտությունների նյութերը (եթե այդպիսիք կան):
Սողանքային և այլ երկրաբանական գործընթացների զարգացման տեղամասերում հնարավոր սեյսմիկ էֆեկտների որակական գնահատականը:
ՈՒսումնասիրվող տարածքի տարբեր տեղամասերի սեյսմիկ վտանգի մակարդակի վրա ռելիեֆի ազդեցության որակական գնահատականը:
Սեյսմիկ վտանգի փոփոխության կանխատեսման նպատակով կատարվող տեսական հաշվարկների ելակետային տվյալների ստացումը:
Գործիքային համալիր հետազոտությունների կազմը, կախված ինժեներաերկրաբանական պայմանների բարդության կարգից և քաղաքաշինական առաջադրանքից, որոշվում է սույն կարգի 3-րդ կետի 1) և 2) ենթակետերի համաձայն:
3) Տեսական հաշվարկներ.
Սույն կարգի 3-րդ կետի 1) և 2) ենթակետերում նշված օբյեկտների տարածքների գրունտների տատանումների գերակշռող պարբերությունների կանխատեսման նպատակով կատարվում են միջավայրի սպեկտրալ բնութագրերի և սինթետիկ ակսելերոգրամների տեսական հաշվարկներ: Տեսական հաշվարկների արդյունքում ստացվում են գրունտների հակազդման սպեկտրեր և սինթետիկ ակսելերոգրամներ: Հակազդման սպեկտրերի քանակը պետք է համապատասխանի ինժեներաերկրաբանական տվյալների հիման վրա առանձնացված տեղամասերի քանակին:
4) ՈՒժեղ երկրաշարժերի մակրոսեյսմիկ տվյալների օգտագործում.
Մակրոսեյսմիկ տվյալներ օգտագործվում են տարածքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի հետևանքների մանրամասն հետազոտություններով ստացված կամ գոյություն ունեցող տվյալների հիման վրա:
5) Գրունտների սեյսմիկ հատկությունների որոշումը նմանակությունների եղանակով կիրառվում է ՍՄՇ մյուս մեթոդների հետ համատեղ (եթե տարածքում գոյություն ունեցող հորատանցքերի քանակը բավարարում է նորմատիվային պահանջներին):
Այն տարածքների համար, որոնց սեյսմիկ վտանգի գնահատականը որոշվում է միայն նմանակության եղանակով, ներկայացվում է համառոտ եզրակացություն տարածքի սեյսմիկ վտանգի գնահատման վերաբերյալ` հիմնավորող նյութերի հետ միասին կամ ինժեներաերկրաբանական պայմանների հաշվետվության (եզրակացության) կազմում առանձնացվում է գրունտների սեյսմիկ հատկությունների մասին բաժին` համապատասխան հիմնավորմամբ:
10. Սույն կարգի 3-րդ կետի 1) և 2) ենթակետերում նշված գործիքային հետազոտություններ իրականացնելիս նախատեսվում են կրկնակի ստուգիչ չափումներ` աշխատանքի ծավալի 5 տոկոսի չափով:
Կրկնակի չափումների նպատակը տվյալների ամբողջականության և հավաստիության, ինչպես նաև ներկայացված նյութի` ստուգման արդյունքին համապատասխանության գնահատումն է:
11. Սեյսմամիկրոշրջանացման ինժեներական հետազոտությունների նյութերը պատվիրատուին ներկայացվում են կատարված աշխատանքների արդյունքների հաշվետվության տեսքով` գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան, բաղկացած տեքստային և գրաֆիկական մասերից ու հավելվածներից:
Սեյսմամիկրոշրջանացման աշխատանքների հաշվետվության տեքստային մասը, սույն կարգի 3-րդ կետի 1) և 2) ենթակետերով նախատեսված աշխատանքների ծավալին համապատասխան, պարունակում է հետևյալ բաժիններն ու տեղեկությունները.
1) Ներածություն - աշխատանքների կատարման հիմքը, հետազննությունների խնդիրները, հետազննությունների շրջանի տեղադրությունը, կատարված աշխատանքների տեսակներն ու ծավալները, կատարման ժամկետները, առանձին տեսակի աշխատանքների կատարման մեթոդները, կատարողների կազմը, շեղումները աշխատանքային ծրագրից, դրանց հիմնավորումը և այլն.
2) Ֆիզիկաաշխարհագրական և տեխնածին պայմանները - շատ հակիրճ տրվում է աշխարհագրական դիրքը, գեոմորֆոլոգիան, ջրագրությունը, ռելիեֆը, կլիման, տեղեկություններ տարածքի շինարարական իրականացման և օգտագործման, տեխնածին պրոցեսների մասին.
3) Տարածքի ուսումնասիրվածությունը - նախկինում ինժեներաերկրաբանական հետազոտությունների ենթարկված տեղամասի բնույթը, նշանակությունը և սահմանները, կատարող կազմակերպությունների անվանումը, աշխատանքների կատարման ժամանակը և հիմնական արդյունքները, սեյսմամիկրոշրջանացման համար դրանց օգտագործման հնարավորությունները.
4) Տարածքի ինժեներաերկրաբանական պայմանները - տարածքի երկրաբանական կառուցվածքը, լիթոլոգիական կտրվածքը, գրունտների ֆիզիկամեխանիկական հատկությունները, գեոմորֆոլոգիական և ջրաերկրաբանական պայմանները, ֆիզիկաերկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսներն ու երևույթները:
Հատուկ ուշադրություն պետք է դարձնել թույլ (նստող, ուռչող, աղակալված և այլն), ջրհագեցած, տեխնածին գրունտների, սողանքների, քարաթափերի, ակտիվ բեկվածքների, 15 աստիճանից թեք լանջերի վրա:
Ինժեներաերկրաբանական հետազոտությունների արդյունքների հիման վրա տրվում է գործիքային դիտարկումների համար անհրաժեշտ կետերի ու պրոֆիլների տեղադրման հիմնավորումը.
5) Աշխատանքների արդյունքները - ներկայացվում է սույն կարգի 3-րդ կետի 1) և 2) ենթակետերում նշված հիմնական, անհրաժեշտության դեպքում նաև` օժանդակ, հետազննությունների և տեսական հաշվարկների արդյունքները: Սեյսմիկ գոտիների սահմանները և դրանցում վտանգի մակարդակը որոշվում են ՍՄՇ մեթոդների համալիրի հիման վրա.
6) Եզրակացություններ և առաջարկություններ - համառոտ կերպով շարադրվում են սեյսմամիկրոշրջանացման ընթացքում բացահայտված ինժեներաերկրաբանական պայմանների և գրունտների սեյսմիկ բնութագրերի փոփոխության հիմնական օրինաչափությունները, տրվում են սեյսմամիկրոշրջանացման քարտեզի գործնական օգտագործման առաջարկություններ.
7) Օգտագործված գրականության ցուցակ - բերվում է հաշվետվության կազմման ընթացքում օգտագործված ֆոնդային և հրատարակված նյութերի ցանկը:
12. Տեքստային հավելվածները պարունակում են`
1) պատվիրատուի տեխնիկական առաջադրանքը, ներառյալ նրա փոփոխություններն ու լրացումները.
2) գրանցված երկրաշարժերի ցուցակ (եթե այդպիսիք կան).
3) գրունտների հատկությունների լաբորատոր որոշումների արդյունքների ամփոփիչ աղյուսակներ.
4) հորանցքերի և մերկացումների ինժեներաերկրաբանական նկարագրություններ.
5) սեյսմիկ վտանգի հաշվարկների աղյուսակներ.
6) գրունտների տատանումների գերակշռող պարբերությունների չափման և հաշվարկային ամփոփիչ աղյուսակներ:
13. Գրաֆիկական մասը պարունակում է`
1) ուսումնասիրվող տարածքի տեսածիրային քարտեզ (պլան).
2) փաստացի նյութերի քարտեզ.
3) ինժեներաերկրաբանական պայմանների քարտեզ.
4) սեյսմաշրջանացման քարտեզի (մանրամասն սեյսմաշրջանացման) հատված` ուժեղ երկրաշարժերի դեպքում գրունտների տատանման քանակական բնութագրերի հավելվածներով.
5) ինժեներաերկրաբանական կտրվածքներ.
6) ուժեղ երկրաշարժերի հաշվարկային ակսելերոգրամներ, գրունտների հակազդման սպեկտրեր և գրունտների տատանումների գերակշռող պարբերությունների սպեկտրեր.
7) երկրաշարժերի գրանցումներ (սեյսմագրամներ, վելոսիգրամներ կամ ակսելերոգրամներ), ուղղաձիգ էլեկտրական զոնդման կորեր, հոդոգրաֆներ, գեոսեյսմիկական և գեոէլեկտրական կտրվածքներ և այլ փաստացի նյութեր (կատարողի օրինակում).
8) սեյսմամիկրոշրջանացման քարտեզ.
9) գերակայող հաճախականությունների սպեկտրներ (աղյուսակներ):
14. Հաշվետվությունը ներկայացվում է պատվիրատուին, ինչպես նաև փոխանցվում է լիազորված մարմնի արխիվ` պահպանելով հեղինակային իրավունքը:
15. Դաշտային աշխատանքների նյութերը հաշվետվության կազմի մեջ չեն մտնում, պատվիրատուին չեն տրվում, այլ հաշվետվության բնագրի հետ պահվում են կատարողի արխիվում: Դաշտային աշխատանքների նյութերը տրամադրվում են միայն ՀՀ կառավարության 19 հոկտեմբերի 2006 թվականի N 1581-Ն որոշման հավելված 3-ի «դ» կետով նախատեսված դեպքում: