Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 799-Ն ...

 

 

040.1626.241005

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» հոկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2005 թվականի N 1626-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 799-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրեր» ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողական հիմնադրամ հիմնադրելու մասին» N 799-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

i

ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

i

բ) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-րդ կետով.

«3.1. Հիմնադրամի հիմնադրի` «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ու 4-րդ կետերով, 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1626-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի ապրիլի 28-ի

N 799-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, ոչ առևտրային, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է:

2. Հիմնադրամն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի «Հիմնադրամների մասին» և «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենքներով, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումներով և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ` հիմնադիր):

4. Հիմնադրամի գույքի սկզբնական արժեքը կազմում է 22,362,874 դրամ:

5. Հիմնադրամը գործում է անժամկետ:

6. Հիմնադրի և հիմնադրամի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

7. Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերում հնարավոր շահառուներ կարող են հանդիսանալ`

ա) բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները, այդ թվում` այլ կառավարող կազմակերպություններ և ֆիզիկական անձինք,

բ) տնտեսական ընկերությունները (ընկերակցությունները),

գ) հանրակրթական դպրոցները,

դ) ֆիզիկական անձինք:

8. Հիմնադրամի անվանումն է`

հայերեն լրիվ` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ,

հայերեն կրճատ` ՀՎԷԷՀ,

անգլերեն լրիվ` Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund,

անգլերեն կրճատ` R2E2 Fund,

ռուսերեն լրիվ` Ֆօնդ վօզօբնօվլյաեմօյ էնեռգետիկի ի էնեռգօսբեռեժենիյա Առմենիի,

ռուսերեն կրճատ` ՖՎԷԷԱ:

9. Հիմնադրամի գտնվելու վայրն է` 375010, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

10. Հիմնադրամի նպատակներն են`

ա) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացմանը նպաստելը,

բ) Հայաստանի էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում շուկայի զարգացմանը խթանելը,

գ) շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը նպաստելը,

դ) էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանն ուղղված մեխանիզմների մշակումը,

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան լիազորություններ տրամադրվելու դեպքում պետության հետ կնքվող գործակալության պայմանագրի հիման վրա պետության անունից ոլորտի զարգացմանը խթանող վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման կազմակերպումը:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Հիմնադրամն իրականացնում է գործունեության հետևյալ տեսակները`

ա) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի քաղաքականության մշակմանը մասնակցություն,

բ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի շուկայի զարգացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

գ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանն ու ծառայությունների կազմակերպմանն աջակցություն,

դ) էներգետիկ ծառայություններ մատուցող ընկերությունների, ֆինանսական կառույցների և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ուսուցում ու կարողությունների հզորացում` կապված էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների կատարման հետ,

ե) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտին վերաբերող նոր տեխնոլոգիաների մասին հանրային իրազեկում,

զ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման կազմակերպում` համաձայն համապատասխան միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված լիազորությունների,

է) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ֆինանսավորման կազմակերպում,

ը) բնակելի և արդյունաբերական էներգախնայողության ծրագրերի ֆինանսավորում,

թ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ծրագրերի ֆինանսավորում` վարկերի կամ դրամաշնորհների տրամադրման միջոցով,

ժ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման միջոցով շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանն աջակցություն` ներառյալ Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի ծրագրերի բացահայտումը,

ժա) ազգային էներգետիկ անվտանգության բարձրացման այլ միջոցառումների իրականացում,

ժբ) հիմնադրամ ներկայացվող ծրագրերի փորձաքննություն և հաստատում, դրանց իրականացման աշխատանքների ֆինանսավորում, խորհրդատուների, մատակարարների և կապալառուների ընտրության նպատակով մրցույթների նախապատրաստում (տեխնիկական առաջադրանքների և մրցութային փաստաթղթերի պատրաստում) և կազմակերպում, ծրագրի իրականացման հետ կապված բոլոր տեսակների պայմանագրերի նախապատրաստում և ստորագրում,

ժգ) ծրագրերի իրականացման մասին հաշվետվությունների պատրաստում ու համապատասխան կազմակերպություններ ներկայացնելը,

ժդ) ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման, կապալառուի նկատմամբ վերահսկողության իրականացում,

ժե) ծրագրերի շրջանակներում վճարումների կառավարում:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Հիմնադրամն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

13. Հիմնադրամի իրավունակությունը ծագում է դրա պետական գրանցման պահից և դադարում է հիմնադրամի լուծարման պետական գրանցման պահից:

14. Հիմնադրամի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք), միջազգային համաձայնագրերով, հոգաբարձուների խորհրդի որոշումներով և սույն կանոնադրությամբ:

15. Հիմնադրամը, միջազգային համաձայնագրի շրջանակներում ծրագիր իրականացնելու դեպքում, որպես սույն կանոնադրության III բաժնում նշված ծրագրեր իրականացնող իրավաբանական անձ, օգտվում է միջազգային համաձայնագրերով սահմանված արտոնություններից:

16. Հիմնադրամը`

ա) որպես սեփականություն ունի առանձնացված գույք,

բ) ունի ինքնուրույն հաշվեկշիռ,

գ) կարող է Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում բացել բանկային հաշիվներ` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով, պետության հետ կնքվող գործակալության պայմանագրերի համաձայն կառավարել այդ պայմանագրերով նախատեսված համապատասխան բանկային հաշիվները,

դ) ունի իր անվանմամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ, ինչպես նաև կարող է ունենալ խորհրդանիշ,

ե) կարող է իր անունից, սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան, ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված պարտականություններ,

զ) կարող է դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

17. Հիմնադրամն օրենքի սահմաններում, իր կանոնադրությամբ նախատեսված ոլորտների և խնդիրների իրականացման համար, իրավունք ունի`

ա) օրենքով չարգելված բոլոր ձևերով ձեռք բերելու գույք, տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու դրանք ու դրանցից ստացված եկամուտը,

բ) նյութապես աջակցելու ֆիզիկական և իրավաբանական անձանց` օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով,

գ) ինքնուրույն կազմավորելու իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառությունների, վարկերի ներգրավմամբ,

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու դրանց հետ կապված պարտավորություններ,

ե) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ,

զ) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (ներկայացուցչություններ, մասնաճյուղեր) և հիմնարկներ,

է) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով,

ը) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:

Հիմնադրամն ունի օրենքով սահմանված այլ իրավունքներ:

Հիմնադրամը ծրագրերի շրջանակներում կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`

ա) ֆինանսական և իրավական խորհրդատվական ծառայությունների մատուցում,

բ) ֆինանսական միջնորդություն,

գ) հավատարմագրային գործառնությունների իրականացում,

դ) էներգետիկական սարքավորումների առևտուր:

18. Հիմնադրամը պարտավոր է`

ա) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին ու այլ իրավական ակտերին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան,

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարել հաշվապահական և հարկային հաշվառում, գործավարություն, իրականացնել հիմնադրամի փաստաթղթերի պահպանումը,

գ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով համապատասխան մարմիններ ներկայացնել տեղեկատվություն ու հաշվետվություններ,

դ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտականություններ:

19. Հիմնադրամին պատկանող քաղաքացիական իրավունքները, ներառյալ դրա պաշտպանության իրավունքը, հիմնադրամն իրականացնում է սեփական հայեցողությամբ:

20. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և միայն օրենքով սահմանված կարգով:

21. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտականությունների, իսկ հիմնադրամը` հիմնադրի պարտավորությունների համար: Հիմնադրամի հիմնադիրը պատասխանատվություն է կրում մինչև հիմնադրամի պետական գրանցումը ծագած` դրա ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԸ

 

22. Հիմնադրամը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Հիմնադրի` հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Այդ գույքը հիմնադրամն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

23. Հիմնադրամը կարող է որպես սեփականություն ունենալ անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

24. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներն են`

ա) հիմնադրի ներդրումը,

բ) ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների կողմից նվիրատվությունները, նվիրաբերությունները,

գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը,

դ) դրամաշնորհները,

ե) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները,

զ) օրենքով չարգելված այլ միջոցներ:

25. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված` փոխհատուցման ենթակա ծախսերի:

26. Հիմնադրամի ծախսերն են`

ա) կանոնադրական նպատակների իրականացման ծախսեր,

բ) վարչակառավարչական ծախսեր:

Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերը կազմում են հիմնադրամի տարեկան ընդհանուր ծախսերի 20 տոկոսը:

27. Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հրապարակել հաշվետվություն իր գույքի օգտագործման մասին:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

28. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով: Հիմնադրամի մարմիններն են`

ա) հոգաբարձուների խորհուրդը,

բ) տնօրենը:

 

VII. ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

29. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ):

30. Խորհուրդն ունի 10 անդամ:

Խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ:

31. Խորհրդի առաջին կազմը կազմավորում է հիմնադիրը: Խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը 2 տարի է: Միևնույն անձը որպես խորհրդի անդամ կարող է առաջադրվել առանց սահմանափակման:

32. Խորհրդի անդամի համար կարող է սահմանվել փոխհատուցում այն ծախսերի համար, որոնք կապված են խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է խորհուրդը:

33. Խորհրդի անդամի լիազորությունները դադարում են`

ա) դիմումի հիման վրա` դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից,

բ) իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում` հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով,

գ) մահվան կամ անգործունակ ճանաչվելու դեպքում,

դ) ժամկետը լրանալիս, եթե այն չի երկարաձգվել:

34. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցել է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Սույն կանոնադրության 38-րդ կետի «ե», «զ» և «ը» ենթակետերով նախատեսված դեպքերում որոշումներն ընդունվում են խորհրդի կազմի 2/3-ի համաձայնությամբ:

35. Նիստերը գումարվում են պարբերաբար` բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստեր կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների 1/3-ի առաջարկությամբ` խորհրդի նախագահի կողմից, պահանջը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ այլ կապի միջոցների կիրառմամբ:

36. Խորհրդի նիստերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրվում են:

37. Եթե խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա այդ անդամը քվեարկությանը չի մասնակցում: Եթե գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարցերը կրում են պարբերական կամ անընդհատ բնույթ, ապա տվյալ անդամի լիազորությունների դադարեցման հարցը դրվում է խորհրդի քննարկմանը: «Գույքային և այլ շահեր» հասկացությունը և դրա առաջացման հիմքերը սահմանվում են խորհրդի որոշմամբ:

38. Խորհրդի իրավասությանն են պատկանում`

ա) հիմնադրամի ռազմավարական ծրագրի (ծրագրերի) հաստատումը,

բ) հիմնադրամի բյուջեի, դրանում կատարվող փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների, գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը,

գ) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը,

դ) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը,

ե) խորհրդի նոր անդամների ընտրությունը և խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը,

զ) հոգաբարձուների խորհրդի նախագահի, հիմնադրամի տնօրենի ընտրությունը և նրա լիազորությունների դադարեցումը, այդ թվում` նաև վաղաժամկետ,

է) հիմնադրամի ղեկավար անձնակազմի հաստատումը` տնօրենի ներկայացմամբ,

ը) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություն կամ լրացում կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին որոշումների ընդունումը,

թ) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման և դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը,

ժ) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը,

ժա) եռամսյա պարբերականությամբ հիմնադրամի կառավարչի հաշվետվությունների լսումը,

ժբ) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը,

ժգ) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի ընտրությունը,

ժդ) օրենքով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորությունների իրականացումը:

Խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու հիմնադրամի գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին:

39. Խորհրդի իրավասության հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

40. Խորհրդի նախագահը`

ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները,

բ) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք,

գ) կազմակերպում է նիստերի արձանագրությունների վարումը:

Խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամները` իրենց կազմից:

41. Նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները խորհրդի որոշմամբ կատարում է անդամներից մեկը:

 

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԸ

 

42. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը: Տնօրենը կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը:

43. Տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը` բացառությամբ օրենքով և սույն կանոնադրությամբ խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերի:

44. Հիմնադրամի տնօրենն առաջին անգամ պաշտոնի է նշանակվում հիմնադրի կողմից:

45. Տնօրենը նշանակվում է 4 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել:

Տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով և սույն կանոնադրությամբ:

46. Հիմնադրամի տնօրենը`

ա) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, հիմնադրամի անունից կնքում է գործարքներ,

բ) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում,

գ) գործում է առանց լիազորագրի և տալիս է լիազորագրեր,

դ) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային),

ե) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ,

զ) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպչական կառուցվածքը և հաստիքացուցակը,

է) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,

ը) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնադրամի աշխատողներին,

թ) հիմնադրամի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ,

ժ) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և հիմնադրի հանձնարարականներով նախատեսված այլ լիազորություններ:

47. Տնօրենն այլ կազմակերպությունում կարող է զբաղեցնել վճարովի պաշտոն` միայն խորհրդի համաձայնությամբ:

 

IX. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

48. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններ, հարկային և այլ պարտադիր վճարների հաշվարկներ ու հայտարարագրեր:

49. Տնօրենը պատասխանատվություն է կրում հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված` պետական կառավարման մարմիններ ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև հիմնադրամի մարմիններին ու այլ անձանց տրամադրվող տեղեկությունների հավաստիության համար` օրենքին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

50. Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների աուդիտը կատարվում է անկախ աուդիտորների կողմից` առնվազն տարեկան մեկ անգամ: Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով կարող է անցկացվել արտահերթ աուդիտորական ստուգում: Աուդիտորներն ընտրվում են մրցութային կարգով և հաստատվում խորհրդի կողմից:

51. Հիմնադրամի կողմից օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև այլ իրավասու պետական մարմիններ` իրենց իրավասության սահմաններում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան:

52. Հիմնադրամը յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտին հաջորդող 6 ամսվա ընթացքում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկություններ հրապարակող մամուլում պարտավոր է հրապարակել`

ա) հաշվետվություն իր գործունեության մասին,

բ) իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները,

գ) ֆինանսական հաշվետվությունների մասին աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը (եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը):

53. Հիմնադրամը հաշվետվությունը հրապարակելուց հետո 15 օրվա ընթացքում` օրենքով սահմանված կարգով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը: Սահմանված ժամկետում հաշվետվությունները թերի հրապարակելու դեպքում հիմնադրամը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից զգուշացվում է թերությունների վերացման մասին:

 

X. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

54. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի միացման և միաձուլման ձևով, խորհրդի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

55. Հիմնադրամը լուծարելու մասին որոշումը կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով: Հիմնադրամը լուծարվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

56. Լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև պարտատերերի նկատմամբ պարտավորություններ չունենալու դեպքում հիմնադրամի գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացմանը, իսկ դրա անհնարինության դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2005
N 1626-Ն
Որոշում