(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0038.160805
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 08 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605326
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
3 օգոստոսի 2005 թվականի N 38-Ն
i
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՀԼԻՃՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել ընտրությունների հետ կապված միջոցառումներ կազմակերպելու նպատակով թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու կարգը (Հավելված 1):
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. սեպտեմբերի 18-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախընտրական քարոզչության իրականացման համար պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 13/2-Ն, 2002 թ. դեկտեմբերի 13-ի «Հանրապետության Նախագահի ընտրություններում թեկնածուների նախընտրական քարոզչության նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 27/3-Ն, 2003 թ. մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուներին և համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչության նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 44-Ն որոշումները:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2005թ. օգոստոսի 3-ի
թիվ 38-Ն որոշման
ԿԱՐԳ
Ընտրությունների հետ կապված միջոցառումներ կազմակերպելու նպատակով
թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին
անվճար դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու
1. Պետական մարմինները համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պահանջով` նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով, թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հավասար հիմունքներով, անվճար` տրամադրում են դահլիճներ և այլ շինություններ:
2. Նախընտրական քարոզչության ժամանակ անվճար հիմունքներով դահլիճ կամ այլ շինություն օգտագործելու նպատակով թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները, միջոցառման կազմակերպման օրվանից առնվազն 5 օր առաջ դիմում են ներկայացնում այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որի տարածքում գտնվում է համապատասխան դահլիճը կամ շինությունը:
3. Դիմումում նշվում է միջոցառումն անցկացնելու վայրը, միջոցառման ձևը, օրը, սկսելու և ավարտելու ժամը, հնարավոր մասնակիցների մոտավոր թիվը, կազմակերպվող միջոցառման պատասխանատուի տվյալները (ազգանուն, անուն, հայրանուն, հաշվառման վայրի հասցեն, հեռախոսահամարները), դիմումը ներկայացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
4. Դահլիճ կամ այլ շինություն տրամադրելու մասին դիմումները` ըստ ստացման հերթականության, գրանցվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում և մեկ օրվա ընթացքում ուղարկվում համապատասխան պետական մարմնի ղեկավարին:
5. Պետական մարմնի ղեկավարը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դիմումատուին գրավոր տեղեկացնում է դահլիճը կամ այլ շինությունը տրամադրելու, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում` դիմումը մերժելու մասին:
6. Եթե դահլիճը կամ այլ շինությունը դիմումատուի կողմից սահմանված ժամանակահատվածում չի կարող հատկացվել, ապա պետական մարմնի ղեկավարը դիմումը մերժելու մասին գրությամբ պետք է առաջարկի այն ժամանակահատվածը (ժամանակահատվածները), որի դեպքում հնարավոր է համապատասխան դահլիճի կամ այլ շինության տրամադրումը:
7. Միևնույն դահլիճը կամ այլ շինությունը նույն ժամին տրամադրելու համար տարբեր դիմումների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ դիմում ներկայացրած թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին:
8. Սույն կարգով հատկացվող դահլիճը կամ այլ շինությունը տրամադրվում է մինչև 3 ժամ տևողությամբ: