(ուժը կորցրել է 13.07.17 թիվ 884-Ն որոշում)
i
040.1111.100805
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հուլիսի 2005 թվականի N 1111-Ն
i
ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել արխիվային փաստաթղթերն առանձնապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու, դրանց հաշվառման, ապահովագրական պատճենների ստեղծման և պահպանության կարգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը հատկապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու կարգը հաստատելու մասին» N 577 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի հուլիսի 14-ի
N 1111-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է արխիվային փաստաթղթերն առանձնապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու, դրանց հաշվառման, ապահովագրական պատճենների ստեղծման և պահպանության կարգը:
II. ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՃԱՆԱՉԵԼԸ
2. Արխիվային փաստաթղթերն առանձնապես արժեքավոր ճանաչելու չափանիշերն են`
ա) արխիվային փաստաթուղթ առաջացնող կազմակերպության տեղն ու դերը պետական կառավարման համակարգում կամ որոշակի բնագավառում, իսկ անձնական ծագման փաստաթղթերի դեպքում` ֆիզիկական անձի կարևորությունը հասարակական կյանքում.
բ) փաստաթղթի ստեղծման ժամանակը և վայրը (տեղը).
գ) փաստաթղթի բովանդակած տեղեկատվության կարևորությունը.
դ) փաստաթղթի արտաքին առանձնահատկությունները.
ե) փաստաթղթի գեղարվեստական, հնագրագիտական, լեզվական առանձնահատկությունները, զինանշանների, կնիքների և դրոշմակնիքների, խորհրդանշանների առկայությունը:
3. Արխիվային փաստաթղթերը հազվագյուտ ճանաչելու չափանիշերն են`
ա) փաստաթղթի հնությունը (ծագման վաղեմությունը).
բ) փաստաթղթի իսկությունը.
գ) փաստաթղթի պատմամշակութային նշանակության անվիճարկելիությունը.
դ) փաստաթղթի հրապարակայնությունը.
ե) փաստաթղթի բարձր նյութական արժեքը.
զ) փաստաթղթի առնչությունը պատմական իրադարձությանը.
է) փաստաթղթի առնչությունը պատմական անհատին.
ը) փաստաթղթի իրավական նշանակությունը.
թ) փաստաթղթի գեղարվեստական և այլ ձևավորման առանձնահատկությունները:
Սույն կետի «ա» ենթակետի չափանիշը` փաստաթղթերի հնությունը, բավարար է փաստաթուղթը հազվագյուտ ճանաչելու համար և այլ չափանիշի կիրառում չի պահանջվում: Սույն կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերի չափանիշը կիրառվում է համատեղ այն բոլոր փաստաթղթերի նկատմամբ, որոնք վերաբերում են «զ», «է», «ը» և «թ» ենթակետերի չափանիշից որևիցե մեկին: Այսինքն, հնության չափանիշի բացակայության դեպքում, փաստաթուղթը հազվագյուտ կարող է ճանաչվել առնվազն 5 չափանիշ կիրառելիս:
4. Արխիվային փաստաթղթերն առանձնապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչվում են դրանց փորձաքննությամբ արժեքավորելուց և պետական, համայնքային կամ պետական մարմինների աշխատակազմի արխիվներ (այսուհետ` արխիվ) պահպանության հանձնելուց հետո:
5. Առանձնապես արժեքավոր են ճանաչվում մինչև 1828 թվականն առաջացած բոլոր արխիվային փաստաթղթերը` առանց փորձաքննությամբ արժեքավորման:
6. Արխիվային փաստաթղթերն առանձնապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու անմիջական աշխատանքները հայտնաբերում և նկարագրում են արխիվները:
7. Այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց սեփականություն համարվող փաստաթղթերն առանձնապես արժեքավոր և հազվագյուտ են ճանաչվում դրանց սեփականատերերի ցանկությամբ` սույն կարգով սահմանված ընթացակարգով:
8. Արխիվային փաստաթղթերն առանձնապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու որոշումն ընդունում է «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ազգային արխիվ) արխիվների ու այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հայտերի հիման վրա:
9. Արխիվային փաստաթղթերն առանձնապես արժեքավոր ճանաչելու ընթացակարգը, բացառությամբ սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքի, իր մեջ ներառում է`
ա) առանձնապես արժեքավոր փաստաթղթեր պարունակող պահպանման միավորների (գործերի) ցուցակի կազմումն արխիվներում.
բ) հայտի ներկայացումը ազգային արխիվ.
գ) ազգային արխիվի մեթոդական-փորձագիտական հանձնաժողովի կողմից ներկայացված նյութի քննարկումը և որոշման ընդունումը:
10. Արխիվային փաստաթուղթը հազվագյուտ ճանաչելու ընթացակարգն իր մեջ ներառում է`
ա) ամեն մի հայտնաբերված հազվագյուտ փաստաթղթի համար հազվագյուտ փաստաթղթի հաշվառման և նկարագրման թերթի կազմումն արխիվներում.
բ) հայտի ներկայացումն ազգային արխիվ.
գ) ազգային արխիվի մեթոդական-փորձագիտական հանձնաժողովի կողմից ներկայացված նյութերի քննարկումը և որոշման ընդունումը:
III. ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
11. Արխիվներում պահպանվող առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերը հաշվառվում են առանձին` ընդհանուր հաշվառման փաստաթղթերում դրանց ամրագրված նիշերի պահպանմամբ:
12. Առանձնապես արժեքավոր փաստաթղթերը հաշվառվում են ըստ այդպիսի փաստաթղթեր պարունակող ֆոնդերի և պահպանման միավորների (գործերի) ցուցակների:
13. Առանձնապես արժեքավոր փաստաթղթեր պարունակող արխիվային ֆոնդերի հատուկ ցուցակը կազմվում է դրանց հանրագումարային հաշվառումն ապահովելու նպատակով: Ֆոնդերի ցուցակում ընդգրկվում են բոլոր այն արխիվային ֆոնդերը, որոնցում հայտնաբերվում են առանձնապես արժեքավոր փաստաթղթեր պարունակող պահպանման միավորներ (գործեր):
14. Պահպանման միավորների (գործերի) ցուցակը կազմվում է առանձնապես արժեքավոր փաստաթղթերի միավորային ու հանրագումարային հաշվառում իրականացնելու համար:
15. Եթե պահպանման միավորների (գործերի) ցուցակում ներառված բոլոր գործերը կամ դրանց մեծ մասն առանձնապես արժեքավոր փաստաթղթեր են պարունակում, ապա դրանց համար առանձին ցուցակ չի կազմվում, այլ իբրև այդպիսին հանդիսանում է ցուցակի պատճենված օրինակը:
16. Եթե առանձնապես արժեքավոր փաստաթղթեր են պարունակում ցուցակում ներառված պահպանման միավորների (գործերի) կեսից պակաս մասը, ապա հատուկ ցուցակ կազմվում է տվյալ ֆոնդի մեկ կամ մի քանի ընդհանուր ցուցակների ամփոփած առանձնապես արժեքավոր փաստաթղթեր պարունակող պահպանման միավորների (գործերի) համար` կախված դրանց քանակական ծավալից:
17. Ցուցակում առանձնապես արժեքավոր փաստաթղթեր պարունակող պահպանման միավորները (գործերը) համակարգվում են տվյալ ֆոնդի ցուցակների և գործերի համարների հերթականությամբ:
18. Առանձնապես արժեքավոր փաստաթղթեր պարունակող պահպանման միավորների (գործերի) ցուցակի տիտղոսաթերթում նշվում է տվյալ արխիվի անվանումը, ֆոնդի համարն ու անվանումը և համապատասխան ցուցակի հերթական համարը:
19. Ցուցակի ամփոփագրում ցույց է տրվում առանձնապես արժեքավոր փաստաթղթեր պարունակող պահպանման միավորների (գործերի) հանրագումարային ծավալը, ինչպես նաև այն պահպանման միավորների (գործերի) քանակը, որոնք պատճենահանված են թե՛ ապահովագրական ֆոնդի և թե՛ օգտագործման ֆոնդի համալրման համար: Ցուցակում ներառված առանձնապես արժեքավոր փաստաթղթեր պարունակող պահպանման միավորների (գործերի) ամբողջությամբ պատճենահանումից հետո վերջնական տվյալների հիման վրա ցուցակի ամփոփագիրը վերակազմվում է:
20. Առանձնապես արժեքավոր արխիվային փաստաթղթեր պարունակող պահպանման միավորների (գործերի) հատուկ ցուցակը կազմվում է 3 օրինակից: Առաջին օրինակը պահվում է արխիվի պահպանման միավորների (գործերի) ցուցակների անձեռնմխելի օրինակների լրակազմում` ըստ ֆոնդերի և ցուցակների հերթական համարների, երկրորդ օրինակը նախատեսվում է ապահովագրական ֆոնդի համար պատճենահանված յուրաքանչյուր խմբաքանակի հետ միասին արխիվապահոցում առանձնացված պահպանության հանձնելու համար, իսկ երրորդ օրինակը պահվում է արխիվապահոցում, որտեղ պահպանվում են նաև առանձնապես արժեքավոր փաստաթղթերի բնօրինակներն ամփոփող արխիվային ֆոնդերն ու պահպանման միավորները (գործերը):
21. Առանձնապես արժեքավոր փաստաթղթեր պարունակող արխիվային ֆոնդերի կենտրոնացված` կենտրոնական ֆոնդային քարտարանում հաշվառելու նպատակով կազմվում է ֆոնդային քարտ: Առանձնապես արժեքավոր փաստաթղթեր պարունակող ֆոնդի քարտի երեսի կողմում և համապատասխան պահպանման միավորների (գործերի) կազմերի (շապիկների) վերին աջ անկյունում, ինչպես նաև այն արկղերի վրա, որտեղ տեղադրված են պահպանման միավորները (գործերը), վառ գույնի թանաքով կամ տուշով դրվում է «ԱԱ» («Առանձնապես արժեքավոր») սոսկ ծառայական նշանակություն ունեցող և ֆոնդի պայմանանիշի կազմի մեջ չմտնող տառային նշագիրը, որը նաև գծիկով ավելացվում է տեղագրական ցուցիչներում զետեղված ֆոնդերի ու գործերի հերթական համարներին:
22. Հազվագյուտ ճանաչված փաստաթղթերը հաշվառվում են նաև դրանց պետական հատուկ հաշվառման գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան), որի ձևը և վարման կարգը սահմանում է լիազորած պետական մարմինը:
23. Գրանցամատյանը վարում է ազգային արխիվը հազվագյուտ փաստաթղթերի կենտրոնացված հաշվառման, պահպանության ապահովման և օգտվողներին դրանց կազմի ու բովանդակության մասին ըստ անհրաժեշտության տեղեկատվություն տրամադրելու նպատակով:
24. Գրանցամատյանում գրանցման ենթակա են բոլոր հազվագյուտ ճանաչված փաստաթղթերը` անկախ դրանց պահպանության վայրից և սեփականության ձևից:
25. Արխիվային ֆոնդերի կազմում հայտնաբերված առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերի քանակական կազմի վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր տարի արտացոլվում է արխիվային ֆոնդերի կազմում կատարված փոփոխությունների մասին ամենամյա վիճակագրական հաշվետվությանը կից բացատրագրում:
IV. ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
26. Առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերի բնագրերը կորստյան մատնվելու կամ փչանալու դեպքում դրանցում պարունակող տեղեկատվությունը պահպանելու նպատակով արխիվներում ստեղծվում են դրանց ապահովագրական պատճենները, որոնց ամբողջությունն էլ կազմում է այդ փաստաթղթերի ապահովագրական ֆոնդը:
27. Ապահովագրական ֆոնդի համար պատճենահանման ենթակա են առանձնապես արժեքավոր ճանաչված բոլոր փաստաթղթերը` անկախ դրանց տեսակից (վերարտադրման եղանակից), ստեղծման ժամանակից ու կրիչից, ինչպես նաև այն արխիվային ֆոնդերի ցուցակները, որոնց կազմում առկա են առանձնապես արժեքավոր գործեր:
28. Առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերի ապահովագրական պատճենների տեսակներն են`
ա) թղթե կրիչով փաստաթղթերի համար` բնագրերից պատրաստված նեգատիվ միկրոձևերը (միկրոֆիլմ կամ միկրոֆիշ), ինչպես նաև արխիվային տեխնոլոգիաների ներդրմամբ ստեղծված էլեկտրոնային, լազերային, քսերո, ֆոտո և այլ պատճենները.
բ) կինոփաստաթղթերի համար` բնագրի` համապատասխան տեսակի ժապավենի վրա կոնտակտային մեթոդով պատրաստված առաջին համատեղված պատճենը.
գ) ֆոտոփաստաթղթերի համար` բնագրից համապատասխան տեսակի լուսանկարչական ժապավենի արտատպման կամ կոնտակտային տպագրության մեթոդով պատրաստված առաջին պատճենը.
դ) ֆոնոփաստաթղթերի համար` բնագրից համապատասխան տեսակի մագնիսական ժապավենի վրա մագնիսական ձայնագրման միջոցով պատրաստված առաջին պատճենը: Հազվագյուտ ճանաչված ֆոնոփաստաթղթերի ապահովագրական պատճենները կարող են պատրաստվել մեխանիկական ձայնագրման միջոցով (1-ին և 2-րդ ձայնասկավառակ).
ե) տեսափաստաթղթերի համար` բնագրի ձևաչափով մագնիսական ժապավենի ձայնագրմամբ պատրաստված առաջին պատճենը.
զ) էլեկտրոնային փաստաթղթի համար` լազերային սկավառակի վրա պատրաստված առաջին պատճենը:
29. Առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերի բնագրերի երկարակեցությունն ապահովելու, դրանցում պարունակվող փաստաթղթային տեղեկատվության օգտագործումն առավել արդյունավետորեն կազմակերպելու նպատակով այդ փաստաթղթերի ապահովագրական պատճենների ֆոնդի ստեղծման հետ միաժամանակ պատրաստվում է դրանց օգտագործման ֆոնդը` պատճենների հետևյալ պարտադիր լրակազմով`
ա) թղթե կրիչով փաստաթղթերի համար` նեգատիվ միկրոձևից պատրաստված պոզիտիվ միկրոձևը.
բ) ֆոտոփաստաթղթի համար` մեկ պոզիտիվ արտատիպ և մեկ կրկնօրինակ նեգատիվ.
գ) կինոփաստաթղթերի համար մեկ համատեղված պոզիտիվ պատճեն, պատկերման մեկ միջակա և ձայնագրվածքի մեկ կոնտրատիպ (հնչյունային կինոփաստաթղթերի համար): Պոզիտիվ պատճենը և պատկերման միջակա պոզիտիվը պետք է ներառվեն մշտական պահպանության ընդունվող կինոփաստաթղթերի լրակազմում.
դ) ֆոնոփաստաթղթերի համար` 6,25 մմ լայնությամբ մագնիսական ժապավենի վրա պատրաստված մեկ պատճենը.
ե) տեսափաստաթղթերի համար` VHS ձևաչափի մեկ պատճենը.
զ) էլեկտրոնային փաստաթղթի համար` լազերային սկավառակի վրա պատրաստված մեկ պատճենը:
30. Օգտագործման ֆոնդում, որպես կանոն, ընդգրկվում են լրիվ կերպով (ամբողջականորեն) պատճենահանված գործերի պատճենները: Առանձին փաստաթղթերի պատճեններն օգտագործման ֆոնդում կարող են ներառվել միայն փաստաթղթերի թեմատիկ հավաքածուների կազմում դրանք ընդգրկելու միջոցով:
31. Ապահովագրական պատճեններն իրենց բովանդակությամբ և բնորոշ արտաքին հատկանիշներով պետք է լիովին համապատասխանեն բնագիր փաստաթղթին: Պատճեններ պատրաստողի կողմից պետք է երաշխավորվի գործող համապատասխան նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին դրանց համապատասխանությունը:
32. Ապահովագրական պատճեններ պատրաստողը պարտադիր ստուգում է դրանց որակը և ստուգման արդյունքները զետեղում համապատասխան նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված ձևի ակտերում:
33. Ապահովագրական պատճեններն ընդունելու-հանձնելու ժամանակ ստուգվում է դրանց լրակազմի ամբողջականությունը, պատճենների քանակը, տեխնիկական վիճակը ակնադիտմամբ, ինչպես նաև տեխնիկական վիճակի մասին ակտում գրառված տվյալների ու տեղեկությունների լրիվությունը և ճշտությունը:
Առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերի ապահովագրական ֆոնդի և օգտագործման ֆոնդի հաշվառումն իրականացվում է գերատեսչական ակտի սահմանած կարգով:
34. Պահպանության ընթացքում ապահովագրական պատճենները ենթակա են`
ա) առկայության և վիճակի ստուգման` ապահովագրական պատճենների փաստացի առկայությունը սահմանելու, հաշվառման փաստաթղթերի տվյալներին դրանց համապատասխանությունը փաստելու նպատակով.
բ) տեխնիկական վիճակի վերահսկողության և անհրաժեշտ կոնսերվացիոն-նախապահպանական միջոցառումների անցկացման:
35. Ապահովագրական ֆոնդի տեխնիկական վերահսկողությունն իրականացվում է 3 տարին մեկ անգամ, ընդ որում, վերահսկման ենթակա է յուրաքանչյուր տարում պատրաստված ապահովագրական պատճենների 1/3-ը:
36. Տեխնիկական վերահսկողության արդյունքները գրանցվում են ապահովագրական պատճենների տեխնիկական վիճակի մասին ակտում, որտեղ տրվում է եզրակացություն նախապահպանական և վերականգնման աշխատանքների անցկացման անհրաժեշտության ու ժամկետների մասին և սահմանվում է հաջորդ տեխնիկական ստուգման անցկացման ժամկետը:
37. Օգտագործման ֆոնդի առկայության և վիճակի ստուգումն իրականացվում է փաստաթղթերի պատճենների պահպանվածության վերահսկման և օգտագործման ֆոնդի ժամանակին վերականգնման հետ կապված աշխատանքները կազմակերպելու նպատակով:
Օգտագործման ֆոնդի պատճենների առկայության և վիճակի ստուգման աշխատանքների ծավալն ու դրա անցկացման պարբերականությունը սահմանվում է` հաշվի առնելով ֆոնդի ընդհանուր ծավալը, պատճենների տրամադրման և դրանց վերաստեղծման (վերարտադրման) հաճախականությունը, ինչպես նաև արխիվում ապահովագրական ֆոնդի պահպանության առկա պայմանները:
38. Ապահովագրական պատճեններն արխիվապահոց ընդունում-հանձնումը իրականացվում է արխիվի տնօրենի հրամանի հիման վրա, որին կցվում են առանձնապես արժեքավոր պահպանման միավորների (գործերի) ցուցակները կամ պահպանման միավորների (գործերի) ցուցակների պատճենները, որոնցից պատճենահանված է ապահովագրական ֆոնդը:
39. Առանձնապես արժեքավոր փաստաթղթերի ապահովագրական ֆոնդն անձեռնմխելի է և պահպանվում է բնագրերից զատ` առանձին արխիվապահոցում կամ ընդհանուր արխիվապահոցի առանձնացված հատվածում:
V. ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
40. Առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերը պահպանվում են առանձին արխիվապահոցում կամ ընդհանուր արխիվապահոցի առանձնացված հատվածում:
41. Առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերի առանձնացված պահպանության համար նախատեսված արխիվապահոցում կամ ընդհանուր արխիվապահոցի առանձնացված հատվածում կարող են տեղաբաշխվել`
ա) ամբողջ ֆոնդը, եթե նրա կազմում ներառված փաստաթղթերի հիմնական մասը ճանաչվել է առանձնապես արժեքավոր և հազվագյուտ.
բ) ֆոնդի (ֆոնդերի) որոշակի կառուցվածքային մասերը (բաժինները), որոնցում ներառված պահպանման միավորների (գործերի) կազմում առկա են առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթեր.
գ) ֆոնդի (ֆոնդերի) կազմից առանձնացված և որոշակի հատկանիշով միավորված պահպանման միավորներ (գործեր), որոնցում պահպանվում են առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթեր:
42. Առանձնապես արժեքավոր փաստաթղթեր պարունակող ամբողջական ֆոնդերը, դրանց որոշակի կառուցվածքային մասերը (բաժինները) և պահպանման միավորները (գործերը) առանձնացված պահպանության են հանձնվում պետական և համայնքային արխիվի տնօրենի, պետական մարմնի աշխատակազմի ղեկավարի հրամանի համաձայն` համապատասխան ընդունման-հանձնման ակտի ձևակերպմամբ:
43. Առանձնապես արժեքավոր փաստաթղթերի պահպանության համար տրամադրվող արխիվապահոցը կամ ընդհանուր արխիվապահոցի առանձնացված հատվածը պետք է ունենա այդ փաստաթղթերի պահպանությունն ապահովելու նորմատիվային պայմանակարգ (ռեժիմ):
44. Առանձնացված պահպանության հանձնվող առանձնապես արժեքավոր փաստաթղթերը ենթարկվում են նախապահպանական և տեխնիկական հատուկ մշակման: Այդ փաստաթղթերի նկատմամբ պահպանության ընթացքում կիրառվող միջոցառումները (թերթային փոշեհանում, ախտահանում և այլն) իրականացվում են ըստ անհրաժեշտության:
45. Առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերի ամբողջ համալիրը հանվում է արխիվի ներսում և արխիվից դուրս անմիջապես, ակտիվ օգտագործման գործընթացից: Առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերի բնագրերի փոխարեն պետք է օգտագործվեն այդ նպատակով արխիվում ստեղծված դրանց օգտագործման ֆոնդի պատճենները:
46. Որպես կանոն, առանձնապես արժեքավոր փաստաթղթերի բնագրերը չպետք է տրամադրվեն ուսումնասիրողներին, ցուցադրվեն ցուցահանդեսներում, տրվեն այլ կազմակերպություններին` ժամանակավոր օգտագործման: Սույն կանոնից շեղումներ թույլատրելի է սոսկ առանձնահատուկ դեպքերում, պետական և համայնքային արխիվի տնօրենի, պետական մարմնի աշխատակազմի ղեկավարների հատուկ թույլտվությամբ: