040.0898.090705
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունիսի 2005 թվականի N 898-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1923-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի «Ապրանքների (աշխատանքների ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունը սպառողին հասցնելու կարգը սահմանելու մասին» N 1923-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 23-ի
N 898-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՈՂԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ
1. Արտադրողի (կատարողի, վաճառողի) և ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մասին սպառողին տրամադրվող տեղեկատվությունը պետք է բավարարի «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված պարտադիր պահանջները և ապահովի սպառողի կողմից դրանց ճիշտ ընտրության հնարավորությունը:
2. Արտադրողի (կատարողի, վաճառողի), ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) (այսուհետ` ապրանքներ) առանձին տեսակների մասին սպառողին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջները:
3. Ապրանքների մասին տեղեկատվությունը հասցվում է սպառողներին ի գիտություն` տեխնիկական փաստաթղթերով, պիտակների, գնապիտակների վրա` համապատասխանության նշանի, համապատասխանության հայտարարագրի, համապատասխանության սերտիֆիկատի միջոցով կամ գործարար միջավայրում ընդունված այլ ձևերով և մեթոդներով:
4. Արտադրողը (կատարողը, վաճառողը) ինքնուրույն է որոշում սպառողին տրամադրվող տեղեկատվության անհրաժեշտ ծավալը` ըստ տրամադրման ձևերի և մեթոդների` հաշվի առնելով օրենքով սահմանված ոչ լրիվ տեղեկատվության տրամադրման համար իր պատասխանատվությունը:
5. Արտադրողը (կատարողը, վաճառողը) պետք է սպառողին տրամադրի տեղեկատվություն այն կազմակերպությունների անվանումների և գտնվելու վայրի մասին, որոնք արտադրողի (կատարողի, վաճառողի) կողմից լիազորված են ընդունելու սպառողների բողոքները և գանգատները, կատարելու ապրանքների նորոգում ու տեխնիկական սպասարկում:
6. Հայաստանի Հանրապետության տարածքում փաթեթավորված և չափածրարված ապրանքները (այդ թվում` սննդամթերքը) պետք է ունենան տեղեկատվություն դրանք արտադրող երկրի մասին:
7. Արտադրողը (կատարողը, վաճառողը) իրավասու է սպառողին չտրամադրելու առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն:
8. Վաճառողը (կատարողը) սույն կարգը տեսանելի և հասանելի ձևով հասցնում է սպառողներին` այն փակցնելով հայտարարության վահանակների վրա կամ գործունեության վայրի այլ` հարմար տեղերում: