(ուժը կորցրել է 13.07.17 թիվ 884-Ն որոշում)
i
040.0189.090305
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 փետրվարի 2005 թվականի N 189-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետական հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14, 18 և 21-րդ հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 246 որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի փետրվարի 17-ի
N 189-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի (այսուհետ` արխիվային հավաքածու) պետական հաշվառման կարգը:
2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
i
ա) արխիվային փաստաթղթերի հաշվառում` սահմանված հաշվառման միավորներով արխիվային փաստաթղթերի քանակի ու կազմի որոշում և հաշվառման փաստաթղթերում այդ քանակի ու կազմի արտացոլում` դրանց պահպանվածության և առկայության հսկողության ապահովմամբ.
բ) պետական հաշվառում` արխիվային հավաքածուի և այլ արխիվային փաստաթղթերի պահպանությունն իրականացնող արխիվների կողմից արխիվային փաստաթղթերի հաշվառում` սույն կարգով սահմանված սկզբունքներով և արխիվային գործի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) սահմանված ընթացակարգով.
գ) հատուկ հաշվառում` արխիվային հավաքածուի հազվագյուտ փաստաթղթերի առանձնացված հաշվառում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
դ) կենտրոնացված պետական հաշվառում` արխիվային հավաքածուի փաստաթղթերի հաշվառման համակարգ` տվյալների մեկ շտեմարանում արխիվային ֆոնդերի (արխիվային ֆոնդ-հավաքածուների) քանակի ու կազմի և պահպանման միավորների (գործերի) քանակի մասին տեղեկությունների կենտրոնացմամբ.
ե) հաշվառման փաստաթուղթ` արխիվային փաստաթղթերի մուտքագրումը, դուրսգրումը, քանակը, կազմը և վիճակը հաշվառման միավորներով արձանագրող լիազորած մարմնի սահմանած ձևի փաստաթուղթ.
զ) հաշվառման միավորներ` արխիվային փաստաթղթերի հաշվառման հիմնական միավորներ` արխիվային ֆոնդ (արխիվային ֆոնդ-հավաքածու), կինո-, ֆոնո- փաստաթղթերի համար` անվանում և պահպանման միավոր (գործ)` անկախ տեղեկատվության կրիչի տեսակից և գրանցման ձևից.
է) արխիվային ֆոնդ (արխիվային ֆոնդ-հավաքածու) մշտական պահպանության ենթակա` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի, ֆիզիկական անձի (ընտանիքի, տոհմի) գործունեությամբ առաջացած կամ տարբեր ծագում ունեցող, մեկ կամ մի քանի հատկանիշներով (թեմատիկ, անվանական, հեղինակային, ժամանակագրական և այլն) միմյանց հետ կապված փաստաթղթերի ամբողջություն.
ը) պահպանման միավոր (գործ)` ֆիզիկապես առանձնացված փաստաթուղթ կամ փաստաթղթերի ամբողջություն.
թ) արխիվային նիշ` հաշվառում և նույնականացում ապահովելու համար յուրաքանչյուր պահպանման միավորի (գործի) վրա դրոշմվող որևէ նիշ:
(2-րդ կետը փոփ. 03.11.05 թիվ 1924-Ն որոշում)
3. Արխիվային հավաքածուի փաստաթղթերը հաշվառվում են ըստ հաշվառման միավորների` արխիվային ֆոնդերի (արխիվային ֆոնդ-հավաքածուների) և պահպանման միավորների (գործերի):
4. Հաշվառումն իրականցվում է արխիվային փաստաթղթերին (հաշվառման միավորներին, պահպանման միավորներին) հաշվառման համարներ տալու միջոցով, որոնք արխիվային նիշի բաղկացուցիչ մասերն են: Արխիվային նիշը կազմված է հետևյալ համարներից` արխիվային ֆոնդ (արխիվային ֆոնդ-հավաքածու), ցուցակ, պահպանման միավոր (գործ):
5. Արխիվային հավաքածուի փաստաթղթերի պետական հաշվառման ելակետային դրույթներն են`
ա) կենտրոնացում` իրագործվում է արխիվային փաստաթղթերի մշտական և ժամանակավոր պահպանությունն իրականացնող արխիվների ու դրանց համալրման աղբյուր-կազմակերպությունների, ինչպես նաև արխիվային հավաքածուի փաստաթղթերի պահպանությունն իրականացնող իրավաբանական ու ֆիզիկական անձանց կանոնակարգված փոխգործողությունների հիման վրա.
բ) միասնականացում` իրականացվում է արխիվային փաստաթղթերի` դրանց հետ կատարվող աշխատանքի բոլոր փուլերում հաշվառման փաստաթղթերի հաջորդականության, դրանց կազմման, լրացման ու վարման մեթոդիկայի միասնականության ապահովման հիման վրա.
գ) շարժունություն` ապահովվում է առկա հաշվառման փաստաթղթերում ժամանակին ու արագ փոփոխություններ կատարելով կամ հաշվառման նոր փաստաթղթեր կազմելով.
դ) պետական հաշվառման լիակատարություն և հավաստիություն:
6. Արխիվային հավաքածուի պետական հաշվառման հիմքը հաշվառման միավորների` արխիվային ֆոնդերի (արխիվային ֆոնդ-հավաքածուների) և պահպանման միավորների (գործերի) գրանցման միասնական համակարգն է, որն ապահովում է արխիվային փաստաթղթերի դասակարգումը և դրանց հասցեական որոնման հնարավորությունը:
7. Պետական հաշվառման ենթակա են արխիվային հավաքածուի կազմում ընդգրկվող բոլոր փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Արխիվային հավաքածուի հազվագյուտ փաստաթղթերը ենթակա են պետական հատուկ հաշվառման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պետական ու համայնքային արխիվներ պահատվության հանձնված արխիվային փաստաթղթերը հաշվառվում են արխիվային հավաքածուի` պետության և համայնքի սեփականությունը համարվող մշտական պահպանության փաստաթղթերից առանձին` լիազորված մարմնի սահմանած ձևի հաշվառման մատյանում:
10. Արխիվային հավաքածուի փաստաթղթերի կենտրոնացված պետական հաշվառումը կատարում է «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
i
11. Արխիվային հավաքածուի փաստաթղթերի պետական հաշվառումը, հաշվառման փաստաթղթերի վարումը և կենտրոնացված պետական հաշվառման համար հաշվետու տեղեկությունները ներկայացնելն իրականացվում են լիազորված մարմնի սահմանած ընթացակարգով: