Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈ ...

30.08.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.02.2005  -ից մինչեւ   30.08.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 05.06.08 թիվ 853-Ն որոշում)

i

040.1690.161204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 սեպտեմբերի 2004 թվականի N 1690-Ն

 

i

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գնումների գործընթացի կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

i

ա) պետության և համայնքների կարիքների համար մրցույթի ձևով կազմակերպվող գնումներին տնտեսավարող սուբյեկտների մասնակցությունն ավելացնելու նպատակով ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գնումների պաշտոնական տեղեկագրի յուրաքանչյուր համարի հրապարակումից հետո հեռուստատեսությամբ և ռադիոյով տվյալ տեղեկագրում հայտարարված մրցույթների ու դրանց մասնակցության հիմնական պայմանների մասին հաղորդումների և հայտարարությունների պատրաստումն ու հեռարձակումը.

բ) մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով` գնանշումների միջոցով կազմակերպվող գնումների դեպքում ապահովել գնանշումների հայտարարությունների առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող 3 տարբեր տպագիր լրատվական միջոցներով (թերթերով) հրապարակումը, ինչպես նաև դրանց մասին հեռուստատեսությամբ և ռադիոյով համառոտ հայտարարությունների պատրաստումն ու հեռարձակումը.

գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գնումների գործընթացի մոնիտորինգի իրականացման մշտական հիմունքներով գործող խմբի միջոցով կատարել ուսումնասիրություններ 2002-2004 թվականների ժամանակահատվածում մեկ աղբյուրից գնման ձևով համեմատաբար խոշոր գնումներ կատարած 7 պետական մարմիններում և դրանց արդյունքների հիման վրա առաջարկություններ ներկայացնել գնման նշված ձևի կիրառումը նվազեցնելու ուղղությամբ.

դ) առնվազն յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ ապահովել «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողների` գրավոր կարգով ատեստավորումը: Հաստատել ատեստավորման հանձնաժողովի կազմը և ատեստավորման կարգը` առաջին ատեստավորումը կազմակերպելով մինչև 2005 թվականի ապրիլի 30-ը:

(1-ին կետը փոփ. 03.02.05 թիվ 88-Ն որոշում)

2. Սահմանել, որ`

ա) արգելվում է խմբավորել առանձին բնութագրեր ունեցող գնումները` որպես մրցույթի մեկ չափաբաժին, եթե դրանք կարող են տվյալ մրցույթին ներկայացվել առանձին չափաբաժիններով.

բ) մրցույթների և գնանշումների ձևով կազմակերպվող գնումների դեպքում մասնակիցներին հնարավորություն է տրվում հայտեր ներկայացնել ինչպես բոլոր, այնպես էլ առանձին չափաբաժինների համար, պայմանով, որ գնային առաջարկների համեմատումը կատարվում է ըստ առանձին չափաբաժինների և յուրաքանչյուր դեպքում տվյալ չափաբաժնի հաղթող է համարվում այն մասնակիցը, որը ներկայացրել է առավել ցածր գնային առաջարկ.

գ) եթե շինարարական աշխատանքների նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի 10-ապատիկը, իսկ պետական գաղտնիք պարունակող շինարարական աշխատանքների դեպքում` 50-ապատիկը, ապա տվյալ գնումն իրականացնելու համար կազմակերպվում է մրցույթի կամ գնանշման առանձին ընթացակարգ.

դ) ապրանքների և ծառայությունների գնման պայմանագրերը պետք է նախատեսեն նորմեր, որոնք հնարավորություն կտան շուկայական գների տատանման պայմաններում վերանայել պայմանագրով նախատեսված գները, պայմանով, որ վերանայված գները պետք է պայմանագրով նախատեսված չափով ցածր լինեն շուկայական գներից.

ե) մրցույթով և գնանշմամբ կնքված գնման պայմանագրի գնի ոչ ավելի, քան 25 տոկոսը կարող է իրականացվել ենթակապալի պայմանագրերի կնքման միջոցով, պայմանով, որ այն կազմակերպությունները, որոնց հետ կնքվում են ենթակապալի պայմանագրերը, պետք է բավարարեն գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գնումների մասնակցության իրավունքին վերաբերող պայմանները.

զ) մրցույթներով և գնանշմամբ կնքված ապրանքների մատակարարման պայմանագրերը չեն կարող կատարվել գործակալական պայմանագրերի կնքման միջոցով.

է) մրցույթների և գնանշումների ժամանակ մասնակիցների մասնակցության իրավունքի և որակավորման տվյալների գնահատման նպատակով վերջիններիցս պահանջվում են միանման փաստաթղթեր, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը.

ը) գնանշման միջոցով գնումների կատարման դեպքում հարկային և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումների գծով ժամկետանց պարտքեր ունեցող անձինք զրկվում են գնման գործընթացին մասնակցելու իրավունքից, ինչպես նաև գնման նշված ձևի կիրառման ժամանակ 10 մլն դրամից ավելի պայմանագրի գին ունեցող գնումների դեպքում պահանջվում է պայմանագրի կատարման ապահովում.

թ) բաց մրցույթի հրավերով և գնանշմամբ նախատեսված` մասնակիցների կողմից ներկայացվելիք փաստաթղթերը լրացնելու օրինակելի ձևերը փակցվում են բաց մրցույթի կամ գնանշման անցկացման վայրում` մասնակիցների համար տեսանելի տեղում, տվյալ մրցույթի կամ գնանշման հայտերի ընդունման ամբողջ ժամանակահատվածում:

3. Պետական մարմինների ղեկավարներին`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ ձեռնարկել այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնց գործողությունների կամ անգործության հետևանքով խախտվում են մրցույթի ձևով գնման գործընթացի կազմակերպման ժամկետները.

բ) հնարավորինս ձեռնպահ մնալ մեկ աղբյուրից գնման ձևով գնումներ կատարվելու որոշումներ ընդունելուց.

գ) գնումների դիմաց վճարումներ կատարելիս պայմանագրով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ապահովել պայմանագրի կողմի նկատմամբ տույժերի և տուգանքների հաշվարկումն ու հաշվանցումը վճարվելիք գումարների հետ:

4. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված` գնումների գործընթացի կազմակերպմանը վերաբերող պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված գնումների հարաբերությունների վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետը` գնանշումների մասին համառոտ հայտարարությունների հեռուստատեսությամբ և ռադիոյով պատրաստման ու հեռարձակման մասով, 2005 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.09.2004
N 1690-Ն
Որոշում