31.05.2024 -
040.1530.061203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 սեպտեմբերի 2003 թվականի N 1530-Ն
ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 96 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 96 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի կազմում ներկայացվում է նախագծման համար կատարված ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության եզրակացությունը հետևյալ նախագծերի համար`
քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (Երևանի գլխավոր հատակագիծ, Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծեր).
ինժեներապաշտպան միջոցառումների (հակասողանքային, հակափլվածքային, հակասելավային, հակաէրոզիոն, հակաթափվածքային, հականստվածքային, մակերևութային և ստորգետնյա ջրահեռացման, ափապաշտպան ու լանջապաշտպան, հակասուֆոզիոն, աղակալված և նստվածքային գրունտների խտացում ու ամրացում).
սույն կարգի 5.1-ին և 5.2-րդ կետերում նախատեսված օբյեկտների ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 19-ի N 882 որոշման NN 1 և 2 հավելվածներում թվարկված հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների: Նշված օբյեկտների նախագծերի համար տվյալ բնակավայրի տարածքի նոր գլխավոր հատակագծի հաստատումից հետո ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննություն չի իրականացվում»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի սեպտեմբերի 4-ի
N 1530-Ն որոշման
ԿԱՐԳ
ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կատարված ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության իրականացման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջները:
2. Սույն կարգի համաձայն ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննությունը պարտադիր է մինչև նախագծային աշխատանքներն սկսելը հետևյալ քաղաքաշինական փաստաթղթերի համար`
ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
բ) ինժեներապաշտպան միջոցառումների (հակասողանքային, հակափլվածքային, հակասելավային, հակաէրոզիոն, հակաթափվածքային, հականստվածքային, մակերևութային և ստորգետնյա ջրահեռացման, ափապաշտպան ու լանջապաշտպան, հակասուֆոզիոն, աղակալված և նստվածքային գրունտների խտացում ու ամրացում).
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 19-ի N 882 որոշման N 1 հավելվածի հատուկ օբյեկտների և N 2 հավելվածի կարևորագույն նշանակության օբյեկտների:
Այս օբյեկտների նախագծումն սկսվում է ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության դրական եզրակացության առկայության դեպքում:
(2-րդ կետը փոփ. 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
II. ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
3. Հայաստանի Հանրապետության տարածքում ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննություն կարող են իրականացնել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող լիցենզավորված անձինք, որոնց հիմնական փորձագիտական կազմը ներկայացված է ինժեներաերկրաբանական-փորձագետով:
3.1. Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերը փորձաքննության են ներկայացվում կառուցապատողի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից, ինչպես նաև նշված նյութերի կազմման աշխատանքների պատասխանատու կապալառուի կողմից (այսուհետ` պատվիրատու), եթե այդպիսի պայման նախատեսված է պայմանագրով:
(3.1-րդ կետը լրաց. 29.06.05 թիվ 942-Ն որոշում)
4. Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննությունը կատարվում է պատվիրատուի և փորձաքննություն իրականացնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
(4-րդ կետը փոփ. 29.06.05 թիվ 942-Ն որոշում)
5. Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերում (հաշվետվություններում) հատուկ մասնագիտական բաժինների (երկրաֆիզիկական, ջրաբանական, սեյսմաբանական և այլն) առկայության դեպքում դրանց փորձաքննությունն իրականացվում է համապատասխան մասնագիտության փորձագետների կողմից (անհրաժեշտության դեպքում հրավիրվում են փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից):
6. Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի մշակմանը մասնակցած կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք չեն կարող կատարել կամ ներգրավվել այդ նյութերի փորձաքննությանը:
7. Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության անցկացման ժամկետները սահմանվում են պայմանագրով օբյեկտի նախագծի համալիր փորձաքննության համար նախատեսված ժամկետների սահմաններում:
(7-րդ կետը փոփ. 29.06.05 թիվ 942-Ն որոշում)
8. (8-րդ կետն ուժը կորցրել է 29.06.05 թիվ 942-Ն որոշում)
9. Փորձաքննության ծառայությունների արժեքը, փորձաքննության անցկացման ժամկետները, դրանց խախտման համար պատվիրատուի և փորձաքննություն իրականացնողի փոխադարձ պատասխանատվությունը սահմանվում են պայմանագրով:
III. ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
10. Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերը ներկայացվում են փորձաքննության մարմին` հետազննությունների կատարման համար գործող նորմատիվային փաստաթղթերով նախատեսված ծավալով (տեխնիկական հաշվետվություն համապատասխան աղյուսակներով ու գրաֆիկական նյութերով), մեկ, անհրաժեշտության դեպքում` երկու օրինակից:
11. Փորձաքննություն իրականացնող մարմինը, անհրաժեշտության դեպքում, իր իրավասության սահմաններում պատվիրատուից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ փորձաքննության ներկայացված նյութերի վերաբերյալ:
12. Ներկայացված նյութերի լրակազմությունը և դրանց համապատասխանությունը գործող նորմատիվային փաստաթղթերի պահանջներին ստուգվում է փորձաքննական մարմնի կողմից` մինչև պայմանագրի կնքումը:
Նյութերի լրակազմված չլինելու դեպքում դրանք վերադարձվում են պատվիրատուին` անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու առաջարկով: Պայմանագիրը կնքվում է միայն նյութերը լրակազմելուց հետո:
(12-րդ կետը փոփ. 29.06.05 թիվ 942-Ն որոշում)
IV. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ
13. Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության ժամանակ ստուգվում են`
հետազննության արդյունքների համապատասխանությունը նախորդ փուլերում կատարված հետազննությունների տվյալներին, տեխնիկական առաջադրանքին, հետազննությունների ծրագրին (առկայության դեպքում) և նախագծման պահանջներին,
հետազննական աշխատանքների ժամանակ ծավալների ու տեսակների համապատասխանությունը նախագծման փուլին` ելնելով նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներից,
հետազննման խնդիրների լուծման համար ընտրված հետազոտությունների մեթոդների բավարար լինելն ու նպատակահարմարությունը,
ինժեներաերկրաբանական շրջանացման համար հիմք հանդիսացող հետազոտությունների (երկրաբանալիթոլոգիական, գեոմորֆոլոգիական, ջրաերկրաբանական, գեոտեխնիկական, արտածին պրոցեսներ, սեյսմամիկրոշրջանացում և այլն) և դրանց նյութերի առկայությունն ու լիարժեքությունը, նախագծվող օբյեկտի կայունության վրա ազդող գործոնների համալիրի (գեոտեխնիկական, արտածին պրոցեսների, սեյսմիկ և այլն) հաշվառման աստիճանը,
օբյեկտի շինարարության ժամանակ և շահագործման ընթացքում հետազննվող տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխման (հիմնատակի գրունտների վիճակ, սեյսմիկ հատկություններ, ստորգետնյա ջրերի մակարդակ, ագրեսիվություն, կայունության վրա ազդող սողանքային ու այլ պրոցեսների առաջացում և այլն) կանխատեսման գնահատականի առկայությունն ու հիմնավորվածության աստիճանը,
նախագծման համար տրված առաջարկությունների (հանձնարարականներ, նախագծային լուծումների տարբերակներ) նպատակահարմարությունը, լիարժեքությունն ու հիմնավորվածության աստիճանը:
V. ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
14. Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի դիտարկման արդյունքների հիման վրա կազմվում է փորձագիտական եզրակացություն (ձևը կցվում է):
15. Փորձագիտական եզրակացությունը ներառում է`
փորձաքննության համար հիմք ծառայող նյութերի համառոտ նկարագիրը, այդ թվում` նախագծվող օբյեկտի բնութագիրը` համաձայն տեխնիկական առաջադրանքի, հետազննվող տարածքի բնական պայմանների համառոտ բնութագիրը,
հետազննությունների արդյունքների նորմատիվային փաստաթղթերի և նախագծման պահանջներին համապատասխանության գնահատականը,
հետազննական աշխատանքների տեսակների, ծավալների, վերլուծությունների, եզրահանգումների ու նախագծման համար տրված առաջարկությունների վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները, հետազննության նյութերում ճշտումներ և լրացումներ կատարելու մասին հանձնարարականները,
փորձաքննության ընթացքում աշխատանքային կարգով կատարված հիմնական փոփոխությունները և լրացումները,
աշխատանքի որակի ընդհանուր գնահատականը և դրա հիման վրա հետազննության նյութերը երաշխավորելու, դրանք լրամշակման (վերամշակման) վերադարձնելու կամ մերժելու մասին որոշման հիմնավորումները:
16. Փորձագիտական եզրակացությունը կարող է եզրափակվել հետևյալ սահմանումներից մեկով`
ա) ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերն ընդհանուր առմամբ համապատասխանում են նորմատիվային փաստաթղթերի պահանջներին և կարող են հիմք ծառայել նախագծի մշակման համար:
Եթե փորձաքննության ընթացքում հայտնաբերված բացթողումների ու սխալների ուղղումը չի ենթադրում հետազննության նյութերի (հաշվետվության) լրամշակում կամ հիմնական վերամշակում (փոփոխում), ապա դրանք ճշտվում ու լրացվում են աշխատանքային կարգով և տրվում է վերջնական փորձագիտական եզրակացություն:
Եթե նախատեսված է հաջորդ փուլի հետազննություն և փորձաքննության ընթացքում հայտնաբերված թերությունները սկզբունքային ազդեցություն չունեն տվյալ փուլի նախագծային լուծումների վրա, ապա փորձագետի կողմից առաջարկվում է հետազննության հաջորդ փուլում վերացնել այդ թերությունները:
Նշված դեպքերում հետազննության նյութերը կրկնակի փորձաքննության չեն ներկայացվում.
բ) ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերը վերադարձվում են լրամշակման (վերամշակման)` ըստ եզրակացությունում շարադրված դիտողությունների և առաջարկությունների (անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հետազննական աշխատանքների արդյունքում), որից հետո դրանք պատվիրատուի կողմից ներկայացվում են կրկնակի փորձաքննության:
Լրամշակված նյութերի կրկնակի փորձաքննության համար ներկայացվում են`
փորձաքննության դիտողություններով փոփոխված հետազննության նյութերի վերաբերյալ բացատրագիրը` անհրաժեշտ հիմնավորումներով,
նախորդ դիտարկումից հետո փոփոխված և լրացված հետազննության նյութերը:
17. Փորձագիտական եզրակացությունը հաստատվում է փորձագիտական կազմակերպության ղեկավարի կողմից և ուղարկվում պատվիրատուին ու ինժեներաերկրաբանական հետազննությունները կատարողին:
18. Եթե ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության կատարումից հետո մեկ (սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետի նախագծերի համար) կամ երեք (2-րդ կետի «ա» և «գ» ենթակետերի նախագծերի համար) տարվա ընթացքում օբյեկտի նախագծումն սկսված չէ, ապա տվյալ եզրակացությունը, նախագծումն սկսելուց առաջ, պետք է պարտադիր հավաստիացվի փորձաքննությունը կատարողի կողմից` կապված լրացուցիչ հետազննական աշխատանքների կատարման անհրաժեշտության առաջացման հնարավորության հետ:
19. Տրված փորձագիտական եզրակացության համար փորձաքննություն իրականացնող մարմնի պատասխանատվությունը սահմանվում է օրենքներով:
20. Փորձաքննության եզրակացությունը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Ձև
___
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
1. Ընդհանուր մաս 1.1. Պատվիրատու _____________________________________________________ 1.2. Նախագծող (կապալառու նախագծային կազմակերպություն) _______________ _________________________________________________________________________ 1.3. Հետազննական աշխատանքներ կատարողը, լիցենզիայի առկայությունը: 1.4. Փորձաքննական եզրակացությունը կազմելու համար հիմք ծառայող հետազննական և նախագծային նյութերի ցանկը (հաշվետվության կամ նախագծի անվանումը, նախագծման փուլը, արխիվային համարը կամ շիֆրը, թողարկման տարեթիվն ու վայրը): 1.5. Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի (հաշվետվություն, եզրակացություն) կազմը: 1.6. Նախագծվող օբյեկտի համառոտ բնութագիրը (համաձայն տեխնիկական առաջադրանքի կամ այլ տվյալների): 1.7. Հետազննվող տարածքի բնական պայմանների համառոտ բնութագիրը (գեոմորֆոլոգիա, երկրաբանական կառուցվածք, ինժեներաերկրաբանական պրոցեսներ և այլն): 2. Հետազննության նյութերի լիարժեքությունն ու որակը 2.1. Կատարված ինժեներաերկրաբանական աշխատանքների տեսակները (ծավալներն ու մեթոդները): Առկա արխիվային ու ֆոնդային նյութերի օգտագործումը: 2.2. Հետազննական աշխատանքների կատարման համապատասխանությունը նորմատիվային փաստաթղթերի պահանջներին` երկրաբանական փորվածքների քանակն ու տեղադրումը, երկրաբանական կտրվածքի ուսումնասիրության խորությունը, շերտերի և ինժեներաերկրաբանական տարրերի տարանջատման հիմնավորվածությունը, տարանջատված ինժեներաերկրաբանական տարրերով գրունտների նմուշարկման բավարարությունը, գրունտների շինարարական հատկությունների դաշտային հետազոտությունը, գրունտների ֆիզիկամեխանիկական հատկությունների և կոռոզիոն ակտիվության (պողպատի, կապարի և ալյումինի նկատմամբ) լաբորատոր որոշումները, յուրահատուկ գրունտների հատկությունների ուսումնասիրվածությունը (գերնստող, ուռչող, աղակալված, թույլ, արհեստական և այլն), գրունտների նորմատիվային և հաշվարկային բնութագրերի հիմնավորվածությունն ըստ տարանջատված ինժեներաերկրաբանական տարրերի, շինարարության հատուկ պայմանների բնութագիրը (սեյսմիկություն, կարստային երևույթներ, լանջերի քայքայում, տարածքների ճահճացում և այլն), ջրաերկրաբանական բնութագիրը` ջրատար հորիզոնների առկայությունն ու տեղադրման խորությունը, ջրի քիմիական կազմն ու ագրեսիվությունը բետոնի նկատմամբ, ինժեներաերկրաբանական և ջրաերկրաբանական պայմանների փոփոխության կանխատեսումները` կապված օբյեկտների շինարարության և շահագործման հետ, հաշվետվության ներկայացվող նյութերի ձևավորումը: 3. Դիտողություններ Դիտողությունները կազմվում են 2.2-րդ կետում թվարկված պահանջներով, նույն հաջորդականությամբ, եթե նշված աշխատանքների կատարումը չի համապատասխանում նորմատիվային փաստաթղթերի պահանջներին կամ շինարարության պայմանների վրա ազդող առանձին գործոնների ինժեներաերկրաբանական հետազոտությունների մասին տեղեկությունները հաշվետվության ներկայացված նյութերում բացակայում են: 4. Եզրահանգումներ 4.1. Դիտարկվող օբյեկտի համար կատարված ինժեներաերկրաբանական հետազննությունների համապատասխանությունը (ընդհանուր առմամբ) նորմատիվային փաստաթղթերի պահանջներին` նախագծման տվյալ փուլի համար: 4.2. Ներկայացված հետազննության նյութերում տեղեկությունների բավարար լինելը (երկրաբանական կառուցվածքի, հիմնատակի գրունտների հատկությունների, ջրաերկրաբանական պայմանների, ինժեներաերկրաբանական պրոցեսների մասին և այլն) հիմնավոր նախագծային լուծումներ ընդունելու համար: 4.3. Առաջարկություններ թերությունների վերացման վերաբերյալ: .ԿՊ&/