603.0005.110716
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 07 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60316246
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2016 թվականի թիվ 05-Ն
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 11-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԹԻՎ 12-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել վիճակագրական տվյալների հավաքման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 01.06.18 թիվ 04-Ն որոշում)
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ-ի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 11-Ն որոշումը:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թ-ի մայիսի 12-ի «Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից էլեկտրոնային փոստով վիճակագրական փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն ներկայացման կարգը և համաձայնագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 12-Ն որոշումը:
4. Սահմանել, որ մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը կնքված վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից էլեկտրոնային փոստով վիճակագրական փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն ներկայացման համաձայնագրերը շարունակում են իրենց գործողությունը:
(վերնագիրը և նախաբանը փոփ. 01.06.18 թիվ 04-Ն որոշում)
Հավելված
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2016 թվականի հունիսի 20-ի
թիվ 05-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (այսուհետ` Վիճակագրական կոմիտե) կողմից վիճակագրական տվյալների հավաքման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված իմաստը:
3. Սույն կարգի իմաստով`
1) վիճակագրական հետազոտությունը` Վիճակագրական կոմիտեի կողմից վիճակագրական մեթոդաբանության պարբերական կիրառման հիման վրա ռեսպոնդենտների որոշակի համակցությամբ անվանական տվյալների սկզբնական հավաքումն է` բացառապես վիճակագրական նպատակներով.
2) պաշտոնական վիճակագրական դիտարկումը` վիճակագրական ծրագրերով սահմանված վիճակագրական հետազոտությունների իրականացմանն ուղղված գործունեությունն է, որի նպատակը պաշտոնական վիճակագրության արտադրությունն է (այսուհետ` վիճակագրական դիտարկում).
3) ռեսպոնդենտները` Օրենքի իմաստով վիճակագրական միավոր հանդիսացող սույն կարգի 7-րդ կետով սահմանված սուբյեկտներն են, որոնք պաշտոնական վիճակագրություն արտադրողների կողմից տվյալների հավաքման շրջանակում տեղեկություններ են ներկայացնում իրենց և իրենց գործունեության մասին.
4) տնային տնտեսությունը (ՏՏ)` միայնակ ապրող անձն է կամ մի քանի անձանց խումբը, ովքեր միասին ապրում են միևնույն բնակելի կացարանում կամ բնակելի կացարանի մի մասում և վարում են միասնական տնտեսություն:
4. Վիճակագրական տվյալների հավաքումը ներառում է ռեսպոնդենտներին վիճակագրական դիտարկումներում ընդգրկումը և իրազեկումը, վիճակագրական տվյալների հավաքման մեթոդները, վիճակագրական տվյալների ներկայացման հնարավորության ապահովումը, ռեսպոնդենտների կողմից վիճակագրական տվյալների ներկայացումը, Վիճակագրական կոմիտեի կողմից` ներկայացված վիճակագրական տվյալների ընդունումը, վարչական ռեգիստրներից վիճակագրական տվյալների ստացումը և դրանց հետ կապված այլ գործողություններ:
5. Վիճակագրական տվյալների հավաքման մեթոդներն են.
1) ընտրանքային, ներառյալ վիճակագրական հետազոտությունները` պարբերական և միանվագ,
2) համատարած:
6. Սույն կարգի դրույթները չեն տարածվում մարդահամարների, գյուղատնտեսական և տնտեսական համատարած հաշվառումների ընթացքում վիճակագրական տվյալների հավաքման վրա:
2. ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԸ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
7. Սույն կարգի իմաստով ռեսպոնդենտներ են հանդիսանում`
1) իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը.
2) իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները.
3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա իրավաբանական անձինք, ինչպես նաև դրանց` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումները.
4) պետական կառավարման համակարգի մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքային կառավարչական հիմնարկները.
5) Հայաստանի Հանրապետություն ժամանած կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող ֆիզիկական անձինք` անկախ քաղաքացիությունից և քաղաքացիություն ունենալու հանգամանքից, կամ տնային տնտեսությունները:
8. Վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ վիճակագրական տվյալները հավաքվում են համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ` Պետական խորհուրդ) կողմից հաստատված հետևյալ վիճակագրական փաստաթղթերի`
1) վիճակագրական հաշվետվությունների.
2) հետազոտությունների հարցաթերթերի.
3) վիճակագրական դիտարկումներին վերաբերող այլ փաստաթղթերի:
3. ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ԿԱՄ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ ՀԱՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
9. Վիճակագրական հետազոտություններին մասնակցությունը պարտադիր է ռեսպոնդենտների համար, բացառությամբ սույն կարգի 7-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված ռեսպոնդենտների, որոնց մասնակցությունը վիճակագրական հետազոտություններին կրում է կամավոր բնույթ: Սույն կարգի 7-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված ռեսպոնդենտների ընդգրկումը կոնկրետ վիճակագրական հետազոտության մեջ կարող է որպես պարտադիր հայտարարվել տարեկան վիճակագրական ծրագրով բոլորի կամ մի մասի համար, բոլոր կամ որոշ հարցերի գծով:
10. Պարտադիր բնույթի վիճակագրական հետազոտություններին մասնակցության համար անհրաժեշտ պայման է հանդիսանում Վիճակագրական կոմիտեի կողմից ռեսպոնդենտների իրազեկումը վիճակագրական դիտարկումներում ընդգրկելու մասին:
11. Ռեսպոնդենտները Վիճակագրական կոմիտեի կողմից գրավոր իրազեկվում են`
1) վիճակագրական հաշվետվությունների միջոցով վիճակագրական տվյալների հավաքման դեպքում` սույն կարգով սահմանված ռեսպոնդենտի վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու իրազեկման ձևով (Ձև 1),
2) վիճակագրական այլ փաստաթղթերի միջոցով վիճակագրական տվյալների հավաքման դեպքում` սույն կարգի 12-րդ կետով սահմանված տվյալների մասին:
12. Իրազեկման մեջ պարտադիր նշվում են.
1) ռեսպոնդենտի լրիվ անվանումը, ղեկավարի անունը, ազգանունը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը,
2) ռեսպոնդենտի գտնվելու վայրը կամ ղեկավարի հաշվառման վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` հաշվառման կամ բնակության վայրը.
3) նշում այն մասին, որ ռեսպոնդենտն ընդգրկվել է վիճակագրական դիտարկումներում.
4) ռեսպոնդենտների իրավունքներն ու պարտականությունները.
5) օրենքով սահմանված պատասխանատվության մասին.
6) հղում համապատասխան իրավական ակտերին և Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքին.
7) Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
8) անհրաժեշտ այլ տեղեկություններ` կախված վիճակագրական հետազոտության առանձնահատկությունից:
13. Սույն կարգի իմաստով իրազեկված են համարվում այն ռեսպոնդենտները, որոնց առձեռն, փոստային առաքման միջոցով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանուցման այլ եղանակներով ծանուցվել է իրազեկման Ձև 1-ի կամ սույն կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում` սույն կարգի 12-րդ կետով սահմանված տվյալների մասին, և առկա է ծանուցումը հասցեատիրոջ կողմից ստանալու վերաբերյալ ապացույցը (հավաստումը):
14. Ռեսպոնդենտի իրազեկումն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ ռեսպոնդենտը գրավոր չի իրազեկվել վիճակագրական տվյալների տրամադրման դադարեցման մասին:
15. Վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու մասին իրազեկված ռեսպոնդենտը` սույն կարգի 33-րդ կետի դրույթների համաձայն, վիճակագրական տվյալները ներկայացնում է իրազեկումը ստանալուց հետո առաջին հաշվետու ժամանակաշրջանից սկսած, իսկ տարեկան վիճակագրական տվյալները` ընթացիկ տարվանից սկսած: Վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու պահից ռեսպոնդենտը Վիճակագրական կոմիտեի պահանջով` համապատասխան տվյալների առկայության դեպքում, ներկայացնում է նաև հաշվետու տարվան վերաբերող` ընդգրկմանը նախորդող ամսվա/ամիսների մասով վիճակագրական տվյալներ:
16. Միանվագ հետազոտությունների դեպքում ռեսպոնդենտներն իրազեկվում են մինչև հետազոտությունը սկսվելը` առնվազն 5 օր առաջ:
17. Եթե վիճակագրական դիտարկումներում ընդգրկված ռեսպոնդենտը սահմանված կարգով իրազեկվելուց հետո փոխում է իր տնտեսական գործունեությունը կամ սկսում է զբաղվել նաև այլ տնտեսական գործունեությամբ, ապա նոր տնտեսական գործունեությանը համապատասխան վիճակագրական տվյալները ներկայացնում է հաջորդող հաշվետու ժամանակաշրջանից սկսած` առանց լրացուցիչ իրազեկման:
18. Վիճակագրական տվյալների ներկայացման պարբերականության փոփոխության դեպքում ռեսպոնդենտն այդ մասին լրացուցիչ իրազեկվում է:
19. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միացման կամ վերակազմավորման ձևով վերակազմակերպվելիս իրավաբանական անձը շարունակում է ներկայացնել համապատասխան վիճակագրական տվյալները` առանց սույն կարգով սահմանված իրազեկման:
20. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժանման, առանձնացման և միաձուլման ձևով վերակազմակերպվելիս նոր ստեղծված իրավաբանական անձը/անձինք վիճակագրական դիտարկումներում ընդգրկելու մասին իրազեկվում է/են սույն կարգով սահմանված ձևով:
4. ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
21. Վիճակագրական կոմիտեն ռեսպոնդենտների համար ապահովում է վիճակագրական տվյալները իրենց կողմից նախընտրելի եղանակով ներկայացնելու հնարավորություն, ինչպես նաև Վիճակագրական կոմիտեի www.armstat.am պաշտոնական կայքի միջոցով վիճակագրական տվյալների հավաքման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության հասանելիություն, մասնավորապես.
1) թղթային եղանակով ներկայացման համար` անվճար և մեկ օրինակից տրամադրում է Պետական խորհրդի կողմից հաստատված վիճակագրական փաստաթղթերի ձևերը,
2) էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացման համար` ապահովում է փաստաթղթերի էլեկտրոնային ձևերի և դրանց լրացման հրահանգների, ցուցումների, ուղեցույցների հասանելիությունը Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքում,
3) առցանց եղանակով վիճակագրական տվյալների ներկայացման համար` ապահովում է վիճակագրական տվյալների հավաքման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը Վիճակագրական կոմիտեի տվյալների հավաքման առցանց համակարգի ռեսպոնդենտի պորտալում (այսուհետ` Պորտալ), որի հասանելիությունն ապահովվում է e-reporting.armstat.am կայքի միջոցով:
22. Վիճակագրական փաստաթղթերի ձևերը ռեսպոնդենտները ստանում են ինքնուրույնաբար` իրենց տնտեսական գործունեության իրականացման վայրի Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից կամ ներբեռնում են Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքից: Կայքից ներբեռնման դեպքում` կախված վիճակագրական փաստաթղթի ներկայացման պարբերականությունից, դրանք ներբեռնվում են յուրաքանչյուր ներկայացումից առաջ` վիճակագրական փաստաթղթի գործող (արդիական) տարբերակի լրացման և ներկայացման նպատակով:
23. Վիճակագրական փաստաթղթերն էլեկտրոնային փոստով ներկայացնելը չի կարող հիմք հանդիսանալ ռեսպոնդենտին համապատասխան վիճակագրական փաստաթղթերի թղթային ձևերը չտրամադրելու համար:
5. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
24. Վիճակագրական տվյալները ռեսպոնդենտները ներկայացնում են ինքնուրույնաբար, եթե այլ բան նախատեսված չէ այդ տվյալները նկարագրող վիճակագրական փաստաթղթերի լրացման հրահանգներում, ցուցումներում կամ ուղեցույցներում:
25. Թղթային եղանակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացվող վիճակագրական փաստաթղթերը, եթե դրանցում այլ բան նախատեսված չէ, պետք է ստորագրվեն ռեսպոնդենտի ղեկավարի, ռեսպոնդենտ անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ նրանց լիազորված ներկայացուցչի կողմից:
26. Առցանց եղանակով վիճակագրական տվյալներ ներկայացնող ռեսպոնդենտը Պորտալում նույնականացվում է սույն կարգի 46-րդ կետում նշված գործիքների միջոցով:
27. Ռեսպոնդենտն իր գործունեության կամ տնտեսական գործունեության որևէ տեսակի դադարեցման դեպքում ներկայացնում է սույն կարգով սահմանված ձևի հայտարարություն (Ձև 2), կամ այդ մասին իրականացնում է համապատասխան փոփոխություն Պորտալում: Այս դեպքում դադարեցման օր է համարվում հայտարարության մեջ նշված օրը կամ Պորտալում փոփոխություն կատարելու օրը:
28. Սույն կարգի 27-րդ կետով սահմանված գործողությունների կատարումը չի ազատում ռեսպոնդենտին մինչ տնտեսական գործունեության դադարեցման օրն ընկած հաշվետու ժամանակաշրջանի վերաբերյալ վիճակագրական փաստաթղթերի ներկայացման պարտականությունից: Այս դեպքում վիճակագրական փաստաթղթերը ներկայացվում են հայտարարության հետ կամ այդ փաստաթղթերի համար սահմանված ժամկետներում:
29. Տնտեսական գործունեությունը կամ գործունեության որևէ տեսակով զբաղվելը վերսկսելու դեպքում ռեսպոնդենտը շարունակում է ներկայացնել համապատասխան վիճակագրական փաստաթղթերը:
30. Այն ռեսպոնդենտները, որոնք միաժամանակ տնտեսական գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, ներկայացնում են տվյալ տնտեսական գործունեության մասով վիճակագրական տվյալները` նաև մարզային բաշխվածությամբ:
31. Վիճակագրական տվյալները ռեսպոնդենտը ներկայացնում է իր տնտեսական գործունեության իրականացման վայրի Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը` թղթային եղանակով (առձեռն կամ փոստով) կամ ուղարկում է այդ ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով կամ ներկայացնում է առցանց եղանակով` Պորտալի միջոցով: Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում տնտեսական գործունեություն իրականացնելու դեպքում, վիճակագրական տվյալները ներկայացվում են ռեսպոնդենտի նախընտրելի վայրի Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը:
32. Տնտեսական գործունեության իրականացման վայրի փոփոխության դեպքում ռեսպոնդենտը այդ մասին տեղեկացնում է` սույն կարգով սահմանված ձևով (Ձև 3) կամ Պորտալում խմբագրելով ռեսպոնդենտի պրոֆիլը:
33. Վիճակագրական տվյալները ներկայացվում են վիճակագրական փաստաթղթերում նշված ժամկետներում և պարբերականությամբ:
34. Վիճակագրական տվյալները լրացվում են համաձայն այդ տվյալները սահմանող վիճակագրական փաստաթղթերի լրացման հրահանգների, ցուցումների կամ ուղեցույցների:
35. Վիճակագրական տվյալների ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տվյալները չներկայացնելու դեպքում ռեսպոնդենտը ենթարկվում է պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:
36. Վիճակագրական տվյալները ռեսպոնդենտի կողմից ներկայացվում են իր կողմից նախընտրելի տարբերակով` առձեռն, փոստով, էլեկտրոնային փոստով կամ Պորտալի միջոցով:
37. Վիճակագրական տվյալների ներկայացման օր է համարվում`
1) փոստային կապի միջոցով վիճակագրական փաստաթղթի ներկայացման դեպքում այն փոստային կապի կազմակերպությանը հանձնելու օրը.
2) առձեռն ներկայացման դեպքում` վիճակագրական փաստաթղթի ներկայացման օրը.
3) էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում` դրանց ուղարկման օրը:
4) Պորտալի միջոցով ներկայացման դեպքում` դրանց ներկայացման օրը:
38. Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումն իրականացնում է ներկայացված վիճակագրական տվյալների հաշվառում: Վիճակագրական փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում, դրանք ենթակա են գրանցման ստորաբաժանումում առկա գրանցամատյանում` նշելով.
1) Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման անվանումը.
2) ներկայացվող վիճակագրական փաստաթղթի անվանումը.
3) ռեսպոնդենտի պետական գրանցման կամ հաշվառման համարը, անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը.
4) ներկայացնողի անունը, ազգանունը, ստորագրությունը, ներկայացման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը.
5) ընդունողի անունը, ազգանունը և ստորագրությունը:
39. Վիճակագրական փաստաթղթերի առձեռն ներկայացման դեպքում գրանցումն իրականացվում է ներկայացման պահին և առձեռն ներկայացնողը ստորագրում է գրանցամատյանի համապատասխան մասում: Փոստով ներկայացման դեպքում գրանցամատյանի «ներկայացնողը» սյունակում ընդունողի կողմից նշում է կատարվում այդ մասին:
40. Վիճակագրական տվյալների ներկայացման եղանակի փոփոխության դեպքում ռեսպոնդենտն այդ մասին իրազեկում է Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը: Այդ նպատակով ռեսպոնդենտը լրացնում է սույն կարգով սահմանված տեղեկատվության ձևը (Ձև 4) և ուղարկում իր գործունեության վայրի համապատասխան ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով:
41. Վիճակագրական տվյալներն էլեկտրոնային փոստով ներկայացնելու դեպքում ռեսպոնդենտը ներբեռնում է իր տնտեսական գործունեության տեսակ(ներ)ին համապատասխանող վիճակագրական փաստաթղթերի ձևերը` օգտվելով Վիճակագրական կոմիտեի www.armstat.am պաշտոնական կայքի «Ռեսպոնդենտների համար» բաժնի «Հաշվետվությունների փնտրման համակարգ» և «Վիճակագրական հաշվետվությունների ձևեր» ենթաբաժիններից:
42. Վիճակագրական տվյալներն էլեկտրոնային փոստով ներկայացնելիս լրացված յուրաքանչյուր վիճակագրական փաստաթուղթ ստորագրվում է էլեկտրոնային ստորագրությամբ: Յուրաքանչյուր վիճակագրական փաստաթուղթ ուղարկվում է առանձին էլեկտրոնային նամակով:
43. Վիճակագրական տվյալներն էլեկտրոնային փոստով ուղարկելիս ռեսպոնդենտն էլեկտրոնային նամակի «սաբջեքթ» (subject) կամ «տեմա» (տեմա) տողում նշում է իր անվանումը (անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, վիճակագրական փաստաթղթի կրճատ անվանումը, պարբերականությունը և հաշվետու ժամանակաշրջանը:
44. Վիճակագրական տվյալներն էլեկտրոնային փոստով ուղարկելիս Վիճակագրական կոմիտեն ապահովում է ռեսպոնդենտի հետադարձ էլեկտրոնային ծանուցումը` վիճակագրական տվյալների ստացված լինելու մասին:
45. Վիճակագրական տվյալներն առցանց ներկայացնելու համար ռեսպոնդենտն իր տնտեսական գործունեությանը համապատասխանող վիճակագրական տվյալները լրացնում է Պորտալի համապատասխան բաժնում:
46. Վիճակագրական տվյալներն առցանց ներկայացնելու համար ռեսպոնդենտը պետք է նույնականացվի Պորտալում անհատի խիստ նույնականացման գործիքների միջոցով` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման:
47. Առցանց եղանակով ներկայացվող վիճակագրական տվյալները ներկայացման ձևաչափով կարող են տարբերվել թղթային եղանակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացվող վիճակագրական փաստաթղթերի ձևաչափերից` բովանդակության պահպանմամբ:
6. ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ
48. Վարչական ռեգիստրները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կամ նրանց անունից վարչական նպատակներով հավաքվող վարչական տվյալների շտեմարաններ են:
49. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են Վիճակագրական կոմիտեին անհատույց տրամադրել իրենց տրամադրության տակ եղած տվյալները, պաշտոնական վիճակագրության արտադրման համար անհրաժեշտ մանրամասնությամբ, ինչպես նաև մեթատվյալները, որոնք թույլ են տալիս գնահատել տվյալների որակը:
50. Վիճակագրական կոմիտեն վիճակագրական ծրագրով նախատեսված տվյալները վարչական ռեգիստրներից ստանում է Օրենքով նախատեսված դեպքերում ՀՀ կառավարության որոշումների, կողմերի միջև կնքված համաձայնագրերի, փոխըմբռնման հուշագրերի, ինչպես նաև տարեկան վիճակագրական ծրագրով սահմանված այլ ձևաչափերի հիման վրա:
7. ՌԵՍՊՈՆԴԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՒՄ ՍԽԱԼՆԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
51. Ռեսպոնդենտի կողմից ներկայացված վիճակագրական տվյալներում սխալների հայտնաբերման դեպքում դրանք ենթակա են ուղղման:
52. Եթե վիճակագրական տվյալների ուղղումը պահանջում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերում գրանցումների փոփոխություն կամ որոշակի տևական ժամանակահատված, ապա ճշգրտված վիճակագրական տվյալը ներկայացվում է հաջորդ ժամանակաշրջանի վերաբերյալ ներկայացվող վիճակագրական տվյալների հետ միասին` բացառությամբ եռամսյակային և տարեկան պարբերականությամբ ներկայացվող վիճակագրական տվյալների:
53. Եռամսյակային և տարեկան պարբերականությամբ ճշգրտված վիճակագրական տվյալները ներկայացվում են սխալը հայտնաբերելուց հետո համապատասխանաբար տասնհինգ և երեսուն օրվա ընթացքում:
54. Ճշգրտված թղթային վիճակագրական փաստաթղթի դիմային էջի վրա նշվում է «ճշգրտված է» գրառումը, էլեկտրոնային փոստով ներկայացման դեպքում «ճշգրտված է» գրառումը նշվում է ուղարկվող էլեկտրոնային նամակի «սաբջեքթ» (subject) տողում, իսկ Պորտալի միջոցով ներկայացվող տվյալների ճշգրտման դեպքում` համակարգում ինքնաշխատ եղանակով ձևավորվում են ճշգրտմանը վերաբերող բոլոր անհրաժեշտ տվյալները:
Ձև 1
ՌԵՍՊՈՆԴԵՆՏԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ԻՐԱԶԵԿՄԱՆ
______________________________________________________
ռեսպոնդենտի լրիվ անվանումը, ղեկավարի անունը ազգանունը/
անհատ ձեռնարկատիրոջ անունը ազգանունը
_______________________________________________________
ռեսպոնդենտի գտնվելու վայրը կամ ղեկավարի հաշվառման վայրը/
անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման կամ բնակության վայրը
Հարգելի գործընկեր,
Սույն գրության նպատակն է իրազեկել, որ համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթների` Դուք հանդիսանում եք վիճակագրական տվյալներ տրամադրող (ռեսպոնդենտ) և ընդգրկվել եք վիճակագրական դիտարկումներում:
Վիճակագրական աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի համար կարևոր է Ձեր վստահությունն ու աջակցությունը:
Համաձայն Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի` վիճակագրական հետազոտություններին մասնակցությունը պարտադիր է վիճակագրական միավորների (ռեսպոնդենտների) համար:
Վիճակագրական հետազոտության շրջանակում տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ և տրամադրվի ժամանակին, պահանջվող ձևաչափով և անվճար:
Համաձայն Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 23-25-րդ հոդվածներով սահմանված դրույթների` Ձեր կողմից ներկայացված վիճակագրական գաղտնիք համարվող տվյալները հրապարակման կամ այլ ձևով տարածման ենթակա չեն:
Հավաքված վիճակագրական տվյալների անանունությունը պահպանելը Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի պարտականությունն է:
Վիճակագրական տեղեկությունները ներկայացվում են` համաձայն ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից սահմանված ձևի վիճակագրական փաստաթղթերի:
Վիճակագրական տվյալները կարող եք ներկայացնել Ձեր կողմից նախընտրելի եղանակով` թղթային (առձեռն կամ փոստով), էլեկտրոնային փոստի միջոցով կամ առցանց:
Վիճակագրական տվյալների թղթային եղանակով (առձեռն կամ փոստով) ներկայացման նախընտրության դեպքում վիճակագրական փաստաթղթերի ձևերը կարող եք անվճար ստանալ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից:
Վիճակագրական տվյալների էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացման նախընտրության դեպքում վիճակագրական փաստաթղթերի ձևերը կարող եք ներբեռնել www.armstat.am պաշտոնական կայքի «Վիճակագրական հաշվետվությունների ձևեր» բաժնից: Կախված վիճակագրական փաստաթղթի ներկայացման պարբերականությունից` դրանք ներբեռնվում են յուրաքանչյուր ներկայացումից առաջ` վիճակագրական փաստաթղթի գործող (արդիական) տարբերակի լրացման և ներկայացման նպատակով:
Վիճակագրական տվյալների ներկայացման առցանց տարբերակի նախընտրության դեպքում Ձեր կողմից ներկայացման ենթակա վիճակագրական տվյալների կազմին կարող եք ծանոթանալ առցանց գրանցվելով ռեսպոնդենտի պորտալում (այսուհետ` Պորտալ) https://e-reporting.armstat.am/hy/ հղմամբ:
Վիճակագրական տվյալները պետք է ներկայացվեն ըստ Ձեր կողմից իրականացվող տնտեսական գործունեության տեսակ(ներ)ի` համաձայն տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի (NACE rev2) 2-րդ խմբագրության:
Ստորև թվարկվածից ընտրեք Ձեր տնտեսական գործունեության տեսակ(ներ)ին համապատասխանող վիճակագրական փաստաթղթերի ձևերը` օգտվելով Վիճակագրական կոմիտեի www.armstat.am պաշտոնական կայքի «Ռեսպոնդենտների համար» բաժնի «Հաշվետվությունների փնտրման համակարգ» և «Վիճակագրական հաշվետվությունների ձևեր» ենթաբաժիններից:
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
(վիճակագրական փաստաթղթերը)
Վիճակագրական տվյալների ներկայացման եղանակի փոփոխության դեպքում լրացրեք և Ձեր գործունեության իրականացման վայրի Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկեք ձևը (Ձև 4), որը կարող եք գտնել www.armstat.am պաշտոնական կայքի «Ռեսպոնդենտների համար» բաժնում: Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից նշված ձևի ստացումը հավաստող հետադարձ էլեկտրոնային ծանուցումը ստանալուց անմիջապես հետո կարող եք վիճակագրական տվյալները ներկայացնել նախընտրած եղանակով:
Վիճակագրական փաստաթղթերն էլեկտրոնային փոստով ներկայացվում են www.armstat.am պաշտոնական կայքում տեղադրված ձևաչափով:
Տնտեսական գործունեության տեսակի փոփոխության կամ նոր տնտեսական գործունեությամբ զբաղվելու դեպքում դրանց համապատասխան վիճակագրական տվյալները ևս պետք է ներկայացվեն` առանց լրացուցիչ իրազեկման:
Վիճակագրական տվյալների ներկայացման գործընթացին, ինչպես նաև Ձեզ հետաքրքրող մյուս հարցերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.armstat.am պաշտոնական կայքի «Ռեսպոնդենտների համար» բաժնում կամ Պորտալում:
Սույն իրազեկումից հետո այլ տեսակի վիճակագրական հետազոտությունում ընդգրկվելու, ինչպես նաև վիճակագրական տվյալների ներկայացման պարբերականության փոփոխության դեպքում Ձեզ լրացուցիչ կիրազեկվի:
Ստորաբաժանման գտնվելու վայրն է ___________________________________:
Ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեն է ____________________________:
Ստորաբաժանման հեռախոսահամարն է _______________________________:
Առանցքային իրավական ակտերն են.
«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենք,
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշում,
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք:
Սույն իրազեկումն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ Դուք գրավոր չեք իրազեկվել տվյալների տրամադրման դադարեցման մասին:
Պաշտոնական վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ ներկայացնելու կարգը խախտելը առաջացնում է պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.2-րդ հոդվածով սահմանված կարգով:
Շնորհակալություն համագործակցության համար:
Ստորաբաժանման ղեկավար` _________________ ____________________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
Ձև 2
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ_____________________________________
(ստորաբաժանման անվանումը)
Պետ` ______________________________________ -ին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն հայտարարությամբ տեղեկացնում եմ, որ
______________________________________________________________________
ռեսպոնդենտի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ` անունը, ազգանունը)
սկսած «___» ___________ 20___ թ.-ից դադարեցնում է գործունեությունը (նշե՛լ «v»` վանդակներից մեկում).
1. [] ամբողջությամբ.
2. [] որպես շինարարության պատվիրատու.
3. [] տնտեսական գործունեության հետևյալ տեսակ(ներ)ի մասով`
[][][][][] [][][][][] [][][][][] [][][][][]
(նշել դադարեցվող տնտեսական գործունեության տեսակ(ներ)ի ծածկագ(ի)ր(եր)ը` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 2-րդ խմբագրության 5 նիշ դասակարգման)
Պարտավորվում եմ տնտեսական գործունեությունը (գործունեության որևէ տեսակով զբաղվելը) վերսկսելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանից սկսած ներկայացնել համապատասխան վիճակագրական տվյալները:
Տվյալներ ռեսպոնդենտի վերաբերյալ
Գործունեության իրականացման [][][][]
վայրը _____________________________________
(փոստային դասիչ)
Էլեկտրոնային փոստ _______________________________________________ Հեռախոս(ներ) ___________________________________________ Պետական ռեգիստրում գրանցման/հաշվառման համարը [][][][][][][][][][][][][][][]
Նույնականացման ծածկագիրը [][][][][][][][]
(լրացվում է միայն իրավաբանական անձի կողմից)
Հարկ վճարողի հաշվառման [][][][][][][][]
համարը
Ղեկավար /անհատ ձեռնարկատեր (լիազորված անձ) __________________________
(ստորագրություն)
«_____» ___________ 20___ թ.
Ձև 3
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ _____________________________________
(ստորաբաժանման անվանումը) Պետ` ______________________________________ -ին
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույնով տեղեկացնում եմ, որ
__________________________________________________________________-ը
(ռեսպոնդենտի լրիվ անվանումը/ անհատ ձեռնարկատիրոջ` անունը, ազգանունը)
տնտեսական գործունեության իրականացման վայրի փոփոխությամբ պայմանավորված, սկսած
«___» _________ 20___թ.-ից վիճակագրական տվյալները նախատեսում է ներկայացնել ՀՀ վիճակագրական կոմիտեի
__________________________________________________ ստորաբաժանմանը:
(ստորաբաժանման անվանումը)
Տվյալներ ռեսպոնդենտի վերաբերյալ
Գործունեության իրականացման [][][][]
վայրը _____________________________________
(փոստային դասիչ)
Էլեկտրոնային փոստ _____________________________________ Հեռախոս(ներ) ___________________________________________
Պետական ռեգիստրում գրանցման/հաշվառման համարը [][][][][][][][][][][][][][][]
Նույնականացման ծածկագիրը [][][][][][][][]
(լրացվում է միայն իրավաբանական անձի կողմից)
Հարկ վճարողի հաշվառման [][][][][][][][]
համարը
Ղեկավար /անհատ ձեռնարկատեր (լիազորված անձ) __________________________
(ստորագրություն)
«_____» ___________ 20___ թ.
Ձև 4
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ_____________________________________
(ստորաբաժանման անվանումը)
Պետ` ______________________________________ -ին
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույնով տեղեկացնում եմ, որ
_____________________________________________________________________-ը
(ռեսպոնդենտի լրիվ անվանումը /անհատ ձեռնարկատիրոջ` անունը, ազգանունը)
նախատեսում է վիճակագրական տվյալները ներկայացնել (նշե՛լ «v»` վանդակներից մեկում).
1. [] թղթային եղանակով (առձեռն կամ փոստով)
2. [] էլ. փոստի միջոցով
3. [] Պորտալով
Տվյալներ ռեսպոնդենտի վերաբերյալ
Գործունեության իրականացման [][][][]
վայրը _____________________________________
(փոստային դասիչ)
Էլեկտրոնային փոստ _____________________________________ Հեռախոս(ներ) ___________________________________________
Պետական ռեգիստրում գրանցման/հաշվառման համարը [][][][][][][][][][][][][][][]
Նույնականացման ծածկագիրը [][][][][][][][]
(լրացվում է միայն իրավաբանական անձի կողմից)
Հարկ վճարողի հաշվառման [][][][][][][][]
համարը
Ղեկավար /անհատ ձեռնարկատեր (լիազորված անձ) __________________________
(ստորագրություն)
«_____» ___________ 20___ թ.
(հավելվածը խմբ. 01.06.18 թիվ 04-Ն, 14.04.2023 թիվ 04-Ն որոշումներ)