ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Քաղ. Երևան |
29 ապրիլի 2022 թ. |
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 137.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմողի` Մարդու իրավունքների պաշտպանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Մոսինյանի,
i
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի և 68-րդ հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (այսուհետ` նաև Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2003 թվականի ապրիլի 18-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2003 թվականի ապրիլի 29-ին և ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ից:
i
Օրենսգրքի «Ծանր վիրավորանքը» վերտառությամբ 137.1-ին հոդվածը սահմանում է.
«1. Անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը`
պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
i
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը`
1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,
2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված`
պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
i
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար`
պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:
Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը»:
i
Սույն հոդվածն Օրենսգրքում լրացվել է Ազգային ժողովի կողմից 2021 թվականի հուլիսի 30-ին ընդունված ՀՕ-323-Ն օրենքով, որը Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2021 թվականի օգոստոսի 20-ին և ուժի մեջ մտել` նույն թվականի օգոստոսի 30-ին: Այդ օրենքով 137.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը ներառվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված «Տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերի» շրջանակում:
Օրենսգրքի վերոնշյալ դրույթները որևէ փոփոխության և լրացման չեն ենթարկվել:
Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ` դիմող)` 2021 թվականի հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող հոդվածը ու վերջինիս հետ փոխկապակցված օրենսդրական այլ դրույթներ` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Դիմողի դիրքորոշումները
Սույն դիմումով վիճարկվող իրավակարգավորումների սահմանադրականությունը դիմողը դիտարկել է Սահմանադրությամբ երաշխավորված կարծիքի արտահայտման ազատության բովանդակության, դրա սահմանափակման համար սահմանադրական և միջազգային երաշխիքների, Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության, համաչափության սկզբունքների, ինչպես նաև հիմնական իրավունքների ու ազատությունների և միջազգային իրավական պրակտիկայի համատեքստում:
Դիմողը նշում է, որ խոսքի ազատությունը նպաստում է ողջամիտ հանրային բանավեճին, որն իր հերթին բազմակարծության, հանդուրժողականության վրա հիմնված ժողովրդավարական հասարակության նախադրյալ է: Լրագրողների ու մամուլի մասնակիցների խնդրո առարկա իրավունքին ցանկացած միջամտություն ունենում է սոցիալական հետևանքներ, քանի որ նման սահմանափակումը միջամտում է նաև տեղեկություններ փնտրելու և ստանալու այլոց իրավունքին ու հանրային բանավեճին:
Դիմողի համոզմամբ` հանրային տիրույթում կարծիքի արտահայտման ազատության ոչ իրավաչափ դրսևորումների, այդ թվում` ատելության խոսքի, վիրավորանքի ու զրպարտության դեմ պետության հակազդման, խախտված իրավունքների վերականգնման արդյունավետ միջոցները պետք է երաշխավորվեն թե՛ օրենսդրական, թե՛ գործնական մակարդակներում: Միևնույն ժամանակ, դիմողը նկատում է, որ հակազդման այդ կառուցակարգերը պետք է լինեն որոշակի, համաչափ և արդյունավետ` հետապնդվող նպատակին հասնելու համար:
Դիմողն ընդգծում է, որ հատկապես հանրային որևէ տեսակի պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են դրսևորել հանրային համերաշխության օրինակելի պահվածք, այդ թվում` հանրային խոսքում: Ատելության, ինչպես նաև մարդու արժանապատվության դեմ ուղղված և խոսքի ազատության իրավաչափ շրջանակներից դուրս գտնվող խոսքը դատապարտելի է: Միևնույն ժամանակ, ոչ իրավաչափ այդ արատավոր երևույթների, այդ թվում` ծանր վիրավորանքի դեմ պայքարի հարցում պետության մեթոդներն ու գործիքները, դիմողի գնահատմամբ, պետք է լինեն անհրաժեշտ ու պիտանի` իրավաչափ նպատակին հասնելու համար: Վերոգրյալը հատկապես վերաբերում է քրեականացմանը` որպես պետական հարկադրանքի առավել խիստ գործիքի կիրառմամբ պետական միջամտություն:
Դիմողն անդրադառնում է նաև ծանր վիրավորանքի` որպես քրեական օրենքով արգելված արարքի և վիրավորանքի` որպես քաղաքացիաիրավական ինստիտուտի հարաբերակցությանը` նշելով. «Վիրավորանքի ապաքրեականացման և քրեականացման հարցի շուրջ պետության քաղաքականության որևէ կերպ չհստակեցված այս մոտեցմամբ` հարց է առաջանում, թե նման արարքն ինչ որակում է ստանալու և, ըստ այդմ` քրեաիրավական, թե քաղաքացիաիրավական պաշտպանության ներքո են լինելու: Այլ կերպ` իրավակիրառ պրակտիկայում ինչպես են համադրվելու ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածում ամրագրված արարքից քրեաիրավական պաշտպանությունը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն քաղաքացիական իրավունքի պաշտպանությունը»:
Դիմողը նշում է, որ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում (2021 թվականի հուլիսի 30-ին)` հրատապության կարգով, առանց քննարկումների: Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկման առարկա նախագիծը, որը ենթադրում է սահմանադրական հիմնական իրավունքի սահմանափակում, հրատապորեն ընդգրկվել է արտահերթ նստաշրջանի օրակարգում, և հանրության ու մասնագիտական շրջանակների մասնակցությունը չի ապահովվել:
Դիմողի կարծիքով` վիճարկվող դրույթով սահմանված «արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել» ձևակերպումը խնդրահարույց է իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից: Նշված ձևակերպմամբ ոչ միայն բացահայտված չէ տվյալ հասկացության բովանդակությունը, այլև առհասարակ պարզ չէ, թե ինչ չափանիշների կամ սկզբունքի հիման վրա է որոշվելու անձի արժանապատվության ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը:
Ըստ դիմողի` «ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել» ձևակերպումը խիստ գնահատողական է, և ամեն կոնկրետ դեպքում այս կամ այն գործողությունը` որպես անձի արժանապատվության ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու հանգամանք որակելու համար պետք է առկա լինի նորմատիվ-նկարագրական հատկանիշների շրջանակ, ինչը չկա նշված կարգավորման մեջ:
i
Դիմողը նշում է, որ Օրենսգրքի 137.1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:
Դիմողի կարծիքով` նման ձևակերպումը սկզբունքային հարցեր է առաջ բերում, քանի որ պարզ չէ, թե որն է համարվում հրապարակախոսական գործունեություն, կամ որն է համարվում քաղաքական գործունեություն: Հոդվածի որակյալ հանցակազմի հատուկ սուբյեկտների անորոշ շրջանակի խնդրահարույց լինելը, դիմողի գնահատմամբ, մտահոգիչ է այն դիտարկմամբ, որ անորոշության պայմանում կիրառության մեջ ստացվելու է, որ անձանց լայն շրջանակ դառնալու է հատուկ պաշտպանության սուբյեկտ` խնդրո առարկա հոդվածի շրջանակում և, ըստ այդմ, օգտվելու է բարձր երաշխիքներից: Դիմողը գտնում է, որ պաշտպանության ենթակա անձանց շրջանակի նման լայն ձևակերպման պարագայում ստացվում է, որ վիրավորանքից քրեական արգելքով պաշտպանություն է ամրագրվել հանրային ծառայության ողջ համակարգի համար:
Դիմողն արձանագրում է, որ օրենսդրական այս կարգավորումներն անխուսափելիորեն կարող են հանգեցնել կարծիքի արտահայտման ազատության ոչ իրավաչափ սահմանափակման` ոչ թե անձին հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը` որպես խոսքի ազատություն դիտարկելու տիրույթում քննարկելու, այլ վիճարկվող դրույթի որոշակիության և համաչափության սկզբունքի բացակայության, միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները գերազանցող հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումների նախատեսման արգելքի տեսանկյունից:
i
Ամփոփելով իր դիրքորոշումները` դիմողը խնդրում է որոշել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրության 42-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանությունն, քանի որ խնդրահարույց է դիտարկվում խնդրո առարկա ծանր վիրավորանքի քրեականացումը` նման արարքների ապաքրեականացման չափորոշիչների, սկզբունքների և իրավունքի զարգացման արդյունքում ձևավորված միտումների, վիրավորանքի` որպես քաղաքացիաիրավական ինստիտուտի հետ դրա հարաբերակցության տեսանկյունից, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով ամրագրված հանցակազմի հակասությունն իրավական որոշակիության ու համաչափության սահմանադրական սկզբունքներին` առաջ բերելով կարծիքի արտահայտման ազատության նկատմամբ ոչ իրավաչափ միջամտության վտանգ»:
2. Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ` նաև պատասխանող) նշում է, որ խոսքի ազատության իրավունքը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի իրավական պրակտիկայի լույսի ներքո, բացարձակ չէ: Մարդու արժանապատվության, պատվի և բարի համբավի պաշտպանության անհրաժեշտությունը կարծիքի ազատ արտահայտման իրավունքի իրականացման բովանդակային սահմանն է:
Պատասխանողի դիտարկմամբ` վիճարկվող դրույթների ընդունումն ինքնանպատակ չի եղել: Վիճարկվող իրավակարգավորումը կոչված է ապահովելու հասարակության պատշաճ և առողջ գիտակցության մակարդակի բարձր կամ նվազագույնը` բավարար աստիճանը: Հանցավորության վիճակի խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ բռնությամբ կատարված բազմաթիվ հանցագործությունների շարժառիթը կոնֆլիկտներն ու անհամաձայնությունները քաղաքակիրթ եղանակով լուծելու մշակույթի բացակայությունն է, դրա փոխարեն` կողմերից մեկի դրսևորած վարքագիծը` ուղղված մյուսի արժանապատվությունը կոպտորեն վիրավորելուն:
Պատասխանողն ընդգծում է, որ հիմքում ունենալով ժողովրդավարական հասարակության ներսում անկարգությունների կանխարգելման և անձանց` ֆիզիկական կամ բանավոր հարձակումներից պաշտպանելու առաջնային նպատակները` օրենսդիր մարմինն անհրաժեշտություն է համարել քրեականացնել ծանր վիրավորանքը: Ընդ որում` հիմնական իրավունքին «միջամտությունը» եղել է անհրաժեշտ, քանի որ օրենսդրի կողմից հետապնդվող նպատակին անհնար է հասնել մեկ այլ եղանակով, որն ավելի քիչ կսահմանափակի հիմնական իրավունքով պաշտպանված իրավական բարիքը:
Պատասխանողը նշում է, որ քննադատությունը անձի վարքագծի հետ անհամաձայնությունն է, դրա մասին կարծիքի արտահայտման ձև, ինչն ամենևին նպատակ չունի նսեմացնել կամ որևէ այլ կերպ վիրավորել, օրինակ, քաղաքական գործչին: Օրենսդրի կողմից ընտրված հակազդման միջոցն ավելի խիստ է, երբ ծանր վիրավորանքը հասցվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված: Նշված մոտեցումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ հանրային գործունեություն իրականացնող անձի հասցեին հնչող ծանր վիրավորանքներն անմիջապես վնաս են հասցնում վերջինիս արժանապատվությանը, անուղղակիորեն խոչընդոտում են նրա մասնագիտական գործունեությունը: Արդյունքում, հանրային գործունեությամբ զբաղվող անձը հանրության կողմից ընկալվում է բացասաբար: Անձին` նրա կողմից իրականացվող հանրային գործունեությամբ պայմանավորված վիրավորելն առանձնանում է հանրային վտանգավորության ավելի բարձր աստիճանով, քանի որ այն տվյալ դեպքում ոչ միայն նվաստացնում է կոնկրետ անձի արժանապատվությունը` որպես նրա իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք, այլև վնաս է հասցնում տվյալ անձի կողմից իրականացվող գործունեությանը, ազդում դրա արդյունավետության վրա:
Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթն ամբողջովին համապատասխանում է իրավական որոշակիության սկզբունքին, քանզի այն բավականաչափ որոշակի է, որպեսզի անձն ի վիճակի լինի դրսևորել համապատասխան վարքագիծ:
Ամփոփելով իր դիրքորոշումները` պատասխանողը խնդրում է վիճարկվող դրույթը ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող:
3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
Սույն գործով վիճարկվող իրավադրույթների սահմանադրականությունը գնահատելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում քննարկման և գնահատման առարկա դարձնել հետևյալ հարցադրումները.
i
1) արդյո՞ք վիճարկվող իրավակարգավորումը համապատասխանում է հիմնական իրավունքին իրավաչափ միջամտության սահմանադրական չափանիշներին` Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով,
i
2) արդյո՞ք որոշակի խումբ անձանց համար քրեաիրավական գործիքակազմով պաշտպանության առավել բարձր մակարդակ նախատեսելը բավարարում է Սահմանադրության 78-րդ հոդվածի պահանջները և համահունչ է Սահմանադրության 28-րդ հոդվածին,
i
3) արդյո՞ք նույն արարքի համար քրեաիրավական և քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցների զուգահեռ կիրառումը համահունչ է Սահմանադրության 68-րդ հոդվածի 1-ին մասին:
4. Սույն գործով վիճարկվող իրավադրույթների իրավակիրառական պրակտիկայի վերաբերյալ տվյալները
Սույն գործի քննության ընթացքում Սահմանադրական դատարանը իրավակիրառական պրակտիկայի վերաբերյալ գրություններ է հղել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Քննչական կոմիտեին և Դատական դեպարտամենտին:
i
Օրենսգրքի 137.1-ին հոդվածի հատկանիշներով արձանագրված դեպքերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շարժընթացի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունից և Քննչական կոմիտեից ստացված տվյալները հետևյալ ամփոփ պատկերն ունեն.
2021 թ. օգոստոսի 30-ից դեկտեմբերի 31-ը Օրենսգրքի 137.1-ին հոդվածի հատկանիշներով արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 268 դեպք: Այդ դեպքերից 167-ով հարուցվել է քրեական գործ: Հարուցված գործերից 17-ը ուղարկվել է դատարան, 134-ը կարճվել է, իսկ 16 քրեական գործի քննություն կասեցվել է: Այդ ժամանակում արձանագրված դեպքերի ընդհանուր թվից 101-ով նյութերը դեռևս գտնվում են քննության ընթացքում:
Նշյալ ժամանակաշրջանում Օրենսգրքի 137.1-ին հոդվածի ընդհանուր և հատուկ հանցակազմերով արձանագրված, ինչպես նաև հարուցված քրեական գործերի քանակական հարաբերակցությունը հետևյալն է. 137.1-ին հոդվածի 1-ին մաս` 213 գործ, 2-րդ մասի 1-ին կետ` 29 գործ, 2-րդ մասի 2-րդ կետ` 20 գործ, 3-րդ մաս` 6 գործ:
2022 թ. հունվարի 1-ից մարտի 30-ը Օրենսգրքի 137.1-ին հոդվածի հատկանիշներով արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 322 դեպք: Այդ դեպքերից 221-ով հարուցվել է քրեական գործ: Հարուցված գործերից 5-ը ուղարկվել է դատարան, 122-ը կարճվել է, իսկ 9 քրեական գործի քննություն կասեցվել է: Այդ ժամանակում արձանագրված դեպքերի ընդհանուր թվից 186-ով նյութերը դեռևս գտնվում են քննության ընթացքում: Նշյալ ժամանակաշրջանում Օրենսգրքի 137.1-ին հոդվածի ընդհանուր և հատուկ հանցակազմերով արձանագրված, ինչպես նաև հարուցված քրեական գործերի քանակական հարաբերակցությունը հետևյալն է. 137.1-ին հոդվածի 1-ին մաս` 192 գործ, 2-րդ մասի 1-ին կետ` 40 գործ, 2-րդ մասի 2-րդ կետ` 84 գործ, 3-րդ մաս` 6 գործ:
Վերոգրյալ տվյալների վերլուծությունը հնարավորություն է տալիս արձանագրելու, Օրենսգրքի 137.1-ին հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո կատարվող և համապատասխան մարմինների կողմից արձանագրվող դեպքերի ամսական միջին քանակը 2021 թ. օգոստոսի 30-ից դեկտեմբերի 31-ը կազմել է 67 դեպք, իսկ 2022 թ. հունվարի 1-ից 2022 թ. մարտի 30-ը` 107:
Եթե 2021 թ. օգոստոսի 30-ից դեկտեմբերի 31-ը (4 ամսում) արձանագրված դեպքերից քրեական գործ հարուցվել է մոտ 62 տոկոս նյութերով, ապա 2022 թ. հունվարի 1-ից մարտի 30-ը (3 ամսում) այդ թիվը կազմում է մոտ 68 տոկոս:
Վիճարկվող իրավադրույթների ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն ս.թ. մարտի 30-ը հարուցված 389 քրեական գործերից 253-ը (մոտ 70 տոկոսը) կարճվել է:
Դատական դեպարտամենտի տվյալների համաձայն` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում Օրենսգրքի 137.1-ին հոդվածի հատկանիշներով 04.04.2022 թ. դրությամբ առկա է 45 քրեական գործ, որից 14-ը Օրենսգրքի 137.1-ին հոդվածի միայն 1-ին մասով, 25-ը` նույն հոդվածի միայն 2-րդ մասով, իսկ 4-ը` նույն հոդվածի միայն 3-րդ մասով: Միայն 1 քրեական գործ` Օրենսգրքի 137.1-ին հոդվածի միաժամանակ 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, և 1 քրեական գործ` Օրենսգրքի 137.1-ին հոդվածի միաժամանակ 2-րդ և 3-րդ մասերով:
Բացի դրանից, ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում Օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի միայն 1-ին կետով քրեական գործեր առկա չեն: Հարկ է նշել նաև, որ Օրենսգրքի 137.1-ին հոդվածի 2-րդ մասի միաժամանակ 1-ին և 2-րդ կետերով առկա է 17 քրեական գործ, իսկ նույն մասի միայն 2-րդ կետով` 10 քրեական գործ:
Վերոնշյալ 45 քրեական գործերից 6-ով կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ (դատավճիռ):
5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
5.1. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում առաջին հերթին սույն գործի շրջանակներում վեր հանել վիրավորանքի` որպես հանցագործության ապաքրեականացման և քրեականացման իրավական արդի միտումները:
2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով վիրավորանքը սահմանված էր որպես հանցագործություն (136-րդ հոդված): Վիրավորանքի` որպես հանցակազմի օբյեկտիվ կողմի տարր համարվող արարքը սահմանված էր որպես «ուրիշի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելուն» ուղղված գործողություն: Դատական պրակտիկան այդ հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր տարրը` արարքը, մեկնաբանում էր որպես ակտիվ գործողություն, որը կարող էր կատարվել բանավոր կամ գրավոր խոսքով կամ ֆիզիկական գործողությամբ և ուղղված էր ուրիշի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելուն: Վիրավորանքի վերը բերված օրենսդրական ձևակերպումից բխում էր, որ վիրավորանքի` որպես հանցավոր արարքի պարտադիր հատկանիշ էր ուրիշի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու «անպարկեշտ ձևը»: ՀՕ-98-Ն օրենքով վիրավորանքը որպես հանցակազմ ապաքրեականացվեց, և 2010 թ. մայիսի 18-ից ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը դադարեց գործել:
ՀՀ քրեական օրենսգրքի ուժը կորցրած 136-րդ հոդվածը հանցագործություն էր համարում ընդհանրապես վիրավորանքը, այսինքն` անպարկեշտ ցանկացած եղանակով ուրիշի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելը: Սույն գործով վիճարկվող նոր իրավակարգավորումը որպես քրեորեն արգելված արարք նախատեսում է «ծանր վիրավորանքը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածով նախատեսված «ծանր վիրավորանքի» որպես հանցակազմի օբյեկտիվ կողմի տարրի` արարքի վերլուծությունից հետևում է, որ`
ա) օրենսդիրն Օրենսգրքի 137.1-ին հոդվածով քրեականացրել է միայն ծանր վիրավորանքը,
բ) օրենսդիրը ծանր վիրավորանքի` որպես հանցավոր արարքի ընդհանրապես վիրավորանքից տարբերակիչ հատկանիշ է սահմանել արարքի կատարման եղանակը և միաժամանակ որոշակիացրել է դրա օրենսդրական բնութագրիչները, որոնք են` «անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը»,
գ) սույն գործով վիճարկվող իրավակարգավորումը ծանր վիրավորանքից քրեաիրավական հատուկ պաշտպանության տակ է վերցրել հանրային գործունեություն իրականացնող անձանց,
դ) Օրենսգրքի 137.1-ին հոդվածի 1-ին մասով ամրագրված արարքը կազմում է հասարակ հանցակազմը, ընդ որում` գործող կարգավորման համաձայն` այն մասնավոր հետապնդման գործ է` ի տարբերություն նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում ամրագրված հատուկ հանցակազմերի, որոնք հանրային հետապնդման գործեր են:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քրեականացման օբյեկտիվ հիմքը, այն է` որոշակի սահմանադրական արժեքների քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտության գնահատականը, կարող է լինել փոփոխական: Անհատի արժանապատվության, պատվի ու բարի համբավի` որպես սահմանադրական արժեքների պաշտպանության անհրաժեշտությունն անկասկած է: Յուրաքանչյուր անձի` Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատվի և բարի համբավի անձեռնմխելիության ամրագրման առաջնային նպատակը հանրային իշխանության կողմից դրանց ոչ իրավաչափ միջամտություններից պաշտպանությունն է: Այդուհանդերձ, հանրային իշխանության կողմից սահմանադրական այս իրավունքի պաշտպանությունը չի կարող ամբողջական լինել միայն ոչ իրավաչափ միջամտություններից ձեռնպահ մնալով: Հանրային իշխանությունը, առաջնահերթությամբ օրենսդիր իշխանությունն ունի ուղղակի սահմանադրական պարտականություն` ապահովել պաշտպանության ենթակա նշված իրավունքների նկատմամբ ամբողջական հարգանք և պաշտպանություն ապահովող արդյունավետ օրենսդրական կառուցակարգ, առանց որի հիշատակված սահմանադրական իրավունքները կվերածվեն հռչակագրային և գործնականում անպաշտպան իրավունքների:
5.2. Վիճարկվող դրույթի սահմանադրականությունը գնահատելու համար Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ մարդու արժանապատվության և կարծիքի ազատ արտահայտման իրավունքի սահմանադրական բովանդակությանը և բացահայտել դրանց հարաբերակցությունը սահմանադրորեն պաշտպանվող շահերի հավասարակշռման տեսանկյունից:
5.2.1. Մարդու արժանապատվության երաշխավորման սահմանադրական հիմքերն ամրագրված են ինչպես Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին, այնպես էլ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» վերտառությամբ 2-րդ գլխում, մասնավորապես` Սահմանադրության 3-րդ, 23-րդ հոդվածներում, 31-րդ հոդվածի 1-ին մասում: Այդ հոդվածների բովանդակությունից բխում է, որ մարդու արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Մարդու արժանապատվության` որպես բարձրագույն արժեքի ճանաչման սահմանադրական սկզբունքից բխում են պետության մի շարք պարտականություններ` մարդու և քաղաքացու իրավունքների երաշխավորումը, պահպանումն ու պաշտպանությունը:
Սահմանադրական դատարանը բազմիցս անդրադարձել է մարդու արժանապատվությանը` որպես բարձրագույն արժեքի սահմանադրական իրավական բովանդակությանը, իր մի շարք որոշումներում, մասնավորապես, նշելով.
ա) «Վավերացնելով Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը` Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է դրա Նախաբանի այն հիմնարար դրույթը, ըստ որի` «մարդու իրավունքները բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից»: Սահմանադրության 3 հոդվածի 1-ին մասում նշված է. «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են» (2006 թվականի հոկտեմբերի 4-ի ՍԴՈ-649),
բ) «Մարդու և քաղաքացու իրավական կարգավիճակի կարևորագույն բաղադրիչը նրա արժանապատվությունն է, որն իր սահմանադրաիրավական բովանդակությամբ առաջնային նշանակություն ունի մարդու և քաղաքացու հիմնական բոլոր իրավունքների ու ազատությունների ազատ, անարգել ու երաշխավորված իրականացման համար: Այն նաև ենթադրում է ինչպես սահմանադրորեն թույլատրելի շրջանակներում անձի կողմից որոշակի գործողությունների կատարում և կամահայտնության դրսևորում, այնպես էլ դրանք պաշտպանելու պետության համարժեք պարտականություն» (2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-913),
գ) «(...) մարդու արժանապատվության առանցքային բաղադրատարրերից մեկը, ի թիվս այլնի, հանդիսանում է անհատական հատկանիշներով պայմանավորված բարոյական տառապանքներից զերծ մնալը» (2013 թվականի նոյեմբերի 5-ի ՍԴՈ-1121),
դ) «Սահմանադրության կարգավորումների համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրությունը, մարդուն ճանաչելով բարձրագույն արժեք` կանխորոշել է պետության պարտականությունը` հարգել, ապահովել և պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները (հոդվ. 3): Այս հիմնարար սկզբունքի հետ անխզելիորեն կապված է մարդու արժանապատվության անօտարելի լինելու սկզբունքը:
Սահմանադրության 3, 23 և 42-րդ հոդվածների կարգավորումների բովանդակությունից բխում է, որ մարդու արժանապատվությունը, լինելով բոլոր իրավունքների և ազատությունների հիմք, կանխորոշում է իրավունքների և ազատությունների թե՛ բովանդակությունը, թե՛ իրացման սահմանները» (2021 թվականի հոկտեմբերի 5-ի ՍԴՈ-1612):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես անդրադարձել է մարդու արժանապատվության իրավական բովանդակության բացահայտման հիմնահարցին, մասնավորապես` նշելով, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի զարգացրած իրավունքն ընդհանուր առմամբ ճանաչում է անձնական կյանքի և դրա հետ կապված արժեքների կարևորությունը: Այդ արժեքները, ի թիվս այլնի, ներառում են հոգեբանական բարեկեցությունը և արժանապատվությունը (Beizaras and Levickas v. Lithuania, Application no. 41288/15, 14.01.2020, Final 14.05.2020, § 117), ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը (Soderman v. Sweden, Application no. 5786/08, 12.11.2013, § 80):
5.2.2. Սահմանադրության 42-րդ հոդվածում ամրագրված կարծիքի արտահայտման ազատությունը, հանդիսանալով քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության հիմնասյուներից մեկը, երաշխավորում է հասարակական կամքի ազատ ձևավորումը, հասարակության և պետության միջև բաց, անկաշկանդ հաղորդակցությունը: Հասարակության շրջանում գաղափարների և կարծիքների փոխանակման ազատությունը բազմակարծության երաշխիքն է, որի միջոցով էլ կենսագործվում է ժողովրդավարությունը:
Սահմանադրական դատարանն իր` 2001 թվականի հունվարի 11-ի ՍԴՈ-278 որոշման շրջանակներում փաստել է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի կոնվենցիան, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին 1966 թվականի միջազգային դաշնագիրը և միջազգային մյուս համապատասխան փաստաթղթերը, յուրաքանչյուրի ազատորեն արտահայտվելու, այդ թվում` սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունն ամրագրելով, դրա իրականացման կարևոր երաշխիք են դիտում պետական մարմինների միջամտության բացառումը: Այդ որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենքով նախատեսվող հնարավոր սահմանափակումները պետք է լինեն համաչափ և բխեն ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ ազգային օրենսդրության ժողովրդավարական սկզբունքների էությունից, չպետք է լինեն այնպիսին, որոնք վտանգեն մարդու իրավունքների հիմնական բովանդակությունը:
2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) արտահայտվելու ազատության իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է սահմանված լինի օրենքով, ծառայի իրավաչափ շահ պաշտպանելու նպատակին և լինի անհրաժեշտ տվյալ շահն ապահովելու համար»:
Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված արտահայտվելու ազատությունն ընդգրկում է ոչ միայն դրականորեն ընկալվող, ոչ վիրավորական կամ չեզոք, այլև վիրավորական, ցնցող կամ անհանգստացնող «տեղեկատվությունը» կամ «գաղափարները». վերջիններս բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության պահանջներ են, առանց որոնց չի կարող լինել «ժողովրդավարական հասարակություն» (Oberschlik v. Austria, Application no 11662/85, 23.05.1991, § 57):
Կարծիքի արտահայտման ազատությունը նաև հանրային իշխանության նկատմամբ հասարակական վերահսկողության յուրահատուկ դրսևորում է ազատ խոսքի, այդ թվում` սուր քննադատության, առկա թերությունների, հանրային և անհատական մակարդակում առկա խնդիրների վերհանման և ներկայացման ու դրանց հաղթահարմանն ուղղված հանրային իշխանության քայլերի վերաբերյալ բարձրաձայնելու ազատության միջոցով: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն իր` 2012 թվականի մարտի 6-ի ՍԴՈ-1010 որոշման շրջանակներում նշել է. «Հասարակական կարծիքի միջոցով իրականացվող ժողովրդավարական վերահսկողությունը խթանում է պետական իշխանության գործողությունների թափանցիկությունը և նպաստում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հաշվետու գործունեությունը»:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ կարծիքի արտահայտման ազատությունը ժողովրդավարության անկյունաքարային արժեք է, քաղաքացիական հասարակության կայացման ու զարգացման կարևոր միջոց, որին համարժեք Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական մակարդակով երաշխավորվում է այդ ազատության իրացումը:
5.2.3. Դիմողը ծանր վիրավորանքը քրեականացնող իրավակարգավորումների սահմանադրականությունն առաջին հերթին դիտարկել է կարծիքի ազատ արտահայտման հիմնական իրավունքի համատեքստում` տրամաբանորեն ենթադրելով իրավական կոլիզիա Սահմանադրությամբ ամրագրված և երաշխավորված երկու հիմնական իրավունքների` մի կողմից` արժանապատվության, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, իսկ մյուս կողմից` կարծիքի ազատ արտահայտման միջև: Այս ենթադրության կապակցությամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ծանր վիրավորանքը որպես արարք դիտարկել այդ իրավունքների իրավական բովանդակության սահմանների համատեքստում:
Ծանր վիրավորանքի` որպես հանրորեն վտանգավոր արարքի իրավախախտում ճանաչելու, ներառյալ` քրեականացման հիմնական նպատակն անձի արժանապատվության իրավական պաշտպանությունն է հնարավոր ոտնձգություններից:
Սահմանադրությունը, որդեգրելով մարդու ազատության ազատական հայեցակարգը, ելնում է այն կանխադրույթից, որ ազատությունը յուրաքանչյուրի հնարավորությունն է անելու այն ամենը, ինչը չի վնասում այլոց: Այդպիսով յուրաքանչյուրի իրավունքների իրականացումն ունի այնպիսի սահմաններ, որոնք հասարակության մյուս անդամների համար ապահովում են նույն իրավունքներից օգտվելու հնարավորությունը: Բնական իրավունքի այս կանխադրույթն իր իրավական ամրագրումն է ստացել Սահմանադրության 39-րդ հոդվածում որպես մարդու ազատ գործելու իրավունք. «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին»:
Սահմանադրական այս դրույթն անձանց վարքագծի իրավական կարգավորման հիմնարար սկզբունք է, որից բխում է մարդու իրավունքների սահմանների «ոսկե կանոնը». արգելվում է անել այն ամենը, ինչը խախտում է այլ անձանց իրավունքները և ազատությունները: Բոլոր այն իրավունքները, որ ունեն անձինք, միաժամանակ իրավունքներ են այլոց համար, հետևաբար` նրանց պարտականությունն է հարգել դրանք: Անձի իրավունքների երաշխիքը այլ անձանց պարտականությունն է:
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վերոբերյալ վերլուծությունների արդյունքում ստացված եզրակացությունների հիման վրա դիտարկել ծանր վիրավորանքի և կարծիքի ազատ արտահայտման սահմանադրական իրավունքի հարաբերակցությունը:
Ծանր վիրավորանքի բացակայությունը որևէ արտահայտված կարծիքում վերջինիս իրավաչափության պայմանն է, քանի որ ազատ արտահայտված կարծիքը, որպես վարքագիծ, իրավաչափ է այնքանով, որքանով որ չի խախտում այլոց իրավունքներն ու ազատությունները: Մարդու իրավունքների այս հիմնարար իրավական տրամաբանությունից է բխում, որ ծանր վիրավորանքի համար իրավական պատասխանատվության սահմանումը չի կարող դիտարկվել որպես կարծիքի արտահայտման հիմնական իրավունքի ոտնահարում օրենսդրի կողմից:
Սահմանադրական դատարանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ժողովրդավարական հասարակության մեջ կարծիքի արտահայտման ազատությունը չի պաշտպանում անձի արժանապատվությունը նսեմացնելու նպատակ հետապնդող անվայելուչ, անպարկեշտ խոսքը, ինչպես նաև անձի հանդեպ բացահայտ անպարկեշտ` հասարակության մեջ ընդունված բարոյական նորմերին հակասող վարքագիծը և անձի մարդկային արժանապատվությունը նսեմացնելուն նպատակադրված այլ ձևերը:
5.2.4. Սահմանադրական դատարանը շեշտում է, որ կարծիքի արտահայտման ազատությունը բացարձակ չէ, որովհետև Սահմանադրության ուժով ի սկզբանե որոշված են դրա սահմանները, և միաժամանակ այն որպես սուբյեկտիվ իրավունք կարող է սահմանափակվել օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Հիմնական իրավունքների սահմանափակումը ենթադրում է դրա իրավական, մեծ մասամբ` օրենսդրորեն ամրագրված բովանդակության ծավալային շրջանակների նեղացում և նույնպես հետապնդում է այլոց իրավունքների պաշտպանության իրավաչափ նպատակ:
Քաղաքացիական հասարակության կայացման և կայուն զարգացման համար անհրաժեշտ է, որ հասարակության անդամները դրսևորեն հանդուրժողականություն միմյանց նկատմամբ` առաջնորդվելով իրավական նորմերով: Այս հարցում կարևոր է պետության որդեգրած կայուն քաղաքականությունը` ձևավորել այնպիսի հասարակություն, որտեղ տեղ չունեն ատելության խոսքը, բռնության կոչերն ու սպառնալիքները, հայհոյանքը, վիրավորանքն ու անպարկեշտ վարքագիծը, որոնք խաթարում են առողջ սոցիալական միջավայրը: Այս առումով առաջնային պատասխանատվությունն ընկած է քաղաքական իշխանության վրա:
Վերոնշյալի առնչությամբ Սահմանադրական դատարանն իր` 2021 թվականի հուլիսի 17-ի ՍԴՈ-1606 որոշման մեջ նշել է, որ «(...) քաղաքական մեծամասնության ունեցած ազդեցությունը հանրային իշխանության մարմինների համակարգում, ընդգծում է նրանց կողմից գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը հայաստանյան քաղաքական խոսքում` ատելության, բռնության, վիրավորանքի և արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքի և վարքագծի որևէ դրսևորում (...) բացառելու նպատակով»:
Սահմանադրական դատարանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 2022 թվականի հունվարի 27-ին ընդունված թիվ 2427 (2022) «ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» վերտառությամբ բանաձևի(1) 24-րդ կետում կոչ է արված Հայաստանի Հանրապետությանը.
________________________
1) Հասանելի է հետևյալ հղումով. https://pace.coe.int/pdf/aeae39e8b76123f84c46172028ba6d4a5b43d1ba286f5d9961 49664efc7047da/doc.%2015432%3A%20compendium%20of%20written%20amendments%20 (final%20version).pdf
1) ապահովել, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված` ազատ արտահայտվելու իրավունքի և 8-րդ հոդվածով պաշտպանվող` անձի անձեռնմխելիության մաս կազմող արժանապատվության միջև հավասարակշռությունը պահպանվի,
2) ապահովել, որ վիրավորանքի և զրպարտության համար սահմանված պատիժների վերաբերյալ օրենսդրությունը դատախազության կողմից կիրառվի միատեսակ` սահմանափակման իմաստով, որպեսզի այն կամայականորեն չկիրառվի անձանց և լրատվամիջոցների դեմ,
3) ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ պայքարելու նպատակով պատժից բացի մշակել կանխարգելիչ այլ գործիքներ,
4) 2003 թվականի «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը ենթարկել համապարփակ և ընդգրկուն բարեփոխումների և այս առումով շարունակել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը:
Պետությունը պարտավոր է մշակել և իրականացնել միասնական իրավական քաղաքականություն` ուղղված պետական անվտանգությանն ու հասարակական կարգին, առողջությանը և բարոյականությանը կամ այլոց պատվին ու բարի համբավին, այլ հիմնական իրավունքներին և ազատություններին սպառնացող արատավոր երևույթների վերացմանը կամ առնվազն` էական նվազեցմանը: Այս ուղղությամբ պետությունը պետք է օգտագործի իր ողջ ներուժը` խելամտորեն զուգորդելով համոզման և հարկադրանքի մեթոդները, կիրառի օրինական և պիտանի միջոցներ` վերականգնելու խախտված ներդաշնակությունը: Այս առումով առավել խրախուսելի և կայուն է պետության կողմից իրականացվող գաղափարական-դաստիարակչական միջոցների գործադրումը, ուստի պետությունը պետք է համոզման մեթոդի ողջ հնարավորություններն օգտագործի երկարաժամկետ առումով խնդիրը կարգավորելու համար: Հաշվի առնելով խնդրո առարկա հարցի կարևորությունն ու հրատապությունը` օրենսդիրը նախընտրել է ծանր վիրավորանքի դեմ պայքարի քրեաիրավական գործիքակազմը:
5.3. Վիճարկվող իրավակարգավորումն իրավունքին/ազատությանը իրավաչափ միջամտության սահմանադրական չափանիշներին համապատասխան արժևորելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում կիրառել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մշակած իրավունքին միջամտության իրավաչափության ստուգման եռատարր թեստը:
5.3.1. Միջամտությունն օրենքով նախատեսված լինելու հանգամանքի գնահատման տեսանկյունից Սահմանադրական դատարանը փաստում է, որ խնդրո առարկա հիմնական իրավունքին միջամտությունը նախատեսվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» 2021 թվականի հուլիսի 30-ի ՀՕ-323-Ն օրենքով, որով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացվել է վիճարկվող «Ծանր վիրավորանքը» վերտառությամբ 137.1-ին հոդվածով:
Վիճարկվող իրավակարգավորումը` օրենքով նախատեսված լինելու չափանիշի գնահատման համատեքստում` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դիմողի այն դիրքորոշմանը, որ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» 2021 թվականի հուլիսի 30-ի ՀՕ-323-Ն օրենքն ընդունվել է ընթացակարգային կոպիտ խախտումներով, մասնավորապես` այն ընդունվել է հրատապորեն, հանրության և մասնագիտական շրջանակների իմաստալից (meaningful) մասնակցությունը բացարձակ չի ապահովվել, ընդունվել է առանց մասնագիտական խորհրդակցությունների կազմակերպման կամ այլ մարմինների, այդ թվում` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի ներկայացման:
Սահմանադրական դատարանը 2019 թվականի ապրիլի 19-ի ՍԴՈ-1454 որոշման մեջ նշել է. «Սահմանադրական դատարանի գործառույթը հատուկ` սահմանադրական արդարադատության միջոցով Սահմանադրության գերակայությունն ապահովելն է, որի համար հենց Սահմանադրությամբ է սահմանվում Սահմանադրական դատարանի լիազորությունների սպառիչ ցանկը, ինչը բխում է Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից: Իսկ համաձայն Սահմանադրական դատարանի հիշյալ գործառույթից ածանցվող վերաբերելի լիազորության` Սահմանադրական դատարանը որոշում է (այդ թվում) օրենքների համապատասխանությունը Սահմանադրությանը (Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետ):
Դա նշանակում է, որ օրենքների ընդունման գործընթացում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի միայն այն խախտումները կարող են դառնալ Սահմանադրական դատարանում վեճի առարկա, որոնց արդյունքում խախտվել են Սահմանադրության վերաբերելի դրույթները: Այսպես` եթե «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի խախտման արդյունքում խախտվել է Սահմանադրությամբ ամրագրված քվեարկության կարգը, որն ազդել է կամ կարող էր ազդել Սահմանադրությամբ պահանջվող ձայներով օրենք կամ որոշում ընդունելու վրա, ապա այդպիսի օրենքը կամ որոշումը կարող են ըստ ընդունման կարգի դառնալ Սահմանադրական դատարանում քննության առարկա:
(...)
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Ազգային ժողովի` իր կանոնակարգի համաձայն գործելու սահմանադրական պահանջի խախտումները կարող են Սահմանադրական դատարանում վեճի առարկա դառնալ միայն այդ խախտումների արդյունքում Սահմանադրության որևէ պահանջ խախտվելու դեպքերում»:
Այս դիրքորոշման լույսի ներքո դիտարկելով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» 2021 թվականի հուլիսի 30-ի ՀՕ-323-Ն օրենքի ընդունման կարգի խախտումների վերաբերյալ դիմողի ներկայացրած փաստարկները` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դրանք Սահմանադրական դատարանում քննության առարկա չեն կարող հանդիսանալ, քանի որ դիմողի կողմից ներկայացված` վերոնշյալ օրենքի ընդունման ընթացակարգային ենթադրյալ խախտումները (հրատապ, առանց հանրության և մասնագիտական շրջանակների իմաստալից մասնակցության) չեն առնչվում Սահմանադրության վերաբերելի դրույթներին:
5.3.2. Սահմանադրական դատարանը կարծիքն ազատ արտահայտելու հիմնական իրավունքին միջամտության իրավաչափ նպատակ հետապնդելը գնահատում է համաչափության սահմանադրական սկզբունքի համատեքստում: Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշման մեջ անդրադառնալով համաչափության սկզբունքի տարրերին` Սահմանադրական դատարանը նշել է. «Համաչափության սկզբունքի առաջին տարրը հիմնական իրավունքի սահմանափակման նպատակի լեգիտիմությունն է, այն է` Սահմանադրությամբ նախատեսված լինելը: Դա նշանակում է, որ օրենսդիրը, իրականացնելով հիմնական իրավունքի սահմանափակման իր լիազորությունը, պետք է հիմնվի Սահմանադրությամբ նախատեսված նպատակների վրա: Բոլոր այն դեպքերում, երբ այդ նպատակներն ուղղակիորեն ամրագրված են սահմանափակվող հիմնական իրավունքին կամ ազատությանը վերաբերող սահմանադրական դրույթներում, ինչպես օրինակ` մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքի դեպքում, օրենսդիրն իրավասու է միայն դրանք կոնկրետացնել օրենքներում, մնացյալ դեպքերում օրենսդիրն ինքն է բացահայտում սահմանափակման` օրենքով սահմանված նպատակի սահմանադրական բովանդակությունը` հիմնվելով Սահմանադրության վերաբերելի նորմերի մեկնաբանության վրա:
Հավաստիանալով իր կողմից պարզված սահմանադրական նպատակի առկայության մեջ` օրենսդիրն այնուհետև պետք է ընտրի դրան հասնելու միջոցները: Հետևապես, ընտրված միջոցների սահմանադրականությունը կանխորոշվում է առաջին հերթին դրանցով հետապնդվող նպատակով:
Ինչ վերաբերում է օրենսդրի կողմից միջոցների ընտրությանը` սահմանադրորեն արդարացված նպատակին հասնելու համար, ապա, նախ` դրանք պետք է պիտանի լինեն հիշյալ սահմանադրական նպատակին հասնելու համար: Այսինքն` այնպիսի օրենսդրական միջոցներն են պիտանի, որոնցով օրենսդիրն ի զորու է հասնել հետապնդվող նպատակին, այլ կերպ` երբ ապահովված է հավանականությունը, որ արդյունքը, որին ձգտում է օրենսդիրը, ի հայտ կգա:
Համաչափության սկզբունքի հաջորդ տարրն օրենսդրի կողմից ընտրված միջոցի անհրաժեշտությունն է, այսինքն` այն, որ այդ միջոցը` այլ միջոցների համեմատ նույն ներգործությամբ, պետք է ենթադրի ամենամեղմ միջամտությունը որևէ հիմնական իրավունքին կամ ազատությանը: Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու բոլոր պիտանի միջոցներից պետք է ընտրվի այն օրենսդրական միջոցը, որը նպատակին հասնելու նույն հավանականությամբ, այսինքն` նույն արդյունավետությամբ, սակայն առավել մեղմ է սահմանափակում որևէ հիմնական իրավունք կամ ազատություն:
Համաչափության սկզբունքի վերջին` չորրորդ տարրը պահանջում է, որ օրենսդիրն իր կողմից ընտրված պիտանի և անհրաժեշտ միջոցը համեմատի սահմանափակվող հիմնական իրավունքի կամ ազատության սահմանադրական նշանակության հետ` պարզելու համար, որ այդ միջոցներով արդյունքում պետությունն իրապես հասնում է հետապնդվող նպատակին, և սահմանափակվող հիմնական իրավունքը կամ ազատությունն իր նշանակությամբ չի պահպանում իր գերակայությունը այն հանրային շահերի նկատմամբ, որոնք պահպանելու նպատակով էլ օրենսդիրը դիմում է հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակման: Վերջնարդյունքում դա նշանակում է, որ որևէ հիմնական իրավունքի կամ ազատությանը չմիջամտելը կամ այն երաշխավորելը, կախված դրանց էությունից, կանոն է, իսկ դրա սահմանափակումը` բացառություն, որը պետք է հիմնավորվի սահմանափակման յուրաքանչյուր դեպքում: Ընդսմին, որքան ավելի ինտենսիվ է սահմանափակումը, այնքան ավելի է մեծանում սահմանափակումը հիմնավորելու բեռը»:
Ըստ այդմ, կարծիքի արտահայտման ազատության սահմանադրական արժեքի հարաբերակցությունն այլ սահմանադրական արժեքներին որոշում է դրա հնարավոր սահմանափակումների բնույթը: Միանշանակ է, որ ազատ արտահայտվելու իրավունքի ցանկացած սահմանափակման անհրաժեշտություն պետք է հիմնավորվի, և ներկայացվեն այն հակակշռող հանրային շահը և պահանջը, որոնց պաշտպանության նպատակով տեղի է ունենում միջամտությունն այդ ազատությանը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հիմնական իրավունքին միջամտությունը հետապնդում է իրավաչափ նպատակ այն հաշվառմամբ, որ ժողովրդավարական հասարակության անկյունաքար հանդիսացող մարդու արժանապատվությունը, լինելով բոլոր իրավունքների և ազատությունների հիմք, կանխորոշում է նաև այդ իրավունքների իրացման սահմանները` լինելով, ըստ Սահմանադրության, անօտարելի և անխախտելի:
Օրենսդիրը, սահմանելով վիճարկվող դրույթով նախատեսված իրավակարգավորումները, իրավաչափ և սահմանադրորեն անհրաժեշտ նպատակ է ունեցել պաշտպանելու այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են անձի պատիվն ու բարի համբավը, պետական անվտանգությունը, հասարակական կարգը, առողջությունը և բարոյականությունը, որոնցից յուրաքանչյուրը կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման հիմք է, և դրանցից միայն մեկի առկայությունն ինքնին բավարար է այդ ազատության սահմանափակման նպատակի իրավաչափության տեսանկյունից: Այս առումով վիճարկվող դրույթն առանձնահատուկ է, քանի որ տվյալ դեպքում կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումը հետապնդում է սահմանադրորեն պաշտպանվող ոչ թե մեկ, այլ մի քանի շահերի պաշտպանության նպատակ:
Ծանր վիրավորանքից քրեաիրավական պաշտպանությունը նպատակ է հետապնդում պաշտպանել ոչ միայն անձանց պատիվն ու բարի համբավը, այլ նաև հիմնական իրավունքները և ազատությունները, պետական անվտանգությունը, հասարակական կարգը, առողջությունն ու բարոյականությունը: Ծանր վիրավորանքը խարխլում է հասարակական բնականոն կարգը և հարիր չէ քաղաքացիական հասարակության բարոյական արժեհամակարգին:
5.3.3. Սահմանադրական դատարանը, գնահատելով սահմանադրորեն արդարացված նպատակին հասնելու համար կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման` օրենսդրի կողմից ընտրված միջոցի ընտրությունը, այն է` ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանելու պիտանիությունը, գտնում է, որ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանելու` օրենսդրի կողմից ընտրված իրավական միջոցը ի զորու է հասնելու հետապնդվող նպատակին:
Ընտրված միջոցի պիտանիության տեսանկյունից ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն նախատեսելն ինքնին սահմանադրականության խնդիր չի առաջացնում, և քրեական քաղաքականության մեջ իրավաստեղծ և իրավակիրառ գործունեության արդյունավետ իրացման դեպքում հնարավոր կլինի հասնել օրենսդրի կողմից հետապնդվող իրավաչափ նպատակին:
Ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանելու` համաչափության սկզբունքի անհրաժեշտության տարրի վերաբերյալ Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա չէ սահմանադրորեն հետապնդվող նպատակին հասնելու համար բավարար արդյունավետ այլ օրենսդրական միջոց: Այս տեսանկյունից կարևոր է, որ մի կողմից` պաշտպանվի յուրաքանչյուրի կարծիքի արտահայտման ազատությունը, մյուս կողմից` կարծիքի ազատ արտահայտումը չպետք է վնասի սահմանադրորեն պաշտպանվող արժեքները: Այս հավասարակշռությունն օրենսդրորեն ամրագրելու և իրավակիրառ պրակտիկայում երաշխավորելու պարտականությունը կրում է պետությունը:
Կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման համարժեքությունը պահանջում է, որ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն նախատեսելու արդյունքում կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումն առավել նվազ նշանակություն ունենա` սահմանադրորեն ամրագրված այն արժեքների համեմատ, որոնց պահպանության նպատակով տեղի է ունեցել այդպիսի սահմանափակումը: Այս առումով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ կարծիքի արտահայտման ազատությանն այս կերպ չմիջամտելն իրական վտանգ կարող էր ստեղծել սահմանադրորեն պահպանվող այլ շահերի համար, որպիսի նպատակից ելնելով է տվյալ արարքն օրենսդիրը քրեականացրել: Հետևաբար` ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն նախատեսելով և այն իրավակիրառ պրակտիկայում խելամիտ կիրառելու դեպքում օրենսդրի կողմից հետապնդվող նպատակն իրականություն կարող է դառնալ, ուստի անձի արժանապատվության, պատվի ու բարի համբավի, պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության պաշտպանությունն ինչպես առանձին, այնպես էլ իրենց համակցության մեջ, գերակա է կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման նկատմամբ:
5.4. Դիմողի կողմից բարձրացված մյուս հարցը վերաբերում է հանրային գործունեություն իրականացնող անձանց ծանր վիրավորելը` որպես որակյալ հանցակազմ նախատեսելու սահմանադրականությանը:
Հանրային գործունեություն իրականացնող անձանց գործունեության առանձնահատկությունով պայմանավորված` նրանք անխուսափելիորեն և գիտակցաբար ավելի բաց են հասարակության համար, և նրանց յուրաքանչյուր խոսքի և արարքի մանրակրկիտ զննումն ու քննադատությունն ինչպես լրագրողների, այնպես էլ հասարակության կողմից մեծ են: Այս խմբի անձանց քննադատությունն ընդգրկում է նրանց կարգավիճակով պայմանավորված գործունեության քննարկում և քննադատություն, գործողությունների վերլուծում և այդ գործողությունների դրական և բացասական հատկությունների վերաբերյալ դատողությունների կառուցում: Ժողովրդավարական հասարակություններում այս ամենն անհրաժեշտություն է և խրախուսվում է, սակայն ոչ մի կերպ այն չպետք է դուրս գա քննադատության թույլատրելի և ողջամիտ սահմաններից և վերածվի անձնական կամ կարգավիճակով պայմանավորված վիրավորանքի:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ հանրային գործունեություն իրականացնող անձինք, մասնավորապես` քաղաքական գործիչները, իրենց խոսքը պետք է այնպես կառուցեն, որ չօգտագործեն անթույլատրելի, քաղաքական գործիչներին ոչ հարիր արտահայտություններ` դրսևորելով պատշաճ գործելաոճ:
Սահմանադրական դատարանը վերոնշյալի առնչությամբ անհրաժեշտ է համարում նշել նաև, որ հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների սահմաններում պետք է հաշվետու և թափանցիկ լինի հասարակության առջև, իր կողմից իրականացվող գործունեությամբ պայմանավորված` պետք է պատրաստ լինի հասարակական վերահսկողության. վերջիններս բազմակարծության և լայնախոհության պահանջներն են, առանց որոնց չի կարող լինել ժողովրդավարական պետություն:
Այսպիսով, մի կողմից` հանրային գործունեություն իրականացնող անձանց համար պետք է ընդունելի լինի իրենց գործունեությամբ պայմանավորված քննադատությունը, մյուս կողմից` նրանց արժանապատվությունը ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելուն ուղղված վարքագիծը չի կարող պաշտպանվել Սահմանադրության 42-րդ հոդվածով:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումները Սահմանադրական դատարանին հիմք են տալիս եզրակացնելու, որ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգավորումը, որը նախատեսում է որակյալ հանցակազմով քրեական պատասխանատվություն հանրային գործունեություն իրականացնող անձին ծանր վիրավորանք հասցնելու համար, ինքնանպատակ չէ:
Հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող ցանկացած անձի նկատմամբ առավել բարձր քրեաիրավական պաշտպանություն նախատեսելով` օրենսդիրը նպատակ է հետապնդել պաշտպանելու ոչ միայն վերջինիս պատիվն ու արժանապատվությունը, այլև պետական անվտանգությունը (հանրային իշխանության արդյունավետ գործունեությունը): Նման մոտեցման հիմքում ընկած է այն իրավաչափ տրամաբանությունը, որ երկրորդ դեպքում թիրախավորվում է ոչ միայն կամ ոչ այնքան տվյալ անձը, որքան այն, որ նա իրականացնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն: Այս հանգամանքն ինքնին պարտավորեցնում է պետությանը լրացուցիչ իրավական երաշխիքներ նախատեսել հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար, առավել ևս այն պարագայում, որ վերջիններս, իրենց կարգավիճակով պայմանավորված, կրում են որոշակի սահմանափակումներ, այդ թվում` կարծիքն արտահայտելու ազատության և ծանր վիրավորանքին համարժեք արձագանքելու տեսանկյունից:
Այս առումով Սահմանադրական դատարանն էական է համարում ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ բոլոր այն դեպքերում, երբ կարծիքի արտահայտման ազատությունը չի հատում թույլատրելի` ծանր վիրավորանքի շեմը, ապա հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար ոչ միայն հավելյալ երաշխիքներ չեն կարող նախատեսվել, այլև վերջիններս կրում են հանդուրժող լինելու պարտականություն, այսինքն` բոլոր այն դեպքերում, երբ կարծիքի արտահայտման ազատությունը հատում է թույլատրելի շեմը, և հասցվում է ծանր վիրավորանք, ապա հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար իրավական պաշտպանության հավելյալ երաշխիքներ սահմանելը` այդպիսի արարքը որակյալ հանցակազմով նախատեսելը, օրենսդրի իրավասության տիրույթում է և չի խախտում օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը, քանի որ տարբերակված մոտեցումը կրում է օբյեկտիվ բնույթ և հետապնդում է իրավաչափ նպատակ:
Այս համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում քննարկել լրագրողական գործունեություն իրականացնող անձանց ևս հատուկ պաշտպանություն վերապահելու իրավաչափության հարցը:
Սահմանադրական դատարանն իր` 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշման մեջ կարևորել է մամուլի հասարակական դերը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս բազմիցս անդրադարձել է նաև մամուլի ազատությանը, մասնավորապես, ընդգծել է մամուլի կենսական դերը ժողովրդավարական հասարակության մեջ (տե՛ս օրինակ` Axel Springer AG v. Germany, Application no. 39954/08, 07.02.2012, § 79):
Հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հարցում մամուլի առանցքային դերը` իրավաչափ է, որ առավել լայն պաշտպանություն ապահովվի լրագրողական գործունեության համար: Այսինքն` մի կողմից պետք է երաշխավորված ու պաշտպանված լինի խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը, մյուս կողմից` դրանով չպետք է վտանգվի պատասխանատու մամուլի կենսունակությունը:
Ինչ վերաբերում է վիճարկվող դրույթում հանրային գործունեություն համարվող գործունեության մյուս տեսակների դեպքում ևս պաշտպանության հավելյալ երաշխիքներ նախատեսելու իրավաչափությանը, ապա այս առնչությամբ անհրաժեշտ է արձանագրել, որ այն գտնվում է օրենսդրի հայեցողության տիրույթում` իհարկե, հաշվի առնելով այդպիսի կարգավորման անհրաժեշտության օբյեկտիվ բնույթը և հետապնդած իրավաչափ նպատակը: Ըստ այդմ, հաշվի առնելով նշված պայմանների պահպանվածությունը` վիճարկվող դրույթում հանրային գործունեություն համարվող գործունեության մյուս տեսակների դեպքում ևս պաշտպանության հավելյալ երաշխիքներ նախատեսելը չի կարող որակվել որպես անհամաչափ միջամտություն կարծիքի արտահայտման ազատությանը:
5.5. Սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում հարկ է համարում անդրադառնալ նաև վիճարկվող քրեաիրավական կարգավորման գործողության պայմաններում քաղաքացիաիրավական պատասխանատվության զուգահեռ կիրառման իրավաչափության հիմնախնդրին` այն դիտարկելով Սահմանադրության 68-րդ հոդվածով ամրագրված` կրկին դատվելու սահմանադրաիրավական արգելքի համատեքստում:
Սահմանադրական դատարանն իր` 2014 թվականի փետրվարի 18-ի ՍԴՈ-1139 որոշման մեջ նշել է. «Կրկին դատվելու անթույլատրելիության պահանջը (սկզբունքը), որը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 7-րդ մասում, սահմանված է մի շարք միջազգային պայմանագրերով, այդ թվում` Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ կետով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածով: Այդ սկզբունքն իր բովանդակությամբ (մեկնաբանմամբ) ենթադրում է պետության պարտականությունը` նույն արարքի համար անձին կրկին անգամ պատժելը, դատելը և քրեական հետապնդման ենթարկելը բացառելը: Իր սահմանադրաիրավական բովանդակությամբ` այդ սկզբունքի հիմքում (քրեաիրավական իմաստով) դրված է այն գաղափարը, որ ոչ ոք չի կարող նույն արարքի համար կրկին դատվել»:
Իր մեկ այլ` 2010 թվականի մայիսի 11-ի ՍԴՈ-882 որոշման մեջ Սահմանադրական դատարանը նշել է նաև, որ` «... նույն արարքի համար կրկին անգամ դատվելը բացառելու սկզբունքն այն ձևով, ինչպես սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ և կարգավորված է ՀՀ քրեական օրենսգրքով, բացառում է անձին կրկնակի դատապարտելն ու պատժելը միևնույն հանցագործության համար, ինչպես նաև միևնույն հանցավոր արարքի որակումն օրենսգրքի մի քանի հոդվածով, եթե դրանցում պարունակվող նորմերը հարաբերակցվում են որպես Ընդհանուր և Հատուկ մասերի նորմեր կամ մաս և ամբողջություն»:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները» վերտառությամբ 1087.1-ին հոդվածը ներառված է «Վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորություններ» վերտառությամբ 60-րդ գլխում: Այդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
Սահմանադրական դատարանն իր` 2011 թվականի ապրիլի 5-ի ՍԴՈ-947 որոշման շրջանակներում բացահայտել է ՀՀ քրեական և քաղաքացիական օրենսդրության խնդիրները` արձանագրելով, որ` «ՀՀ քրեական օրենսգրքի` «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրները» վերտառությամբ 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրներն են, ի թիվս այլնի, հանցավոր ոտնձգություններից մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, հանցագործությունների կանխումը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` «Քաղաքացիական օրենսդրության սկզբունքները» վերտառությամբ 3-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների վերլուծությունը թույլ է տալիս բացահայտել նաև ՀՀ քաղաքացիական օրենսդրության խնդիրները: ՀՀ քաղաքացիական օրենսդրության խնդիրներն են, ի թիվս այլնի, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացումը, խախտված իրավունքների վերականգնման և դրանց դատական պաշտպանության ապահովումը:
ՀՀ քրեական և քաղաքացիական օրենսդրության խնդիրների համադրված վերլուծությունից բխում է, որ քրեական օրենսդրության միջոցով օրենսդիրն իր առջև դրել է հանցագործությունների կանխման միջոցով հանցագործությունների հետևանքով իրավունքների և ազատությունների խախտումների կանխման խնդիր, իսկ քաղաքացիական օրենսդրության դեպքում օրենսդիրն իր առջև դրել է խախտված իրավունքների վերականգնման ապահովման խնդիր, ինչը նշանակում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առկա են քաղաքացիական իրավունքների խախտման դեպքում քաղաքացիական դատավարության կարգով նշված իրավունքների վերականգնման համար նախադրյալներ հանդիսացող նորմեր: (...)
Ինքնանպատակ չէ այն հանգամանքը, որ, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, որտեղ օգտագործվում է «խախտված իրավունքների վերականգնման» բառակապակցությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործվում է «պաշտպանել իրավունքները» բառակապակցությունը, ինչը նշանակում է, որ քրեական օրենսդրությունն ունի նախականխիչ նշանակություն և քրեական օրենսդրության միջոցով օբյեկտիվորեն հնարավոր չէ վերականգնել արդեն իսկ խախտված իրավունքները:
(...) կոնկրետ արարքի համար միաժամանակ քրեական և քաղաքացիական պատասխանատվություն սահմանող նորմերն ունեն տարբեր առարկաներ, և դրանց միջոցով օրենսդիրը լուծում է տարբեր խնդիրներ. քաղաքացիական պատասխանատվության սահմանումը չի բացառում քրեորեն պատժելի արարքի համար պատասխանատվության սահմանումը:
Ընդ որում, այս կամ այն արարքի հանրային վտանգավորության գնահատումը և դրա քրեականացումը գտնվում են օրենսդրի բացառիկ իրավասությունների տիրույթում` հաշվի առնելով խնդրի համակարգային լուծումը և ելնելով վարչական, քաղաքացիական և քրեական պատասխանատվության հստակ տարանջատման ու համադրված կանոնակարգման անհրաժեշտությունից»:
Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ քաղաքացիական և քրեական օրենսդրությունները հետապնդում են տարբեր նպատակներ, և դրանց իրացման համար նախատեսված են տարբեր ընթացակարգեր: Նույն տրամաբանությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածն իր նպատակով տարբերվում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի հետապնդած նպատակից, մասնավորապես, եթե առաջին դեպքում օրենսդիրը նպատակ է հետապնդում մասնավոր իրավահարաբերությունների շրջանակներում ապահովել անձի խախտված իրավունքների վերականգնման իրավական հնարավորությունը և ստանալ ոչ նյութական վնասի հատուցում, ապա երկրորդ դեպքում օրենսդրի խնդիրն է կանխել իրավունքների հնարավոր ցանկացած խախտում, իսկ խախտման դեպքում հանրային իրավահարաբերությունների շրջանակներում պաշտպանել դրանք: Վերոշարադրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ քրեաիրավական պատասխանատվությունն իր բնույթով պատժիչ տեսակի պատասխանատվության միջոց է` ի տարբերություն քաղաքացիաիրավական պատասխանատվության, որն ունի իրավավերականգնիչ առաքելություն: Ավելին, բացի նրանից, որ տարբեր են ՀՀ քաղաքացիական և ՀՀ քրեական օրենսգրքերի նպատակները և խնդիրները, էական տարբերություն է առկա նաև կոնկրետ հոդվածների կարգավորման առարկաների միջև, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածը քաղաքացիական պատասխանատվություն է նախատեսում վիրավորանքի և զրպարտության համար, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում ծանր վիրավորանքի համար, որը կարող է իրականացվել հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու միջոցով` դրսևորվելով ինչպես խոսքի (պատկեր, ձայն և այլ հրապարակային արտահայտություն), այնպես էլ այլ վարքագծի միջոցով: Բացի դրանից, սույն պարագայում խնդրո առարկա պատասխանատվության տեսակները տարբերակվում են նաև առաջացրած իրավական հետևանքների տեսանկյունից, մասնավորապես, ի տարբերություն քաղաքացիական պատասխանատվության` քրեաիրավական պատասխանատվությունն առաջացնում է դատվածություն: Հատկանշական է, որ օրենսդիրը տարբերակել է նաև խնդրո առարկա պատասխանատվության միջոցները` նկատի ունենալով, որ քաղաքացիաիրավական պատասխանատվության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել` ա) հրապարակայնորեն ներողություն խնդրել, բ) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը, գ) ստանալ համապատասխան փոխհատուցում: Մինչդեռ քրեաիրավական պատասխանատվության դեպքում անձը վճարում է տուգանք կամ պատժվում է կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով: Բացի դրանից, քաղաքացիաիրավական պատասխանատվության դեպքում փոխհատուցման ենթակա գումարը տրվում է անձին, որին հասցվել է վիրավորանքը, իսկ քրեաիրավական պատասխանատվություն կիրառվելու դեպքում համապատասխան տուգանքը փոխանցվում է պետությանը: Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ քաղաքացիական պատասխանատվության սահմանումն ինքնին չի բացառում քրեորեն պատժելի արարքի համար պատասխանատվության սահմանումը, և հակառակը, որպիսի պայմաններում վիճարկվող կարգավորումը Սահմանադրության համատեքստում խնդրահարույց չէ:
5.6. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործի շրջանակներում սահմանադրական իրավական չափանիշների հիման վրա գնահատել սույն գործով վիճարկվող դրույթների իրավական որոշակիությունը և դրա հետ կապված իրավակիրառ պրակտիկան` նկատի ունենալով, որ դիմողը սույն գործով վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը փոխկապակցում է իրավակիրառ պրակտիկայում առկա մեկնաբանությունների հետ:
Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
Սահմանադրական դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին և մի շարք որոշումներում մասնավորապես, արձանագրել է.
1) «(...) օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն` ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը» (2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630),
2) «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի` իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու` թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը: Օրենքի կանխատեսելիությունը գնահատելու համար կարևոր գործոն է նաև տվյալ հարաբերությունները կանոնակարգող տարբեր կարգավորումների միջև հակասությունների առկայության կամ բացակայության հանգամանքը» (2008 թվականի մայիսի 13-ի ՍԴՈ-753),
3) «Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական պետությունում, իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները» (2014 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-1148),
4) «ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի» (2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270):
Սահմանադրական դատարանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ վիրավորանքի հանցակազմի օբյեկտիվ կողմի տարրի` արարքի օրենսդրական հասկացության առավել որոշակի սահմանման (նկարագրության) չափանիշով համաշխարհային պրակտիկայում առկա է երեք մոտեցում. ա) վիրավորանքի` որպես հանցավոր արարքի օրենսդրական նկարագրության իսպառ բացակայություն, երբ օրենքը, վիրավորանքն ամրագրելով որպես հանցագործություն, չի սահմանում այդ եզրույթի որևէ մեկնաբանություն, բ) վիրավորանքի` որպես հանցավոր արարքի օրենսդրական նկարագրություն շատ վերացական բնորոշման միջոցով (անձի պատվի նկատմամբ ոտնձգություն, «վրդովեցուցիչ արտահայտությունը, ատելության կամ վիրավորանքի խոսքը»), գ) վիրավորանքի` որպես հանցավոր արարքի որոշակիորեն մանրամասնեցված օրենսդրական նկարագրություն («անձի պատվի ու արժանապատվության ստորացում` արտահայտված անպարկեշտ կամ համընդհանուր ճանաչում ունեցող բարոյական նորմերին հակասող այլ ձևով», «անձի պատիվը` գրավոր, պատկերով, ժեստերի կամ ագրեսիայի ակտի միջոցով ոտնձգելը»):
Վերոբերյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո քննարկման առարկա դարձնելով վիճարկվող դրույթի 1-ին մասում ամրագրված ձևակերպումները` Սահմանադրական դատարանը փաստում է, որ յուրաքանչյուր լեզվում և մշակույթում որոշակի արտահայտություններ ունեն հատուկ նշանակություն: Միայն հասարակ լեզվաբանական վերլուծությունը հնարավորություն է տալիս հասկանալու, որ հայհոյանքը ծանր վիրավորանքի դրսևորում է, հայհոյանք հասցնողը դիտավորյալ և կանխամտածված ձևով արտաբերում է բառեր ու վիրավորական արտահայտություններ` նպատակ ունենալով վիրավորանք հասցնել այլ անձի: Վիճարկվող դրույթի ծանր վիրավորանք հասցնելու մյուս եղանակը ծայրահեղ անպարկեշտ ձևով վիրավորելն է, որը կարող է դրսևորվել հասարակության մեջ ընդունված բարոյականության և էթիկայի նորմերով կարգավորված կանոններին ծայրահեղ հակասող վարքագծով:
Վիճարկվող հոդվածի 2-րդ մասում` որպես որակյալ հանցակազմ օրենսդիրը քրեական պատասխանատվություն է նախատեսել անձին ծանր վիրավորանք հասցնելու կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելու համար, եթե այն` 1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ 2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված:
Նույն դրույթի 3-րդ մասի վերջին պարբերության իմաստով` հանրային գործունեություն է համարվում լրագրողական գործունեությունը, հրապարակախոսական գործունեությունը, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված գործունեությունը, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու հետ կապված գործունեությունը, հասարակական կամ քաղաքական գործունեությունը:
Հանրային գործունեություն համարվող վերոնշյալ ձևակերպումների բովանդակության բացահայտման համար հատուկ իրավաբանական և համակարգային մեկնաբանման հնարքների կիրառումը հնարավորություն է տալիս փաստելու, որ դրանցից մի քանիսն այլ ճյուղային պատկանելիություն ունեցող իրավական ակտերով արդեն իսկ բացահայտված են: Այսպես` «լրագրողական գործունեություն» եզրույթի բովանդակության բացահայտման իրավական հիմքը «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածում մեկնաբանված հասկացություններն են, իսկ «հանրային ծառայության կամ հանրային պաշտոն» հասկացությունների իմաստի պարզաբանման նորմատիվ-իրավական հիմքը «Հանրային ծառայության մասին» օրենքն է:
Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ծանր վիրավորանքի հանցակազմի օրենսդրական ձևակերպումներին բնորոշ չէ այն չափով վերացականությունը, որը հնարավորություն չի տալիս համապատասխան սուբյեկտներին հասկանալու վիճարկվող իրավադրույթների իմաստը, կանխատեսելու այն հետևանքները, որոնք կարող են առաջացնել իրենց գործողությունները, ի վիճակի լինել դրսևորելու համապատասխան վարքագիծ կամ համատեղելու իրենց վարքագիծը օրենքով սահմանված պահանջներին, այն է` ծանր վիրավորանքի արգելքին:
Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը շեշտում է, որ իրավական որոշակիությունը չպետք է բացարձականացնել: Գնահատողական եզրույթների առկայության պատճառով իրավակարգավորումն ինքնին խնդրահարույց չէ, որպիսի պայմաններում որոշակիության ծավալը լրացնելու ու իրավադրույթների կիրառման համար անհրաժեշտ ու բավարար բովանդակություն հաղորդելու առաքելությունը վերապահված է իրավակիրառողին:
Վիճարկվող դրույթի 1-ին և 2-րդ մասերում առկա եզրույթների, այնպես էլ «հանրային գործունեության» բովանդակությունը կազմող մյուս ձևակերպումների մի մասը ոչ թե անորոշ է, այլ գնահատողական, և դրանք չեն խաթարում իրավական որոշակիության սկզբունքը: Վիճարկվող դրույթում առկա ընդհանրական ձևակերպումների բովանդակությունը պետք է բացահայտվի իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում` նկատի ունենալով յուրաքանչյուր կոնկրետ դեպքը և դրա առանձնահատկությունները, ծանր վիրավորանքի համատեքստը և այլն:
Իրավակիրառական այս խնդիրը կարևորվել է Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում արտահայտված հետևյալ դիրքորոշումներում`
1) «(...) նորմերով կարգավորվող իրավահարաբերությունների առանձնահատկություններով (գնահատման ենթակա հանգամանքների բազմազանությամբ) է պայմանավորված հայեցողական որոշակի այն ազատությունը, որն օրենսդիրը տրամադրել է դատարաններին վիճարկվող հոդվածի նորմերի կիրառմամբ որոշումներ կայացնելիս: Սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ դատական հայեցողությունը մանավանդ այնպիսի դեպքերում, երբ քննության առարկա է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված խոսքի ազատության սահմանափակման հարցը, պետք է առաջնորդվի ոչ միայն օրենքի նորմերն իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան մեկնաբանությամբ կիրառելու պահանջով, այլև միջազգային պրակտիկայով, և հատկապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով» (2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997),
2) «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել` նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով» (2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270):
Այս առնչությամբ կայուն նախադեպային մոտեցում ունի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ըստ որի` չնայած այն բանին, որ սահմանումների որոշակիությունը խիստ ցանկալի է, միաժամանակ անհրաժեշտ է խուսափել դրանց չափազանց կոշտ լինելուց` իրավունքը պետք է ունակ լինի հետևել փոփոխվող հանգամանքներին: Այդ իսկ պատճառով, հաճախ օրենքներում առկա են տերմիններ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը և կիրառումը դատական պրակտիկայի խնդիր է (The Sunday Times v. the United Kingdom, Application no. 6538/74, 26.04.1979, § 49):
Սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներում արձանագրված իրավակիրառման վերոբերյալ պահանջների կենսագործումն արդեն իսկ նկատվում է վիճարկվող նորմերի կիրառման պրակտիկայում: Այսպես` հետաքննության, նախաքննության տվյալների և դատական վերջնական ակտերի համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրականում կատարված հանրորեն վտանգավոր արարքների որակման հարցում նկատվում է առհասարակ վիրավորանքի և ծանր վիրավորանքի, ծայրահեղ անպարկեշտ եղանակների զանազանման հետաքրքիր մեկնաբանողական գործընթաց: Թիվ ԵԴ/0127/01/22, թիվ ԵԴ/1609/01/21, թիվ ՍԴ/0012/01/22, թիվ ՍԴ/0019/01/22, թիվ ՍԴ/0024/01/22, թիվ ԼԴ/0182/01/21 քրեական գործերով կայացված դատավճիռների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առաջին ատյանի դատարաններն արդեն կայացրած դատավճիռներով առայժմ ծանր վիրավորանք են որակել միայն կոնկրետ անձի (անձանց) ուղղված սեռական բնույթի հայհոյանքները, անձի վրա թքելը:
Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել նաև, որ ցանկացած իրավադրույթի, հատկապես գնահատողական հասկացություններ պարունակող, նորմատիվ բովանդակության սահմանադրականությունն ինքնին չի բացառում նորմի` իրավակիրառ պրակտիկայում հակասահմանադրական մեկնաբանությունն ու կիրառումը: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ հայհոյանքի կամ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորանքի առկայության կամ բացակայության, ինչպես նաև արարքը որակյալ հանցակազմով որակելու հարցը, ելնելով տվյալ գործի բոլոր փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից, իրավակիրառ պրակտիկայի, այսինքն` վարույթն իրականացնող մարմնի, այդ թվում` եռաստիճան դատական համակարգի գնահատման տիրույթում է: Իրավակիրառ և դատական մարմինները պետք է առաջնորդվեն վիճարկվող դրույթի որակման միասնական պրակտիկա ձևավորելու հրամայականով, ինչը կնպաստի իրավական կանխատեսելիության բարձրացմանը և վերացական հասկացությունների գնահատման հայեցողության սահմանների հստակեցմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 170-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածները` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
29 ապրիլի 2022 թվականի
ՍԴՈ-1646
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի` «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 137.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՍԴՈ-1646 ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը, 2022 թվականի ապրիլի 29-ին դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, ՍԴՈ-1646 որոշմամբ որոշել է.
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը: (...)»:
Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասը` ներկայացնում եմ հատուկ կարծիք Սահմանադրական դատարանի 2022 թվականի ապրիլի 29-ի ՍԴՈ-1646 որոշման (այսուհետ` ՍԴՈ-1646 որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատավորների մեծամասնության մոտեցումներից տարբերվող հետևյալ դիրքորոշումները.
1. Սահմանադրական դատարանը վիճելի իրավակարգավորման սահմանադրականության հարցն անհրաժեշտ էր քննարկել Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված` իրավական պետության հիմնարար սկզբունքի բաղադրիչ` իրավական որոշակիության և Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքների հարաբերակցության տեսանկյունից: Ընդ որում, եթե իրավական որոշակիությունը` որպես իրավունքի գերակայության ապահովման առանցքային երաշխիք, կանխորոշում է օրենքների որակական այնպիսի հատկանիշներով օժտվածություն, ինչպիսիք են հստակությունը, կանխատեսելիությունն ու մատչելիությունը, ապա որոշակիության սահմանադրական սկզբունքի բովանդակությունից հետևում է, որ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները սահմանափակելիս օրենքներով պետք է սահմանվեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքները և ազատությունները կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածով նախատեսված «ծանր վիրավորանքի»` որպես հանցակազմի օբյեկտիվ կողմի տարրի` արարքի և դրա հետ համակարգային փոխկապվածության մեջ գտնվող իրավական այլ կարգավորումների համալիր վերլուծությունը առաջադրում է հարցադրումներ, որոնց լուծումներն էական նշանակություն կարող էին ստանալ վիճարկվող իրավակարգավորման սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելիս: Մասնավորապես` խոսք կարող է լինել հետևյալի մասին.
առաջին` «ծանր վիրավորանք հասցնելը» մի դեպքում ընկալվում է որպես «հայհոյել», իսկ մեկ այլ դեպքում` «վիրավորել», այսինքն` ծանր վիրավորանքի բովանդակային իմաստը նույնականացվում է հենց «ծանր վիրավորանքի» բաղկացությունը կազմող բնութագրիչի հետ, ինչն իրավական որոշակիության ապահովման և հատկապես քրեաիրավական կարգավորումներով սահմանված արգելքների ապահովման տեսանկյունից այնքան էլ որոշակի չէ: Ակնհայտ է, որ վիճարկվող կարգավորման շրջանակում օրենսդիրը, պայմանավորված այդ արարքի կատարման եղանակով, սահմանազատել է ծանր վիրավորանքը` որպես հանցավոր արարք, վիրավորանքից:
Այստեղից, եթե վիրավորանքի ծանրությունը պայմանավորված է, մի կողմից, վիրավորանքի ձևերի առանձնահատկությամբ, մյուս կողմից, ցանկացած վիրավորանք, որը և՛ հակաբարոյական է, և՛ հակաիրավական, կարող է դրսևորվել վիրավորական գործողությունների կամ արտահայտությունների էության ընդհանրական գնահատման արդյունքում:
Երկրորդ` վիճարկվող կարգավորման մեջ օգտագործվող «նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը» արտահայտության նշանակությունը կարող է հանգեցնել որոշակի շփոթության, հետևաբար` տարաբնույթ մեկնաբանության:
Մասնավորապես այդ բառակապակցության վերլուծությունից հետևում է, որ, մի կողմից, հայհոյելը ևս անձի արժանապատվությունը վիրավորող ծայրահեղ անպարկեշտ եղանակ է, իսկ մեկ այլ դեպքում խնդրահարույց է հենց «անպարկեշտ եղանակի» ծայրահեղ լինելը, քանի որ անպարկեշտությունն արդեն իսկ ենթադրում է հակաբարոյական վարքագիծ, հետևաբար` այդ վարքագծի արդյունքում հակաիրավականություն դրսևորելն ինքնին չի կարող պայմանավորվել միայն այդ վարքագծի ծայրահեղ լինելով:
Արդյունքում` դա նշանակում է, որ ծանր վիրավորանքը որպես հանցավոր արարք սահմանող նորմը ոչ բավարար ճշգրտությամբ է ձևակերպվել, և «ծանր վիրավորանք հասցնելու» գնահատման ենթակա հանգամանքները դառնում են բազմազան, իսկ դրանց կամայական մեկնաբանությունը գործնականում կարող է ստեղծել միևնույն իրավիճակներում իրավունքի սուբյեկտների նկատմամբ տարբեր վերաբերմունքի դրսևորման վտանգ: Այստեղից` տվյալ իրավակարգավորումների համատեքստում անձի, մասնավորապես, կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման հիմքերն ու ծավալները չեն կարող որոշակի չափով բավարար լինել վերջինիս համար կանխատեսելի լինելու, հետևաբար` նրա կողմից համապատասխան վարքագիծ դրսևորելու համար:
Երրորդ` վիճարկվող իրավակարգավորման տրամաբանությունից հետևում է, որ ծանր վիրավորանքից քրեաիրավական հատուկ պաշտպանության տակ են գտնվում հանրային գործունեություն իրականացնող այն անձինք, որոնց վարքագիծը կապված է «լրագրողական գործունեության հետ», «հրապարակախոսական գործունեության հետ», «ծառայողական պարտականությունների կատարման հետ», «հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու հետ», «հանրային պաշտոն զբաղեցնելու հետ», «հասարակական գործունեության հետ», «քաղաքական գործունեության հետ»:
Ներկայացված առանձին եզրույթների (լրագրողական, հրապարակախոսական, հասարակական, քաղաքական գործունեության իրականացում, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարում) նշանակության և իրավական բովանդակության կառուցվածքի բացակայությունը նույնպես իրավական որոշակիության ապահովման և հատկապես քրեաիրավական կարգավորումներով սահմանված արգելքների ապահովման տեսանկյունից այնքան էլ որոշակի չեն: Ավելին, ՀՀ քրեական օրենսգրքի վիճարկվող հոդվածում «ծանր վիրավորանք հասցնել» դրույթի համատեքստում` նույն օրենսգրքի 3322-րդ (Մարդու իրավունքների պաշտպանին նրա լիազորությունների իրականացման հետ կապված վիրավորանք հասցնելու մասով), 343-րդ (դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելու մասով), 360-րդ (զինծառայողին վիրավորանք հասցնելու մասով) հոդվածների իրավակարգավորումներում օգտագործվող «վիրավորանք» եզրույթի գնահատման իրավական չափորոշիչների, այդ թվում նաև դրանց սահմանադրաիրավական բովանդակության բացակայությունը ինքնին խնդրահարույց է դառնում իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի պահանջների պահպանման տեսանկյունից:
Ավելին, վիճահարույց են նաև «հրապարակախոսական գործունեություն», «հասարակական գործունեություն», «քաղաքական գործունեություն» եզրույթների սահմանման ու բովանդակային նշանակության հարցերը: Օրինակ` քաղաքական գործունեության իրականացումը կարող է պայմանավորված լինել ոչ միայն քաղաքական պաշտոն զբաղեցնելու, այլև քաղաքական կուսակցության ղեկավար մարմնում պաշտոն զբաղեցնելու կամ քաղաքական կուսակցության անդամի կարգավիճակով կուսակցական գործունեության իրականացման հետ: Արդյունքում` դա նշանակում է, որ ծանր վիրավորանքից քրեաիրավական հատուկ պաշտպանության տակ գտնվող հանրային գործունեություն իրականացնող անձանց շրջանակը դառնում է անորոշ, որը չի կարող բխել հանրային կարևոր նշանակություն ունեցող հասարակական հարաբերությունների համակարգային կարգավորման տրամաբանությունից:
Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումը, ըստ որի` օրենքի կանխատեսելիության, որոշակիության և հստակության սկզբունքի երաշխավորումը, ի թիվս այլնի, կոչված է նաև կանխելու, բացառելու «կամայականության վտանգը» (Case of Hilda Hafsteinsdottir v. Iceland, application no.40905/98, 08.06.2004), կարծում եմ, որ սահմանադրական կարգավորումների և քրեական օրենքի առանձնահատկությունների տրամաբանության ներքո ծանր վիրավորանքի` որպես հանցավոր արարքի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման ու քրեաիրավական բնութագրման, ինչպես նաև օրենսդրական կարգավորման մակարդակում վիճարկվող կարգավորման առանձին եզրույթների գնահատման չափորոշիչների բացակայությունը խնդրահարույց է իրավունքի գերակայության ապահովման, այդ թվում` իրավական որոշակիության սկզբունքի և որոշակիության սահմանադրական սկզբունքի իրացման ու դրա հետ առնչվող ռիսկերի առաջացման տեսանկյունից:
2. ՍԴՈ-1646 որոշման 5.5-րդ կետում Սահմանադրական դատարանը Սահմանադրության 68-րդ հոդվածով ամրագրված` կրկին դատվելու սահմանադրաիրավական արգելքի համատեքստում անդրադարձել է ՀՀ քրեական օրենսգրքի վիճարկվող 137.1-ին հոդվածի իրավական կարգավորման գործողության պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները» վերտառությամբ 1087.1-ին` «Վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորություններ» վերտառությամբ հոդվածով քաղաքացիաիրավական պատասխանատվության զուգահեռ կիրառման իրավաչափության հիմնախնդրին: Չնայած այն հանգամանքին, որ դիմողի կողմից նման հարցադրմանը որևէ ձևով անդրադարձ չէր կատարվել, այդուհանդերձ Սահմանադրական դատարանը համակարգային վերլուծության արդյունքում կատարել է եզրահանգում, որ «(...) քաղաքացիական պատասխանատվության սահմանումն ինքնին չի բացառում քրեորեն պատժելի արարքի համար պատասխանատվության սահմանումը, և հակառակը, որպիսի պայմաններում վիճարկվող կարգավորումը Սահմանադրության համատեքստում խնդրահարույց չէ»:
Կարծում եմ, որ վիճարկվող քրեաիրավական կարգավորումների համատեքստում քաղաքացիաիրավական պատասխանատվության զուգահեռ կիրառման իրավաչափության հիմնախնդրին անդրադառնալու անհրաժեշտություն չկար, և միաժամանակ տեղին չէր, ավելին, նման անդրադարձ կատարելը խիստ վիճահարույց է, քանի որ քաղաքացիական օրենսդրության հիշատակված կարգավորումների տրամաբանության շրջանակում խոսք կարող է լինել միայն քաղաքացիաիրավական պաշտպանության, այդ թվում` պատճառված վնասի, բարոյական վնասի փոխհատուցման չափի մասին, և ոչ թե քաղաքացիաիրավական պատասխանատվության, առավել ևս այդ պատասխանատվության չափի մասին:
3. ՍԴՈ-1646 որոշման 5.6-րդ կետում սահմանադրական իրավական չափանիշների հիման վրա գնահատելով վիճարկվող դրույթների իրավական որոշակիությունը և դրա հետ կապված իրավակիրառ պրակտիկան` Սահմանադրական դատարանը եզրահանգում է. «(...) ցանկացած իրավադրույթի, հատկապես գնահատողական հասկացություններ պարունակող, նորմատիվ բովանդակության սահմանադրականությունն ինքնին չի բացառում նորմի` իրավակիրառ պրակտիկայում հակասահմանադրական մեկնաբանությունն ու կիրառումը»: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը նշել է, որ` «(...) Իրավակիրառ և դատական մարմինները պետք է առաջնորդվեն վիճարկվող դրույթի որակման միասնական պրակտիկա ձևավորելու հրամայականով, ինչը կնպաստի իրավական կանխատեսելիության բարձրացմանը և վերացական հասկացությունների գնահատման հայեցողության սահմանների հստակեցմանը»:
Իրավական հիշյալ դիրքորոշումների իրացման կապակցությամբ անհրաժեշտ է նկատել, որ Սահմանադրական դատարանը ոչ միայն փաստել է, որ վիճարկվող կարգավորումը բովանդակում է գնահատողական հասկացություններ, այնուհետև կանխորոշել իրավակիրառ պրակտիկայում դրանց հակասահմանադրական մեկնաբանության ու կիրառման հնարավորությունը, այլև մատնանշել է իրավակիրառ և դատական մարմինների կողմից իրավական կանխատեսելիության բարձրացման ու վերացական հասկացությունների գնահատման հայեցողության սահմանների հստակեցման անհրաժեշտությունը: Ավելին, ՍԴՈ-1646 որոշման 4-րդ կետում վիճարկվող իրավադրույթների իրավակիրառական պրակտիկային առնչվող տվյալների ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո կատարվող և համապատասխան մարմինների կողմից արձանագրվող դեպքերը ավելացել են, սակայն հարուցված քրեական գործերի մոտ 70 տոկոսը կարճվել է(1), ինչը առավելապես վկայում է ոչ այնքան անձանց ծանր վիրավորանքից քրեաիրավական արդյունավետ պաշտպանության մասին, որքան վիճարկվող հոդվածի կարգավորումների կանխատեսելիության, որոշակիության ու հստակության բացակայության և այդ սկզբունքների հետ առնչվող իրավական ռիսկերի առաջացման մասին:
________________________________
1) Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1646 որոշման 4-րդ կետում արձանագրել է, որ 2021 թ. օգոստոսի 30-ից դեկտեմբերի 31-ը Օրենսգրքի 137.1-ին հոդվածի հատկանիշներով արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 268 դեպք: Այդ դեպքերից 167-ով հարուցվել է քրեական գործ: Հարուցված գործերից 17-ը ուղարկվել է դատարան, 134-ը կարճվել է: 2022 թ. հունվարի 1-ից մարտի 30-ը Օրենսգրքի 137.1-ին հոդվածի հատկանիշներով արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 322 դեպք: Այդ դեպքերից 221-ով հարուցվել է քրեական գործ: Հարուցված գործերից 5-ը ուղարկվել է դատարան, 122-ը կարճվել է:
Հիշյալ դիրքորոշումների նշանակությամբ պայմանավորված` անհրաժեշտ է հաստատել այն թեզը, որ Սահմանադրական դատարանը, ընդհակառակը, պետք է գնահատեր վիճարկվող դրույթի սահմանադրականությունը իրավական որոշակիության սկզբունքի, որոշակիության սահմանադրական սկզբունքի, կարծիքի արտահայտման ազատության իրավաչափ սահմանափակման և այդ դրույթի իրավակիրառ պրակտիկայի գնահատման տեսանկյունից` ելնելով ոչ միայն վիճարկվող դրույթի բառացի, այլև ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան կարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի գնահատման համատեքստից, ինչը կողմնորոշիչ նշանակություն կունենար այն հանգամանքի հավաստման համար, որ միասնական պրակտիկա ձևավորելու նպատակով իրավական կանխատեսելիության բարձրացումը և վերացական հասկացությունների գնահատման սահմանների հստակեցումը կազմում են առավելապես սահմանադրական արդարադատության, այլ ոչ թե եռաստիճան դատական համակարգի գործունեության առարկա:
Ելնելով վերոշարադրյալից` գտնում եմ, որ Սահմանադրական դատարանի 2022 թվականի ապրիլի 29-ի ՍԴՈ-1646 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը Սահմանադրության 1-ին, 42-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց է:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԴԱՏԱՎՈՐ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
6 մայիսի 2022 թ.
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի` «ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 137.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՍԴՈ-1646 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասը` ներկայացնում ենք հատուկ կարծիք` Սահմանադրական դատարանի 2022 թվականի ապրիլի 29-ի` «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴՈ-1646 որոշման (այսուհետ` ՍԴՈ-1646 որոշում) վերաբերյալ:
Նկատի ունենալով սույն գործով Սահմանադրական դատարանի մոտեցումներն ու եզրահանգումները` ՍԴՈ-1646 որոշումը հիմնավոր, հետևաբար` ընդունելի չենք համարում: Այսպես`
1. Նախ և առաջ հարկ ենք համարում նշել, որ մինչև Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխությունների ուժի մեջ մտնելը(1) կազմավորված և գործող Սահմանադրական դատարանն իր որոշումներում արտահայտել է ժողովրդավարական պետության հիմքերից մեկը կազմող կարծիքի արտահայտման ազատության սահմանադրական իրավունքի և դրա արդյունավետ իրացման պաշտպանության հետ կապված առանցքային իրավական դիրքորոշումներ: Մասնավորապես` Սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշման մեջ հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային` Սահմանադրական դատարանն արձանագրել է. «...հանդուրժողականությունն ու լայն հայացքները ժողովրդավարության հիմքում են, և արտահայտվելու ազատության իրավունքը պաշտպանում է ոչ միայն ընդհանուր առմամբ ընդունելի համարվող խոսքը, այլ նաև հենց այն արտահայտությունները, որոնք կարող են ցնցող, վիրավորական կամ վրդովեցուցիչ համարվել ոմանց կողմից»:
__________________
1) Հիշյալ փոփոխություններին մանրամասն անդրադարձել ենք Սահմանադրական դատարանի 2021 թվականի ապրիլի 29-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴՈ-1590 որոշման վերաբերյալ ներկայացրած մեր հատուկ կարծիքում http://www.concourt.am/pdf/uploads/620657b0d2ecd_sdv-1590-tovmasyan- petrosyan.pdf
Մեր կարծիքով` ի թիվս այլնի, հայեցակարգային այս մոտեցումն է ժամանակին հանգեցրել Հայաստանի Հանրապետությունում վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացմանը, որով նաև ընդգծվել է, որ որպես ժողովրդավարական պետություն արդեն իսկ այնչափ կենսունակ է դարձել, որպեսզի մարդու արժանապատվությունը, պատիվը և բարի համբավը պաշտպանի ոչ թե քրեական, այլ քաղաքացիական իրավունքի գործիքակազմով:
Նման հայեցակարգային մոտեցումից, ըստ էության, հետքայլ կատարելը թերևս հիմք է տալիս թե՛ ներպետական և թե՛ միջազգային համապատասխան հանրույթին արձանագրելու, որ կատարվում է ժողովրդավարությունից հետընթաց` ստեղծելով հատկապես ազատ խոսքի ոչ իրավաչափ սահմանափակմանն ուղղված քայլերի հնարավորություն, որոնցից քաղաքացիաիրավական պատասխանատվության պայմաններում «ծանր վիրավորանքի» քրեականացումը միայն մեկն է: Ընդ որում` իրեն իրավական հռչակած պետությունում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը վտանգվում է ոչ միայն և ոչ այնքան ազատ խոսքի հակաիրավական սահմանափակումների, այլև հայհոյախոսության, քաղաքական խոսույթի արժեզրկման, դատական իշխանության նկատմամբ ակնհայտ անհարգալից խոսքի դրսևորումներ թույլ տալու, տեղեկատվական ահաբեկման այնպիսի միջավայրի խթանման պատճառով, որում առաջին հերթին առանցքային դերակատարում ունեն հանրային իշխանության տարբեր ներկայացուցիչներ: Ավելին` հանրային իշխանության մարմինների պարտականությունն է ձեռնարկել գործուն միջոցներ, որպեսզի այդ միջավայրից հնարավոր լինի ձերբազատվել ոչ թե քրեաիրավական ներգործության սպառնալիքի, այլ բաց հանրային քննարկումների, քաղաքական մշակույթի խթանման, սեփական խոսքի կշռի իմաստավորման և ժողովրդավարական պետությունում գաղափարական պայքարի և քաղաքական երկխոսության արմատավորման միջոցով, որոնցով ևս պետք է ապահովվեն քաղաքացիական խաղաղությունը, համերաշխությունը:
Գտնում ենք, որ վիրավորանքի դեմ քրեաիրավական պայքարի որևէ ընտրված միջոց ինքնին չի կարող ապահովել մարդու արժանապատվության, պատվի և բարի համբավի` սահմանադրորեն պահանջվող պաշտպանություն, քանի դեռ քաղաքական գործիչները և հանրային իշխանության մարմինների պաշտոնատար անձինք շարունակում են մասնավոր անձանց, լրատվամիջոցների, ընդդիմախոսների` ապաքաղաքական բնույթ ունեցող տեղեկատվական թիրախավորումը և վարկաբեկումը: Հայհոյախոսության, ատելության խոսքի դեմ անհանդուրժողականության միջավայրի արմատավորման պայմաններում անգամ տեսականորեն այլևս հիմքեր չեն լինի մարդու արժանապատվության, պատվի և բարի համբավի քրեաիրավական պաշտպանության համար: Սահմանադրական իրավունքի տեսանկյունից դա նշանակում է, որ վիրավորանքի քրեականացումը բարձր սահմանադրական արժեքների պաշտպանության համար անհրաժեշտ չէ բոլոր այն դեպքերում, երբ առկա են այլընտրանքային` քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցներ, և երբ քաղաքական միջոցներով հնարավոր է ապահովել այնպիսի միջավայր, որում հայհոյախոսությունը կլինի անհանդուրժելի:
Գտնում ենք, որ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1646 որոշմամբ հիմնվել է այն սխալ ելակետի վրա, ըստ որի` վիրավորանքի քրեականացման և ապաքրեականացման հարցը բացառապես Ազգային ժողովի իրավասության տիրույթում է:
Մեզ համար ակնհայտ է, որ ժողովրդավարական պետությունում վիրավորական խոսքի դեմ պայքարը պետք է ապահովվի թե՛ քաղաքացիաիրավական պատասխանատվության արդյունավետ կիրառման, թե՛ քաղաքական գործընթացներում ատելության, վիրավորական խոսքի դեմ գաղափարական պայքարի, վիրավորանքի նկատմամբ անհանդուրժողականության միջոցներով, ինչպես նաև քաղաքական գործիչների և առավել ևս հանրային ծառայության էթիկայի կանոններով կաշկանդված պաշտոնատար անձանց սեփական օրինակներով, մինչդեռ գործ ունենք սոսկ արարքի քրեականացման միջոցի ներգործությամբ արդեն իսկ ստեղծված քաղաքացիական անհամերաշխության միջավայրում առանձին դրսևորումների դեմ պայքարի հետ, որում խոսքի ազատությունը, մեր գնահատմամբ, սահմանափակվում է առանց անհրաժեշտության, այսինքն` օրենսդրի կողմից պարզապես անտեսվել են նույն արդյունավետությունն ունեցող անհրաժեշտ, նվազ միջամտող այլ միջոցները:
Սահմանադրական դատարանը ՍԴՈ-997 որոշման մեջ հատուկ շեշտել է, որ «մարդու արժանապատվությունից` ներառյալ պատիվը, բարի համբավը և մասնավոր կյանքը, բխող իրավունքները և ազատությունները, որպես բացարձակ իրավունք գործնականում կարող են արդարացնել արտահայտվելու ազատության սահմանափակումը միայն իրավաչափ շրջանակներում»:
ՍԴՈ-1646 որոշման մեջ Սահմանադրական դատարանն ինքն է վկայակոչում ՍԴՈ-997 որոշումը` նշելով. «Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) արտահայտվելու ազատության իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է սահմանված լինի օրենքով, ծառայի իրավաչափ շահ պաշտպանելու նպատակին և լինի անհրաժեշտ տվյալ շահն ապահովելու համար»: Այնուհետև Սահմանադրական դատարանը մեջբերել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որում մեկնաբանվում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածի բովանդակային ծավալը, ըստ որի` «...Կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված արտահայտվելու ազատությունն ընդգրկում է ոչ միայն դրականորեն ընկալվող, ոչ վիրավորական կամ չեզոք, այլև վիրավորական, ցնցող կամ անհանգստացնող «տեղեկատվությունը» կամ «գաղափարները». վերջիններս բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության պահանջներ են, առանց որոնց չի կարող լինել «ժողովրդավարական հասարակություն» (Oberschlik v. Austria, Application no 11662/85, 23.05.1991, § 57)»:
Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հիմնարար իրավական դիրքորոշումները պատշաճորեն վերլուծելու փոխարեն Սահմանադրական դատարանը հանգել է դրանց տրամագծորեն հակադրվող դիրքորոշումների, որոնցով, հարցի լուծումը պայմանավորելով զուտ օրենսդրի հայեցողությամբ, հիմք է ստեղծել վիճարկվող դրույթները (Քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը) համարելու սահմանադրականության առումով ոչ խնդրահարույց:
Սահմանադրական դատարանը չի անդրադարձել տուժողի այսպես կոչված դրդիչ խոսքին, որը կարող է արդարացնել հակադարձումը, ինչպես նաև ամբողջովին անտեսել է սուր քաղաքական քննադատության և վիրավորանքի միջև տարանջատման անհրաժեշտությունը` քաղաքական գործիչներին և հանրային իշխանության պաշտոնատար անձանց էության մեջ ամբողջովին նույնացնելով մասնավոր անձանց հետ: Բացի դրանից, Սահմանադրական դատարանը համապատասխան հետևություններով չի գնահատել ձևավորված իրավակիրառ պրակտիկան, ինչը Սահմանադրական դատարանի պարտականությունն է` համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի:
Անտեսելով Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հիմնարար իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը, որպես ելակետ ընդունելով վիճարկվող դրույթների բովանդակությունը, որոնք ամրագրում են ծանր վիրավորանքի հանցակազմը, նշում է. «Ծանր վիրավորանքի բացակայությունը որևէ արտահայտված կարծիքում վերջինիս իրավաչափության պայմանն է, քանի որ ազատ արտահայտված կարծիքը, որպես վարքագիծ, իրավաչափ է այնքանով, որքանով որ չի խախտում այլոց իրավունքներն ու ազատությունները: Մարդու իրավունքների այս հիմնարար իրավական տրամաբանությունից է բխում, որ ծանր վիրավորանքի համար իրավական պատասխանատվության սահմանումը չի կարող դիտարկվել որպես կարծիքի արտահայտման հիմնական իրավունքի ոտնահարում օրենսդրի կողմից»:
ՍԴՈ-1646 որոշմամբ արտահայտած դիրքորոշումներով Սահմանադրական դատարանը հիմնվել է մեզ համար անընդունելի այն մոտեցման վրա, որ ծանր վիրավորանքը` որպես հանրորեն վտանգավոր արարք, կանխավ որոշվում է քրեական օրենքի վիճարկվող դրույթներով, մինչդեռ, նախ` դա միշտ կոնկրետ գործի փաստական հանգամանքների գնահատման հարց է, բացի դրանից, առաջին հայացքից վիրավորական թվացող խոսքը, որը, օրինակ` քաղաքական վարքագծի գնահատում է կամ հիմնված է անվիճելի փաստերի վրա կամ պատասխան է քաղաքական գործչի կամ պաշտոնատար անձի դրդիչ վարքագծի կամ չի հետապնդել սոսկ վիրավորելու նպատակ, չի կարող բոլոր դեպքերում և առանց որևէ վերապահման ի սկզբանե գնահատվել որպես վիրավորական, առավել ևս` ծանր վիրավորանք պատճառող: Ակնհայտ է դառնում, որ դրանով Սահմանադրական դատարանի կողմից անտեսվել է պատասխանատվության անհատականացման սկզբունքը, որը համաչափության հիմնարար սահմանադրական սկզբունքի արտացոլումն է քրեական իրավունքում:
ՍԴՈ-1646 որոշման վերը հիշատակված ձևակերպումից նաև հետևում է, որ միայն ծանր վիրավորանքի բացակայությունն է կարծիքի արտահայտման իրավունքի իրացման տեսանկյունից իրավաչափության պայման, և հարց է ծագում, թե «այլ վիրավորանքը», որն առաջացնում է քաղաքացիաիրավական պատասխանատվություն, թույլատրելի՞ է արդյոք Սահմանադրության տեսանկյունից:
2. Ի հակադրություն Սահմանադրական դատարանի` գտնում ենք, որ վիճարկվող դրույթները խնդրահարույց են Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքի տեսանկյունից:
Նախ` ո՛չ օրենսդիրը, ո՛չ Սահմանադրական դատարանը, ո՛չ էլ դատարանները չեն սահմանել կամ ուրվագծել որևէ տարբերակիչ հատկանիշ, որով հայհոյանքը կտարանջատվեր անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելուց: Դա փաստվում է հենց Սահմանադրական դատարանի կողմից իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությամբ, երբ Սահմանադրական դատարանը, զերծ մնալով այդ պրակտիկայի սահմանադրականության հարցով հետևություններից (թեև, ինչպես նշվեց` դա Սահմանադրական դատարանի պարտականությունն է բոլոր վարույթներում, որոնցում այն պետք է գնահատվի), նշել է, որ հարուցված բազմաթիվ քրեական գործերից այն խիստ սակավաթիվ գործերով, որոնցով առկա են դատական ակտեր, «առաջին ատյանի դատարաններն արդեն կայացրած դատավճիռներով առայժմ ծանր վիրավորանք են որակել միայն կոնկրետ անձի (անձանց) ուղղված սեռական բնույթի հայհոյանքները, անձի վրա թքելը»:
Բացի դրանից, ըստ Սահմանադրական դատարանի ուսումնասիրության արդյունքների` «Վիճարկվող իրավադրույթների ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն ս.թ. մարտի 30-ը հարուցված 389 քրեական գործերից 253-ը (մոտ 70 տոկոսը) կարճվել է»: Ընդ որում, հարկ է նշել, որ վիճարկվող դրույթների կիրառման հետ կապված թվերը շեշտակի աճում են(2):
_________________________________
2) Հայաստանի Հանրապետության դատախազության պաշտոնական կայքէջում 2022 թվականի ապրիլի 28-ին հրապարակված տեղեկատվության համաձայն` Քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2022 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում «... առերևույթ ծանր վիրավորանք հասցնելու դեպքերի առթիվ նախապատրաստված 938 նյութերից 802-ով հարուցվել է քրեական գործ, որոնցից 425-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 1-ին մասի, 377-ը` 2-րդ կամ 3-րդ մասերի հատկանիշներով: ... Նշված ժամանակահատվածում կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով հարուցված 171 քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում: ... 2022թ. ապրիլի 1-ի դրությամբ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 անձի վերաբերյալ 48 քրեական գործ, որոնցից 15 գործ` 16 անձի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 33 գործ` 35 անձի վերաբերյալ` նույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով նախատեսված արարքներ կատարելու համար: 6 անձի վերաբերյալ 6 քրեական գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ, իսկ մյուս գործերով դատական քննությունը շարունակվում է...»:
Մեր կարծիքով` դա վկայում է այն մասին, որ վիճարկվող դրույթների անորոշությունը, մի կողմից` էապես նվազեցնելով քրեական հետապնդման նախադրյալները, թույլ է տալիս քրեական գործ հարուցել ցանկացած «պատրվակով», մյուս կողմից` առարկայական չափանիշների բացակայության պայմաններում թույլ չի տալիս դատարաններին վիրավորանքի ակնհայտ դրսևորումներից զատ տարբերակել հայհոյանքը և այլ ակնհայտ անպարկեշտ վիրավորանքը, թեև Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդպիսի զանազանում առկա է:
Ինչպես վերը նշեցինք` վիճարկվող դրույթներն ինքնին առաջացնում են որոշակիության խնդիր, որն առնվազն պետք է լիներ Սահմանադրական դատարանի գնահատման առարկա` իրավակիրառ պրակտիկայի համատեքստում:
Այսպես` ծանր վիրավորանքը նկարագրելու փոխարեն բնորոշվում է որպես հայհոյանք կամ ծայրահեղ անպարկեշտ եղանակով արժանապատվությանը հասցված վիրավորանք, այսինքն` բնորոշվող հասկացությունը և դրա բնորոշումը մասնակիորեն համընկնում են(3), ինչը հատկապես քրեական օրենքի պարագայում խնդրահարույց է, քանի որ քրեական օրենքով սահմանվող արգելքները, հաշվի առնելով մարդու անձնական ազատության և կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման ինտենսիվության աստիճանը, պետք է սահմանվեն հնարավոր առավելագույն հստակությամբ: Քրեական օրենքի դեպքում օրենքի ձևակերպումները և իրավակիրառ պրակտիկան չպետք է առաջացնեն անորոշություն մասնավոր անձանց պարտականությունների, նրանց համար սահմանված արգելքների ծավալի և բովանդակության հարցում, քանի որ դա կհանգեցնի քրեական պատասխանատվության անհիմն կամ կամայական կիրառման, ինչը մասնակիորեն փաստվում է հարուցված և կարճված քրեական գործերի քանակական հարաբերակցությամբ, ինչպես նաև դատարանների կողմից միայն ակնհայտ դեպքերը որպես ծանր վիրավորանք որակելու հանգամանքով:
_____________________________________
3) Ի տարբերություն վիճարկվող դրույթների` օրինակ` Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «Սույն օրենսգրքի իմաստով վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: Սույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով»: Այսինքն` հիշյալ կարգավորմամբ վիրավորանքի բնորոշումն էականորեն ավելի է հստակեցված օրենսդրի կողմից: Ընդ որում, օրենսդիրը հնարավորություն է տվել տարանջատել փաստական հիմք ունեցող վիրավորական խոսքը սոսկ վիրավորելու նպատակ հետապնդող խոսքից, որով և տուրք է տվել թե՛ Սահմանադրական դատարանի, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին:
3. Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքի տեսանկյունից նույնպես ՍԴՈ-1646 որոշումն ունի էական բացեր:
Մեր գնահատմամբ` Սահմանադրական դատարանը շփոթ է առաջացրել Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման հիմքերի տեսանկյունից, ի մասնավորի` հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց ծանր վիրավորանք հասցնելը հանգեցնելով ընդհուպ պետական անվտանգության սպառնալիքի մակարդակի, իսկ պետական անվտանգության հանրային շահը նույնացնելով անգամ արդյունավետ գործունեության շահի հետ: Ըստ Սահմանադրական դատարանի` «Հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող ցանկացած անձի նկատմամբ առավել բարձր քրեաիրավական պաշտպանություն նախատեսելով` օրենսդիրը նպատակ է հետապնդել պաշտպանելու ոչ միայն վերջինիս պատիվն ու արժանապատվությունը, այլև պետական անվտանգությունը (հանրային իշխանության արդյունավետ գործունեությունը)»: Եթե հետևենք Սահմանադրական դատարանի տրամաբանությանը, ապա հանրային իշխանության ոչ արդյունավետ գործունեությունն ինքնին նույնական է պետական անվտանգության սպառնալիքի հետ:
Մեզ համար ակնհայտ է, որ իրավաբանական պատասխանատվությունն այլոց արժանապատվությանը, պատվին և բարի համբավին հասցված վիրավորական խոսքի համար հետապնդում է լեգիտիմ նպատակ` անկախ այն հանգամանքից, թե ո՞վ է այդ իրավունքի կրողը` մասնավո՞ր, թե՞ պաշտոնատար անձ, քաղաքական գործի՞չ, թե՞ հանրային գործունեությունից հեռու անձ:
Մյուս կողմից` անգամ ճիշտ նույնականացված լեգիտիմ նպատակին հասնելու միջոցները, տվյալ դեպքում` վիճարկվող օրենսդրական կարգավորումները, համաձայն համաչափության սկզբունքի, պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և համարժեք: Ըստ Սահմանադրական դատարանի` այդ վիճարկվող իրավակարգավորումները պիտանի են նպատակին հասնելու համար, ինչ էլ որ Սահմանադրական դատարանը հասկացել է այդ նպատակի ներքո: Այլոց իրավունքների պաշտպանությունը, մեր գնահատմամբ, այդպիսի նպատակ է, իսկ քրեական պատասխանատվությունն իրապես հնարավորություն է տալիս ապահովելու այն, այսինքն` պիտանի միջոց է:
Սակայն համաչափության սկզբունքի առանցքային բաղադրիչ է նաև պիտանի միջոցների անհրաժեշտ լինելը, ինչը, մեր համոզմամբ, հակառակ Սահմանադրական դատարանի պնդման` չի ապահովվել օրենսդրի կողմից, ուստի համաչափության սահմանադրական սկզբունքը խախտվել է:
Այսպես` ըստ Սահմանադրական դատարանի` «Ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանելու` համաչափության սկզբունքի անհրաժեշտության տարրի վերաբերյալ Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա չէ սահմանադրորեն հետապնդվող նպատակին հասնելու համար բավարար արդյունավետ այլ օրենսդրական միջոց»:
Սահմանադրական դատարանի այս դիրքորոշումը, որը ՍԴՈ-1646 որոշման խնդրահարույց լինելու տեսանկյունից անկյունաքարային է, ավելի քան վիճահարույց է հենց Սահմանադրական դատարանի կողմից վկայակոչված իր իսկ ՍԴՈ-1546 որոշման տեսանկյունից, որում համաչափության սկզբունքի անհրաժեշտության տարրը մեկնաբանվում է հետևյալ կերպով.»... Համաչափության սկզբունքի հաջորդ տարրն օրենսդրի կողմից ընտրված միջոցի անհրաժեշտությունն է, այսինքն` այն, որ այդ միջոցը` այլ միջոցների համեմատ նույն ներգործությամբ, պետք է ենթադրի ամենամեղմ միջամտությունը որևէ հիմնական իրավունքին կամ ազատությանը: Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու բոլոր պիտանի միջոցներից պետք է ընտրվի այն օրենսդրական միջոցը, որը նպատակին հասնելու նույն հավանականությամբ, այսինքն` նույն արդյունավետությամբ, սակայն առավել մեղմ է սահմանափակում որևէ հիմնական իրավունք կամ ազատություն»:
Հարկ է նշել, որ վիճարկվող դրույթները Քրեական օրենսգրքում լրացվել են 2021 թվականի հուլիսի 30-ին ընդունված ՀՕ-323-Ն օրենքով, որը Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2021 թվականի օգոստոսի 20-ին և ուժի մեջ մտել նույն թվականի օգոստոսի 30-ին: Իսկ դեռևս նույն թվականի մարտի 24-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-330-Ն օրենքը, որով հիշյալ օրենսգրքի 1087.1-ին հոդվածում կտրուկ` երեք անգամ ավելացվել են քաղաքացիաիրավական պատասխանատվության առավելագույն չափերը վիրավորանքի և զրպարտության համար: Այդ օրենքն ուժի մեջ է մտել միայն նույն թվականի հոկտեմբերի 23-ին, քանի որ Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա դրա սահմանադրականությունը որոշվում էր Սահմանադրական դատարանում:
Մեր գնահատմամբ` քաղաքացիաիրավական պատասխանատվության չափերի նման կտրուկ ավելացումը Սահմանադրության տեսանկյունից ընդունելի չէր կարող լինել, այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանի մեծամասնությունը դա գնահատել է որպես Սահմանադրությանը համապատասխանող (ՍԴՈ-1612): Այսինքն` վիրավորանքի համար, ի թիվս այլնի, սահմանվել է պատասխանատվության առավելագույն չափ, որը հավասար է վիճարկվող դրույթներով սահմանված` դրամային արտահայտությամբ առավելագույն պատժաչափին: Այսինքն` վիրավորանքի համար քաղաքացիաիրավական պատասխանատվության չափի թե՛ կանխարգելիչ, թե՛ նաև ռեպրեսիվ (պատժիչ) ներգործությունը որևէ կերպ չի գնահատվել ո՛չ օրենսդրի, ո՛չ էլ նրա օրենսդրական քաղաքականությունը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չհամարող Սահմանադրական դատարանի կողմից, ընդ որում, ակնհայտ է, որ քաղաքացիաիրավական պատասխանատվությունը` որպես պատասխանատվության ինքնուրույն տեսակ, ավելի մեղմ պատասխանատվության տեսակ է, քան քրեական պատասխանատվությունը: Հարց է առաջանում` ինչո՞ւ է օրենսդիրը որոշել ընտրել արարքի քրեականացման քաղաքականության մոտեցումը, եթե առկա էր քննարկվող արարքի համար անձին պատասխանատվության ենթարկելու ավելի մեղմ տեսակ, որը նույն կամ գուցե ավելի մեծ արդյունավետությամբ կարող էր ապահովել սահմանադրորեն հետապնդվող նպատակի կենսագործումը: Ակնհայտ է, որ քաղաքացիական օրենքով դրամային արտահայտությամբ անգամ «հասարակ», ոչ «ծանր» վիրավորանքի համար նախատեսված է այնպիսի դրամային պատասխանատվություն, ինչպիսին քրեական օրենքով որպես տուգանք նախատեսված է ծանր վիրավորանքի համար որպես առավելագույն պատժաչափերից մեկը:
Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ քրեական պատասխանատվությունը «ծանր վիրավորանքի» համար անհրաժեշտ չէր և չէր կարող սահմանվել, քանի որ առկա էր քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոց, որը Սահմանադրական դատարանի կողմից գնահատվել է որպես արդյունավետ, չնայած ոչ ծանր վիրավորանքի համար նախատեսվել է շատ շոշափելի դրամային պատասխանատվություն, ինչը հիմնավորվել է էական կանխարգելիչ դեր ունենալու հանգամանքով, սակայն, քանի որ չի ենթադրում քրեական գործի հարուցում, առնչություն քրեական հետապնդման մարմիններին, ազատազրկման հետ կապված պատիժ նշանակելու հնարավորություն և դատվածություն, ուստի սահմանադրորեն հետապնդվող նպատակին հասնելու տեսանկյունից ավելի մեղմ միջոց է: Ընդ որում` մինչև Քաղաքացիական և Քրեական օրենսգրքերի համապատասխան փոփոխությունները պատասխանատվության այդ միջոցը, մինչև 2018 թվականի և հաջորդող քաղաքական գործընթացների արդյունքում քաղաքական մշակույթի առկա մակարդակի ձևավորումը, էապես ավելի նվազ դրամային չափերով հիմնականում ունակ է եղել կանխարգելելու մարդու արժանապատվության խախտումները կամ ապահովել է պատշաճ հատուցում` այն խախտվելու դեպքում:
Այսպիսով` Սահմանադրական դատարանն իր իսկ վկայակոչած հիմնարար նշանակություն ունեցող որոշումներից մեկում արտահայտած իրավական դիրքորոշումներն առանց որևէ փաստարկի չի կիրառել վիճարկվող դրույթների համաչափությունը գնահատելու համար և, անտեսելով Քաղաքացիական օրենսգրքի հիշյալ կարգավորումները և դրանց կիրառման պրակտիկան, սահմանափակվել է բացառապես պնդմամբ, թե «առկա չէ սահմանադրորեն հետապնդվող նպատակին հասնելու համար բավարար արդյունավետ այլ օրենսդրական միջոց»:
4. Անդրադառնալով Սահմանադրության 68-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված կրկին դատվելու արգելքին` գտնում ենք, որ Սահմանադրական դատարանը պատշաճ կերպով չի մեկնաբանել այս հիմնական իրավունքի բովանդակությունը:
Կարծում ենք, որ կրկին դատվելու արգելքին Սահմանադրական դատարանը պետք է անդրադառնար այն տեսանկյունից, որ վիրավորանքի քաղաքացիաիրավական բովանդակությունը կլանում է ծանր վիրավորանքի քրեաիրավական բովանդակությունը, և այդ պայմաններում արարքների բովանդակային նույնության դեպքում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու դեպքերում էլ իրավաբանական պատասխանատվությունը կիրառվում է դատական կարգով, կարող էր առաջանալ հակասություն Սահմանադրության այդ հոդվածի հետ: Գործնականում դա նշանակում է, որ անձը կարող է ծանր վիրավորանքի համար դատապարտվել էական չափ ունեցող տուգանքի, և նույն արարքի համար` ևս մեկ անգամ ենթարկվել շեշտակի չափով քաղաքացիաիրավական պատասխանատվության: Սահմանադրական դատարանը դա թույլատրելի է համարել, ըստ էության, թերի իրավական դիրքորոշումների հիմքով(4), դրանցով փորձել է արդարացնել քրեական և քաղաքացիական օրենսդրության` օրենքների մակարդակով նախատեսված խնդիրների տարբերությամբ, որոնցով և իբրև արդարացվում են պատասխանատվության այդ տեսակների այլ տարբերությունները: Ընդ որում` եթե Սահմանադրական դատարանը կրկին դատվելու արգելքը մեկնաբաներ այն կերպ, որ դա վերաբերում է միայն քրեական դատավարության շրջանակներում կրկին դատվելու արգելքին, ապա այն ավելի հիմնավոր կարող էր թվալ, սակայն այդ դեպքում Սահմանադրական դատարանը պետք է անխուսափելիորեն անդրադառնար համաչափության սկզբունքի տեսանկյունից օրենսդրի կողմից անհամաչափ բարձր ֆինանսական բեռ նախատեսելու հարցին: Իսկ ՍԴՈ-1646 որոշման մեջ թույլատրելի համարելով պատասխանատվության քրեական և քաղաքացիական տեսակների զուգակցումն իբրև թե դրանց օրենսդրորեն ձևակերպած խնդիրների տարբերության հիմքով` Սահմանադրական դատարանն անտեսում է պատասխանատվության չափերի անհրաժեշտության գնահատումը և իմաստազրկում է քաղաքացիական պատասխանատվության կանխարգելիչ դերը` քաղաքացիական իրավունքը համարելով սոսկ իրավունքի վերականգնմանն ուղղված խնդիրներ ունեցող իրավունքի ճյուղ:
______________________________________
4) Սահմանադրական դատարանը, մասնավորապես, ընդգծել է, որ «...քրեաիրավական պատասխանատվությունն իր բնույթով պատժիչ տեսակի պատասխանատվության միջոց է` ի տարբերություն քաղաքացիաիրավական պատասխանատվության, որն ունի իրավավերականգնիչ առաքելություն»: Այս մոտեցումը թերի է, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Մարդու անօտարելի իրավունքների ու ազատությունների և մյուս ոչ նյութական բարիքների իրականացման ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան չի բխում այդ հարաբերությունների էությունից»: Այլ կերպ` քաղաքացիաիրավական պատասխանատվությունն ունի ոչ միայն իրավավերականգնիչ առաքելություն, այլ նաև իրավունքների դատական պաշտպանության առաքելություն:
5. Ինչ վերաբերում է ՍԴՈ-1646 որոշման մեջ Սահմանադրական դատարանի կողմից իրավակիրառ պրակտիկայի «վերլուծությանը», ապա այն հագեցած է ներքին հակասություններով և սեփական լիազորություններից դուրս զուգորդվող գնահատականներով:
Սահմանադրական դատարանը, ի մասնավորի, նշում է, որ «Սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներում արձանագրված իրավակիրառման վերոբերյալ պահանջների կենսագործումն արդեն իսկ նկատվում է վիճարկվող նորմերի կիրառման պրակտիկայում»: Ի հիմնավորումն` բերվում է այն դատողությունը, որ «իրականում կատարված հանրորեն վտանգավոր արարքների որակման հարցում նկատվում է առհասարակ վիրավորանքի և ծանր վիրավորանքի, ծայրահեղ անպարկեշտ եղանակների զանազանման հետաքրքիր մեկնաբանողական գործընթաց»: Այսինքն` Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների կենսագործման հարցում նկատվում է մեկնաբանողական գործընթաց, և սա բավարար է թվում Սահմանադրական դատարանին, որպեսզի նա իրավակիրառ պրակտիկայի սահմանադրականությունը գնահատելու փոխարեն սահմանափակվի միայն «հետաքրքիր մեկնաբանողական գործընթացի» վերհանմամբ: Ընդ որում, «առհասարակ վիրավորանքի և ծանր վիրավորանքի, ծայրահեղ անպարկեշտ եղանակների զանազանման հետաքրքիր մեկնաբանողական գործընթացի» արձանագրումը Սահմանադրական դատարանը կատարում է հիմք ընդունելով ընդամենը վեց քրեական գործերով կայացված` առաջին ատյանի դատարանների դատավճիռները: Միաժամանակ Սահմանադրական դատարանը փաստում է, որ «դատավճիռների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առաջին ատյանի դատարաններն արդեն կայացրած դատավճիռներով առայժմ ծանր վիրավորանք են որակել միայն կոնկրետ անձի (անձանց) ուղղված սեռական բնույթի հայհոյանքները, անձի վրա թքելը»: Այլ կերպ` նման արձանագրմամբ Սահմանադրական դատարանը, ըստ էության, ակամա փաստում է, որ իրականության մեջ վիրավորանքի և ծանր վիրավորանքի զանազանման գործընթացը ձախողվել է, քանի որ զանազանման փոխարեն միայն խիստ որոշակի արարքներն են որակվել որպես ծանր վիրավորանք:
Ինչպես նշել ենք վիճարկվող դրույթների իրավակիրառ պրակտիկայի սահմանադրականության գնահատում Սահմանադրական դատարանը չի իրականացրել, թեև դրա համար առկա էր ոչ միայն սահմանադրական օրենքով սահմանված պարտականություն, այլև բավարար փաստական հիմք. Սահմանադրական դատարանը, նախ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փոխարեն գնահատական է տվել այդ պրակտիկայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների կենսագործման նկատվող միտումներին, որը դուրս է իր լիազորությունների շրջանակներից, և չի բացառել, որ»ցանկացած իրավադրույթի, հատկապես գնահատողական հասկացություններ պարունակող, նորմատիվ բովանդակության սահմանադրականությունն ինքնին չի բացառում նորմի` իրավակիրառ պրակտիկայում հակասահմանադրական մեկնաբանությունն ու կիրառումը»: Եւ դա այն դեպքում, երբ սահմանադրական արդարադատությունն ամբողջ ծավալով իրականացնելու պարագայում Սահմանադրական դատարանն իր իրավական դիրքորոշումներով և որոշումով պետք է ապահովի Սահմանադրության գերակայություն` կանխարգելելով նաև հակասահմանադրական մեկնաբանությունը և կիրառումը: Այնուհետև վեճի առարկայի առումով Սահմանադրական դատարանը հանգել է հետևության, որ «հայհոյանքի կամ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորանքի առկայության կամ բացակայության, ինչպես նաև արարքը որակյալ հանցակազմով որակելու հարցը, ելնելով տվյալ գործի բոլոր փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից, իրավակիրառ պրակտիկայի, այսինքն` վարույթն իրականացնող մարմնի, այդ թվում` եռաստիճան դատական համակարգի գնահատման տիրույթում է»: Դրանով Սահմանադրական դատարանը, մեր կարծիքով, թերագնահատել է իր լիազորությունների ծավալը, քանի որ, ինչպես արդեն բազմիցս վերը նշվեց, վիճարկվող դրույթների իրավակիրառ պրակտիկայի սահմանադրականության գնահատումը Սահմանադրական դատարանի պարտականությունն է:
Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ ՍԴՈ-1646 որոշմամբ Քրեական օրենսգրքի վիճարկվող` 137.1-ին հոդվածի սահմանադրականության գնահատումը որոշակիության և համաչափության սահմանադրական հիմնարար սկզբունքների տեսանկյունից անհրաժեշտ չափով չի իրականացվել, իսկ իրավակիրառ պրակտիկայի սահմանադրականության գնահատման պարտականությունն անտեսվել է Սահմանադրական դատարանի կողմից: Հետևապես` ՍԴՈ-1646 որոշման եզրահանգումները սահմանադրականության տեսանկյունից նույնպես խնդրահարույց են:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ
Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
6 մայիսի 2022 թ.
Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 2 մայիսի 2022 թվական: