05.05.2012 - 20.07.2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «25» մայիսի 1994թ. Հ.Ն-1062-I
i
ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Բռնադատված է համարվում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում նախկին ԽՍՀՄ-ի տարածքում քաղաքական շարժառիթներով`
ա) դատապարտվել է 1961 թվականի ՀՍՍՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65, 67, 69, ինչպես նաև 206/1 հոդվածներով կամ 1927 թվականի ՀՍՍՌ քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով, քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով և և հետագայում արդարացվել է.
բ) քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով.
գ) անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների.
դ) արտաքսվել է նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից.
ե) աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ:
(1-ին հոդ. փոփ. 19.05.98 ՀՕ-223 օրենք)
Հոդված 2. Բռնադատվածի, նրա հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների պահանջով պետական լրատվության միջոցները պարտավոր են 10-օրյա ժամկետում տալ համապատասխան հաղորդում, որում պետք է նշվեն բռնադատվածի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, բնակության վայրը, մինչև բռնադատվելը զբաղմունքի տեսակը, բռնադատող մարմինը, բռնադատվելու ժամկետները, մեղադրանքը, սահմանված պատիժը, ազատ արձակելու և արդարացման որոշումը և ժամկետները:
Հոդված 3. Հայկական ԽՍՀ քաղաքացիությունից զրկված և ներկայումս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող բռնադատվածի քաղաքացիությունը վերականգնվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքով սահմանված կարգով:
Հոդված 4. Բռնադատվածի զինվորական, գիտական և այլ կոչումներն ու աստիճանները, որոնցից նա զրկվել է բռնադատման հետևանքով, վերականգնվում են համապատասխան իրավասու մարմնի կողմից` բռնադատվածի, նրա հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների դիմումի հիման վրա:
i
Հոդված 5. Բռնադատվածի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(5-րդ հոդ. փոփ. 16.03.04 ՀՕ-55-Ն, 19.03.12 ՀՕ-102-Ն օրենքներ)
i
Հոդված 6. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում սեփականության իրավունքով տրամադրվում է սահմանված չափով հողատարածք բնակարանային անհատական շինարարության համար` այդ նպատակի համար արտոնյալ պայմաններով հատկացնելով երկարաժամկետ վարկ`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքից բռնադատվածներին` իրենց նախկին բնակության վայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից.
բ) այլ հանրապետություններից բռնադատվածներին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից.
i
գ) պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում բռնադատվածների համար պետական բյուջեի միջոցների հաշվին չծանրաբեռնված հողամաս է գնվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վերջին երեք տարիներին Երևան քաղաքում մշտապես բնակվող և մինչև 2003 թվականի հունիսի 15-ը բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով անհատույց հողամաս չստացած բռնադատվածներին հողատարածք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում:
Բնակարանային պայմանների բարելավման կարիքավորության չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում անհատական բնակելի տան շինարարություն իրականացնելու կամ անավարտ անհատական բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու համար (այդ թվում` Երևան քաղաքում) սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարիք ունեցող բռնադատվածներին տրամադրվում է արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ:
(6-րդ հոդ. փոփ. 19.05.98 ՀՕ-223, 04.12.01 ՀՕ-271, 28.02.05 ՀՕ-76-Ն, 23.05.06 ՀՕ-96-Ն, 10.09.08 ՀՕ-161-Ն օրենքներ)
i
Հոդված 7. Յուրաքանչյուր տարվա «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ծախսային մասում միջոցներ նախատեսել բռնադատվածներին բնակարանային անհատական շինարարության համար արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր տրամադրելու համար` ըստ նախորդ տարվա ներկայացրած հայտերի: Բնակարանային անհատական շինարարության համար ներկայացրած հայտերի քննարկման, ինչպես նաև վարկեր տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը եռամսյա ժամկետում:
(7-րդ հոդ. լրաց. 12.10.99 ՀՕ-12 օրենք)
Հոդված 8. Բռնադատվածն ազատվում է Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների բնակարանների սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձևակերպման նպատակով գանձվող վարձից:
Բնակարանների անվճար սեփականաշնորհման համար սահմանված երկամյա ժամկետը չի տարածվում բռնադատվածների վրա:
(8-րդ հոդ. համարը (նախկին 7) փոփ. 12.10.99 ՀՕ-12 օրենք)
i
Հոդված 9. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ընթացքում Հայաստանի Հանրապետության բռնադատված քաղաքացին ունի հավելյալ սերտիֆիկատի իրավունք:
(9-րդ հոդ. համարը (նախկին 8) փոփ. 12.10.99 ՀՕ-12 օրենք)
Հոդված 10.
(9-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.1999 թվականից` 29.12.98 ՀՕ-268, հոդ. համարը փոփ. 12.10.99 ՀՕ-12 օրենքներ)
Հոդված 11.
(10-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.1999 թվականից` 29.12.98 ՀՕ-268, հոդ. համարը փոփ. 12.10.99 ՀՕ-12 օրենքներ)
Հոդված 12. Բռնադատվածի սեփականությունը հանդիսացող բռնագրավված գույքի, նրա կողմից վճարված տուգանքի կամ պատիժը կրելու ընթացքում չստացած աշխատավարձի դիմաց տրվում է միանվագ դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասներկուապատիկ չափով:
(12-րդ հոդ. (նախկին 11) համարը փոփ. 12.10.99 ՀՕ-12 օրենք)
Հոդված 13. Մահապատժի դատապարտված, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո մահացած բռնադատվածի առաջին հերթի ժառանգներն օգտվում են սույն օրենքի 6 և 7 հոդվածներով նախատեսված արտոնություններից:
(13-րդ հոդ. (նախկին 12) համարը փոփ. 12.10.99 ՀՕ-12 օրենք)
ԻՐՏԵԿ |
Սույն օրենքը 20.07.2019 թվականից լրացվելու է 14-րդ հոդվածով` 24.06.19 ՀՕ-97-Ն (օրենոն ունի անցումային դրույթ) օրենք: |
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
14 հունիսի 1994 թվականի, քաղ. Երևան Հ.Ն-1063-I.-ՀՕ-106
|