01.01.2002 - 15.04.2004
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «25» մայիսի 1994թ. Հ.Ն-1062-I
i
ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Բռնադատված է համարվում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում նախկին ԽՍՀՄ-ի տարածքում քաղաքական շարժառիթներով`
ա) դատապարտվել է 1961 թվականի ՀՍՍՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65, 67, 69, ինչպես նաև 206/1 հոդվածներով կամ 1927 թվականի ՀՍՍՌ քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով, քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով և և հետագայում արդարացվել է.
բ) քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով.
գ) անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների.
դ) արտաքսվել է նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից.
ե) աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ:
(1-ին հոդ. փոփ. 19.05.98 ՀՕ-223 օրենք)
Հոդված 2. Բռնադատվածի, նրա հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների պահանջով պետական լրատվության միջոցները պարտավոր են 10-օրյա ժամկետում տալ համապատասխան հաղորդում, որում պետք է նշվեն բռնադատվածի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, բնակության վայրը, մինչև բռնադատվելը զբաղմունքի տեսակը, բռնադատող մարմինը, բռնադատվելու ժամկետները, մեղադրանքը, սահմանված պատիժը, ազատ արձակելու և արդարացման որոշումը և ժամկետները:
Հոդված 3. Հայկական ԽՍՀ քաղաքացիությունից զրկված և ներկայումս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող բռնադատվածի քաղաքացիությունը վերականգնվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքով սահմանված կարգով:
Հոդված 4. Բռնադատվածի զինվորական, գիտական և այլ կոչումներն ու աստիճանները, որոնցից նա զրկվել է բռնադատման հետևանքով, վերականգնվում են համապատասխան իրավասու մարմնի կողմից` բռնադատվածի, նրա հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների դիմումի հիման վրա:
i
Հոդված 5. Բռնադատվածի (սկսած 14 տարեկանից) ազատազրկման, աքսորի կամ արտաքսման վայրում պատիժը կրելու, ինչպես նաև նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու ժամկետները մտցվում են տարիքային արտոնյալ պայմաններով կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժի մեջ` եռակի չափով:
Բռնադատվելու հետևանքով անաշխատունակ դարձած անձը ապահովվում է աշխատանքային կենսաթոշակով` անկախ աշխատանքային ստաժից:
i
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության տարածքից բռնադատվածներին` իրենց նախկին բնակության վայրերում, իսկ այլ հանրապետություններից բռնադատվածներին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բնակավայրերում, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում, սեփականության իրավունքով տրամադրվում է սահմանված չափի հողատարածք բնակարանային անհատական շինարարության համար` այդ նպատակի համար նրանց հատկացնելով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ:
Բնակարանային պայմանների բարելավման կարիքավորության չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(6-րդ հոդ. փոփ. 19.05.98 ՀՕ-223, 04.12.01 ՀՕ-271 օրենքներ)
i
Հոդված 7. Յուրաքանչյուր տարվա «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ծախսային մասում միջոցներ նախատեսել բռնադատվածներին բնակարանային անհատական շինարարության համար արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր տրամադրելու համար` ըստ նախորդ տարվա ներկայացրած հայտերի: Բնակարանային անհատական շինարարության համար ներկայացրած հայտերի քննարկման, ինչպես նաև վարկեր տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը եռամսյա ժամկետում:
(7-րդ հոդ. լրաց. 12.10.99 ՀՕ-12 օրենք)
Հոդված 8. Բռնադատվածն ազատվում է Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների բնակարանների սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձևակերպման նպատակով գանձվող վարձից:
Բնակարանների անվճար սեփականաշնորհման համար սահմանված երկամյա ժամկետը չի տարածվում բռնադատվածների վրա:
(8-րդ հոդ. համարը (նախկին 7) փոփ. 12.10.99 ՀՕ-12 օրենք)
i
Հոդված 9. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ընթացքում Հայաստանի Հանրապետության բռնադատված քաղաքացին ունի հավելյալ սերտիֆիկատի իրավունք:
(9-րդ հոդ. համարը (նախկին 8) փոփ. 12.10.99 ՀՕ-12 օրենք)
Հոդված 10.
(9-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.1999 թվականից` 29.12.98 ՀՕ-268, հոդ. համարը փոփ. 12.10.99 ՀՕ-12 օրենքներ)
Հոդված 11.
(10-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.1999 թվականից` 29.12.98 ՀՕ-268, հոդ. համարը փոփ. 12.10.99 ՀՕ-12 օրենքներ)
Հոդված 12. Բռնադատվածի սեփականությունը հանդիսացող բռնագրավված գույքի, նրա կողմից վճարված տուգանքի կամ պատիժը կրելու ընթացքում չստացած աշխատավարձի դիմաց տրվում է միանվագ դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասներկուապատիկ չափով:
(12-րդ հոդ. (նախկին 11) համարը փոփ. 12.10.99 ՀՕ-12 օրենք)
Հոդված 13. Մահապատժի դատապարտված, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո մահացած բռնադատվածի առաջին հերթի ժառանգներն օգտվում են սույն օրենքի 6 և 7 հոդվածներով նախատեսված արտոնություններից:
(13-րդ հոդ. (նախկին 12) համարը փոփ. 12.10.99 ՀՕ-12 օրենք)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
14 հունիսի 1994 թվականի, քաղ. Երևան Հ.Ն-1063-I.-ՀՕ-106
|